ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ…
Դարերի ընթացքում թշնամական զանազան գրոհները դեպի Հայք արմատական փոփոխությունների պատճառ դարձան՝ բեկելով Հայոց հզոր Աշխարհի քաղաքական իրադրությունը, սասանելով Հայքի գերակշիռ դերը և Հայ նախարարական տների զորությունը:
387 թվականին կնքված հռոմեա-պարսկական պայմանագրի արդյունքում Մեծ Հայքի թագավորության սահմանները փոփոխվեցին:
«Պրոկոպիոս Կեսարացին բյուզանդական խոշորագույն պատմագիրն է. ծնվել է 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում’ Պաղեստինի Կեսարիա քաղաքում»։
… «Կեսարացին ապրել է Հուստինիանոս կայսեր ժամանակաշրջանում, որը Բյուզանդիայի պատմության ամենափայլուն, բայց միաժամանակ ամենամռայլ էջերից մեկն է։ Հուստինիանոսը 527 թվականին տիրանալով բյուզանդական գահին, նպատակ է դնում վերականգնել հռոմեական կայսրության վաղեմի սահմանները, նրա անցյալի փառքը: Այդ է պատճառը, որ նրա երկարամյա թագավորության ընթացքում չէին դադարում պատերազմները պարսիկների դեմ Արևելքում, գոթերի դեմ Արևմուտքում, վանդալների դեմ Լիբիայում», — գրում է Հրաչ Բարթիկյանը, որը թարգմանել և հրապարակել է Պրոկոպիոսի գրվածքները Հայաստանի և Հայերի վերաբերյալ («Օտար աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին, հ. 5, Երևան, 1967 թ.):
Հիշյալ աշխատությունից որոշ հատվածներ՝ ստորև…
«… Հսկայական չափերի հասավ կաշառակերությունը։ Կաշառքով կարելի էր տիրանալ քաղաքական և ռազմական ամենաբարձր պաշտոններին, կարելի էր գնել նաև հոգևոր ամենաբարձր պաշտոնները»…
«…Կաշառակերությունը մուտք էր գործել նույնիսկ արդարադատության մեջ, մի հիմնարկություն, որը կոչված էր պաշտպանել օրենքները։ Կաշառքով կարելի էր մուտք գործել նույնիսկ արքունական գվարդիայի մեջ։
Պրոկոպիոս Կեսարացին իր «Գաղտնի պատմության» մեջ մեծ դառնությամբ է գրում, որ արքունական գվարդիան, որն անցյալում կազմվում էր ելնելով հավաքագրվողների բացառապես ռազմական և ֆիզիկական կարողություններից ու ընդունակություններից, գվարդիա, ուր մուտք էին գործում միայն Հայերը, Հուստինիանոսի ժամանակ մատչելի դարձավ ամեն մի վճարողի համար, գվարդիայի անդամ կարող էր դառնալ նույնիսկ ստրուկը, եթե դրամ ուներ։ Բյուզանդական պետության վերոհիշյալ ախտերը տարածված էին նաև Բյուզանդական Հայաստանում։
Մենք ունենք փաստաթուղթ, որը վկայում է կաշառակերության լայն տարածման մասին նաև Առաջին Հայքում, Երկրորդ Հայքում և Մեծ Հայքում։ Աշխատավոր ժողովրդի ընդվզումը Հուստինիանոսի ռեժիմի դեմ հանդես էր գալիս զանազան աղանդների քողի տակ, աղանդներ, որոնք տվյալ ժամանակաշրջանում տարածվել էին ամբողջ կայսրության մեջ»։
«… Հուստինիանոսի թագավորությունը մի աղետ էր Հայ ժողովրդի գլխին։ Նա վերջնական հարված հասցրեց Հայկական ինքնուրույն պետականության պահպանված նշույլներին, այն է հարավային Հայաստանի նախարարություններ-սատրապություններին, փորձեց սասանել Հայոց ժառանգական դարավոր իրավունքը»:
«Հռոմեական այս բանակում ծագումով պարսկահայ մի զորավար կար, Արտավան անունով, նա շատ վաղուց դասալիք էր եղել և կամավոր անցել հռոմայեցիներին ենթակա Հայաստան, բայց ոչ սովորական ձևով, այլ կոտորելով հարյուր քսան ռազմունակ պարսիկների։ Այդ արարքը մի տեսակ երաշխիք էր իր հավատարմության՝ դեպի հռոմայեցիները: Նա այն ժամանակ եկել էր Հայաստանի զորավար Վալերիանոսի մոտ և խնդրել հռոմեական զորքից հիսուն (զինվոր)։ Նրա խնդիրքը բավարարվեց, և նա շարժվեց դեպի Պերսարմենիայում (Պարսկահայքում, Կ. Ա.) գտնվող ինչ-որ ամրոց:
Նրան իր զինվորներով ընդունեց ամրոցի մեջ հարյուր քսան հոգուց բաղկացած պարսկական կայազորը, որովհետև դեռ հայտնի չէր, որ նա հավատարիմ չէ (պարսկական) պետությանը և որ ուզում է ապստամբություն բարձրացնել։ (Արտավանը) սպանում է այդ հարյուր քսան հոգուն և հափշտակելով ամրոցում եղած հսկայական հարստությունը, գալիս է Վալերիանոսի և հռոմեական զորքի մոտ:
Նա այդ արարքով ապացուցեց, որ ինքը վստահելի է հռոմայեցիներին և այսուհետև մասնակցեց նրանց արշավանքներին: Նշված մարտի ժամանակ այս Արտավանը հռոմայեցի երկու զինվորներով գնաց թշնամի բանակների մեջտեղը։ Այնտեղ եկան նաև թշնամիներից մի քանիսը, որոնց վրա հարձակվեց Արտավանը և նիզակի հարվածով տեղն ու տեղը սպանեց հոգով ու մարմնով անչափ քաջ ու հզոր պարսիկներից մեկին՝ ձիուց ցած գլորելով խողխողեց։ Սպանվողի մոտ գտնվող բարբարոսներից մեկը թրով հարվածեց Արտավանի գլխին, բայց հասցրած վերքը մահացու չէր։ Արտավանի զինվորներից մեկին՝ ծագումով գոթ, այն ժամանակ, երբ (պարսիկը) ձեռքը Արտավանի գլխի վրա էր բարձրացրել, հաջողվում է հարվածել նրա ձախ կողին և սպանել։ Ահա մնացած հազար հոգին, կատարվածից սարսափահար, նահանջեց և սպասում էր Խորիանեսին, որը պարսից ու ալանների մյուս զորքով (մոտենում էր) և շուտով միացավ նրանց»…
Հայազգի Ներսեսը՝ բյուզանդական զորավար
Պրոկոպիոսից մի հատված ևս («Պատերազմների մասին», գիրք 8, գլուխ 31):
«… Զորքերը մարտի էին դասավորվել հետևյալ կերպ. երկու կողմն էլ շարվել էին դեմ առ դեմ, հնարավորին չափ խոր ու լայն ճակատ կազմած: Հռոմեական զորքի ձախ թևը’ բլրի մոտ գլխավորում էին Նարսես ու Հովհաննեսը, ունենալով հռոմեական զորքի լավագույն մարտիկներին… Աջ թևում էին գտնվում Վալերիանոսը, Հովհաննես Ֆագասը և Դագիսթայոսը’ մնացած բոլոր հռոմեական զորքով… Ճակատի կենտրոնում Նարսեսը տեղադրեց լանգոբարդներին, էրուլներին և մնացած բոլոր բարբարոսներին։ Նա նրանց հրամայեց ձիերից իջնել, կազմել հետևակ, որպեսզի, եթե հանկարծ մարտի ընթացքում վախկոտություն ցուցաբերեն, կամ էլ դավաճանություն, չկարողանան անմիջապես փախուստի դիմել։
… Որոշ ժամանակ ոչ ոք չէր սկսում մարտը, այլ հանգիստ մնում էին՝ սպասելով հակառակորդի հարձակմանը։
Այնուհետև գոթերի զորքից Կոկկաս անունով մեկը, որը քաջ մարդու մեծ հռչակ ուներ, ասպատակեց իր ձին, եկավ կանգնեց հռոմեական զորքի դիմաց և հրավիրեց ցանկացողին իր հետ մենամարտի դուրս գալ։ Այդ Կոկկասն անցյալում հռոմեական զինվոր էր և դասալիք էր եղել Տուտիլասի մոտ։
Իսկույն նրա դեմ դուրս եկավ Նարսեսի դորիֆորներից մեկը, ծագումով Հայ, անունը Անզալաս, նա ևս ձի էր հեծած։
Կոկկասը նախահարձակ եղավ թշնամուն նիզակահար անելու մտադրությամբ, նշան բռնելով նրա փորին։ Բայց Անզալասը հանկարծակի մի կողմ քաշեց իր ձին և (հակառակորդի) թափը օգուտ չունեցավ։ Այդ ձևով (Անզալասը) հայտնվեց թշնամու կողքին և իր նիզակը խրեց նրա ձախ կողքին։
Նա անշնչացած, ձիուց գետին գլորվեց։ Հռոմայեցիների զորքի մեջ մեծ աղաղակ բարձրացավ…»:
Շարունակությունը՝ հաջորդիվ: