«ՔԱՋՈՒԹԻՒՆ ՀԱՍՑԷ ՁԵԶ Ի ՔԱՋԷՆ ՎԱՀԱԳՆԷ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՍ»…

Տիեզերքի, Բնության օրենքներով հիմնավորված բազմահազարամյա Հայկեան ուսմունքն է ձևավորում Հայկազունիների ավանդներին հավատարիմ Հայորդիների աշխարհայացքը։
Արեգ ամսվա Արեգ օրը սկսվող Նոր տարին — Նոր գարնանամուտը տոնելուն հաջորդում է Արեգ ամսվա Հրանդ օրը, երբ, Հայկեան Միաբանութեան Քրմերի բացատրությամբ, «ցերեկը մեկ աստիճանով գերազանցում է գիշերին, և մեր Նախնիք դա տոնել են որպես Վահագն Դիցի ծնունդը։
Քաջ, զորեղ բազկով Վահագն Դիցը նաև Հայ մարդու խորհրդանիշն է»…

Ազատության ոգով և հայրենասիրությամբ տոգորված բազմաթիվ Հայորդիք տարբեր ժամանակներում իրենց գրչով՝ արձակով կամ բանաստեղծական տարբեր տաղաչափերով և գունեղ բառապաշարով ձգտել են քաջալերել ազգին՝ վերստին արթնացնելով Հայության պայքարի աննկուն ոգին՝ իրենց արմատներից հեռացած ազգակիցներին հիշեցնելով սեփական ակունքները՝ «ցեղին ոսկեզօծ անցեալը», հնագույն հարուստ ազգային մշակույթը, որը «հեթանոսական» էր հորջորջվել օտար կրոնը տարածողների կողմից («հեթանոս» բառը ստուգաբանվում է «ethnos» բառից՝ «ցեղ», «ազգային» իմաստով)…

«Հեթանոս կեանքը օրէօր զիս կը գրաւէ:
Եթէ այսօր կարելի ըլլար, կրօնքս կը փոխէի եւ սիրով կ՚ընդգրկէի բանաստեղծական հեթանոսութիւնը»,- գրել է Դանիել Վարուժանը 1908 թվականին՝ Հայության պատմության փոթորկահույզ շրջանում, երբ ազգի գոյատևման, մաքառման տարիներն էին:

«…Յիշեցնեմ, 20-րդ դարի սկիզբն էր, Հայութիւնը դեռ թուրքի տիրապետութեան տակ ապրում էր մշտական անապահով վիճակում, կեանքի միակ նպատակը հացի կռիւն էր, գլուխը իր ուսերին պահելը, օր ու գիշեր իր աշխատանքին լծուած, հալածուած,- գրում է Մարի Ռոզ Աբուսեֆեանը՝ անդրադառնալով Դ. Վարուժանի ստեղծագործությանը և շարունակում. «Հայութեան հաւաքական կեանքը առաջնորդում էր բացարձակապէս եկեղեցին, իր բարոյական սկզբունքերով:
Հայի կրօնքը եւ, մասնաւորապէս, կրօնաւորները, Հայութեան համոզում էին խոնարհութեամբ ընդունելու թուրքի բռնութիւնը: Ըմբոստութիւնն ու պայքարը վտանգ էին համարում: Կրօնքը համոզել էր նաեւ, որ սիրելու, սիրուելու, հաճոյքի, ըմբոշխնումի մարդկային բնական զգացումները անբարոյ մտածումներ են, եւ դրանք ընդհանրապէս ժողովրդի մտածումներից դուրս էին մնում»…

«…Ազատ գաղափարներով լեցուած Վարուժանն անկասկած խեղդւում էր այս միջավայրում:
Մինչ «Հեթանոս Երգեր»-ը նա Հայութեան ցաւերի, հայրենիքի ազատագրման, յուսալքուած ժողովրդին ուղղորդելու մասին էր մտածում եւ այդ ուղղութեամբ նրան առաջնորդում:
«Հեթանոս երգեր» ժողովածուում բոլորովին այլ էր իր մօտեցումը: Այս ժողովածուն մի տեսակ բացայայտ բողոք էր ընդդէմ այն բարքերի, կաշկանդումների, որի մէջ ապրում էր Հայութիւնը:
Հիմնական իր խնդիրը ժողովրդին արթնացնելն էր, եւ տեսնում էր, որ այդ պայմաններում անկարելի է նրա արթնացումը: Եւ նա դիմում է աւելի համարձակ քայլի:
Բնականաբար, ժողովածուն մեծ աղմուկ էր հանելու իր շուրջ: Բոլորին թուաց, թէ «Ջարդ»-ի հեղինակը գովերգում է միայն հեթանոսութիւնը:
Այնինչ, այս ժողովածուն աւելին էր, քան հեթանոսութեան գովերգումը:
Վարուժանի տաղանդը հոյակապ լուծում էր գտել, ներկայացնելով քրիստոնէութիւնից առաջ Հայերի պաշտամունքի՝ հեթանոսութեան առաւելութիւնները, շեշտում, ժողովրդի ուշադրութիւնը կենտրոնացնում էր այն փաստի վրայ, որ Հայը նախքան քրիստոնէութիւնը անկախ ու ազատ է ապրել իր հողերում:
Հայը որպէս անհատ եւ որպէս ժողովուրդ ազա՛տ է եղել բոլոր կաշկանդումներց, հզօ՛ր է եղել, տիրո՛ղ է եղել, պաշտել է գեղեցկութիւնը, տարփանքի, ըմբոշխումի զգացումները ընդունուել են բնականօրէն, ինչպէս այն պարգեւել է բնութիւնը, գովերգուել եւ գնահատուել է կանացի մարմնի գեղեցկութիւնը իր բոլոր մանրամասներով:

Վարուժանը այս ժողովածուի մէջ էլ ընդգրկում է երկու տարբեր խորագրեր՝ «Հեթանոս երգեր» եւ «Գողգոթայի ծաղիկներ», որով ընդգծում էր Հայ կեանքի երկու հակադիր կողմերը:
«Հեթանոս երգեր» բաժնում՝ իր ազգի 20 դար առաջ ընդարձակ ու ինքնուրոյն ապրած ազատ կեանքն էր յիշեցնում իր ժողովրդին, երբ Հայը, ինչպէս նշեցի, մեծ էր ու հզօր, տարածուն ու անյաղթելի, իր տաճարներով, հզօր աստուածներով, անկաշկանդ հաճոյքներով, կինը, հեշտանքը, գինին, արուեստը, գեղեցկութեան պաշտամունքը, ազատ մարդը»…

«…Նա ողջունում էր հեթանոսութեան տուած առաւելութիւնները, որն ազատագրել էր մարդկային միտքը կաշկանդումներից, «Ուր պաշտուեցաւ Գեղեցիկն ու Զօրութիւնը արբուն»…
«…Գովերգում է մի դարաշրջան, ուր Հայն ապրել է տարբեր հասկացողութիւններով ու բարքերով, չի՛ խեղճացել, մարդը ազա՛տ է եղել կաշկանդումներից, փառաբանուել են գեղեցիկը, մեծը, հզօրը, բնական գրգիռները»…

«Ով դու՛, Վահա՛գն, ով աստուա՛ծն իմ հայրերուս,
Կ՚աղօթե՜մ ես… կ՚աղօթե՜մ
Ուժի՜ն համար, կրօնքի՜ն համար բազուկիդ»…

Եւ որոնց հեռացումով՝ «մարդն է ինկած գարշապարին տակ հըսկայ, խուլ Աստուծոյ մը հրեայ», որի արդիւնքում մարդը դարձել է հնազանդ մտքով ու հոգով, ստրուկ, ճղճիմ ու խաբեբայ: Որ հին աստուածների հզօրութեան կործանումով անհետացան.
«Տեսէ՛ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիկները խաղաղ
Ամայացա՜ն ու տաղտկացա՜ն»,
որ նրանց ոսկեհուռ մարմարակերտ գեղեցկութեան փոխարէն
«Միայն սնարէս կախուեր է Խաչ մ՚յաղթական՝
Ուր կայ լոկ փառքը Մահուան»…»:

«Հայրենասէր քնար մ’էր Վարուժանինը, քրմական նուիրումով կապուած իր ցեղի սրտին»,- գրել է Ե. Մէլէքեանը («Փիւնիկ» ամսաթերթ, 1920, մայիս):
«Մեր սովորական լալկան գրականութիւնը չէ Վարուժանինը:
Ըմբո՛ստ, հպա՛րտ, ազնուակա՛ն ոգի մը կը մրրկի իր մէջ, վերջին երեք տասնեակ տարիներու ազատամարտի՛ ոգին, գուցէ, իր մէջ բիւրեղացած, հրաշագործուած անցեալի նուիրական աւանդութիւններու օծութեամբ: Ասոր համար է, որ երբ աղօթել կը փորձուի, իր աստուածը Գողգոթայի Յիսու՛սը չէ, այլ մեր Նախահայրերու արեւաչուի Վահա՛գնը՝ բոցեղէն պատանեկիկը «ընդ եղեգան», որու առջեւ քերթողը ծնրադիր կ’աղերսէ.-
Ուժի՛ն համար, կրօնքին համար բազուկի՛դ,
Որով դու օր մը պատռեցիր բերաններ
Վիշապներու, երկնքին մէջ սփռեցիր
Զերդ արեւի հունտեր, աստղերն Յարդգողին.
Ուժի՛ն համար, որ թըռիչն է եւ հոգին
Արարչութեան անվախճան,
Որուն անհուն համբոյրին տակ կը ծընի
Աշխարհներէն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,
Կ’ապրի սկզբունքն Անմահութեան հիւլին մէջ,
Եւ ըղեղին եւ կամքին,
Որուն հզօր մատին տակ
Կը ճեղքըւին սերմերն, աւիշն երգելով
Կաղնիներուն մինչեւ գագաթը կ’ելլէ,
Ուժի՛ն համար՝ որ կը լեցնէ ըստինքներ,
Կ’օրօրէ մեր օրրանն ու մեզ, մահէն վերջ
Մինչեւ աստղերը կը տանի, ու մինչեւ
Երկրորդ կեանքի մ’արարչագործ պատճառին,
Որ կը կանգնէ Ազգ մ’ինչպէս խումբ մ’առիւծի,
Բազուկդ անոր բազուկին մէջ կը հեղու,
Եւ զերդ հրեղէն վարազահաւ՝ իր լուսեղ
Թռիչներուն ամփոփման տակ կը թխսէ
Մեր մայրերուն ծոցին մէջ
Դիւցազուննե՛ր, հանճարնե՛ր:
Այդ սուրբ Ուժի՛ն համար կ’ըսեմ, որուն դու
Իմացական աղբերա՛կն ես յորդահոս,
Ո՜վ դու, Վահա՛գն, — ահա քեզի կարկառած
Բազուկնե՛րս իմ արիւնոտ,
Կ’աղոթե՜մ ես… կ’աղօթե՜մ»…

Հայի ոգին կենդանացնող փրկարար մեղեդին Նախնիների կանչն է, պայքարի և վրեժի նրանց շառաչը…
Մերօրյա Վահագններին իր պատգամն է հղել նաև Պարույր Սևակը:


«…Վահա՛գն,
Դու թո՛ռ Վիշապաքաղ Վահագնի,
Մի՞թե պապիդ արյունը ջուր է դարձել
Քո այն բանուկ երակներում, որոնց մեջ
Արյան փոխվեց ճերմակ կաթը Աստղիկի:
Մի՞թե ամեն հարկի ներքո հայկական
Լուսադեմին էլ սիրո մեջ չեն երկնում
Երկիր, երկին, ապա թե ծով ծիրանի,
Որ դուք կարմրիկ եղեգնիկի ծոց-բոցից
Վազեք հուրհեր, ու բոցմորուք, ու բոցբեղ,
Վազեք դեպի ա՛յն վիշապը, որ միայն
Ձև՛ն է փոխում, իսկ էությունը՝ երբե՛ք:

Ա՛յն վիշապը, որ իր մարմնով ճաքճաքուն
Բոլորակ է քաշել հողիդ հայրական՝
Պոչի վրա դրած գլուխն իր արնոտ,
Եվ ուր որ է պիտի իր պոչն իսկ խածի:
Բայց չի՛ խածի իր պոչը նա, եթե դու
Չընդդիմանաս, չդիմանաս ու կորչես:
Բայց չի՛ խածի իր պոչը նա, եթե դու
Ջազի միջով Գողթան փանդիռ չըորսաս:
Եվ չի՛ խածի իր պոչը նա, եթե դու՝
Ինքըդ գուցե արդեն մի Ժակ կամ Ժուլետ,
Զավակներիդ վաղը անսուտ զղջումով
Չմըկրտես նորից Վահա՛գն ու Աստղի՛կ»…

«Գալիս է մի պահ, երբ բողոքելն այլևս բավարար չէ, գործե՛լ է հարկավոր»…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: