«ՀԱՅՈՑ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԸ» (Մաս Ե)
Հ. ԱՃԱՌՅԱՆ

Հ. Աճառյանի՝ «Հայոց անձնանունները» հոդվածի վերջին մասը՝ ստորև (սկիզբը՝ նախորդ չորս հրապարակումներում)…
«Ուրիշ ազգեր ճանաչում են անուն, հայրանուն և ազգանուն. օրինակ՝ չինացիք, որոնց բառերը շատ կարճ են, հետեւում են այս սովորութեան. յիշենք չինական անուններից՝ Կոն Ֆու-Ցի, Լի Հունգ-Չանգ, Սուն Եան-Ցեն, Շի Հոանկ-Թի, Շուն Եու-Յուէ և այլն: Սրանց մէջ առաջին վանկը ազգանունն է, երկրորդը՝ հայրանունը և երրորդը՝ անունը:
Ռուսաց մէջ էլ, ինչպէս յայտնի է, գործածական է անունով և հայրանունով ազգանունը. օրինակ՝ Իվան Ֆէօդորովիչ Պալիեւ և այլն:
Եւրոպացիք լայնօրէն օգտագործում են ազգանունը: Անունը ֆրանսիացոց մէջ այնքան անարժէք բան է, որ անուն ասելով հասկանում են ազգանուն, իսկ անուան համար գործ են ածում «փոքր անուն» (petit nom)։ Մի անձ կարող է ունենալ 3—4 անուն, բայց միայն մի ազգանուն: Այսպէս Փարիզի իմ դասընկերներից յիշեմ՝
Edouard-Marie-Antoine-Aude
Louis-Marie-Jean-Bodin.
Lucien-Elien-Albert-Broche
Charles-Jean-Marie-Brou.
Pierre-Paul-Narcisse-Fernand-Chilot
Joseph-Jean-Baptiste-Vendryes.

Այս ընդհանուր ծանօթութիւններից յետոյ մասնաւորենք մեր խօսքը հայոց ազգանունների վրայ:
Հին հայոց մէջ հասարակ ժողովուրդը երեւի գործածում էր անուն-հայրանուն. իսկ ազնուականները կրում էին ազգանուն: Ազգանունները հնագոյն շրջանում ձեւանում էին «ունի» մասնիկով, որն աւելի ուշ դարձաւ «եան» (յան):
6-րդ դարում հայերը պարսիկներից վերցնում են յոգնակի «ան, եան» (յան) մասնիկը և դարձնում են նրանց նման ազգանուն, նոյնիսկ իզաֆէթի պարսկական օրէնքով, Ներսէս կաթողիկոսի գրած թղթի մէջ ստորագրում են ի միջի այլոց հետեւեալ իշխանները.
Համազասպ ի Գուգվառամեան
Սամէղ յԱրտաւազդան
Գրիգոր ի Հմայական
Սահակ ի Վարդանան
Դատոյ ի Գարջուղեան
Զաւրակ ի Գազաւոնան
Վարազ-Յոհան ի Յոհանան
Վարդան ի Մուշեղեան
Սահակ ի Հմայակեան
Աշոտ ի Վարազտիրոցեան
Մուշեղ ի Հմայեկեան
Վրիւ յԱրտաշրան
Սահակ ի Մանուէլեան և այլն, և այլն: (Գիրք թղթոց, էջ 74):
Սա պարսկական ազդեցութեան շրջանն է: Արաբների ժամանակ ազգանունները վերանում են, ըստ որում՝ իշխանական ցեղերը ջնջւում են: Աւելի ուշ՝ թիւրքերի ժամանակ, նոյնպէս ազգանուն չկայ: Տաճկաստանում, իմ մանկութեանս ժամանակ, հայրանունն էր միայն գործածւում ազգանուան ձեւով. օրինակ՝ ես դպրոցում արձանագրուած էի Հրաչեայ Յակոբեան (հօրս անունով) և խօսակցութեան մէջ յաճախ կրճատ ձեւով ասում էին Հրաչեայ Յակոբ: 1888 թուականին դպրոց մտաւ ազգանուան դրութիւնը: Հոգաբարձութիւնը պատուիրեց բոլորիս, որ տուն գնանք և մեր ծնողներից հարցնելով ու իմանալով՝ ազգանուն բերենք: Ընդհանրապէս աշակերտները իրենց պապի անունը դարձրին ազգանուն, ուրիշներ մի ինչ-որ մականուն և այլն:

Հետաքրքիր է իմ ազգանուան պատմութիւնը: Ես տուն գնացի և հարցրի, թէ մեր ազգանունը ի՞նչ է: Հայրս առաջարկեց վերցնել իր հօր անունը՝ Յարութիւն և կոչուել Յարութիւնեան: Ես այն ժամանակ 12 տարեկան էի, բայց արդէն ունէի ինչ-որ լեզուական ճաշակ: Իմ ճաշակով անունից կազմուած ազգանունը հաճելի չէր. ուստի մերժեցի Յարութիւնեանը և ուրիշ բան ուզեցի: Հօրաքոյրս ասաց, որ իրենց ցեղը Ռոտոսթոյում կոչուել է Հիւպրիւք օղլու, ուստի առաջարկեց գրել Հիւպրիւքեան: Ես այն ժամանակ Հիւպրիւք բառի ծագումը չգիտէի. չգիտէի, թէ դա էլ անուն է Հիւպէրիք, որ շատ քիչ է գործածւում: Երեւանում մի քանի տարի առաջ եղել է Հիւպէրիք անունով մէկը: Ես չհաւանեցի նաեւ Հիւպէրիքեան ազգանունը և մերժեցի: (Կոստանդնուպոլսում մականունը յաճախ շփոթում են ազգանուան հետ և փոխանակ ասելու ազգանուն, ասում են մականուն, թիւրքերէն լաղաբ, այսինքն՝ փուտանուն):
Ես հօրս հարցրի, թէ քեզ ի՞նչ ծաղրական անուն են տալիս. նա ասաց. «Ինձ ասում են Կռճին Ակոբ»: Ես հաւանեցի այս անունը և վերցրի «Կռճինեան» ազգանունը, որի իմաստը անծանօթ էր:
Ներկայացայ հոգաբարձութեան և ասացի, թէ իմ ազգանունն է Կռճինեան:
Հոգաբարձուներից մէկն ասաց, թէ «Կռճին» բառ չկայ, պէտք է լինի «Կռճիկ» և ազգանունս շինեց Կռճիկեան: Մի ամբողջ տարի դպրոցում կրեցի Կռճիկեան ազգանունը: Ընկերներս շարունակ ծաղրում էին՝ ինձ կոչելով «կռճիկ, մռճիկ, տռճիկ, խռճիկ, բռճիկ»: Տարին լրացաւ, տարրական դպրոցը աւարտեցի և մտայ միջնակարգ: Ես՝ կռճիկից ձանձրացած, որոշեցի փոխել ազգանունս: Կռճիկ բառի գրաբարն է «աճառ», որ ինձ շատ բարեհնչիւն թուաց և ազգանունս դարձրի նոր դպրոցում՝ Աճառեան, որ ընդունեց նաեւ հայրս:
Սրանից 42 տարի առաջ, Էջմիածնի Ճեմարանում, երբ ես այս դէպքը պատմեցի, Մանուկ Աբեղեանը ասաց ծիծաղելով. «Մի տաճկահայ չտեսանք, որ շինծու ազգանուն չունենար»: Ճիշտ է, բայց Աբեղեանի ազգանունն էլ շինծու է: Նա նախապէս կոչուել է Աղբեղեան, այսինքն՝ թիւրքերէն բառով՝ «սպիտակ բեղաւորեան»: Աբեղեանը անդուրեկան է գտել իրաւամբ Աղբեղեանը, միջից կտրել է և դարձրել է Աբեղեան, որ հին հայոց նախարարական տոհմերից մէկի անունն է:
Ես անհատական մի դէպք պատմեցի. բայց դա ցուցանիշն է մեր հասարակական երեւոյթներից մէկի: Հայրանունից ազգանուան անցնելը մեր առաջադիմական քայլերից մէկն էր:
Այսօր մեր մէջ ամէն տեղ ազգանունը ընդունուած է, պետականօրէն ճանաչուած և հաստատուած մի բան է, որ կարելի չէ ուզած րոպէին այնպիսի հեշտութեամբ փոխել:

Մեր ազգանունները կազմուած են 4 ձեւով:
Առաջինն է անունով ազգանուն. այսպէս՝ Յովհաննիսեան, Գրիգորեան, Կարապետեան, Ներսիսեան և այլն: Սրանց հետ կարելի է դնել Տէր կամ Մելիք ձեւով ազգանունները. ինչպէս՝ Տէր-Կարապետեան, Տէր-Գրիգորեան, Տէր-Յովհաննիսեան, Տէր-Մարտիրոսեան կամ Մելիք-Աբրահամեան, Մելիք-Շահնազարեան, Մելիք-Փարսադանեան և այլն:
Այս բոլորը կազմուած են առաջին անգամ մէկի պապի և կամ պապի հօր անունով:
Դրանք բոլորն էլ ուշ ժամանակի արտադրութիւն են. ուստի չենք գտնում նրանց շարքում Հրաչեաեան, Արտաւազդեան, Վռամշապուհեան, Մերուժանեան և նման ազգանուններ, որովհետեւ այդ անունները շատ հին են:
Այսպիսով, անունով ազգանունները կազմուած են բնականաբար արական գծով. բայց կան ազգանուններ էլ, որոնք կազմուած են իգական անուններից: Այսպէս, Մանանդեան կազմուած է «Մանանդ» անունից, որ կնոջ անուն է. նոյնպէս՝ Նայունց, Շուշանեան:
Լինում են ընտանիքներ, ուր կինը աւելի ազդեցիկ անձնաւորութիւն է լինում, քան տղամարդը. այս դէպքում ասում են ոչ թէ Կարապետի կամ Գրիգորի տղան, այլ Մարիամ բաջու կամ Թաքուշ խանումի տղան և այլն: Այսպիսով ձեւանում է իգական անունից ազգանուն:
Ազգանունների երկրորդ ձեւն է փուտանունով կամ մականունով կազմուած ազգանուն: Մէկին տուել են մի ծաղրանուն, այդ ծաղրանունը անցել է որդիներին և կազմուել է ազգանուն: Այսպէս են օրինակ՝ Երկայնեան (կամ թիւրքերէն՝ Ուզունեան), Կարճիկեան, Կոլոտեան, Շիրինեան (քաղցր), Գարագաշեան (սեւ ունքերով), Ղարակէօզեան (սև աչքերով), Թօփալեան (կաղ), Չօլախեան (թեւը կոտրած), Տէրպետէրեան (թափթփած), Խաչանեան, Պուռնազեան (մեծ քթով), Չորթանեան (ժլատ մարդ է եղել, որ միայն չորթանով է ապրել), Տէրվիշեան (անփոյթ): Այս կարգի ազգանունները երբեմն գործը անհամութեան են հասցնում. օրինակ՝ գրականութեան մէջ յայտնի է պոլսեցի կաթոլիկ մի վարդապետ՝ Պոյնուէյրիեան (վիզը ծուռ), Եւդոկիայում կար Եաղլըղաթմերեմէզեան (իւղոտ խմորեղէն չուտողեան):

Նշանաւոր են Նոր-Նախիջեւանցիք իրենց տարօրինակ, յաճախ անվայել ազգանուններով. ինչպէս՝ Չաթալբաշեան (գլուխը ճղուած), Խապախպաշեան (դդումգլուխեան), Այուեան (արջեան), Թիլքիեան (աղուէսեան), Բուղաեան (ցուլեան), Թացփեշեան (քիթը միշտ վազել է, շորի ծայրով սրբել է, անունը դրել են Թացփեշեան): Մի փաստաբան կար Փորքշէեան (փորը միշտ քշել է), մի դերասանուհի կար Գոզոտեան, մնացեալը քաղաքավարութեան սահմանից բոլորովին հեռանում է: Ինչպէս նկատում ենք՝ այս ազգանունների մեծ մասը թիւրքերէն է:
Ազգանունների երրորդ ձեւն է բնավայրով, երկրի անունով ազգանուն:
Այսպէս ունենք՝ Վանցեան, Ստամբոլցեան, Հալաբեան, Շամլեան, Իզմիրլեան, Խրիմեան, Սպարտալեան, Օրտուեան, Տրապիզոնցեան, Բաղէշցեան, Պայպուրթեան, Երեւանցեան, Աճէմեան («աճէմ» նշանակում է «պարսիկ». երբ Կովկասը պարսից իշխանութեան տակն էր, ով որ այս կողմերից գաղթում էր Կոստանդնուպոլիս, Տաճկաստան, կոչւում էր Աճէմեան, իբր պարսկահայ): Մեր դասախօսական կազմում ունենք Աղուզումցեան. «Աղ ուզում»՝ «սպիտակ խաղող» անունով մի գիւղ է եղել, գաղթել են այդ գիւղից և ստացել այս մակդիրը:
Ազգանունների չորրորդ ձեւն է արհեստի անունով ազգանուն, սա շատ մեծ թիւ է կազմում և սովորական է յատկապէս տաճկահայոց մէջ. օրինակ՝ Ոսկերչեան, Գույումճեան, Զարգարեան, Արծաթպանեան, Հէքիմեան, Սնըխչեան, Պէրպէրեան, Ժամկոչեան, Սուճեան, Քէպապճեան, Թոքմաճեան, Դեւեճեան, Չիլինգարեան, Նալբանդեան, Մեհանաճեան, Զուռնաճեան, Սապոնճեան, Հիւսեան, Դուրգարեան, Պլոտնիկեան, Աշճեան, Խալփախչեան, Պոյաճեան, Ներկարարեան, Կրասիլնիկեան, Տէմիրճեան, Ղասապեան, Քերեստէճեան:
Սրանք էլ ընդհանրապէս թիւրքերէն են. մի քանիսը միայն հայերէն են:
1900-ական թուականներին, Համիտեան ռէժիմի հայահալած արշաւանքի ժամանակ, երբ Եւրոպայի հասարակական գործիչներից ոմանք սկսել էին վերլուծել հայկական հարցը և որոնել նրա բուն պատճառը, կային նրանց մէջ այնպիսի չարամիտ կաշառուած մարդիկ, որոնք հայերին մեղադրում էին, որ նրանք վաճառական ժողովուրդ են: Այդ անարդար բացատրութեան ժամանակ գտնուեց ֆրանսիացի մի գրող՝ Pierre Quillard, որ «Рго Armenia» թերթում մի յօդուած գրեց այդ առթիւ:
Նա ասաց. «Սխալ է այն կարծիքը, թէ Հայերը վաճառական ժողովուրդ են և ապրում են ուրիշներին շահագործելով:
Այո՛, կան հայոց մէջ վաճառականներ, բայց ժողովրդի մեծամասնութիւնը գիւղերում երկրագործ և քաղաքներում արհեստաւոր է»: Սրան իբրեւ ապացոյց մէջ է բերում մի ցանկ այդ չորրորդ կարգի ազգանունների, ինչպէս յիշեցի ես էլ: Ելնելով այն տեսակէտից, որ ազգանունը առնուազն մի քանի հարիւր տարիների հնութիւն ունի, նա հաստատում է այն միտքը, թէ հայերը արհեստաւոր են և եղել են միշտ՝ տաճկական տիրապետութեան երկար շրջանում: Այսպէս ահա ազգանունների քննութեան հասարակ առիթը օգտագործւում է ընկերական և հասարակական երեւոյթների բացատրութեան համար»:
(Վերջ)
Հ. ԱՃԱՌԵԱՆ
ԽՄԲ. ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ — Պրոֆեսոր Աճառյանի սույն աշխատության մեջ կան կետեր, որ նրա վաղ շրջանի ուսումնասիրության եզրակացություններն են, որոնք նա վերանայել է հետագայում:
Այդպիսիններից է, օրինակ, հին հայկական մշակույթի փոխազդեցության խնդիրը հարևան ժողովուրդների մշակույթների հետ՝ շեշտելով հին հայկական մշակույթի ինքնուրույնությունը և բարձր զարգացումը:

Լուսանկարում՝ Հրաչյա Աճառյանը դստեր՝ Քնարիկի հետ