«ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ» (Ն. ԱԴՈՆՑ)

«Նախամարտիկ — յառաջամարտիկ, ախոյեան, զօրավար»՝ քաջ, հզոր մարտիկ և խրոխտ պաշտպան, առաջ նետվող կտրիճ: Ախոյան՝ «յառաջամարտիկ բանակին խաղացեալ ընդդէմ թշնամեաց, դիմակաց», նաև՝ ոսոխ…
«Ախոյանաբար՝ արիաբար, ախոյանայարձակ՝ յարձակեալն իբրև ախոյեան, նախամարտիկ, արի»:
«Ախոյանահարձակ սլացմամբ» ոգեշնչված մի քանի էջ անցյալից՝ Ն. Ադոնցի շարադրմամբ՝ ստորև…
ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ
Անձնական քաջությունը, ֆիզիկական ուժը, անհամեմատ շատ ավելի մեծ տեղ ունեին կյանքի մեջ հին ժամանակները, քան ներկայումս։ Քաջությունը երկնային էր, համարյա աստվածային։ Պատմական մեծ անձնավորություններից շատերը պարտական են գոնե աոաջին հաջողություններն իրենց բազուկներին, քան գլխին։ Ինքնապաշտպանության և կռվի միջոցներն ու գործիքներն էին լայնալիճ կամ հաստաձիգ աղեղ, պարսատիկ, բռնալիր, նիզակ, տապար ու սուսեր։ Ծանր սպառազինություն, երկաթապատ զրահ, պահանջում էին այնպիսի մարմնավոր ուժ, հաղթանդամ կազմվածք, որին բնավ պետք չունի ժամանակակից ինքնաշարժ հրացանը, գնդացիրը և մյուս հրեշավոր անոթները։ Որքան մարդկությունը հառաջանում է, այնքան նսեմանում է ուժի կարևորությունը, կարիքը։ Պատմության ընթացքը կարելի է բնորոշել որպես հարատև փոխանցումը մարմնավոր և ֆիզիկական զորությունից դեպի մտավոր և հոգեկան ուժի։ Բազուկները տեղի են տալիս գլխին։ Մարմնավոր քաջությունը՝ որքան հնանում է՝ մնում է անցած դարերի զարդ, այնքան մարդն անձուկով է նայում և կարոտում հին քաջությանը։ Հին մարդիկ պատկերվում են որպես տիտաններ, անհաղթելի հսկաներ, անհեթեթ, անձնեղ (մարմնեղ), մեծանձն, անձնյա, ոչ նման սովորական մարդի։
(Նրանք) պաշտամունքի նյութ են դառնում, համարվում են դյուցազուններ, այսինքն՝ կեսաստվածներ, սերված աստվածներից (դիցերից, Կ.Ա.) և մահկանացուներից։ Հերակլես դեռ օրորոցում երկու վիշապ խեղդեց, որ Հերան ուղարկել էր նորածին մանկանը սպանելու համար։ Անունը կապ ունի «հերոս» արմատի հետ, լատիներեն՝ «սերվ», որ նշանակում է պահել, հսկել, rend — հարուա–haurna-servare – հսկա: Մեր Վահագն էլ է վիշապաքաղ։
Հին մարդիկ փառաբանում են քաջությունը, նրանք ստեղծում են հերոսների տիպարներ և քաջությունը համարում տուրք աստվածային։ Քաջությունը տալիս է նաև անմահություն՝ հերոսները երբեմն երկինք են բարձրանում և որպես աստված միանում մյուս աստվածների խմբին։
Բոլոր հին ազգերը քաջության աստված ունեն և քաջության տիպար հերոսներ։ Հռւնաց՝ Աքիլլես, Տրովա՝ Հեկտոր, պարսից՝ Ռոստամ, Հայոց՝ Տորք (մեր քաջության ավելի հին աստվածը և մեր բուն նախահայրն է Հայկ)։

Մեր նախնիք ևս մեծապես գնահատում էին քաջությունը։ Հայկը Հայ ազգի նախահայրն է, Հայ ազգի մարմնացումն է։ Գեղապատշաճ, անձնյա, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ Հայկը քաջ և երևելի էր հսկաների մեջ։ Բելը Հայկի վրա է արշավում երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Մովսես Խորենացին Հայկի այս պատկերը քաղել է՝ հիմնվելով Հայ առաջնորդի ուժի, նորա անձնական քաջության նկարագրի վրա։ Մամիկոնյան, Բագրատունի, Սյունյաց, Ամատունյաց և Արծրունյաց իշխանական տներն այնպիսի դեմքեր են տվել, որ իրապես հերոսներ են։ Կուզեմ ներկայացնել պատմական մի քանի դեմքեր, որոնց քաջությունը միայն մարմնավոր չէր, այլ շաղկապված անվեհերության և գերմարդկային խիզախումի հետ։
Մարմնավոր ուժն առանց հոգեկան արիության մեռած ուժ է։
Սա է, որ շարժում է մարմնավորը, ոգի տալով՝ կրկնապատկում է այն։
Ստորև հիշելի անձինք պատմության մեծ դեմքեր չեն, (նրանք) փայլուն
հետք չեն թողել իրենց հետևից։ Բայց և այնպես՝ հերոսության տիպարներ են, որովհետև արհամարհելով մահը առնական արիությամբ, դուրս գալով մենամարտության ասպարեզը՝ նրանք փառքով են պսակել իրենց ծնող, սնող ժողովրդին։ Պետք է մի վտիտ հարգանքի տուրք տամ նրանց, ովքեր պատիվ են բերել Հայությանը որպես մենամարտիկներ։ Բյուզանդական ահռելի բանակի մեջ հազարավորների, տասնյակ հազարների մեջ հանկարծ մի Հայ է նետվում ընդդեմ թշնամու՝ իբրև կարող ընդունելու մենամարտը։
Ահա նրանք՝ Արտավան, Արտավազդ, Անզալաս, Հովհաննես Գուզես, որ վկայված են օտար պատմիչներից (Ծնթ.- Ակնարկում է բյուզանդական նշանավոր պատմիչ Պրոկոպիոս Կեսարացուն)։
- Արտավան Արշակունի, բյուզանդական բանակի հայազգի զորավար, Հովհաննես Արշակունու որդին: Նախապես մարտնչել է Բյուզանդիայի դեմ, 539 թ. սպանել է Արևմտյան Հայաստան արշաված բյուզանդական զորավարներ Ակակիոսին և Սիտտասին: Այնուհետև ծառայել է Հուստինիանոս Ա կայսեր…
- Արտավազդ (? — 542), բյուզանդական բանակի Հայազգի զորավար: Աչքի է ընկել գոթերի դեմ մղված իտալական արշավանքների (541-542 թթ.) և, հատկապես, Վերոնա քաղաքի պաշարման ժամանակ: Ընդունել է գոթերի Վալարիս զորականի՝ իր հետ մենամարտելու առաջարկը և սպանել նրան:
- Անզալաս (Ընջյուղ), բյուզանդական բանակի Հայ զորական: 553 թվականին Տոսկանա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ ընդունել է գոթերի բանակից Կոկկաս անունով մի քաջ պատերազմողի հրավերը և մենամարտի ժամանակ սպանել նրան:
- Հովհաննես Գուզես, բյուզանդական բանակի Հայազգի զորավար, Հայաստանի կոմես Թովմայի որդին: Աչքի է ընկել 551 թվականի Լազիկայի և Կոլխիսի համար մղված պատերազմներում: Մենամարտի ժամանակ սպանել է հսկա մարմնով մի քաջ ալանի և ապահովել բյուզանդական բանակի հաղթանակը:

- ԱՐՏԱՎԱՆ (548 թ.)
- ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈԻՆԻ, ՈՐԴԻ ՄԱՆՈՒԵԼԻ (590 թ.)
590 թ. Մորիկ կայսրը փորձեց Հայ նախարարներին Թրակիա ղրկելու։ Սակայն Հայոց նախարարներն ապստամբեցին և կամեցան «ի բաց կալ ի ծառայութենէն Յունաց թագաւորին և նստուցանել իւրեանց թագաւոր»։
Դա արվեց հետևյալ նպատակով, «զի մի և նոցա հասցէ մեռանել ի կողմանս Թրակացաց, այլ կեալ և մեռանել ի վերայ աշխարհին իւրեանց» («Պատմութիւն Սեբէոսի» աշխատասիրությամբ՝ Գ. Վ. Աբգարյանի, Երևան, 1979, էջ 92)։
Կայսրը արքունական պատվիրակներին հրովարտակով ղրկեց Հայաստան, սակայն Մանուելի որդի Սմբատ Բագրատունին նրանցից մեկին սպանեց։ Բյուզանդացիները ձերբակալեցին Սմբատին և (ուրիշ) յոթ հոգու հետ տարան մայրաքաղաք։ Դատեցին և որոշեցին ձգել կյունիկ, այսինքն՝ կրկես (ծանոթագրություն՝ «կյունիկը» բացօթյա կրկեսի բեմ էր, որի վրա տեղի էին ունենում կառամարզումներ, ցլամարտեր և այլ մրցումներ)։ Սմբատ էր «այր անհեդեդ անձամբ և գեղեցիկ տեսլեամբ, և բարձր և լայն հասակաւ, և բուռն և ցամաք մարմնով» (Սեբէոս, էջ 92)։ Նա «հզաւր և պատերազմող» էր հռչակվել բազում պատերազմներում։ (Սմբատն) այնպիսի ուժ ուներ, որ անցնելով «անտառախիտ մայրեաց և զաւրաւոր ծառոց» տակից՝ հաղթանդամ հզոր երիվարին նստած, ձեռքերը բարձրացնում, ծառի ոստից բռնում և իրանքով ու ոտքերով սեղմելով երիվարի մեջքը՝ նրան բարձրացնում էր գետնից վեր։ Տեսնողներն ահաբեկվում էին ու սաստիկ զարմանում։
Սմբատին մերկացրեցին և թողեցին միայն անդրավարտիքով, այնուհետև նրան ձգեցին կյունիկ, «զի կուր լիցի գազանաց» (Սեբէոս, էջ 93)։ Սկզբում նրա վրա արձակեցին արջին (այս և հետագա բոլոր ընդգծումները հեղինակինն են — Պ. Հ.)։ Սմբատը գոռաց մեծաձայն և գնաց արջի վրա, զարկեց ճակատին բռունցքով և տեղնուտեղ սատակեց։ Երկրորդ անգամ նրա վրա արձակեցին ցուլ։ Սմբատը բռնեց ցուլի եղջյուրներից, դարձյալ իր աղաղակով ահ ձգեց ցուլի վրա, չարչարեց՝ ոլորելով պարանոցն ու ջարդելով եղջյուրները։
Ցուլը թուլացած նահանջեց և փախստական դարձավ։ Սմբատը հետևից վազելով «բուռն հարկանէր յագին և ի կճղակն ազդեր միոյ ոտին նորա», ցուլի կճղակը պոկվեց և մնաց Սմբատի ձեռքին։ Ցուլը փախավ մի ոտով «բոկ»։ (Նման մի քաջություն Խորենացին վերագրում է Տրդատ (Գ Մեծին)՝ ասելով, որ հույն մի ըմբիշ հնում «զկճղակ եզին թափեաց», իսկ Տրդատը մի ձեռքով «կալեալ զեղջերէն» երկու վայրի ցուլերի, «թափեաց հանդերձ ընդվզեալ ջախջախմամբ») (Մովսես Խորենացի, «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1913, էջ 218)։
Երրորդ անգամ կատաղի առյուծ արձակեցին նորա վրա։ Երբ առյուծին արձակեցին, Սմբատը ճարպկորեն բռնեց նրա ականջից և նստեց մեջքին։
Այնուհետև ձեռքը տարավ խոռոչափողը և սեղմելով խեղդեց առյուծին։
Ամբոխը ոգևորությամբ ողջույնի աղաղակներ բարձրացնելով գոչեց և դիմեց կայսեր, որ ներե Հայ իշխանին։ Իսկ Սմբատը հոգնած, հանգիստ էր առնում նստած առյուծի վրա։ Կայսրուհին և կայսրը ողորմացին նորան, ներում շնորհեցին և բաղանիս ղրկեցին։ Այստեղ Սմբատին լվացին, հանդերձավորեցին և պալատ տարան։ Հետագայում Սմբատը զրպարտության զոհ դարձավ և աքսորվեց «ի կղզիս հեռաւորս» (Սեբէոս, էջ 93), ապա կայսրը հրամայեց այնտեղից նրան տեղափոխել Աֆրիկա՝ տալով նորան զինվորական տրիբունի պաշտոն։

- ՍՄԲԱՏ ՎՐԿԱՆԻՑ ԽՈՍՐՈՎ ՇՆՈՒՄ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ք 607 թ.)
Քուշանաց թագավոր Հեփթաղաց աշխարհում (Թուրքեստան) մեծ կազմությամբ ճամբարեց Սմբատի դեմ։ Հեփթաղը պատգամավոր ղրկեց Սմբատի մոտ.
- Ի՞նչ օգուտ այսպես խառնամբոխ մտնել պատերազմի մեջ և սպառել մեր զորքը։ Ինչո՞վ պիտի ճանաչվի իմ և քո քաջությունը։ Արի՜, միայն ես և դու մենամարտենք։ Ես այստեղից, իսկ դա՝ այդտեղից ել ախոյան, «զի այսաւր ծանիցի քեզ քաջութիւն իմ»։
Սմբատը պատասխանում է. «Ահաւասիկ պատրաստ եմ ի մեռանել»։
Երկար հարձակվեցին միմյանց դեմ և կռվեցին ի տես երկու բանակների։
Սակայն չէին կարողանում միմյանց հաղթանցել, որովհետև հսկայազորք (և ոչ «սակաւազաւրք», ինչպես տպված է. տես Ք. Պատկանյանի հրատարակությունը, էջ 67) և կուռ սպառազինյալ էին։ Վերջապես Սմբատին հաջողվեց ձգել նիզակը, պատռել վերտ և ամուր (ոչ վերտևամուր) ու կուռ զրահի ամրությանը և (Քուշանաց թագավորին) գետին տապալել:
Իսկ Քուշանաց զորքը «իբրև տեսին զարքայն իւրեանց՝ զարհուրեցան և դարձան գնացին փախստական» (Սեբէոս, էջ 103)։
- ՎԱՍԻԼ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ (շուրջ 820-886 թթ.)
- ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (973 թ.)
Անիի Գագիկ Շահնշահի մահից հետո նորա երկու որդիները՝ Հովհաննես-Սմբատ և Աշոտ գժտվեցին։ Աշոտը Արծրունյաց թագավոր Սենեքերիմից զորք է ստանում և շարժվում իր եղբոր վրա։ Այդ ժամանակ որպես դեսպան Հովհաննես-Սմբատ թագավորի մոտ էր մի վրաց իշխան։
Սա պարծենալով խնդրում է, որ Հայոց թագավորն իրեն թույլ տա գնալ և բռնել կենդանվույն Աշոտին և վերջ դնել արյունահեղությանը։ Հովհաննես-Սմբատն ասում է. «Այր հզօր է Աշոտ, դու զիա՞րդ կարծես ածել զնա առաջի իմ»։ Վրացին պատասխանում է. «Ի ձիոյն առից զնա կենդանի»։ Սակայն Հովհաննես-Սմբատ թագավորը զգուշացնում է վրացուն, թե՝ «Առյուծի ձագին մի՜ արհամարհիր, մինչև որ տեսնես»։ Վրաց իշխանն արծվի նման սլացավ Աշոտի վրա՝ գոռալով. «Ո՞վ է Աշոտը, թող առա՜ջ գա»։ Աշոտը զայրացավ ինչպես ինծ և վրացին՝ մինչ ուզում էր նիզակով զարկել, Աշոտը կայծակի արագությամբ հանեց պողովատիկ սուրը և այնպես հարվածեց սաղավարտին, որ վրացու երկաթապատ մարմինը պատառեց, մինչև ստինքը երկուսի բաժանեց և «հանդերձ միջօքն յերկիր ընկենոյր» (Մատթէոս Ուռհայեցի, էջ 13-14)։

- ՎԱՍԱԿ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, ԲՋՆՈ ԻՇԽԱՆ (1021 թ.)
Թագավորը Դելումաց (դելմիկների — Պ. Հ.) եկավ և ավերեց Նիգ գավառը։ Հայոց սպարապետ Վասակն իր որդի Գրիգորի հետ ելավ նրանց դեմ։ Վասակը չէր կարող սպասել, որ մինչև զորքը հավաքվի։ Նա հինգ հարյուր մարդով առաջ անցավ։ Այլազգիների զորքից դուրս եկավ մի ախոյան՝ սև խափշիկ, որ կոչվեր «Յոթ գայլն», որ իբրև «սև ամպ որոտալով, բոց արձակելով իր զրահներից»՝ Վասակին կանչեց մենամարտի։ Վասակի ենթակաները սարսափած էին, քանզի «նման մի մարդ դեռ երկրի վրա չէր ծնվել»։ Վասակը հանգստացրեց նրանց և ասաց. «Ես դուրս կգամ նրա դեմ և նրան կտամ այն նույն պարգևը, ինչ Դավիթը տվեց Գողիաթին»։ Խափշիկը գազանաբար վրա հասավ, որ գեղարդի վրա առնի Վասակին։ Իսկ Վասակը փութաց և պողովատ թրով այնպես խփեց խափշիկի գլխին, որ նորա սաղավարտը երկուսի բաժանվեց, իսկ «մասունք մարմնոյ յերկիր անկանէին» (Մատթէոս Ուռհայեցի, էջ 13-14)։
- ՀԱՍԱՆ ԵՎ ՃՆՃՂՈՒԿ (1042 թ.)
Հասանը և Ճնճղուկը Վասպարականի Խաչիկ իշխանի որդիներն էին։
Նրանք նոր էին վերադարձել Թրակիայից, ուր կռվել էին կայսրության թշնամիների դեմ։ Իրենց բացակայության ժամանակ Խաչիկ իշխանը և նրա կրտսեր որդին՝ տասնհինգամյա պատանի Իշխանը, զոհ էին գնացել Սալմաստի մուսուլման ցեղերի հարձակումների ժամանակ։
Վրեժ լուծելու համար մի քուրդ են կաշառում և ղրկում Սալմաստ՝ լուր տարածելու, թե Խաչիկ իշխանի կալվածքն անպաշտպան է, «զի՞ կայք պարապ»՝ ոչխարների բազում հոտեր անտերունչ թափառում են։ Քուրդն այդպես էլ արեց։ Այլազգիները 15 հազարով արշավեցին Վասպուրական:
Հասան և Ճնճղուկ ունեին 5.000 զինվոր։
Որպես «խոցված գազան»՝ Հասանը հարձակվելով թշնամու բանակի վրա ձայն է տալիս. «Ո՞վ է, ու՞ր է այն մարդը, որ սպանեց հորս՝ Խաչիկին, թող առա՜ջ գա»։ Եվ ահա դուրս եկավ մի այլազգի սև մարդ և հզոր ձայնեց.
«Ես եմ, որ սպանեցի առյուծ Խաչիկին և ահա նրա պատերազմական ձին, զգեստը, նշանակն ու թուրը ձեռքիս է»։ Հասան՝ տեսնելով հոր ինչքը, սկսեց լալ և թուրը հանելով պատյանից, առյուծի պես սլացավ նորա վրա և հարվածելով երկու կտոր արեց, գետին տապալեց և (հոր) ձին ու նշանակը խլեց։
Նման կերպով ձայն տվեց և Ճնճղուկը. «Ո՞վ է սպանել իմ մանուկ եղբորս՝ Իշխանին, թող ատյան դուրս գա, որ տեսնեմ նորան»։ Դուրս եկավ մի քաջ պարսիկ և ասաց. «Ես եմ քո եղբայր Իշխանին սպանել, ահա՜ նորա սպիտակ ձին, վառ նշանակը և թուրը»։ Ճնճղուկը կայծակի նման վրա հասավ, մի հարվածով սատակեցրեց նորան և առնելով եղբոր ձին և նշանակը՝ դարձավ հետ։
Հայոց զորքերը խանդավառված հարձակվեցին թշնամու վրա, «դարձուցին ի փախուստ և կոտորեցին ի նոցանէ արս չորս հազար» (Մ. Ուռհայեցի, էջ 92)։

- ԱՐԿՆԻ ԱՄՐՈՑԻ ԻՇԽԱՆ ՀԱԲԵԼԻ ՀԱՐՊԻԿ, ԴԱՎԻԹ, ԼԵՎՈՆ
ԵՎ ԿՈՍՏԱՆԴԻՆ ՈՐԴԻՆԵՐԸ (1052 թ.)
Քսու և նենգավոր մարդիկ գնացին (Կոստանդնին Մոնոմախ կայսրի մոտ և ամբաստանեցին Չորրորդ Հայքի Պաղին գավառում բնակվող Հայոց իշխաններին, թե նրանք «անհնազանդ կան հրամանաց քոց և կամին ապստամբ լինել ի քէն»։ Բյուզանդացիներն ավերեցին բովանդակ գավառը։ Նրանք ցանկացան ձերբակալել նաև Արկնի կոչված մեծ ամրոցի տեր Հաբել իշխանի չորս քաջ և հզոր որդիներին՝ Հարպիկին, Դավիթին, Լևոնին և Կոստանդնին։ Եղբայրներից ավագը՝ Հարպիկը, նենգությամբ զոհ գնաց, մյուսները գերի տարվեցին մայրաքաղաք։
Կայսրը և բոլոր հույները ապշել էին՝ տեսնելով նրանց ահեղ արտաքինը («սոսկալի տեսիլ կերպարանացն»), քանզի իրենց հաղթանդամությամբ նրանք գերազանցում էին բոլոր հույներին («ահատր էին տեսլեամբ և թիկամբքն հանդերձ բարձր էին քան զամենայն տունն Յունաց»)։ Կայսրը նրանց գեղեցիկ, հաղթանդամ արտաքինը նկատի ունենալով մարմնական ոչ մի պատժի չենթարկեց, այլ հրամայեց քաջ, հզոր և երևելի իշխաններ Դավթին, Լևոնին և Կոստանդինին կղզի աքսորել: (Եղբայրներն աքսորում մնացին մինչև 1056 թվականը, երբ Թեոդորոս կայսրուհին «մեծաւ փառասիրութեամբ արձակեաց զնոսա ի հայրենի աշխարհն իւրեանց ի բերդն Արկնի», Մ. Ուռհայեցի, էջ 122)։
- ՍԱԴՈՒՆ ԱՐԾՐՈՒՆԻ (1256 թ.)
(Մոնղոլական) Մանգու Մեծ խանի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի կառավարիչ Հուլավու խանի մոտ է գալիս «մուղալ ազգաւ» (մոնղոլ) հույժ ահագին, երկայն հասակով, թիկնեղ, շլինքը «զերդ զգոմիշու», ձեռներն անճոռնի իբրև արջի, մի մարդ։ Սա ամեն օր ուտում էր մի ոչխար։ Նա Մանգու խանից գիր էր բերել և մի անգին կապա։
Գրի մեջ ասված էր, թե «իմ եղբոր Հուլավու խանի մոտ եթե գտնվի մի բավքա (ըմբիշ), որ գետնի այս ըմբիշին, թող նրա՜ն լինի կապան։ Իսկ եթե այս բավքան հաղթե, թող կապան նրա՜ն հագցնեն և մեծ դեսպանությամբ ու պատվով հետ ուղարկեն իր մոտ։
Հուլավուն կանչեց իր զորքերի բոլոր գլխավորներին և հարցրեց, թե գիտե՞ն որևէ մարդ թաթար, Հայ կամ վրացի, որ կարողանա մենամարտել Մանգու խանի բավքայի հետ։ Սակայն թաթարների մեջ այդպիսի մեկը չգտան, քանզի «ով աեսանէր զայրն զայն՝ ամենայնն վախէին ահագին հասակէն և ի տեսոյ նորա»։ Իսկ Հայ և վրացի իշխաններն ասացին, որ միայն մի մարդ կա, որ կարող է ճար լինել, այդ Արծրունյաց Սադուն իշխանն է, բայց այստեղ չէ, «այլ կայ ի տուն իւր»։ Սադունը «էր երկայն և վայելուչ հասակաւ, յոյժ ուժեղ ի մանկութենէ» («Պատմութիւն թաթարաց Վարդանայ պատմչի», Երուսաղեմ, 1870, էջ 47) և մենամարտերի մեջ փորձառու ու կիրթ։
Խանը մարդ ղրկեց նորա հետևից։ Լսելով հրամանը՝ Սադունը խիստ տրտմեց, որովհետև երբեք չէր մենամարտել խանի առաջ, իսկ հաշվակիցը ահագին էր և ուժով։ Սադունը նախ գնաց Գագ՝ «առ ամենահաս Սուրբ Սարգիսն» և ուխտ ու մատաղ արեց, ապա ճանապարհ ընկավ Հուլավուի մոտ։ Երբ խանը տեսավ Սադունին, նորա կորովը և երկայն հասակը՝ հույժ ուրախացավ։ Նա հրամայեց, որ երկու ըմբիշներն ինը օր միասին կենան, որ օրն ուտեն մի ոչխար և խմեն մի տիկ գինի։
Երբ սահմանված օրերն անցան, (խանը) հրամայեց բոլոր գլխավորներին ժողովել իր առջև և կանչելով երկու ըմբիշներին հրամայեց մենամարտել։ Երեք ժամ տևեց մենամարտը՝ ցերեկվա ժամը 3-ից մինչև 6-ը, և ըմբիշները չէին կարողանում միմյանց հաղթել։ Սակայն Սադունը ուժգին բախմամբ զգետնեց Մանգու Մեծ խանի ախոյանին և հույժ բարձրացավ Հուլավու խանի աչքին։ Խանը յառլիկ («իառլախ») գրեց «և թողուլ նմայ մինչև ի յինն գունահն» («Պատմութիւն թաթարաց», էջ 49)։

Լուսանկարում՝ Ն. ԱԴՈՆՑԸ 1912 թվականին Անիում՝ Ն. Մառի, Հ. Օրբելու և արշավախմբի մյուս անդամների հետ (լուսանկարի հեղինակ՝ Ա. Վրույր)