«ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ» (Հ. ԱՃԱՌՅԱՆ)
Մաս Բ

Ուսումնառության առաջին իսկ տարիներից ի հայտ եկան ապագա բազմավաստակ լեզվաբանի հետաքրքրությունների լայն շրջանակը, հայագիտության հանդեպ նրա անհուն սերը և մեծ աշխատասիրությունը:
Կոնստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում անցկացրած ուսումնական չորս տարիներն (1889-1893) առանձնակի ջերմությամբ, խանդավառությամբ է նկարագրում իր հուշերում Հրաչյա Աճառյանը: Այդ տարիներն էին ճանապարհ հարթում դեպի եվրոպական հայտնի կաճառները՝ նախապատրաստելով գիտնականի երկար տարիների բեղուն գործունեությունը:

Հրաչյա Աճառյանի դիմանկարը (1928 թ. հեղինակ՝ Փանոս Թերլեմեզյան)

«Մուտքի թուականէն ամէն աշակերտ թիւ մը կը ստանար Կեդրոնականին մէջ: Առաջին աշակերտը, որ 1885-ին մտած էր դպրոց, Գարեգին անունով սեբաստացի տղայ մըն էր եւ կը կրէր 1 թիւը: Ես ստացայ 150 թիւը, Ներսէսը՝ 151-ը:
Օտար ուսուցիչներ կային, որոնք չէին կրնար մեր անունները արտասանել:
Անոնք մեզ թիւերով դասի կը հանէին:
Բոլորս ալ սեւ համազգեստ կը կրէինք՝ բարձր օձիքով եւ կարմիր երիզներով: Օձիքին երկու կողմերը ոսկետառ գրուած էր՝ «Կեդր. Վարժ»: Գլուխնիս ֆէս կը դնէինք: Այս ձեւով մեր համազգեստը չէր զանազանուեր զինուորականէն, եւ յաճախ պետական շէնքերու առջեւ պահակ կեցած զինուորները բարեւ կու տային մեզի, մանաւանդ գիշերները: Դասարանին մէջ կը հագնէինք մոխրագոյն երկար շապիկ մը, որու կուրծքին գրուած էր մեր թիւը:
Դասը չգիտցող աշակերտները իրենց շապիկը կը փոխէին գիտցող աշակերտի մը հետ, եւ անոր լաւ նիշը իրենք կը ստանային։

Մէկ անգամէն երկրորդ դասարան մտնելս մեծ ազդեցութիւն ունեցաւ կեանքիս վրայ:
Եթէ մէկ տարի ուշ աւարտէի Կեդրոնականը, Եւրոպա պիտի չկրնայի երթալ, Պոլիս պիտի մնայի կոտորածներու շրջանին եւ թերեւս բանտի կամ ջարդի զոհ ըլլայի, ինչպէս իմ ընկերներէս շատերը եղան»…

…«Օր մը Գարագաշը դասարան բերաւ եւ սկսաւ կարդալ գրութիւն մը, ուր կ’ուզեր հաստատել թէ Խորենացին Ե. դարու հեղինակ չէ, այլ Թ. դարու: Ես մատ բարձրացուցի եւ ըսի.

  • Խորենացին ի՞նչպէս կրնայ Թ. դարու հեղինակ ըլլալ, եթէ Է. դարու հեղինակ Մովսէս Կաղանկատուացին կը յիշէ զինք:
  • Հէ՞՜,- ըրաւ շփոթած,- քեզի ո՞վ ըսաւ, թէ Կաղանկատուացին կը յիշէ զինք:
  • Դու՛ք սորվեցուցիք մեզի:
  • Դուն ասոր բան մը ըրէ՜:
    Ըսել կ’ուզէր՝ «այդ հարցումին պատասխանը դու՛ն գտիր»:
    Ես բան մը ըրի:
    Կաղանկատուացիի երկու հատորները տուն տարի, մէկ գիշերուան մէջ կարդացի եւ նկատեցի, որ Կաղանկատուացիի անունով մեզի հասած պատմութիւնը ժողովածու մըն է, ուր զանազան դարերու գրուածքներ ամփոփուած են: Գտայ նաեւ երկու գլխաւոր հեղինակներ, մէկը՝ Ե. դարէն, միւսը՝ Ժ., խմբագրած են այս գիրքը:
    Այս ձեւով Գարագաշը կ’ազատէր:
    Այս նիւթին մասին ընդարձակ յօդուած մը գրեցի եւ յաջորդ դասին կարդացի:
    Գարագաշը, իբրեւ նախկին վարդապետ, ձեռքը գլուխիս դրաւ եւ օրհնեց զիս:
    Այդ վայրկեանին տեսուչ Մոստիչեանը պատուհանէն տեսաւ մեզ եւ ներս մտաւ: Գարագաշը մանրամասնօրէն պատմեց դէպքը եւ անգամ մը եւս օրհնեց զիս:
    Յօդուածս տպուեցաւ Վենետիկի «Բազմավէպ»-ին մէջ, 1897-ի Մայիսի թիւով: Միեւնոյնը գրեց փիլիսոփայութեան Դոկտոր Մանանդեանը՝ 1897-ի Յուլիսին»։

Հ. Աճառյանի՝ «Կյանքիս հուշերից» գրքից ևս մի հատված՝ ստորև…

ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ

«Կեդրոնականում ես մնացի 4 տարի (1889-1883)…

Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ առաջինը՝ Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել:
Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ՝ «Ֆանթազիո» ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով: Հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ:

Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը:

Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ. մի պաշտոն, որ քչերին է հաջողվում:

Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ:
Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, Խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը:
Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ: Ուսանողների մեջ է նան Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C’est faux!» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում՝ «Ի՞նչն է սխալ»:
Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»։ Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»:
Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է.
«Դուք ո՞վ եք»:
— «Je suis Arménien», (Հայ եմ),— պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ,- ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»։
Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը:

Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է:

Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացուվ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ»…

«… Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վինննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա՝ հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական ) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել:
Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը՝ երբ հարցնեինք, իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում, և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր:

Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով:
Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը՝ Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել:
Բացի դրանից, շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում:
Գարագաշը՝ լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր:
Հյուրմյուզի թարգմանած «Տելեմակը» կոչում էր «բոզ համոզելու լեզու»:
Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր.
«Ի՞նչ ըսել է՝ «իշխանության տակ». «տակը» ի՞նչ է. «տակը»… ըսեք «ընդ իշխանութեամբ»:
Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»:
Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը:
Նա՝ Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով, անաստված էր.
«Աստված ի՞նչ է»,- ասում էր նա և ծխախոտի տումիտ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա՛, սա Աստված է, ա՛ն ալ Աստված է, ամեն բան Աստվա՛ծ է»:
Այսինքն՝ նյութն ինքն Աստված է, և Աստված ինքը նյութ է:

«Գարագաշը»

Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում:
Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է:
Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը:
Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն, կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել:
Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է:

Հունապ

Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք:
Երբ դասը վերջացավ, և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագա՜շ էֆենդի, հոս բան էիր դրել»,- կանչեցինք:
Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով՝ ասաց.
«Հոս բան էի բերեր»:
«Ի՞նչ բան»,- հարցրինք մենք՝ իբր ոչինչ չիմանալով:

Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր:
«Օ՜, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»:
Ահա այսչափ միամիտ էր նա»…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: