Year: 2020

  • «ԲՆՈՒԹՅՈՒՆԸ   ՍԻՐՈՒՄ   Է  ՇՂԱՐՇՎԵԼ»…

    «ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ Է ՇՂԱՐՇՎԵԼ»…

    «ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ Է ՇՂԱՐՇՎԵԼ»…

    Գիտելիքի սահմանափակության ու չիմացության անսահմանության գիտակցումով՝ հազարամյակներ ի վեր մարդկությունը փորձել է թափանցել Տիեզերքի, Բնության Էության մեջ ու ըմբռնել անըմբռնելին…

    Բնության զարգացման կապերն ու օրինաչափությունները ճանաչելու՝ իմացության զանազան ճանապարհներն այսօր էլ շարունակվում են՝ Մարդու գոյության խորհուրդն ու առեղծվածը չլուսաբանելով:

    Հակադրություններից առաջացած Տիեզերական ներդաշնակության մեջ հավերժ շարժվող այս աշխարհի նախահիմքը, ըստ հույն մտածողի՝ Հերակլիտ Եփեսոսցու (մոտ ն.թ.ա 535-470 թթ.), Կրակն է:

    «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոփոխվում…Միևնույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ»…

    «Բնության մասին» վերնագիրը կրող նրա աշխատությունից լոկ հատվածներ են պահպանվել: Բազմաթիվ այլոք՝ շարունակել, լրացրել-հարստացրել են թեման իրենց խոհերով…

    Սակայն վաղնջական ժամանակներից մինչ օրս Բնության աներևույթ, թաքնված խորհուրդի բացահայտման որոնումներն անպատասխան են կարծես դեռևս:

    Հնագույն շրջանի կրոնների քննությունը ներկայացնող մի գրքում («Religions de l’antiquité», Volume 1, partie 1, էջ 519), եգիպտական դիցերը՝ Իզիսն ու Նեիթը նույնացվում են:

    Երկուսն էլ Արևածին բարձրագույն զորեղությունն են մարմնավորում:

    Նաև Անահիտի, հունական Աթենասի և հռոմեական Միներվայի հետ նույնացվող Նեիթի (Նահիտի) պաշտամունքն առանձնահատուկ դրսևորվում էր Եգիպտոսի Սայիս քաղաքում (Նեղոսի դելտայում): Այստեղ գտնվող՝ Նեիթի (Իզիսի) տաճարի արձանագրությունը մեզ է հասել 1-2-րդ դարերի հույն պատմիչ Պլուտարքոսի շնորհիվ:

    Հին Եգիպտոսում որպես Արևի Մայր (Արևածին) այլաբանական իմաստով պաշտվող այս դիցուհու՝ Իզիսի (Իսիդայի) մասին պատմելով, Պլուտարքոսը նշում է աստվածուհու՝ իր իսկ բնութագրումը (ներկայացնում եմ իմ թարգմանությամբ)՝

    «Ես նա եմ, ով Եղել է (կամ՝ Ես այն ամենն եմ, ինչը Եղել է), Է (կա) և Կլինի, և ոչ մի մահկանացու դեռևս չի բարձրացրել իմ քողը. իմ հղացած պտուղն է Արեգակը»…

    Նույն դերով՝ ինչպես եգիպտական Սայիս քաղաքում տիեզերական տարածության անձնավորումն էր Նեիթը (Անահիտի պես՝ ծնունդները հովանավորող), այնպես էլ՝ Հաթորն էր՝ այլ շրջաններում, ուր նա անվանվում էր «Ծննդագործող կով կամ Արևածին Մայր» (La Vache génératrice ou la Mère génératrice du Soleil), այսինքն, զանազան վայրերում գրեթե նույն գործառույթով դիցուհիներին տարբեր անուններ էին տրվում:

    Հերոդոտոսի հաղորդմամբ, Սայիսում որոշակի մի գիշեր «Ճրագալույցի» (Կանթեղալույցի) արարողություն էր կատարվում (դիցուհու պաշտամունքի հետ կապված):

    Բոլոր բնակիչներն իրենց տան շուրջն աղով ու ձեթով (ճրագով) լի, պատրույգով (թելով) վառվող փոքր ճրագամաններ էին դնում ողջ գիշեր, և այդ տոնը կոչվում էր «Վառվող ճրագների (կանթեղների) տոն» (Histoire pittoresque des religions, Livre Premier, De F.T. Bègne Clavel, էջ 228):

    Ոչ միայն Սայիսում, այլև ողջ Եգիպտոսում նշվող այս տոնի խորհուրդը Խավարի դեմ Լույսի Հաղթանակն էր…

    Նման տոներ կային նաև Հայոց ու Հույների մոտ: (Ներկայիս՝ եկեղեցիներում «Ճրագալույցի» նմանատիպ արարողությունը հիշենք. մի այլ գրառմամբ անդրադարձել ենք):

    Քանի որ հեռավոր անցյալի կրոնական պատկերացումները սխալմամբ հաճախ է բնութագրվում «կռապաշտություն» եզրով, արժե մեջբերել Պլուտարքոսի որոշ դիտարկումներն իր «Բարոյականք» ուսումնասիրությունից (հատոր 5, «Իզիսի և Օզիրիսի մասին»):

    «Իմաստասերներն իրավացիորեն ասում են, որ նրանք, ովքեր լավ չեն հասկանում բառերի իմաստը, սխալ են ընկալում նաև երևույթները»:

    Դիցերի քանդակները կամ նրանց պատկերները շփոթմունքով դիցերի անունով կոչելու փոխարեն պարզապես «նրանց պատկերներ կամ բրոնզե, մարմարյա քանդակներ» պիտի կոչեն:

    (Նկատենք, որ քրիստոնեությա՛ն մեջ է մահվան գործիքը՝ խաչը կամ քանդակը պաշտվում-համբուրվում՝ չնայած «պատկերապաշտների-պատկերամարտների» երբեմնի գաղափարախոսությանը):

    Անդրադառնալով հնագույն հավատալիքներում գործածվող արտահայտչամիջոցների, տեքստերի բովանդակության այլաբանական իմաստին, նաև՝ զանազան կենդանիներին տրվող կարևորությանը, Պլուտարքոսը հիշեցնում է, որ կենդանիներն ընտրվում էին իրենց առանձնահատուկ որևէ հատկանիշի շնորհիվ, որը, որպես խորհրդանիշ, վերագրվում էր տվյալ դիցին)…

    Օրինակ, կրիան, նախօրոք զգալով Նեղոսի վարարման աստիճանը, ձվադրում էր գետափի այնպիսի վայրում, որը զերծ կմնար հեղեղումից, միաժամանակ մոտ լինելով գետին:

    Բացի դա, նրա ձվադրումը, ձվերի քանակը, ապրած տարիներն առնչվում են աստղագետների գործածած հաշվի՝ 60 թվի հետ…

    Իրենց ծիսակատարությունները խստորեն կատարող եգիպտական քրմերը, մարմնի «մաքրագործման» նպատակով գործածում էին բարձրասրունք ու երկարակտուց եգիպտահավի՝ իբիսի խմած ջուրը, քանզի այն երբեք ապականված ջուր չի խմում, նույնիսկ չի էլ մոտենում աղտոտված ջրին:

    Ավելին, նրա ոտքերի բացվածքի ձևն իր կտուցի հետ հավասարակողմ եռանկյունի էր կազմում: Ի վերջո, իր փետուրների սպիտակ ու սև խառնուրդը լուսնի փուլերն է հիշեցնում (décours):

    Թունավոր սողունները ոչնչացնող ու իրեն լվացող այս քաջահավը դիտվում էր նաև որպես ինքնամաքրման օրինակ:

    Ժամանակակից իմաստասերների ու գիտնականների ուշադրության կենտրոնում այսօր էլ Բնության չբացահայտված գաղտնիքներն են…

    Քաոսից հետո՝ Տիեզերքի ներդաշնակ գործունեությունն առայժմ խնամքով պահպանում է իր շղարշը և հմայում իր Արարչագործությամբ…


    Հարափոփոխ ու մշտանորորգ Բնությունը նաև մարդկության «Կենաց Աղբյուրն» է, Կյանք պարգևողն ու Կեցուցանողը (ապրեցնողը):

    Հողի արգասաբերությանն ու բերրիությանը նպաստող փառաբանական-խրախճանքային տոնական-ծիսական արարողությունները, որոնք նաև մշակների աշխատունակությունն ու տրամադրությունն էին բարձրացնում, հասել են մինչ մեր օրերը:

    Հորովել կանչելն ու կանչողին ձայնակցելը չափազանց մեծ իմաստ ու նշանակություն ուներ:

    Հողը վարելուն զուգընթաց հորովել (կամ՝ հոռովել) կանչելը պարտադիր էր՝ անկախ հողագործի ձայնային-երաժշտական տվյալների:

    Գործընթացի տարբեր փուլերում հորովելի տեքստը (իմաստը) փոփոխվում էր:

    Հիմնվելով բանասացներից հավաքված նյութի վրա, ավանդաբար հաստատված, որոշակիորեն կանոնակարգված դերաբաշխմամբ կանչվող հորովելները քննելով՝ Հռիփսիմե Պիկիչյանն իր՝ «Հոռովելի ժամանակակից կենցաղավարումը. Կոմիտասի հետքերով» ուսումնասիրության մեջ պայմանականորեն նրանք ներկայացնում է հետևյալ սխեմայով՝

    նախապատրաստում, սկիզբ, աղոթք, օրհնություն, փառաբանություն, աշխատանքային գործընթաց, հանգիստ, աշխատանքի շարունակություն, ավարտ, գոհաբանություն, փառաբանություն:

    «Հոռովել կանչողը գութանավարի ղեկավարն էր՝ մաճկալը: Նա էր ուղղություն տալիս խոփին, և նրա ղեկավարության ու հսկողության տակ էին շարժվում գութանի կամ արորի լծերն իրենց վարիչ հոտաղներով:

    Ավանդույթի համաձայն՝ նա միջին տարիքի, առողջ, ամուսնացած և սերունդ ունեցող տղամարդ էր: Հենց նրան էր տրված հոռովել կանչելու պատիվը»,- գրում է հեղինակը՝ շարունակելով.

    «Յուրաքանչյուր անգամ հոռովելն անհրաժեշտ էր սկսել Արարչին ու արևին ձոնված ասերգային աղոթք-փառաբանությամբ, ապա պիտի հնչեր հողը հաջողությամբ վարելուն նպատակամղված բուն տեքստը, նաև բարի ցանք ու հունձք ակնկալող հմայական խոսքերը՝ մաճկալի մենակատարմամբ:
    Հիշյալը կատարվում էր պարբերական-շարունակական սկզբունքով» (նշված աշխատություն, էջ 157):

    Հողի արգասավորման արարողակարգի ընթացքում հիշվում էին նաև մասնակիցներին «հաց բերող» կանայք, հարսերն ու աղջիկները («Ա՜յ, ճրագ վառող հարսին եմ ասում, հա՜…», «Ա՜յ, աղբյուր գնացող հարսին եմ ասում, հա՜»…), նաև՝ երիտասարդ կնոջ «միտքը ծռելու», «ճիժ վաստըկելու» մոտիվներով ակնարկներ…

    …«Մաճկա՛լ, քու մաճը թող,
    Կընա քու պագն առ» …

    (Վանի հորովելներից, մեջբերումը՝ վերոնշյալ աշխատությունից, էջ 160):

    Գրեթե ծիսակարգի վերածված այս արարողությանը չմասնակցողներին, հոռովել չկանչողներին, չձայնակցողներին ևս ուղղված առանձնահատուկ (վատաբանող-հայհոյական) «կանչեր» կային:

    Նման տողեր է գրանցել անմահ Կոմիտասը (բացասական երանգով խոսքերը փոխարինված են բազմակետերով…).

    …«Վեվ որ հոռովել չըսե՝
    … անոր հարսն ու խնամին …»

    նույն տեղում, էջ 164:

    Բնության ըմբռնման ու դերի վերոնշյալ մոտեցումներին ծանոթանալուց հետո, մտաբերենք մեր նախնյաց կառուցած՝ Արդինի՝ Մուսասիրի հռչակավոր տաճարի մուտքի մոտ՝ սյուների առջևում եղած քանդակախումբը՝ հորթին կերակրող կովի պատկերով…

    Ստնտու Բնությունը և նրա տարերքներից մեկը՝ Երկնային Հուրն ու Լույսը խորհրդանշող՝ գլխավոր դիցը՝ Շանթը, Փայլակը մարմնավորող Թեշուբին (Թեշեբային) փոխարինած Հալդին (վերջնիս կնոջ՝ դիցուհու խորհրդանիշն էր քանդակը) …

    Ինչպես Եգիպտոսում էին ասում Հաթորին՝ «Ծննդագործող կով կամ Արևածին Մայր»…

    Հողի բեղունության, արգասավորության ու պտղաբերության տոնի հետ առնչվող՝ մեր «Անահտական ծիսակատարությունների» իմաստը, «Ոսկեմայր» ու «Սնուցող Մայր» (նաև՝ Նախամայր) Անահիտի ու նրա պաշտամունքի հետ սերտորեն առնչվող՝ Օջախի պահապան Նանեի մասին՝ հետագայում…

    «Բնությունն» այլաբանորեն պատկերվել է շղարշված. մասամբ՝ տեսանելի, ճանաչելի, ըմբռնելի, մասամբ՝ անտեսանելի ու խորհրդավոր…

    Եվ այդ քողարկող շղարշը դեռևս ոչ ոք չի բարձրացրել…

  • «Երբ Սայլը տեղից շարժվում է…»

    «Երբ Սայլը տեղից շարժվում է…»

    «ԳՈՀԱՐ ՎԱՐԴՆ ՎԱՌ ԱՌԵԱԼ
    Ի ՎԵՀԻՑ ՎԱՐՍԻՑՆ ԱՐՓԵՆԻՑ»…
    (Գ. Նարեկացի «Տաղ Վարդավառի»)
    Կամ՝
    «…Ծագի՛ր, ծագի՛ր,
    Զարկի՛ր, զարկի՛ր,
    Չարի, չարքի
    Մութն հալածի՛ր
    Արուսյա՛կ,
    Լույս ցերեկի
    Դուռը բացիր,
    Արուսյա՛կ…» (Հ. Թումանյան)
    Եվ կամ՝
    «Երբ Սայլը տեղից շարժվում է…»

    17-րդ դարի իտալացի նկարչի՝ Գ.Ռենիի վրձնած՝ «Արևի երթն ազդարարող Արշալույսը» Aurore ouvrant la marche du Soleil (1613–1614) Guido Reni au palais Parravicini Rospigliosi (Rome)
    17-րդ դարի իտալացի նկարչի՝ Գ.Ռենիի վրձնած՝ «Արևի երթն ազդարարող Արշալույսը» Aurore ouvrant la marche du Soleil (1613–1614) Guido Reni au palais Parravicini Rospigliosi (Rome)

    Նարեկացու գրչով մեզ փոխանցված տաղերում ազգային մտածողության վաղնջական շերտերն են արտացոլված:

    Քրիստոնեության տարածումով հնագույն ծեսերն ու տոնակատարությունները «հարմարեցվեցին» նոր ուսմունքին և Կենսատու Արեգակի ծագումը՝ Այգաբացն ու իր Այգաստղը խորհրդանշող դիցուհուն՝ Արուսյակին (Արշալույսին, Աստղիկին) փառաբանող տոնը փոխակերպվեց, դարձավ «Քրիստոսի պայծառակերպություն»:
    Թեև Վարդավառի կենսախինդ տոնախմբությունը շարունակվեց՝ Կենաց Աղբյուրը՝ Ջուրը (Շաղը) միմյանց վրա ցողելով, դիցուհու Վարդերի տարածմամբ ու աղավնիների թռիչքով զմայլմամբ…

    Տիեզերածին պատումներում (նաև՝ գիտականորեն), Խավարից հետո Լույսի հաստատումով է Կյանքն արարվում Երկրի վրա:

    «Եղիցի՛ Լույս և եղեւ Լույս»…

    Բնականաբար, Լույսի գալուստը, նրա սփռման պահը՝ Այգանալը, Արշալույսը, պիտի փառաբանվեր մի առանձնահատուկ դրսևորմամբ և՝ ամե՛ն օր (ու պետք էր զգա՛լ, ապրե՛լ այդ պահը)…

    Հազարամյակների խորքից, բարեբախտաբար, գրավոր սկզբնաղբյուրներում պահպանվել ու մեզ են հասել Արևի դերի կարևորության, Արեգակի առաջին ճաճանչների լուսավորման նկարագրությունը:
    Եզնիկ Կողբացին, 5-րդ դարում, քննադատելով հին հավատալիքները՝ «աղանդներն» ու նրանց մտածողությունը, գրում է՝
    «…Նրանցից ոմանք աշխարհի գոյացությունը կրակի էությունից են կարծում ՝ արեգակն առավել զարմանալի համարելու, կրակի էությունն էլ ավելի սաստիկ ընդունելու պատճառով…»:

    «Աշխարհը կազմող բնության չորս տարրերի» մասին խոսելիս, Եզնիկը նշում է, որ «առանձնակի միմյանց խաթարող են, բայց զուգակցի հետ համադրված՝ օգտակար ու շահավետ են դառնում»:

    Այսինքն՝ Արևի ջերմությունը կայրեր՝ առանց ցողի խոնավության…

    «…Եվ օդը՝ առանց ցողի խոնավության ու (արեգակի) ջերմության խառնուրդի՝ վնասակար ու փչացնող է…» («Եղծ աղանդոց, էջ 11):

    Ցողի խորհրդանիշն արծարծելու առիթն ունեցել ենք Զարմայրի (և Եգիպտոսում՝ Մեմնոնի «հսկաների»՝ սֆինքսների առիթով …Հիշենք, որ ցողը նաև Էոսի հղած արցունքների իմաստն ուներ (Բնության բեղունությունն ապահովող «Ջուրը» ևս), և հատուկ սրվակներում էր հավաքվում՝ գործածվում ծիսական նպատակով):

    Ծիսական նպատակով գործածվող Ջրի (Ցողի) Սափորաշարք՝ Ցախաց (կամ՝ Ցաղաց) Քարից (Լուսանկարի համար՝ շնորհակալություն «Արեգնափայլին»…

    Հույն իմաստասերներին և հին հավատալիքներին անդրադառնալով, Եզնիկը գրում է՝

    «…Աստծուն և իմանալի ու տեսանելի աստվածներին պատկերացնում են արեգակի և (իր) ճառագայթների նման, ամբողջ աշխարհն էլ աստծուն հավերժական գոյակից համարում:

    Եվ նրա ոգին իբրև ամեն ինչի շունչ են ընդունում ամեն բանի մեջ՝ և՛ երկնքի, և՛ լուսատուների, և՛ կրակի, և՛ ջրերի, և՛ հողի, մինչև անգամ քարերի, փայտերի, ծառերի ու բույսերի արմատների մեջ: Եվ այդ կենդանությամբ, ասում են, բոլոր արարածները նրա էությունից են կախված, ինչպես որ արևի ճառագայթները կախված են իր գնդից:

    Եվ ինքը մեկ է ու բազում և բազում է ու մեկ, ինչպես արեգակն է մեկ ու բազում, որովհետև մի գունդ է և բազում ճառագայթներ»:

    ( «…Եվ այնու կենդանութեամբ, ասեն, ամենայն արարածք զնորա բնութենէն կախեալ կան, որպես ճառագայթք արեգական զանուե կախեալ կան»)…

    Մինչև վերջերս, Հայաստանի տարբեր շրջաններում, Արևին ողջունելու և փառաբանելու զանազան ապացույցներն են առկա:

    «Անլույս խավարից» հետո «Լուսաբեր ճաճանչների» իմաստին անդրադարձել էինք նախորդ գրառումներից մեկում:

    Այգալույսի ավետաբերն էր Այգաստղը՝ Արուսյակը, Այգաբերը՝ Արևից ու Լուսնից հետո ամենապայծառ ցոլացող Աստղը, որին նաև Լուսաբեր էին անվանում:

    Նարեկացին իր «Մատեանում» («Ի խորոց սրտի խոսք՝ առ Աստուած», Բան.Ծ) ասում է՝

    «Ինչպես առանց աչքի տեսության՝ լույսի զվարճանք չկա,Ոչ էլ արևի քաղցրություն՝ առանց Արևածագի»…
    («Կամ առանց «արուսեկին նշուլից՝ արևու երբեք քաղցրութիւն»…):

    Հայկական Լեռնաշխարհում ու նրա հարակից շրջաններում, նաև՝ Եգիպտոսում և այլուր հայտնաբերված հնագիտական հարուստ նյութերը փաստում են վաղնջական ժամանակներից ի վեր՝ Արարչական զորության՝ Կենարար Արևի, Երկնքի Հուրի, Լույսի պաշտամունքի առկայությունը:

    Նաև՝ Արևի անմիջական կապը ճառագայթաձև (շրջանաձև) անիվի հետ:

    Հուրիական մշակույթի կարևոր կենտրոններից մեկում՝ Ուգարիթում (ներկայիս Սիրիայում, Ռաս Շամրա, Ras Shamra) հայտնաբերված բազմաթիվ սեպագիր տեքստերից է 1930-ին պեղված դիցաբանական մի պոեմ՝ «Արշալույսի ծնունդը», որը վերծանել ու ներկայացրել է René Largement-ը 1949 թվականին տպագրված գրքում («La naissance de l’Aurore»):

    Հին Աշխարհի (Միջագետքի, Եգիպտոսի, Հունաստանի…) գրավոր աղբյուրների, առասպելների շնորհիվ մեկնաբանվում է պեղված զանազան իրերի, գոտիների վրա եղած պատկերների իմաստը (հիմնվելով գունեղ նկարագրությունների ու համեմատությունների վրա):

    Հոմերոսի պոեմներում բազմիցս պատկերվում է Արշալույսը.

    «Եվ վարդամատն առավոտը երբ որ ծագեց ծիրանավառ»…
    կամ՝
    «…Քըրքմազգեստ այգն էր տարածվում տիեզերքի վրա համայն…»:

    Այգաբացին երկնքից սփռվող վարդագույն ճառագայթները ձեռքերի մատներին նմանեցնելով՝ պատկերվում էին ծայրերին ձեռքի տեսքով (ստորև՝ եգիպտական մի բարձրաքանդակ)…

    17-րդ դարի ֆրանսիացի աստվածաբան ու գրող Ֆենելոնի՝ «Ոդիսևսի (Ուլիսի) որդի Տելեմաքի արկածները» գրքում ևս, լուսաբացի տեսարանում, դիցուհու վաղորդյան սլացքի նկարագրությունն է, երբ Վարդածղի (Վարդաձեռն) Արշալույսը բացում է Արևելքի կիսաբաց ոսկեձույլ դռները, և Արեգակի նժույգները ծավալվում են տվնջական բոցանշույլ ճառագայթների կոհակների վրա…

    Վենետիկում (Սբ.Ղազարում) 1826-ին տպագրված հայերեն թարգմանության մեջ կարդում ենք՝ «Արկածք Տելեմաքայ որդիոյն Ոդիսեայ», Գիրք Դ).

    «…Առ վաղիվ յորժամ Արշալոյս վարդածղի՝ բացցե կիսաբաց զոսկեձոյլ դրունս Արևելից, և նժոյգք Արեգականն ելեալ յաղտաղտին կոհակացն ծաւալեսցեն զբոցանշոյլ Ճառագայս տունջեանն…»:

    Հին զրույցներում, դիցաբանության մեջ Երկնակամարում իր պտույտը Հրեղեն ձիերով կառքով կամ Եզներով լծված սայլով էր կատարում Արևը (Արուսյակը):

    Սայլի ճառագայթաձև (շրջանաձև) անիվների և Արեգակի բազմաթիվ ճառագայթների հետ համեմատությունը հիշենք՝ Եզնիկ Կողբացու՝ վերոնշյալ երկից (ինչպես մի Արեգակն ունի բազմաթիվ ճառագայթներ, այնպես էլ՝ «մի անիվ՝ բազում ճառագայթք»):

    Սերնդեսերունդ փոխանցված բանահյուսության մեջ Լուսածագի պահի նկարագրությունը (որոշ ժամանակ հետո են «Երկնքի Դռները բացվում» և, ի վերջո, «Սայլը տեղից շարժվում է»՝ Լուսավորելով Աշխարհը), ճշգրիտ համապատասխանում է գիտական տեսակետին (Արևածագի հերթական 3 փուլերի գծագիր պատկերը՝ վերելքի համապատասխան անկյուններով՝ ստորև):

    Քիչ շեղվելով հավելենք միայն Այգաբացի երեք փուլերն՝ իրենց ժամանակակից անվանումներով ու բնորոշմամբ:

    1. Աստղագիտական այգը (լուսաբացը) այն պահն է, երբ երկինքն այլևս ամբողջությամբ մութ չէ (սկսվում է այն պահից, երբ Արևը հորիզոնից ցած՝ 18°-ի վրա է):
    Անզեն աչքով չեն երևում առաջին ցոլքերը, աստղագետների համար հեռավոր մարմիններն այլևս տեսանելի չեն:

    2. Ծովային այգաբացն այն պահն է, երբ հորիզոնն է նշմարվում (հորիզոնից ցած՝ մոտ 12°-ի վրա է Արևը):

    3. Քաղաքացիական այգաբացը՝ երբ բավականին լուսավորություն կա շրջապատի տեսանելիության համար:
    Աստղերն ու ամենից փայլուն մոլորակները դեռևս տեսանելի են, բայց աստիճանաբար անհետանում են…

    Ն.թ.ա 5-րդ դարի պատմիչ Քսենոփոնի վկայության համաձայն՝ Հայաստանում հայերն Արևին ձիեր էին զոհաբերում…

    Հունական դիցաբանությունից հայտնի Արշալույսի դիցուհին՝ Էոսը՝ Ավրորան, Արուսյակը՝ Աստղիկի համարժեքը, ն.թ.ա 8-րդ դարի հույն քերթող (գրող) Հեսիոդոսի մոտ նկարագրվում է «Ոսկեմատն (հունարենով՝ (ῥοδοδάκτυλος / rhododáktulos), Քրքմազգեստ ( հունարենով՝ κροκόπεπλος / krokópeplos) և Ոսկեծղի (հունարենով՝ ῥοδόπηχυς / rhodópêkhus)» (Ոսկեձեռ) մակդիրներով, ինչպիսին բնութագրվում է և Աստղիկը (Անահիտը՝ նույնպես, նաև Հերան՝ Արշալույսի «Վարդամատն, սպիտակածղի» դիցուհին)…
    Հոմերոսը նրան հիշատակում է իր թևավոր երկու ձիերով (Ֆաետոնով ու Լամպոսով) լծված կառքով ուղևորությամբ…

    Տրոյայի պատերազմին Եթովպական զինվորներին գլխավորած Զարմայրը՝ Մեմնոնը, Էոսի որդին է համարվում և Վաղորդյան Ցողը՝ որդու համար՝ աստվածուհու թափած արցունքները…
    Եգիպտական երկու Հսկաներին՝ Այգաբացին «երգող» սֆինքսներին առանձին գրառմամբ անդրադարձել էինք ամիսներ առաջ…

    Էոսը՝ Երկրի վրա Շաղ ցողելիս

    Արծարծվող թեմայի առիթով նշեմ, որ «Վարդավառի» տաղի աշխարհաբար տարբերակում «Գոհար Վարդն վառ առեալ»-ի թարգմանությունը «շղարշ» բառով ինձ հանդիպեց, հիմնված, թերևս, «Վառի» մի այլ իմաստի վրա:

    «Վառ» էր կոչվում թագավորական «ոսկեհուռ հանդերձը», արքայական դրոշը, ծիրանին ու դշխոյական քողը (Դշխո, Դշխոյ՝ թագավորի կինն էր կամ մայրը, թագուհին), «Վառն մեծ արքայական», «Վառն կտավեայ՝ յորում կայցէ նկարեալ Վիշապ» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»)…

    Մինչդեռ վերոհիշյալ տաղում «Գոհար վարդի» «Վառը» (Վառ առեալ) «վառել» արմատն է՝ Հուր, Այրել իմաստով, պայծառ, լուսափայլ նշանակությամբ:

    «Արշալույսին արևելքում վարդի հրդեհ մը տարածվեց»…

    Հոմերոսը «Ոդիսականում» բնութագրում է վաղ առավոտյան օվկիանոսից կառքով դուրս եկող «Վարդամատն» դիցուհուն՝ Էոսին, զաֆրանագույն (կարմրադեղին, ծիրանի) զգեստով (պեպլոսով):(Զաֆրանը քրքումի ծաղկի առէջներից ստացվող նարնջագույն, չափազանց օգտավետ հումքն է):

    Մեր եռագույնի երեք գույները կրակի գույներն են հենց…

    Վարդագույնը «Կարմրերփեան, ծիրանափայլ» նշանակությունն ուներ հնում:

    «Ծոցն լուսափայլ, կարմիր վարդով լցված, դաստակներին՝ ծիրանի մանուշակի փնջեր»…

    …«Գեղեցիկ, կապույտ, ծիրանի, բեհեզյա և որդան կարմիր ոսկեշող գույներով…»(Նարեկացու՝ «Տաղ ծննդեան»):

    «Վարդագույն վառեալ ծաղիկ», «Վարդագույն ծայրակարմիր արեգակն» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Արուսյակ (Վեներա) մոլորակ անվան տարբերակներից է «Լուսաստղը» ևս, այլուր՝ Աստարտեն ու Իշտարն են նշվում նաև որպես նրա համարժեք…

    Հավելենք, որ, ի տարբերություն մյուս մոլորակների՝ Վեներան ժամսլաքի հակառակ ուղղությամբ է պտտվում… Երբեմն երևում է նաև երեկոյան ու կոչվում՝ Գիշերավար…

    Հետագայում, Խավարը ցրող և Աշխարհի վրա սփռվող Լույսն ազդարարող Լուսաբերը բացասական կերպարի վերածվեց (բացատրությունը՝ ստորև, Ս.Մալխասյանի՝ «Հայերէնի բացատրական բառարանից», ինչպես որ Կյանքն արարող Էնկին՝ իր Քաղ խորհրդանիշով, դարձավ «Քավության նոխազ» (ըստ բառարանի՝ «Քաղը» խոյն է) :

    Ռ. Պատկանյանի՝ «Արաքսի արտասուքը» բանաստեղծության մեջ վշտակեզ գետը կարոտով է հիշում իր ջրում արտացոլված Լուսաբերին…

    Կար ժամանակ, որ ես էլ,
    Շըքեղազարդ հարսի պես,
    Հազար ու բյուր պըչրանքով
    Փախչում էի ափերես։

    Հատակըս պարզ ու վըճիտ,
    Կոհակներըս ոլորուն,
    Լուսաբերը մինչև այգ
    Ջըրիս միջին էր լողում։

    «Վաղորդյան վերին դարպասներից իր վարդ մատներով սև մթան ծով վարագույրը քաշող, մութը հալածող ու Լույս ցերեկվա դուռը բացող Արուսյակի գովքը՝ նաև Անմահ Թումանյանի՝ 1922 թվականին գրված վարդաբույր տողերով՝»

    (Լուսաճաճանչ ընթերցում և, իհարկե, Վարդագեղ Արշալույսներ բոլորիդ)…

    ԱՐՈՒՍՅԱԿ

    I

    Պայծառ
    Ու վառ
    Շողեր հագած
    Անապակ,

    II

    Ո՛վ, թարմ, ուրախ,
    Շաղաղ-շարմաղ
    Պայծառ ու պաղ
    Լո՜ւյս։

    Բարձըր սարի,
    Ծաղկի, ջըրի,
    Սիրո գերի
    Կո՜ւյս։

    Անտառ— բույսի,
    Անտեր որսի,
    Անսեր կույսի
    Հո՜ւյս։

    Կանանչ— ճերմակ
    Աչերդ համակ
    Կիրք, ահ ու զարկ,
    Հո՜ւյզ…

    III

    Ծագի՛ր, ծագի՛ր,
    Զարկի՛ր, զարկի՛ր,
    Չարի, չարքի
    Մութն հալածի՛ր
    Արուսյա՛կ,
    Լույս ցերեկի
    Դուռը բացիր,
    Արուսյա՛կ։

    Հիվանդն անքուն,
    Տըխուր մահճին,
    Ճամփորդն անտուն,
    Ճամփի միջին
    Մընում են քեզ,
    Երբ տի ծագես։

    Հավքը [թառած]
    Ծառի ճյուղից,
    Ծառը [սառած]
    Մըթընշաղից
    Մընում են քեզ,
    Երբ տի ծագես։

    Հանդվորն հեռու,
    Խուլ հանդերում,
    Եղնիկն…
    Խոր անտառում,
    Մընում են քեզ,
    Երբ տի ծագես։

    Ծագի՛ր, ծագի՛ր,
    Զարկի՛ր, զարկի՛ր,
    Չարի, չարքի
    Մութն հալածի՛ր.
    Արուսյա՛կ,
    Լույս ցերեկի,
    Դուռը բացիր,
    Արուսյա՛կ։

    IV

    Ահա ծագեց,
    Ահա զարկեց
    Արուսյակը
    Աչագեղ,
    Լուս…
    Ու ոսկեհեր
    Նաժիշտներով իր շըքեղ։

    Ջահը ձեռին,
    Ցոլաց վերին
    Դարպասներից
    Վաղորդյան,
    Վարդ մատներով
    Ետ քաշեց ծով
    Վարագույրը
    Սև մըթան։

    [Կանգնեց] հըզոր
    Ու լուսավոր
    Անափ ծովում
    Լազուրի,
    Ցոլաց, ցայտեց,
    Հեռու նետեց
    Խուրձերն [առատ]
    Լույսերի։

    Ու [լուսածին]
    Մոր առաջին,
    Ավետավոր
    Համասփյուռ,
    Թըռավ թեթև,
    Արագաթև
    Քընքուշ մանուկն
    Էն Զեփյուռ։

    Ցողոտ, շաղոտ,
    Անուշահոտ,
    Թևին արավ
    Ու գընաց,
    Զով հով տալով
    Ու խայտալով
    Դեպ աշխարհը
    Քընեած։

    Ծիլ ու ծաղիկ
    Մեղմիկ-մեղմիկ
    Օրորվեցին
    Նազանքով.
    Հազար ձեն ձուն
    Օրհնեց աստծուն
    Լիքը անճառ
    Բերկրանքով։

    Գիշերն հատած
    Ու գունատված
    Քաշվեց անդունդն
    Իր մըթին,
    Չարքերն էլ ետ
    Փախան անհետ
    Փապարները
    Խավարչտին:

    Ամեն մի տուն,
    Ամեն մի բուն
    Լըցվեց լուսով նորածին,
    Ամեն անբան
    Ու բանական
    Ելավ աշխույժ իր գործին։

    V

    Ու փայլում էր սեգ դիցուհին
    Հաղթանակով աստվածային
    Մութի դիմաց ջահը ձեռին—
    Արևելքի երկընքում,
    Լույս ու զվարթ երկընքում,
    Լազուր ու վարդ երկընքում։

    Մարդ, անասուն, թըռչուն, մրջյուն,
    Ամեն մի ձեն, ամեն հընչյուն
    Ուղարկում էր նըրան ողջույն
    Արևելքի երկընքում էն։

    — Փառք լուսաբեր աստղին էն պերճ,
    Որ փայլում է խաղաղ, անշեջ
    Քընատ, գունատ աստղերի մեջ,
    Արևելքի երկնքում էն։

    VI

    Ծեգը բացվեց։
    Հըպարտ ու մեծ,
    Հագած ամբողջ կըրակ ու հուր,
    Նըստած կառքը իր ոսկեհուռ,

    Ճոխ ամպերը, կուտակ-կուտակ,
    Առած իր շուրջն ու ոտի տակ,
    Վեր բարձրացավ Արևը պերճ
    Ու ճառագեց անհունի մեջ։
    Փառքից հարբած
    Ագահ աստված,
    Փըռեց հայացքն ամենատես,
    Չափեց անչափն [ագահ ու վես]
    Ու նկատեց… կապույտ հեռվում
    Շողշողում էր ու վառվըռում
    Հմայքներով հըրաշագեղ
    Արուսյակը— շարմաղ, շըքեղ։

    Կըրքից հարբած,
    Հուր գիրկը բաց
    Ողջ երկընքով, տիեզերքով,
    [Առաջ] վարեց արագ ձեռքով
    Նըժույգները իր ոսկեպայտ,
    Շող շող տալով ու հըրացայտ,
    Հասավ, առավ իր գըրկի մեջ,
    Հալեց, ձուլեց իր փառքի մեջ…

    Աքենաթոնն ու Նեֆերտիտին՝ Աթոնին (Արևին) երկրպագության պահին (ձեռքերի տեսքով ավարտվող ճառագայթներով)

  • «…Ո՜Վ ԻՄ ՈՐԴԻ՛Ք, ԻՄ ՀԵԳ ՈՐԴԻ՛Ք, ԱԿԱ՛ՆՋ ԱՐԵՔ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ»… (Հ.Թումանյան)

    «…Ո՜Վ ԻՄ ՈՐԴԻ՛Ք, ԻՄ ՀԵԳ ՈՐԴԻ՛Ք, ԱԿԱ՛ՆՋ ԱՐԵՔ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ»… (Հ.Թումանյան)

    «…Ո՜Վ ԻՄ ՈՐԴԻ՛Ք, ԻՄ ՀԵԳ ՈՐԴԻ՛Ք, ԱԿԱ՛ՆՋ ԱՐԵՔ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ»… (Հ.Թումանյան)

    Մատենադարանի աջ մուտքի տեսքը՝ ձախից՝ աջ. Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ
    Մատենադարանի աջ մուտքի տեսքը՝ ձախից՝ աջ.
    Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ

    «Ամեն ինչից ավելի մարդու համար գովելի է իմաստությունը, քանզի իմաստությունը մարդու համար նույնն է, ինչ աղը՝ կերակուրին, քանի որ ամեն կերակուր առանց աղի անհամ է ու անպիտան»:

    (Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմերան հատոր, էջ 179, արևելահայերենի վերածելով՝ մեջբերումը՝ Ս.Ա.Զաքարյանի՝ «Իմացության տեսության հարցերը 13-15-րդ դարերի հայ փիլիսոփայության մեջ» ուսումնասիրությունից. «Գովելի է իմաստութիւն մարդոյն՝ քան զամենայն իր, վասնզի իմաստութիւն մարդոյն՝ է որպես աղ ի կերակուրն, զի ամենայն կերակուր առանց աղի՝ անհամ է ու անպիտան»):

    Հնագույն շրջանից բանավոր, սերնդեսերունդ փոխանցված կամ մեզ հասած գրավոր աղբյուրներում գիտության և իմաստության կարևորությունն ու գովքն է արվել, փառաբանվել ու արժքավորվել Ճշմարտության որոնումը:

    Գաղտնալից տիեզերքի, Կյանքի, Արարումի խորհուրդով զարմանալու և սքանչանալու կարողությունից է ծնվում սերը՝ այդ գեղեցիկ ու բազմախորհուրդ իմաստնության հանդեպ խոկումն ու իմացության բացահայտման փնտրտուքները:

    Իմաստությանը մոտեցնող ուղիներին հետևելը դիտվել է որպես մարդուն վեհացնող մեծագույն արժեք:

    Մարդու և կենդանու միջև տարբերությունը «իմացմամբ և մտօքն որոշի»,- գրել է Հայ աստվածաբանական մտքի խոշոր գործիչներից մեկը՝ Գ.Տաթևացին՝ 14-րդ դարում:

    Վենետիկում տպագրվող «Բազմավէպ» հանդեսի՝ 1966 թվականի հոդվածներից մեկում, թերևս որպես հիշեցում ժամանակի Հայ երիտասարդությանը, զետեղված են 2-րդ դարի հռոմեական կայսրերից մեկի՝ (նաև՝ իր «Խորհրդածություններ» երկով հայտնի), Մարկոս Ավրելիոսի՝ Հռոմի ավերման առիթով ողբի տեսքով գրված հետևյալ տողերը.

    «Ո՜վ Հռոմ, չեմ ողբա վրադ, որ պալատներդ ավերվել են, պարիսպդ քանդել, անտառներդ այրել, բնակիչներդ պակասել, դրանց վրա չեմ լալիս: …

    Այլ ողբում եմ ու վրադ կրկին ողբում՝ տեսնելով քեզ ու հայրերին առաքինությունից ու դրա կրթությունից զուրկ:

    Իսպառ կորավ մեր հայրենիքը, երբ պակասեց տղաների ու աղջիկների կրթությունը, տղաները լրբացան, աղջիկներն ամոթխածությունը մի կողմ դրեցին, ու մայրերը անպարկեշտ դարձան» …

    «Բազմավէպ» (1966թ., էջ 57), մեջբերված՝ Ռուզան Դոլուխանյանի՝ «Մանկավարժական, բարոյախոսական և հայրենասիրական դասերը «Բազմավէպում» (1866-1885), Գիրք երկրորդ, Երևան, 2017, ուսումնասիրությունից, ուր հիշատակում է նաև «բարոյախոս ու մանկավարժ» կայսեր՝ որպես հայր, փափագած երազանքը՝ «իր որդին այնպիսի դաստիարակություն ստանա, որ նմանվի Աստվածներին»:

    Հավելելով, որ նման պահանջ կա նաև 5-6-րդ դարի Հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթի՝ «Փիլիսոփայական սահմանները» երկում՝

    «Որովհետև էլ ի՞նչ կարող է լինել ավելի երանելի և վայելուչ նպատակ, քան ըստ մարդկային կարողության Աստծուն նմանվելը», հեղինակը (Ռ.Դոլուխանյանը) հիշում է նաև Հունաստանից Հռոմ բերված ու Պյութագորասի ճեմարանի դռանը դրված՝ վերջինիս արձանի փորագրությունը՝

    «Ով որ իմանալու բաները չգիտի՝ մարդկանց մեջ անասուն է, ով որ պետք եղածից ավելին չգիտի՝ անասունների մեջ մարդ է, իսկ ով որ գիտի այնքան, որքան հնարավոր է իմանալ՝ մարդկանց մեջ Աստված է»…

    Դարերի խորքից հնչում է՝ մնալով արդիական.

    «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ»…

    Հանճարեղ Թումանյանի հորդորով (ու լավագույն մաղթանքներով)՝

    «…Ո՜վ իմ որդի՛ք, իմ հեգ որդի՛ք, ականջ արեք իմաստության»…

    Մատենադարանի ձախ մուտքի տեսքը.
    Ձախից՝ աջ.
    Թորոս Ռոսլին, Գրիգոր Տաթևացի, Անանիա Շիրակացի

  • «ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՏՈՀՄԻՆ ՅԱԲԵԹԵԱՆ» կամ՝ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» (Մ.Խորենացի)…

    «ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՏՈՀՄԻՆ ՅԱԲԵԹԵԱՆ» կամ՝ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» (Մ.Խորենացի)…

    «ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՏՈՀՄԻՆ ՅԱԲԵԹԵԱՆ» կամ՝ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» (Մ.Խորենացի)…

    Հայոց հնագույն շրջանի պատմության վերաբերյալ բազմիցս է գրվել՝ մեզ հասած պատմական կցկտուր տեղեկություններն ի մի բերելով:

    Դեռևս 5-րդ դարում Մ. Խորենացին շարադրում է իր «Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան» աշխատությունը, ուր, վերարտադրելով պատմիչ Մար Աբաս Կատինայի մատյանի սկիզբը, ավանդում է՝

    «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ:
    Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը…
    Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»…

    Հսկաները՝ Տիտանները, նախածին կամ առաջին սերնդի աստվածներն էին հին հունական դիցաբանության մեջ՝ Ուրանոսի (Երկնքի) և Գեայի (Երկրի) զավակներն ու թոռները, որոնցից էր և Հապեթոսը:

    Հիշենք, որ, համաձայն մասնագետների, Հուրիական (հայկական) դիցաբանությունը կրկնող հունական դիցաբանության սկիզբը՝ «աստվածաբանությունը», նկարագրում է Զևսի գլխավորությամբ նոր սերնդի (կամ Օլիմպոսի) դիցերի ապստամբությունն ու հաղթանակն իրենց հոր՝ Կռոնոսի դեմ:

    Վերջինս իր հերթին տապալել էր իր հորը՝ Ուրանոսին (Նժդեհի հայտնի գրքի վերնագիրը՝ «Որդիների պայքարը հայրերի դեմ», հավանաբար, այս դեպքերի մի հեռավոր ակնարկն է)…

    «Յապէտոսթեանն Հայկ»՝ «գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ», «անուանի և քաջ նախարարն, կորովաձիգ և հաստաղեղ»՝ Խորենացու բնութագրմամբ…

    Հաբեթի սերունդներից՝ «վայելչակազմ, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով ու հաստ բազուկներով քաջ ու երևելի» Աղեղնավորը՝ Հաբեթածին Հայկը, ինչպես վկայում են պատմիչները (5-րդ դարում՝ Խորենացին, Սեբեոսի անունով հայտնի պատմիչը, 11-րդ դարում՝ վրացի պատմիչ Լեոնտի Մրովելին (հայտնի նաև՝ Ղևոնդ Ռուիսեցի անվամբ) և բազում այլք), Հաբեթի որդու՝ Հաբեթածին Թորգոմի որդին էր (Թորգոմը՝ Թարքուի՝ Թեշուբի հնչյունափոխված ձևն է և):

    Կրակի, դարբնության դից Հեփեստոսի (Հեփաիստոսի) հետ Հապետոսի առնչության մասին ակնարկել էինք գրառումներից մեկում:

    Այժմ Շանթարձակ Զևսի հետ եղած կապին անդրադառնանք՝ փորձելով պարզաբանել «Հաբեթի» ծագումնաբանությունը …

    Հին լեզուների մասնագետների խմբագրությամբ հրատարակված՝ «Հին Աշխարհի պատկերազարդ փոքրիկ պատմություն» գրքում ( Hilare de Barenton, «Petite histoire illustrée du monde ancien»), Էա-ի անվան պատկերանշանը մեկնաբանվում է որպես «ջրի և տաճարի խորհրդանիշ», որը Հաբեթի համարժեքն է (synonyme):

    Այն ներկայացված է «մեհյանի վրա վեր խոյացող խոյագլուխ օձի և Այծ-ձկան (Վիշապ-ա-քաղի,Կ.Ա) տեսքով:
    Խոյն ու այծը (քաղը) Թուբալին ու Մշակին են խորհրդանշում, իրենց վերագրվող «ոռոգողի» գործառույթը (ֆունկցիան) իրենց հայր Հաբեթից է գալիս» (էջ 48, լուսանկարը՝ ստորև):

    Հին եգիպտական մի պատկերի նկարագրության առիթով նշելով, որ համաձայն հունահռոմեական ավանդույթի, Յուպիտերը Ամալթե այծի կաթով է սնվել, հեղինակը Յուպիտերին դասում է Եգիպտոսի ակունքներում, ավելացնելով, որ «Յուպիտեր» անունը Հաբեթի մի ձևն է (հնչյունափոխված, Յապետ, Կ.Ա.),(էջ 58):

    Յուպիտերը հունական դիցաբանության Զևսի համարժեքն է: Զևսը՝ Հուրիական դիցաբանության Թեշուբն է՝ համաձայն մասնագետների:

    Ուստի, «Հաբեթածին Թորգոմին հաջորդող Հայկը»՝ Հսկաների ցեղից, անմիջականորեն սերվում է Շանթի, Փայլակի դիցից՝ Թարքուից (Թորգոմից), որը Թեշուբի անվան տարբերակն է (խեթական, հատկապես Կիլիկյան՝ Կիցուվատնայի (Սիսվանի) տեքստերում:

    Ընթերցենք վրացական աղբյուրներում պահպանված՝ Հայկի ու Բելի ճակատամարտի պատմության նկարագրությունից մի հատված:

    «…Հենց որ Նեբրովթի զորավարները մոտեցան, Հայկի յոթ հսկաները մեծ զորքով դիմավորեցին (նրանց), իսկ Հայկը հզորագույն զորքով կանգնեց հետևից՝ թիկունքում:
    Նրանց միջև տեղի ունեցավ սաստիկ պայքար, որ նմանվում էր օդի սաստկությանը, քանի որ նրանց ոտների փոշին նման էր կուտակված ամպերին, նրանց զրահի փայլատակումը՝ երկնի կայծին, նրանց բերանի ձայնը՝ որոտման ձայնին, նրանց նետերի բազմությունն ու քարերի ձգումը՝ խիտ կարկուտին, և նրանց արյունահոսությունը՝ կարկուտի առվին:

    Շարունակվեց պայքարը նրանց միջև, և երկու կողմից էլ եղան անթիվ սպանվածներ:
    Իսկ Հայկը (Հաոսը), նույն հսկաների հետևիցն էր կանգնած, քաջալերում էր նրանց և մխիթարում ահարկու ձայնով, որ կայծակի ճայթյունին էր նման: Ապա Թորգոմյանք հաղթահարեցին և կոտորեցին նեբրովթյան հսկաներին և նրանց զորավարներին…»:

    «…և սաստիկ բախմամբ իբրև զձայն որոտմամբ ամբոց»,…«և ինքն իբրև զկայծակն ասպատակէր շուտանակի…» ( Հայ-վրաց հարաբերություններ, Գիրք Ա, Լ.Մելիքսեթ-Բեկ «Վրաց աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին», էջ 146, Երևան 2013):

    Վահագնի նման, որպես Կրակի խորհրդանիշի կրող, Հայկի կերպարի քննությանն է անդրադարձել Սարգիս Պետրոսյանն իր՝ «Ժայռապատկեր մեհենագրության մի ուշագրավ նմուշ» ուսումնասիրության մեջ («Հայոց մեհենագրության ակունքներում: Գիտական հոդվածների ժողովածու», Գյումրի, 2008թ.):

    «Հայկի ներկայությունը ժայռապատկերներում փաստվում է նաև նրա խորհրդանիշի առկայությամբ: Հայկի անունով հայտնի և նրան ձոնված Օրիոն համաստեղության ինը պայծառ աստղերը ձևացնում են այս գծապատկերը (էջի լուսանկարը՝ ստորև, Կ.Ա.):

    Միջնադարյան «Նշանագիրք իմաստնոց»-ում այդ գծապատկերը կրկնող նշանին տրված է «փայլակն» բացատրությունը, իսկ սրա կորանկյուն, ութաձև տարբերակները՝ «մարդ» են նշանակում (Հ.Աճառյան, «Հայոց գրերը», Ա.Աբրահամյան «Հայոց գիր և գրչություն»):

    Ընդ որում, Փայլակն (փայլ-ակն) բառը վերաբերում էր ոչ միայն կայծակին և ցերեկային լույսին (հմմտ. «Որպէս փայլակն՝ որ ելանէ յարեւելից, եւ երեւի մինչեւ յարեւմուտըս», «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»), այլև մարդուն, որովհետև բառացիորեն նշանակում է «փայլուն ակն, կամ փայլեալ յաչս» (նույն տեղում) ):

    Այս տեսանկյունից ուշագրավ է, որ Մովսես Խորենացին վիպական Հայկին բնութագրում է «խայտակն» բառով» (Ս.Պետրոսյան, նշված աշխատությունից, էջ 7):

    Վաղնջական ժամանակներից ի վեր կրակ ստանալու համար կայծքարի հետ գործածվող դյուրավառ նյութը «աբեթ» է կոչվում:

    Աբեթից (աբեթենուց)՝ զանազան ծառերի վրա աճող սնկից կամ, հետագայում, բամբակաթելից պատրաստված «կրակ պարգևող» այդ նյութը, որն արագ բռնկվում է կայծքարի կայծից, հիշատակվում է Հայերենի բառարաններում («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի», Աճառյանի «Հարերէն արմատական բառարան», Էդ. Աղայանի՝ «Արդի հայերենի բացատրական բառարան»…), (բարբառային ձևով՝ «ղավ», առավել հաճախ է գործածվում՝ «կայծքար և աբեթ»-ը):

    Ի դեպ, երկու տեսակի աբեթենու տրցակ կար 1991 թվականին Ալպերի լեռներում (Ավստրիայի և Իտալիայի սահմանին), 3.200 մետր բարձրության վրա հայտնաբերված՝ մոտ 5.300 տարվա մումիայի մոտ (որն Էցի, Օտցի, Ötzi անունով կնքվեց)…

    Նկատենք, որ դեռևս Խորենացին է իր մատյանում ակնարկել հունական դիցաբանության՝ «Դիւցընկեց, իսկ այժմ՝ կոչի Ոլիմպոս» լեռան Աստվածների հետ կապված պատմությունների այլաբանական իմաստը՝ հիշելով Պրոմեթևսի կողմից «աստվածների հուրը մարդկանց շնորհելու» խորհուրդը («Պատմութիւն Հայոց», Վենետիկ, 1752թ., էջ 45)…

    «ԶԲելայ, առ որով նախնին մեր Հայկ, բազումք բազում ինչ այլ ընդ այլոց պատմեն, բայց ես ասեմ՝ զԿռոնոսդ անուն և զԲել՝ Նեբրովթ լեալ. …» (էջ 44):

    Իր հորը՝ Ուրանոսին գահընկեց անելու պայքարը, որը մղեց Կռոնոսը, վերջինիս որդին՝ Զևսը շարունակեց հենց իր հոր՝ Կռոնոսի դեմ…

    Նույնը՝ ավելի վաղ եղած Հուրիական (Հայկական) դիցաբանության մեջ էր՝ Թեշուբի մղած պայքարը Կումարբիի դեմ, որն իր հորը՝ Անուին էր գահընկեց արել (վերջինս էլ՝ իր հորը՝ «Երկնքի առաջին աստված Ալալուին»)…

    Ուրանոս — Քրոնոս — Զևս՝ Ալալու(Անու) — Կումարբի — Թեշուբ (Թարքու)…

    Հերոսներին դիցաբանական երանգով ներկայացնելը նախնիների հետ նրանց կապն էր խորհրդանշում…

    Հավելենք, որ սեպագիր տեքստերի վերծանումներում «Շանթ» անունով դից է հիշվում, մասնավորապես՝ Կիլիկիայում (E.Laroche « Le dieu anatolien Sarruma»):

    Թեշուբը՝ Բիայնական արձանագրություններում՝ Թեշեբան (սեռական հոլովաձևով, ըստ իս), Փայլակն էր, Շանթը:
    Հետագայում որպես գլխավոր դից հռչակված Հալդին նաև (Հայկը):

    «Աստված լույս է»…

    Արևի լույսի, Երկնքի Հուրի պաշտամունքից հետո նոր հավատալիքներում ևս
    «Կենաց հուրն» էր փառաբանվում՝ նոր կերպարում մարմնավորված (առանձին գրառմամբ կանդրադառնանք)…

    Ստորև՝

    Մ.Խորենացու՝ «Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան. Համառօտ պատմութիւն աշխարհագրութեան»՝ 1752 թվականին Վենետիկում տպագրված գրքից և վերը հիշատակված մյուս գրքերից՝ որոշ էջեր…

    Ուշադրություն դարձնենք հատկապես Այծի պատկերի առկայությանն՝ իր խորհրդանիշը հիշելով (Յուպիտերին կերակրած Ամալթե այծին չմոռանալով, իհարկե) …

  • «…ԵՎ ԵՐԲՈՐ ՑՆԾԱ ՀՆՉՅՈՒՆԸ՝ ԾՆԾՂԱ ԶԱՐԴՈՍԿԻՆԵՐՈՒՆ…» (Մ.Մեծարենցի՝ «Ջուրէն դարձին» բանաստեղծությունից)

    «…ԵՎ ԵՐԲՈՐ ՑՆԾԱ ՀՆՉՅՈՒՆԸ՝ ԾՆԾՂԱ ԶԱՐԴՈՍԿԻՆԵՐՈՒՆ…» (Մ.Մեծարենցի՝ «Ջուրէն դարձին» բանաստեղծությունից)

    «…ԵՎ ԵՐԲՈՐ ՑՆԾԱ
    ՀՆՉՅՈՒՆԸ՝ ԾՆԾՂԱ
    ԶԱՐԴՈՍԿԻՆԵՐՈՒՆ…» (Մ.Մեծարենցի՝ «Ջուրէն դարձին» բանաստեղծությունից)

    Վաղնջական շրջանից ի վեր երաժշտությունն ուղեկցել է մարդկանց՝ ծիսակատարությունների, կարևոր իրադարձությունների ժամանակ:

    Ասվածի ապացույցներն են ն.թ.ա 4-րդ հազարամյակին վերագրվող բազմաթիվ գտածոները…

    Եվ, որպես ուրախ ու կենսախինդ երաժիշտներ, հատկապես Թորգոմի տոհմն է հիշվում պատմության մեջ՝ «Թորգոմը՝ մեծ երաժիշտներ Փռուգիացիների հայրը» (H. De Barenton, Petite histoire illustrée du monde ancien, էջ 47: Հապետոսյան Հայկի ու Թորգոմի ծագմանը կրկին կանդրադառնանք օրերս):

    Պատմական հնագույն սկզբնաղբյուրներում՝ հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերում՝ սեպագիր արձանագրություններում, բարձրաքանդակներում, միջնադարյան մատյաններում բազմաթիվ արձագանքներ են պահպանվել թանկարժեք փայտից, այծի կամ գառան կաշվից, եղջյուրից ու մետաղից պատրաստված զանազան նվագարաններով (երաժշտական գործիքներով)՝ փողերով, փանդիռներով, վիներով ուղեկցվող ծեսերի, տոնակատարությունների մասին:

    Կարմիր Բլուրի պեղումներից հայտնաբերված ծնծղա (ն.թ.ա 7-րդ դար)
    Կարմիր Բլուրի պեղումներից հայտնաբերված ծնծղա (ն.թ.ա 7-րդ դար)

    Շումերական կրոնական տեքստերում («Ինանայի օրհներգ»-ում), «Հողմերից առավել ուժգին շառաչող նվագարաններն» են հիշվում («Միջագետքի գործիքային երաժշտությունը», Agnès Spycket) …

    Ի դեպ, մասնագետների կողմից որպես Հուրիների ու Խեթերի հայտնագործություն նշվող Քնարը, «Ուգարիթյան» կոչված մի «հուրիերենով» (հայերենով, Կ.Ա.) սեպագրում հենց «Քնար» բառով է վերծանված (A. Spycket-ի վերոհիշյալ գրքում):

    Գառնիի պեղումներից հայտնաբերվել է ն.թ.ա. 2-րդ հազարամյակին վերագրվող ոսկրե՝ հինգ փողանի սրինգ (բազմափող սրինգը «Պանի սրինգ» անունով է հայտնի) …

    Խորենացին իր «Պատմության» մեջ հիշում է Վահագնի ծննդի, Արտաշեսի ու Սաթենիկի, Արտավազդի երգերը բամբիռների նվագակցությամբ երգող Գողթան երգիչներին…

    Վաղնջական ժամանակներից ի վեր ազգային տոնախմբությունների, նրանց մաս կաղմող մարզական խաղերի ընթացքում իրենց բազկի ուժը, մտքի ու հոգու կարողությունները ցուցադրող երիտասարդների նման, երաժիշտներն ուղեկցում էին համընդհանուր խրախճանքը, նաև՝ ռազմական երթը («խեթական» շրջանի բազմաթիվ բարձրաքանդակներում ու տեքստերում կան զանազան տեսարաններ ու նկարագրություններ)…

    Երևանում, Մատենադարանի հին ձեռագրերում, միջնադարյան հայ հեղինակները տարբեր նվագարանների (պարկապզուկի, բազմափող սրնգի, եղջերափողի…) դերի ու նշանակության մասին հիշատակություններ են թողել:

    Հայ և օտար պատմիչները (Ստրաբոն, Դիոն Կասիոս, Պլինիոս…) հիշատակել են «հարյուրավոր սպասավորներով շրջապատված դիցուհուն»՝ Անահիտին նվիրված հռչակավոր հանդիսությունները «Անահտական գավառում» և պաշտամունքային այլ վայրերում:

    Հնուց ի վեր տաճարներում ու «հասարակաց զվարճութեանց մեջ» կիրառվող նվագարաններից էր ծնծղան:

    Հայոց մեջ այս նվագարանի կիրառմանն ու նշանակությանն է անդրադարձել Հ.Վ. Պիկիչյանն իր՝ «Ծնծղա. Նվագարան և մոգական գործիք» վերնագրված մանրազնին ուսումնասիրության մեջ:

    Պղնձի հատուկ խառնուրդի շնորհիվ զիլ հնչողությամբ երկու՝ տափակ ու գոգավոր կիսագնդաձև սկավառակները ձեռքով միմյանց բախմամբ հնչեցվողներից բացի գոյություն ունեին այլ տարատեսակներ՝ «ձեռաց և մատանց» (ձեռքի և մատների) տարբեր չափերի ծնծղակներ:

    Հայկական Լեռնաշխարհից հայտնաբերված բրոնզեդարյան ծնծղա

    Հայաստանի Պատմության, Ազգագրության թանգարանների հավաքածուների և գրական տվյալների համադրմամբ, հեղինակը ներկայացնում է առանձին՝ միակ՝ թաթով, ձողիկով կամ ճիպոտով հնչեցվող, Կենաց ծառի տեսքով, բռնակավոր, ճյուղերին հինգ զույգ զիլերով և այլ ծնծղաների տեսակներն ու նրանց տրված զանազան անվանումները (երգեհոն, ծնծաղ, աղջիկ, զանգ, ծնծղուկ, զիլփարա… Հայր Մ. Ավգերյանի՝ բացատրությամբ՝ Երգիոն (երգեհոնը), պարկապզուկն է հիշեցնում՝ «Սրինգ բերանով փչելի բազմաթիվ եղեգամբք աստիճանաբար» (սոսկ և թավ), «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

    Հայկական Լեռնաշխարհի տարածքում հայտնաբերված բազմաթիվ՝ պղնձե, բրոնզե, արծաթե, ոսկե և զանազան համաձուլվածքներով պատրաստված ծնծղաներից մեկը՝ ն.թ.ա 7-րդ դարով թվագրվող, պեղվել է Երևանում՝ Կարմիր Բլուրից…

    Հայկական Լեռնաշխարհից հայտնաբերված բրոնզեդարյան ծնծղա

    Իբրև «ցնծության նշանակ» աշխարհիկ տոներին և հոգևոր ծեսերին հնչող ծնծղաների հատուկ տեսակներ նաև որսի ժամանակ ու ռազմի դաշտում են գործածվել՝ իրենց հզոր ձայնով որսին կամ հակառակորդին խուճապի մատնելու նպատակով:

    Հոգևոր ոլորտում՝ նվագարանի արձակած ձայնին չարխափան նշանակություն և խավարը վանելու հատկություն էր վերագրվում:

    Վերոնշյալ աշխատության մեջ հիշվում են Ջավախքում նորապսակներին ծնծղաներով ուղեկցելու սովորույթը, հիվանդի մոտ՝ ծնծղա հնչեցնելը (խռովված հոգիներն ու նյարդային համակարգը հանգստացնելու համար, նաև՝ բուժական նպատակով)…

    Մատների ծնծղաների մեղմ ելևէջների ուղեկցությամբ է թեթևացվել ծննդաբերությունն ու նորածնի դիմավորումը…

    Իրենց վերագրվող դերով ու հատկություններով էին պայմանավորված, բնականաբար, նվագարանների զարդանախշերն ու ձևավորումը:

    Կրոնական ծիսակատարությունների, մասնավորապես՝ Անահիտ դիցուհուն նվիրված ծեսերի ընթացքում մեր նախնյաց կողմից գործածվող, զվարթ ու կենսախինդ ղողանջող այս նվագարանը՝ ծնծղան, հետագայում՝ քրիստոնեության տարածումից հետո, կիրառվեց և եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ՝ որպես «ցնծության նշանակ»:

    Այնուհետև մոռացվեց…

    Այսօրվա եկեղեցում՝ Պատարագի որոշ հատվածներում կամ ծիսական այլ արարողությունների ընթացքում դպիրների ձեռքին սկավառակաձև քշոցի բոժոժների (փոքրիկ զանգակների) շարժումից առաջացած զվարթ ղողանջներն են «հրեշտակների փառաբանումը» խորհրդանշում:

    «Խնճոյս հոգևոր, ի ծնծղայս մարմնավոր»՝ Նարեկացու խոսքերով…

    Վերոհիշյալ՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» գրքի էջերում որպես «Ծնծղայ» բառի համարժեք ներկայացված են՝ Cymbalum և Sistrum (Cymbales և Sistre):

    Հին Աշխարհից մեզ ավանդված ժառանգության մեջ իր առանձնահատուկ դերն ու նշանակությունն ունի Ծնծղակը ( Sistre):

    Եգիպտոսի՝ հնագույն շրջանից մեզ հասած բազմաթիվ պատկերներում, Ծնծղան՝ իր երկու տարբեր տեսակներով, մեծ խորհուրդ ուներ՝ Հաթորի, Իսիսի պաշտամունքում:

    Եվ Ծնծղահարն ամենևին հասարակ երաժիշտը չէր, այլ՝ Սրբազան ոլորտի ներկայացուցիչը՝ Քրմուհին:

    Իսիսի պաշտամունքի հետ կապված՝ թաքնագիտական որոշ մեկնաբանությամբ, այն «Բնության Էության» մասին տրվող բացատրության «Կարելիության սահմանն» էր իր ձայնով ազդարարում…

    «Թույատրելիության» ավարտը, հետևաբար և «Լռության պահը»…

    Քանզի ոչ մի մահկանացու չէր կարող «բարձրացնել նրա քողը» (այսինքն՝ «Ճշմարտությունը հայտնաբերեր»՝ եթե ինքը՝ Իսիսը չկամենար):

    Մահկանացուներին հասու չէ «Անմեկնելի Բնության Խորհուրդը»…

    «Նա, ով՝ Է, Նա, ով՝ ԷՐ և Նա, ով՝ ԿԼԻՆԻ» բանաձևը, Հոմերոսից ու Հեսիոդոսից ի վեր, ընկալվում էր որպես «Աստվածային Ամենատես Իմաստնությունը» (Խորհուրդը):

    Բնության, ֆիզիկական աշխարհի և մարդու ոգու բնույթը քննող, Պլատոնի գրչին պատկանող, մոտ ն.թ.ա 360-ին գրված մի ուսումնասիրության մեջ ( Timée, 21,e), հիշվում է Նեղոսի դելտայում (Ներքին Եգիպտոսում) գտնվող, Ամասիս փարավոնի քաղաք Սաիսի հնագույն դիցուհին՝ Նահիտը (Նեիտը), որին Հերոդոտոսն ու Պլատոնը նույնացնում են հունական՝ Զգաստության ու Իմաստնության (ինչպես Անահիտը) դիցուհի Աթենասի հետ:

    «…Սաիսը, ուր Ամասիսն էր (Ամասիա՞, Կ.Ա.) թագավոր: Ըստ այդ քաղաքի բնակիչների՝ իրենց քաղաքը հիմնել էր մի ոմն դիցուհի, որի անունը եգիպտերենով Նեիթ էր (Նահիտ, ինչպես Արա — Ռա՝ առջևի Ա-ն սղվել է, Կ.Ա, Ղ.Ալիշանը նաև «Անեիդ» ձևով է հիշում Անահիտին), բայց հունարենով Աթենաս էին ասում: Ուստի, այս մարդիկ մեծ բարեկամներ են Աթենացիների հետ, և նրանք հավաստում են, որ ինչ-որ չափով նրանց ազգականներն են» (մեջբերումը՝ Jacques Darriulat «Kant et la sentence isiaque»):

    «Մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկային բնութեան», «որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ»՝ Ոսկե Մայր Անահիտի պաշտամունքի մասին՝ մի այլ առիթով (հավելենք միայն, որ Աթենասի հետ նույնացվում էր և Նանեն, Ավեստայում՝ Անահիտ)

    Մեր ազգային բաղձալի երազանքների իրականացմամբ՝ ապագա Ծնծղահունչ տարիների մաղթանքով…

    Հ.գ. Խորին շնորհակալություն եմ հայտնում ինձ ուղարկված՝ Ամանորյա ջերմ բարեմաղթանքների համար և հազարապատկված բաշխում ամենքիդ…

    Հռոմեական շրջանի ծնծղայի վերակազմություն

    Հին Միջագետքից՝ Հուրիական կարմիր սափորի նկարազարդումներից (Տել Ագրաբ, ներկայիս՝ Իրաքի տարածքում)