«ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՏՈՀՄԻՆ ՅԱԲԵԹԵԱՆ» կամ՝ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» (Մ.Խորենացի)…

Հայոց հնագույն շրջանի պատմության վերաբերյալ բազմիցս է գրվել՝ մեզ հասած պատմական կցկտուր տեղեկություններն ի մի բերելով:

Դեռևս 5-րդ դարում Մ. Խորենացին շարադրում է իր «Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան» աշխատությունը, ուր, վերարտադրելով պատմիչ Մար Աբաս Կատինայի մատյանի սկիզբը, ավանդում է՝

«Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ:
Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը…
Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»…

Հսկաները՝ Տիտանները, նախածին կամ առաջին սերնդի աստվածներն էին հին հունական դիցաբանության մեջ՝ Ուրանոսի (Երկնքի) և Գեայի (Երկրի) զավակներն ու թոռները, որոնցից էր և Հապեթոսը:

Հիշենք, որ, համաձայն մասնագետների, Հուրիական (հայկական) դիցաբանությունը կրկնող հունական դիցաբանության սկիզբը՝ «աստվածաբանությունը», նկարագրում է Զևսի գլխավորությամբ նոր սերնդի (կամ Օլիմպոսի) դիցերի ապստամբությունն ու հաղթանակն իրենց հոր՝ Կռոնոսի դեմ:

Վերջինս իր հերթին տապալել էր իր հորը՝ Ուրանոսին (Նժդեհի հայտնի գրքի վերնագիրը՝ «Որդիների պայքարը հայրերի դեմ», հավանաբար, այս դեպքերի մի հեռավոր ակնարկն է)…

«Յապէտոսթեանն Հայկ»՝ «գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ», «անուանի և քաջ նախարարն, կորովաձիգ և հաստաղեղ»՝ Խորենացու բնութագրմամբ…

Հաբեթի սերունդներից՝ «վայելչակազմ, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով ու հաստ բազուկներով քաջ ու երևելի» Աղեղնավորը՝ Հաբեթածին Հայկը, ինչպես վկայում են պատմիչները (5-րդ դարում՝ Խորենացին, Սեբեոսի անունով հայտնի պատմիչը, 11-րդ դարում՝ վրացի պատմիչ Լեոնտի Մրովելին (հայտնի նաև՝ Ղևոնդ Ռուիսեցի անվամբ) և բազում այլք), Հաբեթի որդու՝ Հաբեթածին Թորգոմի որդին էր (Թորգոմը՝ Թարքուի՝ Թեշուբի հնչյունափոխված ձևն է և):

Կրակի, դարբնության դից Հեփեստոսի (Հեփաիստոսի) հետ Հապետոսի առնչության մասին ակնարկել էինք գրառումներից մեկում:

Այժմ Շանթարձակ Զևսի հետ եղած կապին անդրադառնանք՝ փորձելով պարզաբանել «Հաբեթի» ծագումնաբանությունը …

Հին լեզուների մասնագետների խմբագրությամբ հրատարակված՝ «Հին Աշխարհի պատկերազարդ փոքրիկ պատմություն» գրքում ( Hilare de Barenton, «Petite histoire illustrée du monde ancien»), Էա-ի անվան պատկերանշանը մեկնաբանվում է որպես «ջրի և տաճարի խորհրդանիշ», որը Հաբեթի համարժեքն է (synonyme):

Այն ներկայացված է «մեհյանի վրա վեր խոյացող խոյագլուխ օձի և Այծ-ձկան (Վիշապ-ա-քաղի,Կ.Ա) տեսքով:
Խոյն ու այծը (քաղը) Թուբալին ու Մշակին են խորհրդանշում, իրենց վերագրվող «ոռոգողի» գործառույթը (ֆունկցիան) իրենց հայր Հաբեթից է գալիս» (էջ 48, լուսանկարը՝ ստորև):

Հին եգիպտական մի պատկերի նկարագրության առիթով նշելով, որ համաձայն հունահռոմեական ավանդույթի, Յուպիտերը Ամալթե այծի կաթով է սնվել, հեղինակը Յուպիտերին դասում է Եգիպտոսի ակունքներում, ավելացնելով, որ «Յուպիտեր» անունը Հաբեթի մի ձևն է (հնչյունափոխված, Յապետ, Կ.Ա.),(էջ 58):

Յուպիտերը հունական դիցաբանության Զևսի համարժեքն է: Զևսը՝ Հուրիական դիցաբանության Թեշուբն է՝ համաձայն մասնագետների:

Ուստի, «Հաբեթածին Թորգոմին հաջորդող Հայկը»՝ Հսկաների ցեղից, անմիջականորեն սերվում է Շանթի, Փայլակի դիցից՝ Թարքուից (Թորգոմից), որը Թեշուբի անվան տարբերակն է (խեթական, հատկապես Կիլիկյան՝ Կիցուվատնայի (Սիսվանի) տեքստերում:

Ընթերցենք վրացական աղբյուրներում պահպանված՝ Հայկի ու Բելի ճակատամարտի պատմության նկարագրությունից մի հատված:

«…Հենց որ Նեբրովթի զորավարները մոտեցան, Հայկի յոթ հսկաները մեծ զորքով դիմավորեցին (նրանց), իսկ Հայկը հզորագույն զորքով կանգնեց հետևից՝ թիկունքում:
Նրանց միջև տեղի ունեցավ սաստիկ պայքար, որ նմանվում էր օդի սաստկությանը, քանի որ նրանց ոտների փոշին նման էր կուտակված ամպերին, նրանց զրահի փայլատակումը՝ երկնի կայծին, նրանց բերանի ձայնը՝ որոտման ձայնին, նրանց նետերի բազմությունն ու քարերի ձգումը՝ խիտ կարկուտին, և նրանց արյունահոսությունը՝ կարկուտի առվին:

Շարունակվեց պայքարը նրանց միջև, և երկու կողմից էլ եղան անթիվ սպանվածներ:
Իսկ Հայկը (Հաոսը), նույն հսկաների հետևիցն էր կանգնած, քաջալերում էր նրանց և մխիթարում ահարկու ձայնով, որ կայծակի ճայթյունին էր նման: Ապա Թորգոմյանք հաղթահարեցին և կոտորեցին նեբրովթյան հսկաներին և նրանց զորավարներին…»:

«…և սաստիկ բախմամբ իբրև զձայն որոտմամբ ամբոց»,…«և ինքն իբրև զկայծակն ասպատակէր շուտանակի…» ( Հայ-վրաց հարաբերություններ, Գիրք Ա, Լ.Մելիքսեթ-Բեկ «Վրաց աղբյուրները Հայաստանի և Հայերի մասին», էջ 146, Երևան 2013):

Վահագնի նման, որպես Կրակի խորհրդանիշի կրող, Հայկի կերպարի քննությանն է անդրադարձել Սարգիս Պետրոսյանն իր՝ «Ժայռապատկեր մեհենագրության մի ուշագրավ նմուշ» ուսումնասիրության մեջ («Հայոց մեհենագրության ակունքներում: Գիտական հոդվածների ժողովածու», Գյումրի, 2008թ.):

«Հայկի ներկայությունը ժայռապատկերներում փաստվում է նաև նրա խորհրդանիշի առկայությամբ: Հայկի անունով հայտնի և նրան ձոնված Օրիոն համաստեղության ինը պայծառ աստղերը ձևացնում են այս գծապատկերը (էջի լուսանկարը՝ ստորև, Կ.Ա.):

Միջնադարյան «Նշանագիրք իմաստնոց»-ում այդ գծապատկերը կրկնող նշանին տրված է «փայլակն» բացատրությունը, իսկ սրա կորանկյուն, ութաձև տարբերակները՝ «մարդ» են նշանակում (Հ.Աճառյան, «Հայոց գրերը», Ա.Աբրահամյան «Հայոց գիր և գրչություն»):

Ընդ որում, Փայլակն (փայլ-ակն) բառը վերաբերում էր ոչ միայն կայծակին և ցերեկային լույսին (հմմտ. «Որպէս փայլակն՝ որ ելանէ յարեւելից, եւ երեւի մինչեւ յարեւմուտըս», «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»), այլև մարդուն, որովհետև բառացիորեն նշանակում է «փայլուն ակն, կամ փայլեալ յաչս» (նույն տեղում) ):

Այս տեսանկյունից ուշագրավ է, որ Մովսես Խորենացին վիպական Հայկին բնութագրում է «խայտակն» բառով» (Ս.Պետրոսյան, նշված աշխատությունից, էջ 7):

Վաղնջական ժամանակներից ի վեր կրակ ստանալու համար կայծքարի հետ գործածվող դյուրավառ նյութը «աբեթ» է կոչվում:

Աբեթից (աբեթենուց)՝ զանազան ծառերի վրա աճող սնկից կամ, հետագայում, բամբակաթելից պատրաստված «կրակ պարգևող» այդ նյութը, որն արագ բռնկվում է կայծքարի կայծից, հիշատակվում է Հայերենի բառարաններում («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի», Աճառյանի «Հարերէն արմատական բառարան», Էդ. Աղայանի՝ «Արդի հայերենի բացատրական բառարան»…), (բարբառային ձևով՝ «ղավ», առավել հաճախ է գործածվում՝ «կայծքար և աբեթ»-ը):

Ի դեպ, երկու տեսակի աբեթենու տրցակ կար 1991 թվականին Ալպերի լեռներում (Ավստրիայի և Իտալիայի սահմանին), 3.200 մետր բարձրության վրա հայտնաբերված՝ մոտ 5.300 տարվա մումիայի մոտ (որն Էցի, Օտցի, Ötzi անունով կնքվեց)…

Նկատենք, որ դեռևս Խորենացին է իր մատյանում ակնարկել հունական դիցաբանության՝ «Դիւցընկեց, իսկ այժմ՝ կոչի Ոլիմպոս» լեռան Աստվածների հետ կապված պատմությունների այլաբանական իմաստը՝ հիշելով Պրոմեթևսի կողմից «աստվածների հուրը մարդկանց շնորհելու» խորհուրդը («Պատմութիւն Հայոց», Վենետիկ, 1752թ., էջ 45)…

«ԶԲելայ, առ որով նախնին մեր Հայկ, բազումք բազում ինչ այլ ընդ այլոց պատմեն, բայց ես ասեմ՝ զԿռոնոսդ անուն և զԲել՝ Նեբրովթ լեալ. …» (էջ 44):

Իր հորը՝ Ուրանոսին գահընկեց անելու պայքարը, որը մղեց Կռոնոսը, վերջինիս որդին՝ Զևսը շարունակեց հենց իր հոր՝ Կռոնոսի դեմ…

Նույնը՝ ավելի վաղ եղած Հուրիական (Հայկական) դիցաբանության մեջ էր՝ Թեշուբի մղած պայքարը Կումարբիի դեմ, որն իր հորը՝ Անուին էր գահընկեց արել (վերջինս էլ՝ իր հորը՝ «Երկնքի առաջին աստված Ալալուին»)…

Ուրանոս — Քրոնոս — Զևս՝ Ալալու(Անու) — Կումարբի — Թեշուբ (Թարքու)…

Հերոսներին դիցաբանական երանգով ներկայացնելը նախնիների հետ նրանց կապն էր խորհրդանշում…

Հավելենք, որ սեպագիր տեքստերի վերծանումներում «Շանթ» անունով դից է հիշվում, մասնավորապես՝ Կիլիկիայում (E.Laroche « Le dieu anatolien Sarruma»):

Թեշուբը՝ Բիայնական արձանագրություններում՝ Թեշեբան (սեռական հոլովաձևով, ըստ իս), Փայլակն էր, Շանթը:
Հետագայում որպես գլխավոր դից հռչակված Հալդին նաև (Հայկը):

«Աստված լույս է»…

Արևի լույսի, Երկնքի Հուրի պաշտամունքից հետո նոր հավատալիքներում ևս
«Կենաց հուրն» էր փառաբանվում՝ նոր կերպարում մարմնավորված (առանձին գրառմամբ կանդրադառնանք)…

Ստորև՝

Մ.Խորենացու՝ «Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան. Համառօտ պատմութիւն աշխարհագրութեան»՝ 1752 թվականին Վենետիկում տպագրված գրքից և վերը հիշատակված մյուս գրքերից՝ որոշ էջեր…

Ուշադրություն դարձնենք հատկապես Այծի պատկերի առկայությանն՝ իր խորհրդանիշը հիշելով (Յուպիտերին կերակրած Ամալթե այծին չմոռանալով, իհարկե) …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով