Month: Հոկտեմբերի 2023

  • «ԵՕԹԸ ԴԳԱԼԻ ԿՌԻՎԸ»…

    «ԵՕԹԸ ԴԳԱԼԻ ԿՌԻՎԸ»…

    «ԵՕԹԸ ԴԳԱԼԻ ԿՌԻՎԸ»…

    …«Ալին ու Վալին դուրս քաշեցին ատրճանակները և ուզում էին կրակել, երբ Չատոն զգուշացրեց նրանց՝ ասելով. — Ձեռք չտա՛ք, սրանք Սասունցինե՛ր են, որ կատաղեցին՝ կտան ձեր գլուխը արյունլվա կանեն: Բավական է, որ մի կրակոց լսվի և ամբողջ գավառակը ոտքի վրա է:
    Սրանց երկու գյուղը տարիներ առաջ յոթ գդալի համար ջարդուփշուր արեցին խաբկանցի քրդական ցեղին»,- հիշեցնում էր Խաչիկ Դաշտենցը՝ Տարոն Աշխարհի, Սասնա լեռների, իր աննկուն ազգակիցների կարոտով հյուսված «Խոդեդան» վեպում:

    Պատվախնդիր ու քաջասիրտ Հայ լեռնցու և շինականի փառաբանմանը նվիրված «Ռանչպարների կանչ»-ում նույն հեղինակը՝ Դաշտենցը գրում է.

    «Սպիներ կան Ալիզոնանցի Մուքոյի և Մշեցի Տիգրանի թիկունքին:
    Իսկ ո՞վ է հաշվել Սպաղանաց Գալեի, Փեթարա — Մանուկի և Փեթարա Ախոյի վերքերը:
    Օ՜, եթե բաց անեք քեռի Մակարի թիկունքը…
    Այնտեղ կան նոր սպիներ և կան հին սպիներ, որ մնացել են դեռևս հռչակավոր «Յոթ Գդալի» ժամանակներից»…

    …«Մենք արագ քայլերով անցանք Հավատորիկի սարերը և թրջվեցինք Քոփ գյուղի վրա:

    • Ահա Դուքանե Զեֆրան՝ Շենիքի գլուխը, — ասաց Սպաղանաց Մակարը, ձեռքը ուղղելով դեպի Շենիկցիների հեռավոր ամառանոցը՝ Կուրտիք լեռան լանջին:
      — էնտեղ եղավ «Յոթ Գդալի կռիվը», — շարունակեց ծերունին: 1882 թվականի ամռանը Շենիկցիների ամառանոցից փախցրած յոթ գդալի պատճառով շաբաթներ տևող մեծ կռիվ է ծագում խոշկանցի զինված քրդերի և Հայերի միջև: Շենիքցիներին հաջողվում է իրենց լեռներից վռնդել խոշկանցի աղաներին և վերադարձնել բռնագրաված գդալները:
      Քեռի Մակարն ասաց, որ ինքը մասնակցել է Շենիկցիների այդ ճակատամարտին և իր թիկունքին երկու հին սպի ունի այդ տարիներից մնացած:
      — Էն օրվանից չախմախլին իմ ձեռքից չի իջել, — ավելացրեց ծերունին» (Խ. Դաշտենց, «Ռանչպարների կանչը»):

    «Շէնիկցիք սովորութիւն ունէին ամառը բարձրանալ Կուրթըգ լեռը՝ իրենց հաւ ու ճիւով, իրենց ոչխարով ու տաւարով, կին ու երախայով: Կիներն ու երախաները կ՝ապրէին մեծ վրաններու տակ, լեռներու կատարները, մինչ իրենց տղամարղիկ, մեծ մասով, կը մնային գիւղը զրաղուելու համար իրենց դաշտային աշխատանքով:
    Միայն հովիւներն ու դաշտային աշխատանքի անընդունակները կ՝անցկացնէին լեռները՝ օգնելով կիներուն: Շէնիկցիներու սահմանակից լեռները կը բարձրանային նաեւ հեռու Միջագետքէն եկած քրտեր եւ տեղացի ու Տիարպէքիրցի աշիրէթներ:

    Այդ աշիրէթներէն Խալկանցիք, մօտ 35 զինուած քրտեր, կուգան Շէնիկցիներու զօզան (ամառանոց), եւ ըստ սովորութեան կը հիւրասիրուին Շէնիկցի կիներու կողմէ՝ կաթ ու մածունով, սէր ու պանիրով ու թանապուրով:
    Քրտերը՝ ուտել կշտանալէ ետք, կը մտածեն վիրաւորել Շէնիկցի Հայերը եւ վերցնելով եօթը դգալ, կը պահեն իրենց քոլօզի փուշիի ծալքերուն մէջ, որ կը նշանակէ արհամարհել Շէնիկցին:
    Տանուտէր Մօսէի մայրիկը, նկատելով այդ, կ՝ապտակէ դգալները վերցնող քիւրտը եւ ետ կը պահանջէ զանոնք:
    Քրտերը կը սկսին ծաղրել եւ արհամարհանքով կը մերժեն կատարել հիւրասէր տիկնոջ պահանջը, նոյնիսկ հարուած մը կը հասցնեն անոր: Ասոր վրայ հաւար կ՝իյնայ Շէնիկցոց ամբողջ վրանները: Եւ ահա, կին ու երախայ, ծեր ու հովիւ՝ քար ու փէտով, իսկ տղամարդիկ՝ իրենց չախմախլու հրացաններով, վրայ կը փրթին ազատելու եօթը դգալները:

    Քրտերը կը նկատեն, որ շատ տղամարդ չկայ, ներկայ են միայն քանի մը հովիւներ եւ պատահաբար վրայ հասած երիտասարդներ. ուստի կը յամառին ետ տալ դգալները: Կը սկսուի կատաղի կռիւ մը, որու ընթացքին կը սպանուին 4 քիւրտեր եւ 1 Հայ: Բայց դէպքը ասով չի վերջանար:
    Հաւարը կը հասնի մինչեւ Շէնիկ գիւղը, եւ զինուած տղամարդիկ օգնութեան կը փութան, կը բռնեն ամրացած քրտերու թիկունքը եւ կը ստիպեն վերադարձնել եօթը դգալները՝ բնաջնջումէ ազատուելու համար:

    Սակայն ասով կռիւը դարձեալ չի վերջանար:
    Հաւարը կը հասնի նաեւ քրտերու մօտակայ զօզան, եւ ահա՛ անոնք եւս մեծ խումբերով կուգան օգնել իւրայիններուն: Կռիւը կը տաքնայ եւ կը շարունակուի մինչեւ ուշ գիշեր: Լուսաբացին կոխը կը վերսկսուի եւ աւելի՛ մեծ ծաւալ կը ստանայ: Շէնիկցոց օգնութեան կուգան Սասունի միւս գիւղերը, իսկ քրտերուն՝ անոնց միւս աշիրէթները: Կռիւը տեղի կ’ունենայ փոփոխակի յաջողութիւններով եւ կը տեւէ շաբաթներ:
    Վերջ ի վերջոյ Հայերը կը յաջողին լեռներէն քշել քիւրտ քոչւորները եւ անոնց ոչխարներն ու մալը լեցնել հովիտներու մէջ: Քրտերը կը ստիպուին հաշտութիւն խնդրել, որ եւ տեղի կ՝ունենայ քահանաներու, իշխաններու, շէյխերու եւ թoռուններու երաշխաւորութեամբ: Քրտերը կը բաւարարեն վիրաւորուած եւ սպանուած Հայերու ընտանիքները ոչխարով եւ արջառով:

    Մինչեւ հիմա ալ Սասունցին դեռ պարծանքով կ՝երգէ եօթը դգալի կռիւը, ողբը ընելով ինկած հերոսներուն եւ գովքը ընելով քաջերուն»…(Մեջբերումը՝ «Հայ յեղափոխականի մը յիշատակները», «Հայրենիք» ամսագիր, Ա տարի, թիւ 5, մարտ, 1923 թ., Պոսթըն):

  • «… ԱՆՏԱՇ ԵՒ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐ՝ ԵՐԿՐԷՆ, ԺՈՂՈՎՐԴԷՆ ՊՈԿՈՒԱԾ»…

    «… ԱՆՏԱՇ ԵՒ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐ՝ ԵՐԿՐԷՆ, ԺՈՂՈՎՐԴԷՆ ՊՈԿՈՒԱԾ»…

    «… ԱՆՏԱՇ ԵՒ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐ՝ ԵՐԿՐԷՆ, ԺՈՂՈՎՐԴԷՆ ՊՈԿՈՒԱԾ»…

    Անցյալի իրադարձությունների, շրջադարձային ժամանակաշրջանների պատմության հնարավորինս ճշգրիտ լուսաբանման համար արժեքավոր սկզբնաղբյուրներ են ժամանակակիցների, ականատեսների վկայությունները, վավերագրությունները, քաղաքական գործիչների հուշագրությունները:
    Հիշյալ առումով առանձնահատուկ կարևորություն ունի 20-րդ դարի սկզբին հարուստ գործունեություն ծավալած ազգանվեր Հայորդիներից մեկի՝ Ռուբեն Տեր-Մինասյանի թողած գրավոր ժառանգությունը՝ խորաթափանց վերլուծություններով…

    1882-ին Ախալքալաքում ծնված Մինաս Տեր-Մինասյանը հետագայում իր գործընկերներից ոմանց նման Րաֆֆու գրական տարբեր հերոսներից ընտրած ծածկանվամբ էր հանդես գալիս: Հայ ազատագրական շարժման ականավոր դեմքերից էր նա, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սասունի, Կարսի, Վանի ու բազմաթիվ այլ շրջանների Հայոց ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը, 1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր՝ Հայաստանի Հանրապետության ռազմական նախարարը:

    Ռուբէն Տէր-Մինասեան (1882-1951)

    Հարազատ ազգի պայքարի մարտերում թրծված մարտիկը քաղաքական պայմանների թելադրանքով կյանքի վերջին տասնամյակներն ապրեց Հայրենիքից հեռու (ինչպես Անդրանիկը, Ավետիս Ահարոնյանը, Պողոս Նուբարը՝ Ռուբենն էլ հուղարկավորվեց Փարիզի Պեր — Լաշեզ գերեզմանատանը):

    Ռուբեն Տեր-Մինասյանն իր զավակների հետ՝ 1928-ին՝ Փարիզում (լուսանկարը՝ «Ապառաժ» կայքից)

    Հմուտ քաղաքագետ և ռազմավարական գործի գիտակ Ռուբեն Տեր-Մինասյանի հուշագրությունը, որն, ավաղ, ընդհատվեց նրա մահով, մասամբ ամփոփված է «Հայ յեղափոխականի մը յիշատակները» վերնագրված յոթ հատորներում: Կարևորագույն այս աշխատությունն առայժմ քչերին է հայտնի:

    «Յիշածս ու չյիշածս անունները կը ներկայացնեն այն սերունդը, որ իր զոհաբերութեամբ, իր յեղափոխական խառնուածքով, իր բարոյական ըմբռնումներով մէ՛կ անգամ միայն ծնաւ մեր կեանքին մէջ եւ երկրորդ անգամ այլեւս աշխարհ չտեսաւ:
    Անոնցմէ ոմանք միայն յիշեցի, … բայց ուրիշ ատեն, երբ կարելի լինի, պէտք է տալ անոնց բոլորի նկարագիրը, որովհետեւ անոնցմէ ոմանք Հայոց կեանքի մէջ վճռական դեր կատարեցին:
    Ես շատ սերունդներ տեսայ տարբեր վայրերու մէջ, բայց այդ սերունդին համն ու հոտը տարբեր էր, ինչպէս Արտամետի խնձորինը, թէկուզ մէջը որդ ինկած լինի»,- գրել է Ռուբէնը («Հայ յեղափոխականի մը յիշատակները», Ա հատոր, 1952 թ.):

    Հիշյալ գրքի առաջաբանի հակիրճ, ամփոփ տողերից հառնում են այն ահռելի ճիգերը, որոնց պտուղն է վերոնշյալ արժեքավոր աշխատությունը:
    Փոքր-ինչ պատկերացում կազմելու համար՝ ահավասիկ որոշ հատվածներ (հաջորդիվ մի արժանահիշատակ դրվագի հիշեցումից առաջ)…

    «Անմիջականօրէն դերակատարներէն լսածը եւ կամ աչքով տեսածը անիրական եւ սուտ չի կրնայ լինել, բայց լրիւ ճշմարիտ ալ չի կրնայ համարուիլ. զուռնային ձայնը հարսնեւորին՝ հաճոյք, իսկ նուրբ ականջներուն սոսկում կը պատճառէ:
    Իրականութիւնը ըմբռնելու համար հեղինակներ կարդալը շփոթութեան մատնուելու համազօր է. հոն առանցքը ինքն է, աշխարհը՝ մոլորակ. ճակատի պապակած հերոսը դիտմամբ մոռցուած է, իսկ անոր ջրկիրը՝ հերոս ներկայացուած: Այդ կը թելադրուի իւր անձի, կամ կուսակցութեան, կամ դասի շահերէն:
    Կարդալ օրէնքնե՞րը ստուգման համար: Այդ ալ շինուած է անօրէն գործերը օրինականացնելու համար:
    Կարդալ վաւերական փաստաթղթե՞րը, բայց դրանք շինուած են բուն եղելութիւնները քօղարյելու համար:
    Կարդալ օրական թղթակցութիւննե՞րը մամուլի մէջ. բայց անոնք գրուած են յատուկ նպատակով. նախ՝ վարձատրութիւն ստանալու, յետոյ՝ բաւարարելու վարձատրողին եւ խուժանին բնազդները»…

    «…1905 -էն սկսած՝ սովորութիւն ըրի իմ գործունէութեան շրջանի մէջ տեսածս կամ լսածս նշանակալից դէպքերու նկարագրութիւնը գրի առնել, հնութեանց, աւանդութեանց կամ երգերու մասին նօթագրութիւն ընել եւ պահել կարեւոր նամակները եւ յիշատակագրութիւնները: Այս թղթերի պատառիկները եւ կամ տետրակները կրնային իսկական ու անսխալ փաստաթղթեր դառնալ անցածի ու դարձածի նկարը տալու համար:
    Դժբախտաբար, այդ վաւերագրերէն էականներու հետքը չկայ այժմս:

    Ցոյց տամ, թէ ի՛նչ տեսակի բախտի արժանացան անոնք:
    Վարագայ լերան ծովահայեաց կողմը՝ Շուշանց գիւղի մօտ գտնուող վանքի մէջ (որի ճիշտ անունը մոռցած եմ), կան սեպագիր արձանագրութիւններ: Վանքի ձախ պատի հիմքի քարերու բեւեռագրերը մարդ չէ տեսած:
    Պատճէնը հանեցի եւ, որովհետեւ ինքս բան մը չէի հասկնար Ուրարտուէն մնացած այդ արձանագրութիւններէն, ճամբեցի Պարսկաստանի վրայով Մոսկուա՝ իմ ուսուցչապետերէն Գրիգոր Խալաթեանին եւ Մըսըրեանին հարցնելու համար:
    Անոնց ձեռքը հասա՞ն, թէ՞ ոչ այդ պատճէնները, ես լուր չունիմ, բայց վստահ եմ, որ մատնանշած վայրին մէջ, իսկականները մնացած պիտի լինին: Ճամբած եմ 1905 -ին:

    Ռուբենն իր զինակիցների հետ

    1905 -1906 թուականներուն, Կառկառի Խնձորուտ գիւղին մէջ հիւսինի պատճառով հարկադրուեցայ բանտարկուիլ եւ աշխարհէն կտրուիլ:
    Նկատեցի, որ շրջապատուած եմ անձերով, որոնք հայերէն եւ քիւրտերէն երգերու, դիւցազնավէպերու, աւանդութիւններու, հէքեաթներու եւ, առհասարակ, անգիր գրականութեան անգնահատելի աղբիւրներ են:
    Այդ մարդիկ էին՝ Բերկրիի Խուդօն, Սպարկերտի Սամօն, Ողմի Խաչօն, Լաթօն եւ ուրիշները:
    Անկարող էի անոնց եղանակները ձայնագրել, ոչ ալ պարերը սովորիլ եւ նկարագրել, բայց կրնայի գրի առնել անոնց գաւառաբարբառ երգերը, աւանդութիւնները, հէքեաթները, որոնց հնութիւնը կուգար անծանօթ ժամանակներէն, գուցէ Ուրարտուէն եւ Հայոց ծագումէն»…

    …«21 տետրակ եղան այդ գրութիւնները, տետրակը՝ 100 էջէն:
    Կը գիտակցէի, որ այդ անմահ երգերի հաւաքումով ես ալ անմահներին կը խառնուիմ:
    Այս տետրակները Վանի մէջ բռնուեցան իշխանութեան կողմից, բայց 1908 -ին ազատուեցան՝ շնորհիւ կոմիսար Մէհմէտին, եւ ես հետս տարի Էրզրում, եւ անոնք հոն ձգեցի:
    1912 -ին, երբ Էրզրում վերադարձայ, իմացայ, որ Բժ. Զավրիեւ, մէկ թէ երկու տարի առաջ 8 տետրակ ճամբած է Պետերբուրգ (թէ՞ Մոսկուա): Ատոնք տեղ հասած պիտի լինին, բայց որու՞ ձեռք ինկան, այդ չեմ գիտեր: Կ’ենթադրեմ, Ն. Մառի, Մսրեանի, Լազարեան ճեմարանի ուսուցիչներու եւ այն գիտնականներու, որոնց մօտիկ էր Զաւրիեւը: Երկու հատորը թողուցի Պրօֆեսոր Աստուածատուր Խաչատրեանի մօտ, որ ուսումնասիրէ իբր քրտագէտ եւ պատմագէտ, մնացած հատորները իմ հետ տարի Մուշ, որպէսզի արտագրեմ եւ ուղարկեմ արտասահման՝ Վենետիկ կամ Վիեննա: Չկրցի նպատակս իրագործել՝ դէպքերի բերումով:
    1914-ին, զգալով սպառնացող վտանգները, անոնց վրայ աւելացրի իմ նօթագրութիւնները դէպքերու եւ դէմքերու մասին եւ ուրիշ վաւերագրեր, ծրարեցի բոլորը մոմպատ կտաւի մէջ, դրի մի նաւթի թիթեղի մէջ եւ պահեցի իմ բնակած վայրի մէջ (ուր եւ եղած էր Բժ. Զաւրիեւի կլինիքը), Ջոջոյի Գասպարի տանը տակը, գետի ափին, այն կամուրջի կողքին, որ Սբ. Մարինէ թաղը կը միացնէ Կողու թաղին:

    1914-15 թվականներուն, երբ վայրի գազանի նման լեռներն էինք ընկած, թիկնապահիս՝ Ղուկասի պայուսակը կը լեցուին վաւերագրերով:
    Թուղթ չունէինք ծխախոտ, խաւրծիլի գափ փաթաթելու համար: Իսկ ծխելն՝ հոգեվարք ապրողին համար գերագոյն հանգիստն է:
    Ատոր համար ալ այդ վաւերագրերը բաժանեցի ծխողներուն, որպէսզի փաթաթեն աղաչանքի, հրամանի այդ կտակները եւ երկինք բարձրացնեն: Եւ հաստատ գիտեմ, որ այդ վաւերագրեր այլեւս չկան, անոնք աղօթք են դարձած:
    1916 -ին՝ մերկացած էի բոլոր վաւերագրերէ եւ հաւաքած նիւթերէ: Կը ցավէի անոնց կորուստին, բայց չխրատուելով, ակամայ նորէն կը հաւաքուէին նիւթեր նոր կեանքէն Կովկասի մէջ: Ատոնց վրայ կ’աւելնային նօթագրութիւնները՝ Թուրքիայի մէջ կորսնցուցածս դէպքերու, դէմքերու, վաւերագրերու, հում նիւթերու մասին… Ատոնց վրայ կ’աւելանային Արամի մօտ հաւաքուած թղթերը, զորս ինձ յանձնած էր՝ ինչ անելիքը որոշելու համար:

    Անդրանիկ անունով Խնուսցի երիտասարդի մը յանձնեցի դասաւորելը, արտագրելը այդ կարեւոր պատմական վաւերագրերու: Արամի մահը պատճառ եղաւ, որ մտածեմ թղթերու ապահովութեան մասին: Մի ծրար անոնցմէ ճամբեցի արտասահման, որոնց մէջն էր Մատթէոսի եւ Արամի յուշերը, որոնք տպուեցան «Հայրենիք» ամսագրին մէջ: Կը ցաւիմ, որ իմ նօթագրութիւններս չճամբեցի, զորս աւելի թարմ յիշողութեամբ ամփոփած էի, ինչպէս նաեւ այն հինգ վերստանոց քարտէզը, ուր պայմանական նշաններով նշանակուած են պատերազմները…
    Ասոնք մնացին Երեւանի իմ բնակարանին մէջ, երբ ես հեռացայ Զանգեզուր: Պէտք է ենթադրել, որ կամ փչացուած են, կամ՝ գրաւուած բոլշեւիկներու կողմէ:

    Ռուբենի հուշերը՝ ֆրանսերենով

    Այս բացատրութիւնները տալով՝ երկու նպատակ կը հետապնդեմ:
    Առաջինը, որ ցոյց տուած հետքով կարելի լինի այդ ձեռագիրները որոնել եւ գտնել:
    Անոնց մէջ կան անտաշ եւ անգնահատելի ադամանդներ՝ Երկրէն, ժողովրդէն պոկուած»…

    …«Երկրորդ նպատակս է՝ ցոյց տալ, որ այժմս, երբ կան լուսանկարչական մեքենաներ, սինէմայի, ձայնապնակի եւ այլ ու այլ գործիքներ, եթէ լինին հաղորդակցական դիւրութիւններ, եթէ գիտակցուի արժէքը ժայռերու վրայ խաղուած նկարներու եւ ձեւերու, բլուրներու մէջէն ցցուած տարօրինակ քարերու, աւերակներու մնացորդներու, ուր մեր պապերու միտքը, խօսքը եւ կեանքն է դրոշմուած, եթէ չարհամարհուին անոնց թոռներու պատմած ու երգած, շարժումներով արտայայտուած եւ անճոռնի կարծուած արտայայտութիւնները, ապա այդ բոլորը կրնան դառնալ վաւերագրեր հինաւուրց մեր պատմութեան եւ անցած ու գնացած մեր ճաշակի եւ ստեղծագործութեան, նպատակի, որ գործիքներով կարելի է անխարդախօրէն արձանագրել»…

    Շարունակությունը՝ հաջորդիվ…

    Ռուբէն Տէր-Մինասեան
  • «ՈՉ ՄԻ ՓՈԹՈՐԻԿ ՀԱՅԻ ՄԻՏՔԸ ԽՈՐՏԱԿԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ»…

    «ՈՉ ՄԻ ՓՈԹՈՐԻԿ ՀԱՅԻ ՄԻՏՔԸ ԽՈՐՏԱԿԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ»…

    «ՈՉ ՄԻ ՓՈԹՈՐԻԿ ՀԱՅԻ ՄԻՏՔԸ ԽՈՐՏԱԿԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ»…

    Տարոն Աշխարհը՝ Հայոց Դիցերին փառաբանող իր տաճարներով, հնագույն ժամանակներից ի վեր Հայ մարդու նվիրական կարևորագույն վայրերից էր և այդպիսին էլ մնաց նաև քրիստոնեության տարածումից հետո:
    19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին անգամ՝ ջարդերի, կոտորածների դժնդակ տարիներին, տարբեր շրջաններից դեպի Տարոն ձգվող ուխտագնացությունները չէին դադարում…
    Իրենց կյանքը վտանգելով Տարոնի սրբավայրերն եկող Հայորդիք Նախնիների ավանդույթներն էին շարունակում ու սերունդներին փոխանցում Ազգային ոգին:

    «…Մշոյ Սուլթան Ս. Կարապետը ուխտաւորին մուրազին հասցնող, շնորհք պարգեւող այն երեք սրբավայրերից է, որ Հայ մարդը մի՛շտ է ցանկացել տեսնել, մի՛շտ է իր կեանքի մեծ ուխտագնացութեան նպատակը դարձրել:
    Կայ Հայ մարդու ուխտագնացութեան մէջ Հայրենիքի ջերմ սիրոյ տարրը, իր պապերի սրբազան նշխարները ամուր պահելու փափաքը: Ուխտուածներով հարուստ լինելով է, որ Հայը անդունդների եզրերին դրուած իր գոյութիւնը կարողացել է պահել:
    Ուխտագնացութեան ուղի՛ն է եղել նրա դառնութեան ժամի սփոփանքը:
    Եւ մի՞թէ ուխտուածներով չէ, որ գոյութիւն են պահում գաղափարները, — ա՛յն գաղափարները, առանց որոնց ո՛չ անհատը, ո՛չ ալ ազգը կարող է ապրել»,- գրել է Գյուտ աբեղա Տեր-Ղազարյանը՝ անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայ գաղթականներին օժանդակելու նպատակով ստեղծված «Էջմիածնի եղբայրական օգնության կոմիտեի» կողմից իրենց խմբին տրված հանձնարարությանը:

    Թշնամու բարբարոս ձեռքով Հայոց պատմության ու մշակույթի հետքը կրող սրբազան վայրերի, հռչակավոր ուխտատեղիների ավերը՝ «անմռունչ կոթողների վրա թափած վրեժի թույնը», նրա աչքին նսեմացնում են նույնիսկ «չինգիզխան-լենկթեմուրյան ավերածությունները»:

    Տարոնի վանքերում պահվող մշակութային գանձերը փրկելու և Էջմիածին տեղափոխելու նպատակով 1916 թվականի ապրիլին Տարոնի սրբավայրերում շրջելուց հետո իր խոհերը, տպավորությունները հրապարակվել են 1923 թվականի մարտին Բոստոնում լույս տեսած «Հայրենիք» ամսագրում (թիվ 5), «Pessimist» ծածկանվամբ:
    «Տարօնի սրբավայրերը» վերնագրված հիշյալ հոդվածից որոշ հատվածներ՝ ստորև:

    «Էջմիածնի Եղբայրական Օգնութեան յանձնարարութեամբ մի խումբ ուղարկուեց Տարօն՝
    յատկապէս Ս. Կարապետ հայրենի սրբավայրերի նշխար-բեկորները բերելու Մայր Աթոռ:

    Ե՞րբ է տեսնուած, որ ուխտագնացութեան ուղին հեշտութեամբ կատարուի, ու մեր խումբն էլ անցաւ ամսաչափ ճանապարհ՝ ցրտի, անձրեւի, երկիւղի, սարսուռի անբաժան ընկերակցութեամբ մինչեւ Տարօն»:

    «Աշխարհից կտրուած ու աշխարհին մօտիկ, աշխարհայինը մոռացած ու աշխարհայինը յաղթահարելու ելած այդ մենաստանները Հայ ժողովրդի այն ճրագներն են այս ու այն
    լերան լանջին, ծերպի վրայ, ձորի միջին վառուած, որոնք անվերջ խաւարի դէմ պայքարելու յուսոյ անհրաժեշտ աղբիւրներն են եղել:
    Այդ ճրագ-մենաստաններում է Հայ մարդը իր գրիչն առել՝ լաւը երկնել, վատին դիմադրել»:

    «…Մօտեցէ՛ք լռութեան զարմանալի լեզուն ըմբոնելու կարողութեամբ այդ մենաստաններին, եւ կը լսէք, որ նրանց սառը քարերը ձեզ Հայի մասին շատ բան կը պատմեն եւ ամենից առաջ, թէ իրենք ունին պահած այն կայծը, որ խաւարի թագաւորութեան ժամանակ միշտ փայլել է, որ համատարած սառնամանիքի ժամին այդ տեղերում է պահպանուել ապագայի յոյսի տաքութիւնը:

    Այդ որոնում-ոգորումներով ճամբայ ընկայ ուխտատեղիները տեսնելու, մեր մեծ ճգնաժամին հսկայ պապերից աւանդ մնացած մեծ յուշարձանների հետ խօսելու, նրանց պատգամ-խօսքը լսելու»:

    «Ուխտաւո՛ր, գնա՛նք այժմ Տարօն:
    Գողտրիկ դաշտն է փռուած առաջներս, Մշոյ Հայաշատ, հացաշատ դաշտը: Եփրատ-Արածանին հոսում է դաշտի միջով, Մեղրագետն էլ գալիս — խառնւում է ու միասին առաջ են գնում:
    Դաշտի չորս կողմը բարձունքներ ու լեռնաշղթաներ են ձգուած. պահապան կանգնել Հայ մտքի երկրորդ մեծ օրրանին ու անթարթ աչքով իրենց վրայ կառուցուած սրբութիւններն են պահում-պահպանում:
    Այդ գագաթների վրայ են մեր Նախնիքը իրենց Դէտարան-դիտարան վանքերը հիմնել:
    Այդ բարձունքներից են դիտել հեռւում երեւացող թշնամուն ու պատսպարել փախստականին: Միւս կողմից այդտեղ՝ աշխարհից հեռու, աղմուկից ազատ երկնել են Հայ մտքի ու զգացմունքի գեղեցիկ արտադրութիւնները, դարբնել են Հայի զարգացման հիմքերը:

    Ու, երբ մութն է պատել Հայի դաշտին, այդ լեռների փարոս ամրութիւնների մէջ են վառուել ապագայի լոյսերը: Համատարած խաւարում, լերանց գագաթներին թառած մենաստաններում են վառուել ձիթէ ճրագները ու պլպլացել Հայի արցունքները:
    Պատկերացրէ՛ք մի գողտրիկ դաշտ, չորս կողմը լեռներ, դաշտի միջով հոսող գետ, մութ ու խաւար. լեռների լանջերին իրարից հեռու երեւում են աղօտ ճրագներ. դրանք են Տարօնի սրբավայրերը՝ վանքերը:
    Գնա՛նք Մշոյ Սուլթան Ս. Կարապետ վանքը, Իննակնեան լերանց լանջերին տեղ գտած այդ մենաստանը:
    Ձորը մտանք ու ելնում ենք անտառի միջով. բարձրանում ենք վեր… մեր ետեւը թողինք ներքին փական (վանքի ներքին ագարակը)»:

    …«Հանդիպեցանք վանքի վերին փակային (ագարակին): Պարսպապատ . մեծ փայտաշէն դուռ. աշտարակ. ու մէջը դատարկ, ամայի:
    Արդէն սովորել ենք ամայի գիւղ, տուն, վանք տեսնելուն, չենք ազդւում. անցնում ենք՝ զարմանալով, որ տաճիկը այդ քարերի վրայ էլ չի փորձել իր քանդիչ ուժը: Ահա հեռուից մի գմբէթ երեւաց: Ս. Կարապետն է: Մօտենում ենք վանքին, ու թմբերի թիւն է աւելանում:

    Ակամայից յիշում ես, որ հեթանոս Հայի տաճարներում վառուած կրակի, զոհած կենդանիների թմբերն են այդ:
    Անցել է 1600 տարի եւ հեթանոս տարրը դեռ չի՛ ընկճուել, չի՛ անհետացել:
    Ս. Կարապետը Մարդու Որդին մկրտեց, բայց Հայ երկրում նրա մկրտութիւնը շատ թո՛յլ եղաւ: Զարմանալիօրէն վանքի շրջապատը իր թմբերով, փոքրիկ բարձրութիւններով, հողի շերտերով առաջին իսկ հայեացքից պարզ ցոյց է տալիս, որ այդ թմբերի տակ հեթանոսական տաճարների, սրբավայրերի շատ հետքեր կան, որ Փրկչի խաչը դեռ անզօ՛ր է եղել Արեւի պաշտամունքը թուլացնելու, դեռ չէ՛ վերջացել Ս. Գրիգորի ու Դիմետր, Գիսանէ, Արձան քրմերի մէջ տեղի ունեցած՝ քրիստոնէութեան ու հեթանոսութեան մեծ պայքարը:

    Միայն երկրի վերին խաւն է քրիստոնէից ոտքի կոխան. տակի շերտը դեռ հեթանոս Հայի հետքերն են կրում: Ու Ս. Կարապետը միշտ կը մնայ ամու՛լ Հայ մտքի վերածնութեան, զարգացման համար. նա եղաւ մուրադատու Հայ գիւղացուն, բայց ո՛չ լուսատու Հայի մտքին. նա եղաւ զոհերի, նուէրների շտեմարան, բայց ո՛չ մտքի ու խոկումների ծնարան, դարբնարան:

    Այդքա՜ն մեծ հռչակ ունեցող սրբավայրը մտանք սառն ու անտարբեր. նա մեզ ընդունեց ու ճամբու դրեց առանց տաք խօսքի:
    Մեծ է նրա շէնքը՝ հսկայական են նրա կալուածները, հողերը, անտառները. գերմանական մի երկու դքսութեան չափ տարածութիւն ունի նա: Մեծ կալուածատիրոջ վայել բազմապիսի շէնքերով շրջապատուած վանքը շէնքերի մէջ անհետանում, կորչում է կարծես:
    Դպրոցական շէնքը, ուխտաւորների, միաբանների, վանահօր սենեակները, երկյարկ շտեմարանը, անասնոց բակը, գոմը եւ ախոռները այնքա՜ն են խճողում վանքի շէնքի պատկերը, որ մարդ կարծում է, թէ մի հարուստ նախարարի մօտ է եկել հիւր եւ ոչ թէ մենաստան:

    Դա ազնուականի՝ Հայ նախարարի՛ ապարանքի մի պատկեր է եւ ո՛չ Հայ ճգնաւորի, Հայ վանականի՛ անշուք խցերի մի սրբավայր:
    Վերյիշում ես անցեալը, համեմատում ես միւս վանքերի հետ ու տեսնում, որ Ս. Կարապետը կուլտուրական շատ քիչ բան է տուել մեր կեանքում. որ այդքան ապահով, այդքան մեծ ուխտատեղի, այդքան շատ կապուած ժողովրդի հետ սրբավայրը չի նպաստել մի սովորական վանքի չափ Հայ մտքի ճոխացմանը»:

    «…Նիւթի պաշտամունքից յաւէտ ստրուկ, ստամոքսի գերի տաճիկը ինչո՞ւ պիտի անուշադիր թողնէր Ռուսահայաստանից անգամ արծաթ, ու ոսկի, դիպակ, թաւիշ նուէրներով հարստացած այս վանքը:
    Իսկ որ վերջին ժամանակները այդտեղ են ապաստան գտել նաեւ տաճիկ խարխլած պետութեան հակառակորդ Հայ երիտասարդները՝ առաւել եւս հոգեվարքին հասած տաճիկը պէտք է խուզարկէր, պրպտէր այդ հարուստ կալուածք-վանքը:

    Եւ նա, որ քանդելու գործում դարերի վարժութիւնն է ձեռք բերել, հմուտ կատարել է իր գործը: Ընչաքաղցութեան տարփական տենչը ստիպել է նրան ամէն ինչ իր տեղից շարժել. որոնել, պրպտել ամէն տեղ: Չէ՞ որ յատկապէս տաճկահայը իր գոյքի ապահովութեան միակ միջոցը որոնում է տան թէ
    վանքի պատի մէջ, յատակում, որեւէ քարի տակ շինած դարանում: Եւ ոսկու փայլից կուրացած տաճկին անծանօթ չէ այդ դարանների գոյութիւնը:

    Ահա՛ նա՝ Ս. Կարապետի առջեւ կանգնած՝ աչքերը չորս դին է դարձնում ամէն պատի մէջ, ամէն ծերպի տակ, յատակում, սիւնի մէջ, վանքի սեղանի ներքեւ, սեղանի քարերի մէջ դարաններ է որոնում՝ վանքի դանձերը գտնելու, վանքի զարդերը կողոպտելու:
    Եւ վառօդի, պայթուցիկի-ուժանակի միջոցով սկսում է մի աւերածութիւն, մի նոր վանդալականութիւն: Ճարճատիւնով, դղրդոցով ընկնում, փլւում են վանքի գմբէթները:
    Պարսպի դրսի կողմի քարերը: Վանքի առաջ եղած փոքր հրապարակի սիւները»…

    «… Տաճկի որոնում-պրպտումից ազատուած արծաթեղէն-ոսկեղէնն ու սրբութիւնները առանք ու ցած իջանք: Ցած իջանք առանց մի խօսք-պատգամ լսելու այնտեղից:

    Որ կողոպուտը, թալանը չէ միայն տաճկին շունչ տուողը, այլ էութեամբ կուլտուրային հակառակ լինելը, կուլտուրականը չհանդուրժելը, պարզ երեւաց, երբ լերան բարձունքի մի փոքրիկ հարթավայրում պատսպարուած Առաքելոց կամ Թարգմանչաց վանքը գնացինք ու տեսանք աւերը:

    Ո՛չ միայն վանքի գմբէթներն են ուժանակով պայթեցուած, ո՛չ միայն ուխտաւորի սենեակներն են քարուքանդ արուած, այլ եւ վանքի արեւելեան կողմում յանուն թարգմանիչների՝ Խորենացու, Մամբրէի, Եղիշէի, Դաւիթ Անյաղթի կանգնեցրած հսկայական գեղեցիկ խաչարձաններն են տեղերից շարժւած, գետին գլորուած ու կոտրտուած, միջից կիսուած, բացի Անյաղթի խաչարձանից, որն անյաղթելի՛ է մնացել իբրեւ անյաղթ փիլիսոփայի Հայ փիլիսոփայական տիպար մտքի անընկճելի վկայ:
    Ուրախ եղայ, որ բարբարոսը գոնէ անկարող է գտնուել այդ հսկայ քարը տեղից շարժել. դա մի խորհրդանիշ էր, որ Հայ միտքը աւեր — աւարի, համատարած բնաջնջումի մէջ, այնու ամենայնիւ, կանգու՛ն է մնացել:
    Դաւիթ Անյաղթն էր միակ անսասան վկան մտքերի շտեմարան Տարօնի սոսկալի աւերածութեան մէջ: Լերան գագաթից լուռ, անթարթ ու յամառ նա դիտում էր անցուդարձը եւ կարծես ասում, թէ ոչ մի փոթորիկ Հայի միտքը խորտակել չի՛ կարող:
    Թող գա՛ն անգամ մեզ ատողները, թող գա՛ն կուլտուրայից բան հասկացող, բայց մեր նկատմամբ անտարբեր, առարկայօրէն քննադատողները եւ տեսնե՛ն Տարօնի դաշտի մեր թարդմանիչ հայրերի ժողովատեղի վանքը, տեսնե՛ն, թէ տաճիկը ի՞նչպէս է վրէժ լուծել քարից, պատից. տեսնե՛ն, թէ ի՜նչպէս բարբարոսը Հայ արուեստի կերտուածները դիտմամբ գետին է գլորել, կոտրտել.
    Զգում ես, որ միայն անզուսպ, վայրագ կիրքը, կատաղի մոլութեան հասնող ատելութիւնն է ընդունակ անշունչ իրերից էլ իր վրէժն առնել»:

    «…Գնացինք Աշտիշատ — դաշտից մի քիչ հեռու՝ Աւրան մեծ գիւղի մօտ, համանուն Աշտիշատ գիւղի կողքին շինուած վանքը տեսնելու:
    Գնում ենք համեմատաբար հարթ, գեղեցիկ, կանաչ խոտ ճանապարհով. հեռուից տեսնում ենք ծառեր, որ այնքան հազուագիւտ են այդ թոռոմած երկրում:
    Բարձրացանք բլուրը, որ հեթանոսական վայրի հետքեր է պարունակում եւ որ կարծես արհեստականօրէն է շինուած:
    Տեսանք աւերակները միայն, որոնք շատ հնուց են մնացած, Լէնկթիմուրի ժամանակից, երբ հսկայ վանքի քարերը տարել Եփրատի վրայ կամուրջ են շինել:
    Միայն հսկայ սիւների բեկորներն են մնացել քարուքանդ:

    Ակամայից մղկտում է սիրտդ, որ Հայ մարդու արիւն — քրտինքով շինուած հրաշալի կերտուածքը աւերակի է վերածուել: Ու մըտածում ես. ինչո՞ւ Հայ մարդուն դրել են սիզիֆեան աշխատանքի դերում. ինչո՞ւ նրան ստիպում են միշտ աշխատանքի աւերակները տեսնել, անդադար միայն կործանումների ականատես լինել:

    Եւ զարմանալին այն է, որ տասնեակ տարիների աշխատանքները մի — երկու օրուայ ընթացքում իր իսկ աչքի առաջ կործանուած տեսնող Հայը դարձեալ ու դարձեալ սկսում է նորից շինել, նորից կերտել, որ դրանց կործանումն էլ տեսնի ու կրկին բահն ու բրիչն առնի իր ձեռքը:
    Աշտիշատը կործանուել է, բայց Հայը նրա տեղ Յօհաննու վանքը, Սալմսավանքը, Տաթեւը, Սանահինն է շինել՝ ու այսպէս անվերջ, անդադրում»…

  • «…ԻԲՐԵՒ ԱՂԲԻՒՐ ԼՈՒՍՈՅ»…

    «…ԻԲՐԵՒ ԱՂԲԻՒՐ ԼՈՒՍՈՅ»…

    «…ԻԲՐԵՒ ԱՂԲԻՒՐ ԼՈՒՍՈՅ»…

    Բնութեանը եւ նրա օրէնքներին ներդաշնակ, հետեւաբար՝ բարձր բանականութեան, առաքինութեան վրա հիմնուած կեանքի եւ գործունեութեան սկզբունքներն են Հայկեան Սրբազան ուսմունքի հիմքում:

    Մեր Նախահայրերի ձեւավորած արժեհամակարգով դարէդար կոփուել են քաջ ու անսասան ոգով տոգորուած սերունդներ, որոնք հաստատակամօրէն դիմագրավել են կեանքի դժվարութիւնները՝ երջանկութեան աղբիւր համարելով իմաստնութիւնը, հայրենանուէր, առաքինի վարքը…

    Վերափոխուելու, Հայկազունների արժեհամակարգին վերադառնալու անհրաժեշտութիւնը գիտակցող Հայորդիք վերստին բացայայտում են հազարամեակների խորքից եկող Հայկեան Սրբազան ուսմունքը՝ հետեւելով Հայկեան Միաբանութեան Քրմերի դասընթացներին:

    Սերնդէսերունդ փոխանցուած Հայկեան Սրբազան ուսմունքը՝ գիտութեան նվաճումներին, համամարդկային արժէքներին համահունչ, ճանաչողութեամբ, իմացութեամբ ձեռք բերուած տրամաբանութեամբ ու աշխարհայեացքով է զինում Հայկի սերունդներին, որոնք անյողդողդ կամքով, անհրաժեշտ ունակութիւններով ու հմտութեամբ, բարոյական հզոր ոգով ու կարողութիւններով տոկունութեամբ յաղթահարում են դժուարին իրավիճակները…

    Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ այսուհետ կգործի նաև պատանիների խումբը՝ 14-18 տարեկանների համար:

    Սիրով սպասում ենք մեր քաջակիրթ, արիասիրտ ու քաջակորով երիտասարդներին, որոնք մեր Նախնիների Իմաստութեան, Լոյսի կրողներն են դառնալու՝ ձեւավորելով Հայ ազգի ապագայի սերուցքը՝ յանուն նորանոր յաղթանակների կերտման…

    Լուսանկարը՝ Քուրմ Յարութ Առաքելեանի էջից՝ շնորհակալութեամբ