«ԵՕԹԸ ԴԳԱԼԻ ԿՌԻՎԸ»…

…«Ալին ու Վալին դուրս քաշեցին ատրճանակները և ուզում էին կրակել, երբ Չատոն զգուշացրեց նրանց՝ ասելով. — Ձեռք չտա՛ք, սրանք Սասունցինե՛ր են, որ կատաղեցին՝ կտան ձեր գլուխը արյունլվա կանեն: Բավական է, որ մի կրակոց լսվի և ամբողջ գավառակը ոտքի վրա է:
Սրանց երկու գյուղը տարիներ առաջ յոթ գդալի համար ջարդուփշուր արեցին խաբկանցի քրդական ցեղին»,- հիշեցնում էր Խաչիկ Դաշտենցը՝ Տարոն Աշխարհի, Սասնա լեռների, իր աննկուն ազգակիցների կարոտով հյուսված «Խոդեդան» վեպում:

Պատվախնդիր ու քաջասիրտ Հայ լեռնցու և շինականի փառաբանմանը նվիրված «Ռանչպարների կանչ»-ում նույն հեղինակը՝ Դաշտենցը գրում է.

«Սպիներ կան Ալիզոնանցի Մուքոյի և Մշեցի Տիգրանի թիկունքին:
Իսկ ո՞վ է հաշվել Սպաղանաց Գալեի, Փեթարա — Մանուկի և Փեթարա Ախոյի վերքերը:
Օ՜, եթե բաց անեք քեռի Մակարի թիկունքը…
Այնտեղ կան նոր սպիներ և կան հին սպիներ, որ մնացել են դեռևս հռչակավոր «Յոթ Գդալի» ժամանակներից»…

…«Մենք արագ քայլերով անցանք Հավատորիկի սարերը և թրջվեցինք Քոփ գյուղի վրա:

  • Ահա Դուքանե Զեֆրան՝ Շենիքի գլուխը, — ասաց Սպաղանաց Մակարը, ձեռքը ուղղելով դեպի Շենիկցիների հեռավոր ամառանոցը՝ Կուրտիք լեռան լանջին:
    — էնտեղ եղավ «Յոթ Գդալի կռիվը», — շարունակեց ծերունին: 1882 թվականի ամռանը Շենիկցիների ամառանոցից փախցրած յոթ գդալի պատճառով շաբաթներ տևող մեծ կռիվ է ծագում խոշկանցի զինված քրդերի և Հայերի միջև: Շենիքցիներին հաջողվում է իրենց լեռներից վռնդել խոշկանցի աղաներին և վերադարձնել բռնագրաված գդալները:
    Քեռի Մակարն ասաց, որ ինքը մասնակցել է Շենիկցիների այդ ճակատամարտին և իր թիկունքին երկու հին սպի ունի այդ տարիներից մնացած:
    — Էն օրվանից չախմախլին իմ ձեռքից չի իջել, — ավելացրեց ծերունին» (Խ. Դաշտենց, «Ռանչպարների կանչը»):

«Շէնիկցիք սովորութիւն ունէին ամառը բարձրանալ Կուրթըգ լեռը՝ իրենց հաւ ու ճիւով, իրենց ոչխարով ու տաւարով, կին ու երախայով: Կիներն ու երախաները կ՝ապրէին մեծ վրաններու տակ, լեռներու կատարները, մինչ իրենց տղամարղիկ, մեծ մասով, կը մնային գիւղը զրաղուելու համար իրենց դաշտային աշխատանքով:
Միայն հովիւներն ու դաշտային աշխատանքի անընդունակները կ՝անցկացնէին լեռները՝ օգնելով կիներուն: Շէնիկցիներու սահմանակից լեռները կը բարձրանային նաեւ հեռու Միջագետքէն եկած քրտեր եւ տեղացի ու Տիարպէքիրցի աշիրէթներ:

Այդ աշիրէթներէն Խալկանցիք, մօտ 35 զինուած քրտեր, կուգան Շէնիկցիներու զօզան (ամառանոց), եւ ըստ սովորութեան կը հիւրասիրուին Շէնիկցի կիներու կողմէ՝ կաթ ու մածունով, սէր ու պանիրով ու թանապուրով:
Քրտերը՝ ուտել կշտանալէ ետք, կը մտածեն վիրաւորել Շէնիկցի Հայերը եւ վերցնելով եօթը դգալ, կը պահեն իրենց քոլօզի փուշիի ծալքերուն մէջ, որ կը նշանակէ արհամարհել Շէնիկցին:
Տանուտէր Մօսէի մայրիկը, նկատելով այդ, կ՝ապտակէ դգալները վերցնող քիւրտը եւ ետ կը պահանջէ զանոնք:
Քրտերը կը սկսին ծաղրել եւ արհամարհանքով կը մերժեն կատարել հիւրասէր տիկնոջ պահանջը, նոյնիսկ հարուած մը կը հասցնեն անոր: Ասոր վրայ հաւար կ՝իյնայ Շէնիկցոց ամբողջ վրանները: Եւ ահա, կին ու երախայ, ծեր ու հովիւ՝ քար ու փէտով, իսկ տղամարդիկ՝ իրենց չախմախլու հրացաններով, վրայ կը փրթին ազատելու եօթը դգալները:

Քրտերը կը նկատեն, որ շատ տղամարդ չկայ, ներկայ են միայն քանի մը հովիւներ եւ պատահաբար վրայ հասած երիտասարդներ. ուստի կը յամառին ետ տալ դգալները: Կը սկսուի կատաղի կռիւ մը, որու ընթացքին կը սպանուին 4 քիւրտեր եւ 1 Հայ: Բայց դէպքը ասով չի վերջանար:
Հաւարը կը հասնի մինչեւ Շէնիկ գիւղը, եւ զինուած տղամարդիկ օգնութեան կը փութան, կը բռնեն ամրացած քրտերու թիկունքը եւ կը ստիպեն վերադարձնել եօթը դգալները՝ բնաջնջումէ ազատուելու համար:

Սակայն ասով կռիւը դարձեալ չի վերջանար:
Հաւարը կը հասնի նաեւ քրտերու մօտակայ զօզան, եւ ահա՛ անոնք եւս մեծ խումբերով կուգան օգնել իւրայիններուն: Կռիւը կը տաքնայ եւ կը շարունակուի մինչեւ ուշ գիշեր: Լուսաբացին կոխը կը վերսկսուի եւ աւելի՛ մեծ ծաւալ կը ստանայ: Շէնիկցոց օգնութեան կուգան Սասունի միւս գիւղերը, իսկ քրտերուն՝ անոնց միւս աշիրէթները: Կռիւը տեղի կ’ունենայ փոփոխակի յաջողութիւններով եւ կը տեւէ շաբաթներ:
Վերջ ի վերջոյ Հայերը կը յաջողին լեռներէն քշել քիւրտ քոչւորները եւ անոնց ոչխարներն ու մալը լեցնել հովիտներու մէջ: Քրտերը կը ստիպուին հաշտութիւն խնդրել, որ եւ տեղի կ՝ունենայ քահանաներու, իշխաններու, շէյխերու եւ թoռուններու երաշխաւորութեամբ: Քրտերը կը բաւարարեն վիրաւորուած եւ սպանուած Հայերու ընտանիքները ոչխարով եւ արջառով:

Մինչեւ հիմա ալ Սասունցին դեռ պարծանքով կ՝երգէ եօթը դգալի կռիւը, ողբը ընելով ինկած հերոսներուն եւ գովքը ընելով քաջերուն»…(Մեջբերումը՝ «Հայ յեղափոխականի մը յիշատակները», «Հայրենիք» ամսագիր, Ա տարի, թիւ 5, մարտ, 1923 թ., Պոսթըն):