Month: Հունիսի 2025

  • «ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» (ՐԱՖՖԻ)

    «ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» (ՐԱՖՖԻ)

    «ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» (ՐԱՖՖԻ)

    Զգաստամիտ, սթափ ու քննական հայացքով գրված մի հոդված, որը խիստ արդիական է հնչում մեր ժամանակներում, թեև գրված է 1878 թվականին՝ Րաֆֆու գրչով…

    ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

    «Ծանի՛ր զքեզ»

    Ինքնախաբեությո՛ւն… դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: — Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից:

    Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի և նա ամեն բան լավ կողմից է տեսնում, նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. — իրան ամեն բանով լիացած է համարում:

    Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են…

    Ինքնախաբեության հակառակն է ինքնաճանաչությունը, նրա հայրը նախանձն է, իսկ մայրը` դժգոհությունը: Նա ոչինչ բանով բավական չէ: Նա շատ բան ունի, բայց միշտ մտածում է, թե սակավ ունի: Նա միշտ դեպի վեր է նայում, աշխատում է բարձրանալ: Նա ըմբռնել է ընդհանուր մարդկային կատարելությունները, նա ծանոթ է բարձր և վսեմ գաղափարների հետ, և իրան համեմատելով կատարելագործված ընդհանրության հետ, գտնում է շատ փոքր և փոքր…: Դրա համար միշտ դժգոհ է: Նա կրկնում է Սոկրատեսի հետ. «Ես միայն մի բան գիտեմ, այն է, որ ոչինչ չգիտեմ»: Այդ խոսքի մեջն է ինքնաճանաչության բոլոր վսեմությունը:

    Երանելի է այն մարդը, որ այսպես է զգում: Այստեղից է առաջ գալիս տոկուն աշխատությունը, դա է ոգևորում մարդուն դեպի անդադար առաջադիմություն, դա է ծնում հանճարները, արհեստը, գիտությունը և աշխարհի բարօրությունը:

    Դժգոհությունը իր վիճակից` մի ազնիվ գրգիռ է, որ տանում է դեպի նրա բարվոքումը:

    Որպիսի բնավորություններ հայտնվում են անհատների մեջ, նույնպիսիք և հայտնվում են ամբողջ ժողովուրդների և ազգերի մեջ: Որովհետև բոլորը կազմված է մասներից, ինչ որ մասներն են, այն և բոլորն է:

    Կան ազգեր, որ շատ գոհ են իրանց վիճակից, կարծում են, թե ամեն բան ունեն և իրանց թերությունները չեն տեսնում: Կան նաև ազգեր, որքան առաջ են գնում, որքան արդյունաբերում են, որքան կատարելագործվում են, — այնքան դժգոհ են:

    Խոսենք մեզ վրա:

    Մենք գտնվում ենք կատարյալ ինքնախաբեական վիճակի մեջ:

    Ընտանիքը, ազգայնության հիմքը, սկսել է մեզանում փտել, այլանդակվել, — մի կողմից շռայլությունը, մյուս կողմից անբարոյականությունը օրըստօրե ոչնչացնում են նրա մեջ ինչ որ բարի է, ինչ որ ազնիվ է: Նա կորցրել է իր նահապետական պարզությունը, և նոր, այսպես կոչված եվրոպական կրթութենից` սեփականել է միայն վատ կողմերը: — Ո՛չ, ասում են, այդպես չէ, մի բան, որով կարող է պարծենալ հայը, դա է նրա ընտանեկան սրբությունը, որի մեջ տիրում է խնայողություն, անդամների առաքինական ներդաշնակություն և այլն:

    Մեր լեզուն, ասում ենք, սկսել է կորչել ազգի բերանից. Տաճկաստանի հայը տաճկերեն է խոսում, Ռուսաստանի հայը ռուսերեն է խոսում, Պարսկաստանի հայը պարսկերեն, Հնդկաստանի հայը անգլերեն. և ամենավտանգավորն այն է, որ այդ ախտը սկսում է ընտանիքից: — Ո՛չ, պատասխանում են, այդպես չէ, մեր լեզվով Ադամն ու Նոյն էին խոսում, ի՞նչ հայ կա, որ իր լեզուն չգիտենա:

    Մեր գրականությունը աղքատ է, ասում ենք, ժողովուրդը զուրկ է մնում մտավոր սնունդից. պահանջում ենք մեր հասարակութենից ընթերցանություն, բայց նրան գիրք չենք տալիս: — Իսկույն ցույց են տալիս Եղիշեն և Խորենացին: Էլ ի՞նչ: — Մի քանի էլ կրոնական գրքեր:

    Մեր դպրոցները, ասում ենք, ամենաթշվառ դրության մեջ են, նոր իմաստակների ձեռքում խաղալիք են դարձել: Նրանք կորցրել են հին ձևը, որն թեև փտած էր, բայց ինքնուրույն էր և դարևոր փորձերի վրա էր հիմնված: — Ո՛չ, այդպես չէ, պատասխանում են, և իսկույն ցույց են տալիս քեզ եվրոպական մանկավարժությունը: Թեև այդ եվրոպական մանկավարժություն ասած բանը այնքան են հասկանում մեր վարժապետները, որքան հասկանում են մեր աղջիկները եվրոպական մոդայով ձևած մի հագուստ, որ պատրաստ գնել էին ֆրանսուհի դերձակից:

    Մեր եկեղեցին այլանդակվել է, ասում ենք, փոխել է իր նախնական պարզ կերպարանքը, դարձել է ծիսապաշտության, շնորհավաճառության և անհավատության մի գործարան: — Դու անկրոն ես, անհավատ ես, պատասխանում են, եկեղեցու սրբության դեմ չէ կարելի խոսել, մեր եկեղեցու նման ազատ եկեղեցի չկա:

    Մեր եկեղեցական կառավարությունը, ասում ենք, դարձել է բաշիբոզուկների վարչություն. կամայականությունը տիրում է կարգի և կանոնների վրա. անարժանները առաջ են գնում, արժանավորները ճնշվում են: — Իսկույն ստանում ես միևնույն հիմար պատասխանը, թե դու կրոնի դեմ ես խոսում, և հետն էլ ավելացնում են մի քանի հայհոյանքներ:

    Մեր եկեղեցականները, ասում ենք, դարձել են անպիտան մշակներ. նրանց գիտությունը, նրանց վարքը չէ համապատասխանում իրանց հանձն առած պաշտոնին: Նրանք ավելի գայթակղեցնում են մեր ժողովուրդը, քան թե նրան մի բարոյական և հոգևոր ուղղություն են տալիս: — Իսկույն քեզ ցույց կտան Ներսես Մեծին, Սահակ Պարթևին և Մեսրոպին: Իսկ այժմյաննե՞րը: — Այժմյանները քավում են իրանց մեղքերը հների աշխատությամբ…:

    Մեր լրագրությունը, ամսագրերը և եռամսյա հանդեսները, ասում ենք, փոխանակ արթնացնելու ժողովուրդը իր նախապաշարմունքներից, փոխանակ նոր և թարմ մտածությունների հետ ծանոթացնելու, փոխանակ նրան դեպի ուղիղ ճանապարհը առաջնորդելու — ավելի մոլորեցնում են, ավելի թմրեցնում են նրան իր անշարժության մեջ: — Այսպես պետք է կրթել ժողովուրդը, պատասխանում են քեզ:

    Վերջապես ամեն բան մեզանում լավ է գնում… Խոսում ես տնտեսական անկարգության վրա, վաճառականության անկանոնության վրա, երկրագործության հետամնացության վրա, արհեստի նահապետական դրության վրա, գյուղացու` մշակ դասի ողորմելի վիճակի վրա, մի խոսքով, ամեն բանի վրա, ինչ որ պետք է մարդուն,- միևնույն պատասխանն ես ստանում, ամեն ինչ լավ է մեզանում…:

    Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեութենից. այս բոլորը առաջ է գալիս այն միակողմանի հայացքից, որ մենք ամեն բան լավ կողմիցն ենք տեսնում:

    Ինքնախաբեությունը մեզանում ծնեց մի տեսակ «ազգասերներ», որոնց վրա մինչև այսօր ո՛չ մեր վիպասանները, ո՛չ մեր թատրոնական բեմը և ո՛չ էլ մեր լրագրությունը ուշադրություն չեն դարձրել: Դրանց նշանաբանը բովանդակվում է այս սկզբունքի մեջ. «Ինչ որ հայկական է, այն լավ է»:

    Այս տեսակ «ազգասերները» մի կատարելագործված տիպ են ներկայացնում մեր հասարակության մեջ, որոնք, կարծես, պատկանում են մի առանձին շկոլայի (դպրոցի, Կ. Ա.), որի հիմնադիրը հայտնի չէ:

    Դրանք, արդարև, սիրում են ազգը, որպես մի երիտասարդ սիրահարված է լինում մի օրիորդի վրա, որը նրան ամենևին չէ ճանաչում, որը նրա բերանից մի խոսք անգամ չէ լսել, որը նրա կողմից ոչ մի շնորհ չէ տեսել, բայց նա սիրում է… Օրիորդի հիմարություններն անգամ սիրելի են նրան…:

    Նրանք սիրում են… վրդովվում են… ոգևորվում են… և ամեն կիրք իրանց սրտի մեջն է մնում: Նրանք ազգը գտնում են իրանց սենյակի չորս պատերի մեջ. դրսում նրա հետ հարաբերություն չունեն: Որպես մեր երևակայական սիրահարը իր սիրուհին իր գլխի մեջն ունի:

    Այս տեսակ «ազգասերներին» ծանոթ չէ «գործը»: Բայց նրանք մեծ բարիք գործած են համարում ազգին, երբ խոսում են նրա վրա, և խոսում են միշտ իրանց նմանների հետ. նրանց ձայնը օտարը չէ լսում: Նրանք չունեն մինչև անգամ այն բանը, որ կոչվում է ցանկություն. որովհետև մի բան ցանկանալու համար պետք է մի բան պահանջել. բայց նրանք պահանջմունք ևս չունեն: Նրանք բավական են այն բոլորով, ինչ որ կա արդեն, ինչ որ թողել են մեր պապերը: Իսկ մի նոր բան անելու համար դեռ սպասում են…

    Նրանց խոսքը — գովասանությունն է: Գովել, ոգևորվել. ուրախանալ ազգի չունեցած կատարելություններով, — այդ է նրանց սիրո երևակայական առարկան: Եվ միշտ վրդովվում են, դավաճան, ուրացող են համարում այն մարդուն, որ համարձակվում է ազգի այս և այն թերությունները նկատել, կամ նրա նախապաշարմունքի դեմ խոսել: «Դու մեր ունեցածը քանդում ես», — ասում են:

    Այս տեսակ «ազգասերներ» կան, գոյություն ունեն, բայց աչքի չեն երևում: Նրանք ըստ մեծի մասին առանձնական կյանք են վարում: Նրանք քուրմերի բնավորություն ունեն, սիրում են վարագույրի ետևում թաքնված մնալ և երբեմն պատգամներ խոսել: Նրանց խոսքերի մեջ իմաստ չկա, բայց միևնույն ժամանակ բազմիմաստ են, որպես մարգարեի խոսք, որ միշտ մեկնության կարոտ է…

    Նրանք չեն սիրում ազգային գործերի մեջ մտնել, որովհետև միշտ երևակայում են, որ իրանք մի «մեծ» բան պիտի անեն, որի ժամանակը չէ հասել… և միշտ իրանց աչքի առջև արգելքներ են տեսնում: Այլև արհամարհում են այժմյան գործիչների գործը, համարելով երեխայական խաղ: Լուռ ժպիտը նրանց երեսից պակաս չէ: Երբ լսում են որևիցե դատողություն մի նորելուկից, և նայում են նրա վրա, որպես մի զարգացած մարդ նայում է փոքրիկ մանուկի ծուռ ու սխալ թոթովանքին: Իրանք միշտ լուռ են, շատ բան գիտեն, բայց չեն խոսում…

    Նրանք միշտ ոգևորվում են անցյալով. Վարդանը, Ավարայրի դաշտը, Անին նրանց խոսակցության նյութն է: Թուրքիայում և Կ. Պոլսի ազգային սահմանադրության մեջ տեսնում են մեծ ապագա, և հայոց փրկությունը գտնում են հայոց եկեղեցու մեջ:

    Այս «ազգասերները» իրանց տեսակի կատարելագործված տիպն են, որոնք հանճարներ են համարվում: Նրանք բարի մարդիկ են, բայց վտանգավոր են: Կույր սերը միշտ վնասակար է լինում. որովհետև միշտ լավն է տեսնում, վատը չէ նկատում:

    Բայց կա և երկրորդական տեսակը, որն առաջինի կեղծ պատճենն է: Դրանք խարդախ մարդիկ են, որ ազգասիրական դիմակի ներքո թաքցնում են շահեկան նպատակներ: Այսպիսիները խառնվում են գործի մեջ: Նրանք լինում են` դպրոցների հոգաբարձուներ, եկեղեցիների գանձապետներ, հարուստ որբերի խնամակալներ, բարեգործական նպատակով նվիրված գումարների կտակակատարներ, առաջնորդ-սրբազանների խնկարկուներ, աղքատ դերասանների պաշտպաններ, միևնույն դպրոցի մեջ մշտական և ժառանգական վարժապետներ, և երբեմն լրագիրների և ամսագիրների խմբագիրներ: Այս տեսակ ազգասերների թվումն են և այն բարերարները, որոնք միշտ կողոպտել են, հափշտակել են և հազարումեկ կերպ ավազակությամբ հարստություն են դիզել.- և վերջ ի վերջո ցանկանում են լավ մարդ ձևանալ, և իրանց կեղտոտ անցյալը ծածկել ազգասիրական քողով:

    Այս տեսակ «ազգասերը» սիրում է ազգը նրան կողոպտելու համար, որպես վամպիրը թմրեցնելով է ծծում իր զոհի արյունը: Նա կխոսի քեզ հետ միշտ հայերեն լեզվով, կաշխատե հեռու մնալ օտարազգի բառերից, և միշտ (բայց խոսքերով միայն) բարի ցանկություններ կհայտնե իր «սիրելի» և «պատվական» ազգի մասին: «Ա՛խ» ու « ո՛հը» նրա բերանից պակաս չեն, երբ լսում է ազգի թշվառությունը, և շատ անգամ արտասուք է երևում նրա աչքերում, երբ կարդում է «Վերք Հայաստանին»: Նրա բարկությանը չափ չկա, երբ ազգի մասին թշնամանք և հայհոյանք է լսում, և ատում է այն բոլորին, որոնք հայ չեն: — Այս բոլորը անում է նա, բայց եթե գիտենա, թե Հայկի ոսկորներին մի քանի կոպեկ փող կտան, իսկույն գերեզմանից կհանե ու կծախե…

    Ընթերցո՛ղ, դու բավական ծանոթացար մեր նկարած երկու տիպերի հետ — փտած և կեղծ ազգասերների հետ: Կամենում ե՞ս այժմ քեզ անձնապես ծանոթացնեմ նրանց մեկի հետ, և դու քեզ բոլորին ճանաչած համարիր, որովհետև ամենքը շատ քիչ տարբերությամբ միմյանց նման են:

    Դա վերջին տեսակիցն է:

    Ահա՛ մտնում ենք նրա մենարանը, այստեղ է գործում ազգի երևելի մտածողը: Մեծ գրասեղանի հանդեպ, նույնպես մեծ բազկաթոռի վրա նստած է նա: Նա մի հաստլիկ մարդ է, խոսում է նույնպես հաստլիկ ձայնով. թշերը նույնպես հաստլիկ են և թունդ-կարմիր գույն ունեն: Երևում է, ազգասերի փորը միշտ կուշտ է եղել. նա շատ առողջ է, թեև գլխի մազերը սպիտակել են:

    Գրասեղանի դեմ ու դեմ (ազգասերի աչքի առջև) սև շրջանակի մեջ, կախված է մի խորհրդավոր պատկեր, որ ներկայացնում է մի հերարձակ կույս, որ նստած է փլատակների վրա: Նրա շուրջը թափված են խորտակված գավազաններ, փոշեթաղ թագեր, փշրված դրոշներ և զանազան զենքեր: Իսկ ինքը՝ կույսը, ծնոտին նեցուկ տված, գեղեցիկ գլուխը մի կողմ թեքած, տխուր կերպով նայում է Հայաստանի ավերակներին… Այս պատկերից փոքր-ինչ հեռու, ազգասերի աջ ու ձախ կողմերում, պատից քաշ են ընկած երկու ուրիշ պատկերներ ոսկեզօծ շրջանակներով: Դրանցից մեկը Հայկն է, իսկ մյուսը՝ Վարդան Մամիկոնյանը: Հայկի պատկերի ներքև պատի վրա մեխած է հին Հայաստանի քարտեզը:

    Գրասեղանի վրա ածած են շատ թղթեր, որոնց վրա, քամին չցրվելու համար, դրած է մի աղյուսանման բան. դա մոզայիկներով զարդարած մի կրային բաղադրություն է, որ բերած է Անիի ավերակներից:

    Մի անկյունում մեծ պահարանի մեջ շարած են գրքեր Վենետիկի ոսկեզօծ կազմերով, կարծես շնորհքի համար դարսված լինեն: Սենյակը զարդարած է արևելյան ճաշակով. փռած են գորգեր, դրած է թախտ և երևում են մութաքաներ:

    Ազգասերը լուռ է. նրա բազմահոգ դեմքը ցույց է տալիս, որ զբաղված է:

    Ահա՜ ներս վազեցին սենյակի մեջ երկու հրեշտակի նման փոքրիկ երեխաներ: «Պապա՛շա, պապա՛շա» կոչելով, նրանցից մեկը թռավ հոր ծնկների վրա և փաթաթվեցավ նրա վզովը: Իսկ մյուս մանուկը փորձ փորձեց հետևել եղբորը, բայց գլորվեցավ հատակի վրա: Հայրը բարձրացրեց նրան և համբուրեց:

    Երեխաներից մեկի անունը Լևոն է, մյուսինը` Ռուբեն: Հայրը մեծ ծառայություն է արել ազգին, որ կենդանացրել է այդ պատմական անունները…
    — Ինչո՞ւ հայերեն չեն խոսում,- հարցնում ես ազգասերից:
    — Մայրերի ու աղախինների հետ այսպես են սորված… ես էլ ժամանակ չունեմ դրանցով զբաղվելու,- պատասխանում է նա:

    Երեխաները խլում են գրասեղանի վրայից «Մեղուի» վերջին համարը, որ տանեն իրանց համար «փռռան» շինեն: Հայրը կոչում է, որ ետ բերեն, բայց չարաճճիները անհայտանում են:

    Ընթերցո՛ղ, այս բոլորը քեզ վրա կարծեմ լավ տպավորություն գործեց. արտաքին ցույցերը բավական գրավիչ տեսար. այժմ մտնենք ազգասերի ներսը — սրտի մեջ:

    Ես կսկսեմ խոսակցությունը, դու միայն լսիր:

    — Դուք, երևի, «Մշակ» չե՞ք ստանում,- հարցնում եմ ես:
    — Մի՞թե արժե փող կորցնել… — պատասխանում է նա արհամարհական ձայնով: — Այս լրագրի վրա թքել միայն կարելի է և ոչ կարդալ:
    — Երևի, դուք կարդում ե՞ք,- իսկույն հարցնում է նա:
    — Այո՛, և շատ սիրով:
    — Այդ ձեզանից չէ՛ի սպասում…
    — Ինչո՞ւ:
    — Եղբա՛յր պատվական, էլ ի՞նչ մնաց, որ չխայտառակեց նա.- ընտանիք, կրոն, եկեղեցի: Նա ուրացավ մեր ազգի բոլոր ազնիվ կողմերը. էլ մուր չմնաց, որ չքսեց նրա վրա: Նա մեզ խայտառակեց, իսպառ խայտառակեց…
    — Ինչո՞ւ չխայտառակել, երբ խայտառակելու բաներ կան:
    — Մի՞թե կարելի է այդ: Ասենք թե լինեին մեր մեջ թերություններ, մի՞թե կարելի է ամեն ինչ հրապարակ հանել:
    — Այսպես վարվում են միայն այն հիմար հիվանդները, որ թաքցնելով իրանց ցավերը, աշխատում են առողջ ձևանալ: Մեր թերությունները ծածկելով ի՞նչ շինեցինք մինչև այսօր:
    — Գոնյա մեր պատիվը պահեցինք: Օտարները մեր պակասությունները չհասկացան:
    — Օտարները մեզ նման կույր չեն…

    Նա սկսեց թղթերի մեջ մի բան որոնել:

    — Ահա՛ ձեզ ցույց կտամ Ս. Պետերբուրգից ստացած պ. Կովյանի նամակը… ի՛նչ պատվական դատողություններ, ի՛նչ պատվական խորհրդածություն… Որտե՞ղ կորավ… Սաշա՛,- կոչեց նա ծառային:

    — Նեղություն մի՛ կրեք. Ս. Պետերբուրգի «պատվական խորհրդածությունները» ինձ պետք չեն. առանց ձեր կարդալու, ես կարող եմ ասել, թե ինչ գրված կլինի այն նամակի մեջ:

    Նա դառնում է դեպի ինձ:

    — Ուրեմն, ասացե՛ք խնդրեմ, պետք չէ՞ թքել մի այսպիսի լրագրի վրա, որ բացասում է մեր լավ կողմերը, հերքում է և ամեն ինչ քանդում է, տակնուվրա է անում: Այդ ո՞ւմ դուր է գալիս, ո՞վ չէ բարկանում:

    — Դա շատ բնական է. փորձեցեք երկու աչքերով կույր մեկին ասել` դուք կույր եք. նա իսկույն կբարկանա, թեև հայտնեցիք մի անհերքելի ճշմարտություն:

    Նա տաքացավ:

    — Դա զզվելի է… միշտ գովել պետք է, խրախուսել պետք է, քաջալերել պետք է. դուք միայն հուսահատեցնում եք… դուք ամեն բան սև գունով եք տեսնում… կյանք, ուժ ուրանում եք ազգի մեջ…

    — Կրթության այդ հին և փտած եղանակը արդեն ցույց տվեց իր արդյունքը: Կ. Պոլսի հոսհոսների լրագրությունը մինչև այսօր այդ ձևին էր հետևում, նա միշտ գովում էր, նա միշտ ոգևորվում էր, ցույց տալով, թե ամեն բան ունեն, ամեն բան պատրաստ է: Բայց հանգամանքները ցույց տվեցին, թե նրանք ինչ տեսակ ժողովուրդ պատրաստեցին: Տաճկահայոց ոչնչությունը հայտնվեցավ:

    Ազգասերի նետը, կարծես, քարին դիպավ. նա կանգ առավ և սկսեց մտածել:

    Ես շարունակեցի.
    — Նույնը անում էին մեզանում և մինչև այսօր. «ինչ որ հայկական է, այն լավ է».- ա՛յս էր մեր ազգ սիրողների սկզբունքը: — Հայ վաճառականը խաբեբայությամբ է վարում իր առևտուրը: — Պետք է գովել նրան, այդ գողություն չէ, որովհետև գործողը հայ է: Հայ ընտանիքը օրըստօրե քայքայվում է բարոյական փտության մեջ: — Վնաս չունի. որովհետև մեր ազգի ընտանիքն է, նրան վատ ասել չի լինի: Հայ եկեղեցականները դարձել են ավազակներ: — Պետք է գովել նրանց, որովհետև մեր հոգևոր հայրերն են, մեր կրոնի ավանդապահներն են… Ի՞նչ խոսքս երկարացնեմ, դուք ամեն աղբ, ամեն կեղտ, ամեն ապականություն գովում էիք, և գովում եք, որովհետև հայի աղբ է…
    — Ի՞նչ վնաս տվեցինք մեր գովություններով:
    — Այն վնասը, որ դուք խաբեցիք ազգը և գովաբանելով նրա հիմարությունները, նրա անպիտանությունները, առիթ տվեցիք անպիտանությանը մնալ միշտ անպիտանություն: Դուք ազգի աչքերը փակեցիք իր այլանդակությունը չտեսնելու համար:
    — Իսկ դուք, որ պախարակում եք, քանդում եք, ոչնչացնում եք, նրա տեղը ի՞նչ եք դնում:
    — Մենք այգեպանի պաշտոն ենք կատարում: Այգեպանը, երբ անխնա կտրում է ծառի չորացած, փտած և ավելորդ ճղները, չէ մտածում նրանց տեղը մի նոր ճյուղ կպցնել. որովհետև գիտե, որ նորը ինքն իրան կբուսնի, եթե ծառի մեջ կյանք կա, ուժ կա և հողի մեջ արմատ ունի…

    Խոսակցությունը ընդհատվում է: Դատարանի ծառան ներս է բերում մի հրավիրաթուղթ և ստորագրել է տալիս:
    — Ի՞նչ գործերի համար եք կանչված:
    — Դարձյալ այն անիծված կտակի համար է…

    Ազգասերը մոռացավ սերն էլ, ազգն էլ, Վարդանն էլ, Հայկն էլ: Նա կանգնեց այս խոսքերով.
    — Ներողություն, ես փաստաբանիս մոտ պետք է գնամ:

  • «ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ»  (Ն. ԱԴՈՆՑ)

    «ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ» (Ն. ԱԴՈՆՑ)

    «ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ» (Ն. ԱԴՈՆՑ)

    «Նախամարտիկ — յառաջամարտիկ, ախոյեան, զօրավար»՝ քաջ, հզոր մարտիկ և խրոխտ պաշտպան, առաջ նետվող կտրիճ: Ախոյան՝ «յառաջամարտիկ բանակին խաղացեալ ընդդէմ թշնամեաց, դիմակաց», նաև՝ ոսոխ…
    «Ախոյանաբար՝ արիաբար, ախոյանայարձակ՝ յարձակեալն իբրև ախոյեան, նախամարտիկ, արի»:
    «Ախոյանահարձակ սլացմամբ» ոգեշնչված մի քանի էջ անցյալից՝ Ն. Ադոնցի շարադրմամբ՝ ստորև…

    ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԱԽՈՅԱՆՆԵՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ

    Անձնական քաջությունը, ֆիզիկական ուժը, անհամեմատ շատ ավելի մեծ տեղ ունեին կյանքի մեջ հին ժամանակները, քան ներկայումս։ Քաջությունը երկնային էր, համարյա աստվածային։ Պատմական մեծ անձնավորություններից շատերը պարտական են գոնե աոաջին հաջողություններն իրենց բազուկներին, քան գլխին։ Ինքնապաշտպանության և կռվի միջոցներն ու գործիքներն էին լայնալիճ կամ հաստաձիգ աղեղ, պարսատիկ, բռնալիր, նիզակ, տապար ու սուսեր։ Ծանր սպառազինություն, երկաթապատ զրահ, պահանջում էին այնպիսի մարմնավոր ուժ, հաղթանդամ կազմվածք, որին բնավ պետք չունի ժամանակակից ինքնաշարժ հրացանը, գնդացիրը և մյուս հրեշավոր անոթները։ Որքան մարդկությունը հառաջանում է, այնքան նսեմանում է ուժի կարևորությունը, կարիքը։ Պատմության ընթացքը կարելի է բնորոշել որպես հարատև փոխանցումը մարմնավոր և ֆիզիկական զորությունից դեպի մտավոր և հոգեկան ուժի։ Բազուկները տեղի են տալիս գլխին։ Մարմնավոր քաջությունը՝ որքան հնանում է՝ մնում է անցած դարերի զարդ, այնքան մարդն անձուկով է նայում և կարոտում հին քաջությանը։ Հին մարդիկ պատկերվում են որպես տիտաններ, անհաղթելի հսկաներ, անհեթեթ, անձնեղ (մարմնեղ), մեծանձն, անձնյա, ոչ նման սովորական մարդի։

    (Նրանք) պաշտամունքի նյութ են դառնում, համարվում են դյուցազուններ, այսինքն՝ կեսաստվածներ, սերված աստվածներից (դիցերից, Կ.Ա.) և մահկանացուներից։ Հերակլես դեռ օրորոցում երկու վիշապ խեղդեց, որ Հերան ուղարկել էր նորածին մանկանը սպանելու համար։ Անունը կապ ունի «հերոս» արմատի հետ, լատիներեն՝ «սերվ», որ նշանակում է պահել, հսկել, rend — հարուա–haurna-servare – հսկա: Մեր Վահագն էլ է վիշապաքաղ։

    Հին մարդիկ փառաբանում են քաջությունը, նրանք ստեղծում են հերոսների տիպարներ և քաջությունը համարում տուրք աստվածային։ Քաջությունը տալիս է նաև անմահություն՝ հերոսները երբեմն երկինք են բարձրանում և որպես աստված միանում մյուս աստվածների խմբին։

    Բոլոր հին ազգերը քաջության աստված ունեն և քաջության տիպար հերոսներ։ Հունաց՝ Աքիլլես, Տրովա՝ Հեկտոր, պարսից՝ Ռոստամ, Հայոց՝ Տորք (մեր քաջության ավելի հին աստվածը և մեր բուն նախահայրն է Հայկ)։

    Մեր նախնիք ևս մեծապես գնահատում էին քաջությունը։ Հայկը Հայ ազգի նախահայրն է, Հայ ազգի մարմնացումն է։ Գեղապատշաճ, անձնյա, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ Հայկը քաջ և երևելի էր հսկաների մեջ։ Բելը Հայկի վրա է արշավում երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Մովսես Խորենացին Հայկի այս պատկերը քաղել է՝ հիմնվելով Հայ առաջնորդի ուժի, նորա անձնական քաջության նկարագրի վրա։ Մամիկոնյան, Բագրատունի, Սյունյաց, Ամատունյաց և Արծրունյաց իշխանական տներն այնպիսի դեմքեր են տվել, որ իրապես հերոսներ են։ Կուզեմ ներկայացնել պատմական մի քանի դեմքեր, որոնց քաջությունը միայն մարմնավոր չէր, այլ շաղկապված անվեհերության և գերմարդկային խիզախումի հետ։
    Մարմնավոր ուժն առանց հոգեկան արիության մեռած ուժ է։
    Սա է, որ շարժում է մարմնավորը, ոգի տալով՝ կրկնապատկում է այն։

    Ստորև հիշելի անձինք պատմության մեծ դեմքեր չեն, (նրանք) փայլուն հետք չեն թողել իրենց հետևից։ Բայց և այնպես՝ հերոսության տիպարներ են, որովհետև արհամարհելով մահը առնական արիությամբ, դուրս գալով մենամարտության ասպարեզը՝ նրանք փառքով են պսակել իրենց ծնող, սնող ժողովրդին։ Պետք է մի վտիտ հարգանքի տուրք տամ նրանց, ովքեր պատիվ են բերել Հայությանը որպես մենամարտիկներ։ Բյուզանդական ահռելի բանակի մեջ հազարավորների, տասնյակ հազարների մեջ հանկարծ մի Հայ է նետվում ընդդեմ թշնամու՝ իբրև կարող ընդունելու մենամարտը։
    Ահա նրանք՝ Արտավան, Արտավազդ, Անզալաս, Հովհաննես Գուզես, որ վկայված են օտար պատմիչներից (Ծնթ.- Ակնարկում է բյուզանդական նշանավոր պատմիչ Պրոկոպիոս Կեսարացուն)։

    1. Արտավան Արշակունի, բյուզանդական բանակի հայազգի զորավար, Հովհաննես Արշակունու որդին: Նախապես մարտնչել է Բյուզանդիայի դեմ, 539 թ. սպանել է Արևմտյան Հայաստան արշաված բյուզանդական զորավարներ Ակակիոսին և Սիտտասին: Այնուհետև ծառայել է Հուստինիանոս Ա կայսեր…
    2. Արտավազդ (? — 542), բյուզանդական բանակի Հայազգի զորավար: Աչքի է ընկել գոթերի դեմ մղված իտալական արշավանքների (541-542 թթ.) և, հատկապես, Վերոնա քաղաքի պաշարման ժամանակ: Ընդունել է գոթերի Վալարիս զորականի՝ իր հետ մենամարտելու առաջարկը և սպանել նրան:
    3. Անզալաս (Ընջյուղ), բյուզանդական բանակի Հայ զորական: 553 թվականին Տոսկանա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ ընդունել է գոթերի բանակից Կոկկաս անունով մի քաջ պատերազմողի հրավերը և մենամարտի ժամանակ սպանել նրան:
    4. Հովհաննես Գուզես, բյուզանդական բանակի Հայազգի զորավար, Հայաստանի կոմես Թովմայի որդին: Աչքի է ընկել 551 թվականի Լազիկայի և Կոլխիսի համար մղված պատերազմներում: Մենամարտի ժամանակ սպանել է հսկա մարմնով մի քաջ ալանի և ապահովել բյուզանդական բանակի հաղթանակը:
    1. ԱՐՏԱՎԱՆ (548 թ.)
    2. ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈԻՆԻ, ՈՐԴԻ ՄԱՆՈՒԵԼԻ (590 թ.)

    590 թ. Մորիկ կայսրը փորձեց Հայ նախարարներին Թրակիա ղրկելու։ Սակայն Հայոց նախարարներն ապստամբեցին և կամեցան «ի բաց կալ ի ծառայութենէն Յունաց թագաւորին և նստուցանել իւրեանց թագաւոր»։
    Դա արվեց հետևյալ նպատակով, «զի մի և նոցա հասցէ մեռանել ի կողմանս Թրակացաց, այլ կեալ և մեռանել ի վերայ աշխարհին իւրեանց» («Պատմութիւն Սեբէոսի» աշխատասիրությամբ՝ Գ. Վ. Աբգարյանի, Երևան, 1979, էջ 92)։
    Կայսրը արքունական պատվիրակներին հրովարտակով ղրկեց Հայաստան, սակայն Մանուելի որդի Սմբատ Բագրատունին նրանցից մեկին սպանեց։ Բյուզանդացիները ձերբակալեցին Սմբատին և (ուրիշ) յոթ հոգու հետ տարան մայրաքաղաք։ Դատեցին և որոշեցին ձգել կյունիկ, այսինքն՝ կրկես (ծանոթագրություն՝ «կյունիկը» բացօթյա կրկեսի բեմ էր, որի վրա տեղի էին ունենում կառամարզումներ, ցլամարտեր և այլ մրցումներ)։ Սմբատ էր «այր անհեդեդ անձամբ և գեղեցիկ տեսլեամբ, և բարձր և լայն հասակաւ, և բուռն և ցամաք մարմնով» (Սեբէոս, էջ 92)։ Նա «հզաւր և պատերազմող» էր հռչակվել բազում պատերազմներում։ (Սմբատն) այնպիսի ուժ ուներ, որ անցնելով «անտառախիտ մայրեաց և զաւրաւոր ծառոց» տակից՝ հաղթանդամ հզոր երիվարին նստած, ձեռքերը բարձրացնում, ծառի ոստից բռնում և իրանքով ու ոտքերով սեղմելով երիվարի մեջքը՝ նրան բարձրացնում էր գետնից վեր։ Տեսնողներն ահաբեկվում էին ու սաստիկ զարմանում։

    Սմբատին մերկացրեցին և թողեցին միայն անդրավարտիքով, այնուհետև նրան ձգեցին կյունիկ, «զի կուր լիցի գազանաց» (Սեբէոս, էջ 93)։ Սկզբում նրա վրա արձակեցին արջին (այս և հետագա բոլոր ընդգծումները հեղինակինն են — Պ. Հ.)։ Սմբատը գոռաց մեծաձայն և գնաց արջի վրա, զարկեց ճակատին բռունցքով և տեղնուտեղ սատակեց։ Երկրորդ անգամ նրա վրա արձակեցին ցուլ։ Սմբատը բռնեց ցուլի եղջյուրներից, դարձյալ իր աղաղակով ահ ձգեց ցուլի վրա, չարչարեց՝ ոլորելով պարանոցն ու ջարդելով եղջյուրները։
    Ցուլը թուլացած նահանջեց և փախստական դարձավ։ Սմբատը հետևից վազելով «բուռն հարկանէր յագին և ի կճղակն ազդեր միոյ ոտին նորա», ցուլի կճղակը պոկվեց և մնաց Սմբատի ձեռքին։ Ցուլը փախավ մի ոտով «բոկ»։ (Նման մի քաջություն Խորենացին վերագրում է Տրդատ (Գ Մեծին)՝ ասելով, որ հույն մի ըմբիշ հնում «զկճղակ եզին թափեաց», իսկ Տրդատը մի ձեռքով «կալեալ զեղջերէն» երկու վայրի ցուլերի, «թափեաց հանդերձ ընդվզեալ ջախջախմամբ») (Մովսես Խորենացի, «Պատմութիւն Հայոց», Տփղիս, 1913, էջ 218)։

    Երրորդ անգամ կատաղի առյուծ արձակեցին նորա վրա։ Երբ առյուծին արձակեցին, Սմբատը ճարպկորեն բռնեց նրա ականջից և նստեց մեջքին։
    Այնուհետև ձեռքը տարավ խոռոչափողը և սեղմելով խեղդեց առյուծին։
    Ամբոխը ոգևորությամբ ողջույնի աղաղակներ բարձրացնելով գոչեց և դիմեց կայսեր, որ ներե Հայ իշխանին։ Իսկ Սմբատը հոգնած, հանգիստ էր առնում նստած առյուծի վրա։ Կայսրուհին և կայսրը ողորմացին նորան, ներում շնորհեցին և բաղանիս ղրկեցին։ Այստեղ Սմբատին լվացին, հանդերձավորեցին և պալատ տարան։ Հետագայում Սմբատը զրպարտության զոհ դարձավ և աքսորվեց «ի կղզիս հեռաւորս» (Սեբէոս, էջ 93), ապա կայսրը հրամայեց այնտեղից նրան տեղափոխել Աֆրիկա՝ տալով նորան զինվորական տրիբունի պաշտոն։

    1. ՍՄԲԱՏ ՎՐԿԱՆԻՑ ԽՈՍՐՈՎ ՇՆՈՒՄ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (607թ.)

    Քուշանաց թագավոր Հեփթաղաց աշխարհում (Թուրքեստան) մեծ կազմությամբ ճամբարեց Սմբատի դեմ։ Հեփթաղը պատգամավոր ղրկեց Սմբատի մոտ.

    • Ի՞նչ օգուտ այսպես խառնամբոխ մտնել պատերազմի մեջ և սպառել մեր զորքը։ Ինչո՞վ պիտի ճանաչվի իմ և քո քաջությունը։ Արի՜, միայն ես և դու մենամարտենք։ Ես այստեղից, իսկ դու՝ այդտեղից ել ախոյան, «զի այսաւր ծանիցի քեզ քաջութիւն իմ»։

    Սմբատը պատասխանում է. «Ահաւասիկ պատրաստ եմ ի մեռանել»։
    Երկար հարձակվեցին միմյանց դեմ և կռվեցին ի տես երկու բանակների։
    Սակայն չէին կարողանում միմյանց հաղթանցել, որովհետև հսկայազորք (և ոչ «սակաւազաւրք», ինչպես տպված է. տես Ք. Պատկանյանի հրատարակությունը, էջ 67) և կուռ սպառազինյալ էին։ Վերջապես Սմբատին հաջողվեց ձգել նիզակը, պատռել վերտ և ամուր (ոչ վերտևամուր) ու կուռ զրահի ամրությանը և (Քուշանաց թագավորին) գետին տապալել:
    Իսկ Քուշանաց զորքը «իբրև տեսին զարքայն իւրեանց՝ զարհուրեցան և դարձան գնացին փախստական» (Սեբէոս, էջ 103)։

    1. ՎԱՍԻԼ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ (շուրջ 820-886 թթ.)
    2. ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (973 թ.)

    Անիի Գագիկ Շահնշահի մահից հետո նորա երկու որդիները՝ Հովհաննես-Սմբատ և Աշոտ գժտվեցին։ Աշոտը Արծրունյաց թագավոր Սենեքերիմից զորք է ստանում և շարժվում իր եղբոր վրա։ Այդ ժամանակ որպես դեսպան Հովհաննես-Սմբատ թագավորի մոտ էր մի վրաց իշխան։
    Սա պարծենալով խնդրում է, որ Հայոց թագավորն իրեն թույլ տա գնալ և բռնել կենդանվույն Աշոտին և վերջ դնել արյունահեղությանը։ Հովհաննես-Սմբատն ասում է. «Այր հզօր է Աշոտ, դու զիա՞րդ կարծես ածել զնա առաջի իմ»։ Վրացին պատասխանում է. «Ի ձիոյն առից զնա կենդանի»։ Սակայն Հովհաննես-Սմբատ թագավորը զգուշացնում է վրացուն, թե՝ «Առյուծի ձագին մի՜ արհամարհիր, մինչև որ տեսնես»։ Վրաց իշխանն արծվի նման սլացավ Աշոտի վրա՝ գոռալով. «Ո՞վ է Աշոտը, թող առա՜ջ գա»։ Աշոտը զայրացավ ինչպես ինծ և վրացին՝ մինչ ուզում էր նիզակով զարկել, Աշոտը կայծակի արագությամբ հանեց պողովատիկ սուրը և այնպես հարվածեց սաղավարտին, որ վրացու երկաթապատ մարմինը պատառեց, մինչև ստինքը երկուսի բաժանեց և «հանդերձ միջօքն յերկիր ընկենոյր» (Մատթէոս Ուռհայեցի, էջ 13-14)։

    1. ՎԱՍԱԿ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ, ԲՋՆՈ ԻՇԽԱՆ (1021 թ.)

    Թագավորը Դելումաց (դելմիկների — Պ. Հ.) եկավ և ավերեց Նիգ գավառը։ Հայոց սպարապետ Վասակն իր որդի Գրիգորի հետ ելավ նրանց դեմ։ Վասակը չէր կարող սպասել, որ մինչև զորքը հավաքվի։ Նա հինգ հարյուր մարդով առաջ անցավ։ Այլազգիների զորքից դուրս եկավ մի ախոյան՝ սև խափշիկ, որ կոչվեր «Յոթ գայլն», որ իբրև «սև ամպ որոտալով, բոց արձակելով իր զրահներից»՝ Վասակին կանչեց մենամարտի։ Վասակի ենթակաները սարսափած էին, քանզի «նման մի մարդ դեռ երկրի վրա չէր ծնվել»։ Վասակը հանգստացրեց նրանց և ասաց. «Ես դուրս կգամ նրա դեմ և նրան կտամ այն նույն պարգևը, ինչ Դավիթը տվեց Գողիաթին»։ Խափշիկը գազանաբար վրա հասավ, որ գեղարդի վրա առնի Վասակին։ Իսկ Վասակը փութաց և պողովատ թրով այնպես խփեց խափշիկի գլխին, որ նորա սաղավարտը երկուսի բաժանվեց, իսկ «մասունք մարմնոյ յերկիր անկանէին» (Մատթէոս Ուռհայեցի, էջ 13-14)։

    1. ՀԱՍԱՆ ԵՎ ՃՆՃՂՈՒԿ (1042 թ.)

    Հասանը և Ճնճղուկը Վասպարականի Խաչիկ իշխանի որդիներն էին։
    Նրանք նոր էին վերադարձել Թրակիայից, ուր կռվել էին կայսրության թշնամիների դեմ։ Իրենց բացակայության ժամանակ Խաչիկ իշխանը և նրա կրտսեր որդին՝ տասնհինգամյա պատանի Իշխանը, զոհ էին գնացել Սալմաստի մուսուլման ցեղերի հարձակումների ժամանակ։

    Վրեժ լուծելու համար մի քուրդ են կաշառում և ղրկում Սալմաստ՝ լուր տարածելու, թե Խաչիկ իշխանի կալվածքն անպաշտպան է, «զի՞ կայք պարապ»՝ ոչխարների բազում հոտեր անտերունչ թափառում են։ Քուրդն այդպես էլ արեց։ Այլազգիները 15 հազարով արշավեցին Վասպուրական:
    Հասան և Ճնճղուկ ունեին 5.000 զինվոր։

    Որպես «խոցված գազան»՝ Հասանը հարձակվելով թշնամու բանակի վրա ձայն է տալիս. «Ո՞վ է, ու՞ր է այն մարդը, որ սպանեց հորս՝ Խաչիկին, թող առա՜ջ գա»։ Եվ ահա դուրս եկավ մի այլազգի սև մարդ և հզոր ձայնեց.
    «Ես եմ, որ սպանեցի առյուծ Խաչիկին և ահա նրա պատերազմական ձին, զգեստը, նշանակն ու թուրը ձեռքիս է»։ Հասան՝ տեսնելով հոր ինչքը, սկսեց լալ և թուրը հանելով պատյանից, առյուծի պես սլացավ նորա վրա և հարվածելով երկու կտոր արեց, գետին տապալեց և (հոր) ձին ու նշանակը խլեց։

    Նման կերպով ձայն տվեց և Ճնճղուկը. «Ո՞վ է սպանել իմ մանուկ եղբորս՝ Իշխանին, թող ատյան դուրս գա, որ տեսնեմ նորան»։ Դուրս եկավ մի քաջ պարսիկ և ասաց. «Ես եմ քո եղբայր Իշխանին սպանել, ահա՜ նորա սպիտակ ձին, վառ նշանակը և թուրը»։ Ճնճղուկը կայծակի նման վրա հասավ, մի հարվածով սատակեցրեց նորան և առնելով եղբոր ձին և նշանակը՝ դարձավ հետ։

    Հայոց զորքերը խանդավառված հարձակվեցին թշնամու վրա, «դարձուցին ի փախուստ և կոտորեցին ի նոցանէ արս չորս հազար» (Մ. Ուռհայեցի, էջ 92)։

    1. ԱՐԿՆԻ ԱՄՐՈՑԻ ԻՇԽԱՆ ՀԱԲԵԼԻ ՀԱՐՊԻԿ, ԴԱՎԻԹ, ԼԵՎՈՆ
      ԵՎ ԿՈՍՏԱՆԴԻՆ ՈՐԴԻՆԵՐԸ (1052 թ.)

    Քսու և նենգավոր մարդիկ գնացին (Կոստանդնին Մոնոմախ կայսրի մոտ և ամբաստանեցին Չորրորդ Հայքի Պաղին գավառում բնակվող Հայոց իշխաններին, թե նրանք «անհնազանդ կան հրամանաց քոց և կամին ապստամբ լինել ի քէն»։ Բյուզանդացիներն ավերեցին բովանդակ գավառը։ Նրանք ցանկացան ձերբակալել նաև Արկնի կոչված մեծ ամրոցի տեր Հաբել իշխանի չորս քաջ և հզոր որդիներին՝ Հարպիկին, Դավիթին, Լևոնին և Կոստանդնին։ Եղբայրներից ավագը՝ Հարպիկը, նենգությամբ զոհ գնաց, մյուսները գերի տարվեցին մայրաքաղաք։

    Կայսրը և բոլոր հույները ապշել էին՝ տեսնելով նրանց ահեղ արտաքինը («սոսկալի տեսիլ կերպարանացն»), քանզի իրենց հաղթանդամությամբ նրանք գերազանցում էին բոլոր հույներին («ահատր էին տեսլեամբ և թիկամբքն հանդերձ բարձր էին քան զամենայն տունն Յունաց»)։ Կայսրը նրանց գեղեցիկ, հաղթանդամ արտաքինը նկատի ունենալով մարմնական ոչ մի պատժի չենթարկեց, այլ հրամայեց քաջ, հզոր և երևելի իշխաններ Դավթին, Լևոնին և Կոստանդինին կղզի աքսորել: (Եղբայրներն աքսորում մնացին մինչև 1056 թվականը, երբ Թեոդորոս կայսրուհին «մեծաւ փառասիրութեամբ արձակեաց զնոսա ի հայրենի աշխարհն իւրեանց ի բերդն Արկնի», Մ. Ուռհայեցի, էջ 122)։

    1. ՍԱԴՈՒՆ ԱՐԾՐՈՒՆԻ (1256 թ.)

    (Մոնղոլական) Մանգու Մեծ խանի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի կառավարիչ Հուլավու խանի մոտ է գալիս «մուղալ ազգաւ» (մոնղոլ) հույժ ահագին, երկայն հասակով, թիկնեղ, շլինքը «զերդ զգոմիշու», ձեռներն անճոռնի իբրև արջի, մի մարդ։ Սա ամեն օր ուտում էր մի ոչխար։ Նա Մանգու խանից գիր էր բերել և մի անգին կապա։
    Գրի մեջ ասված էր, թե «իմ եղբոր Հուլավու խանի մոտ եթե գտնվի մի բավքա (ըմբիշ), որ գետնի այս ըմբիշին, թող նրա՜ն լինի կապան։ Իսկ եթե այս բավքան հաղթե, թող կապան նրա՜ն հագցնեն և մեծ դեսպանությամբ ու պատվով հետ ուղարկեն իր մոտ։

    Հուլավուն կանչեց իր զորքերի բոլոր գլխավորներին և հարցրեց, թե գիտե՞ն որևէ մարդ թաթար, Հայ կամ վրացի, որ կարողանա մենամարտել Մանգու խանի բավքայի հետ։ Սակայն թաթարների մեջ այդպիսի մեկը չգտան, քանզի «ով աեսանէր զայրն զայն՝ ամենայնն վախէին ահագին հասակէն և ի տեսոյ նորա»։ Իսկ Հայ և վրացի իշխաններն ասացին, որ միայն մի մարդ կա, որ կարող է ճար լինել, այդ Արծրունյաց Սադուն իշխանն է, բայց այստեղ չէ, «այլ կայ ի տուն իւր»։ Սադունը «էր երկայն և վայելուչ հասակաւ, յոյժ ուժեղ ի մանկութենէ» («Պատմութիւն թաթարաց Վարդանայ պատմչի», Երուսաղեմ, 1870, էջ 47) և մենամարտերի մեջ փորձառու ու կիրթ։

    Խանը մարդ ղրկեց նորա հետևից։ Լսելով հրամանը՝ Սադունը խիստ տրտմեց, որովհետև երբեք չէր մենամարտել խանի առաջ, իսկ հաշվակիցը ահագին էր և ուժով։ Սադունը նախ գնաց Գագ՝ «առ ամենահաս Սուրբ Սարգիսն» և ուխտ ու մատաղ արեց, ապա ճանապարհ ընկավ Հուլավուի մոտ։ Երբ խանը տեսավ Սադունին, նորա կորովը և երկայն հասակը՝ հույժ ուրախացավ։ Նա հրամայեց, որ երկու ըմբիշներն ինը օր միասին կենան, որ օրն ուտեն մի ոչխար և խմեն մի տիկ գինի։

    Երբ սահմանված օրերն անցան, (խանը) հրամայեց բոլոր գլխավորներին ժողովել իր առջև և կանչելով երկու ըմբիշներին հրամայեց մենամարտել։ Երեք ժամ տևեց մենամարտը՝ ցերեկվա ժամը 3-ից մինչև 6-ը, և ըմբիշները չէին կարողանում միմյանց հաղթել։ Սակայն Սադունը ուժգին բախմամբ զգետնեց Մանգու Մեծ խանի ախոյանին և հույժ բարձրացավ Հուլավու խանի աչքին։ Խանը յառլիկ («իառլախ») գրեց «և թողուլ նմայ մինչև ի յինն գունահն» («Պատմութիւն թաթարաց», էջ 49)։

    Լուսանկարում՝ Ն. ԱԴՈՆՑԸ 1912 թվականին Անիում՝ Ն. Մառի, Հ. Օրբելու և արշավախմբի մյուս անդամների հետ (լուսանկարի հեղինակ՝ Ա. Վրույր)