ԴՐԱԽՏԱՅԻՆ ԵՐԿՐԻ ԲԱՐԻՔՆԵՐԸ ( Գազպեն, Հայկավ)…

Հիշու՞մ եք «Մշո Գորանի» երգի հայտնի տողերը՝

«Մըր սիրուն Մշու տուրան, յարըմ Գորանի,Սուրբ Գազպեն կիջներ վրան, Մշու Գորանի…»:

Կամ, որպես Մաշտոցի ծննդավայր հիշվող Հացեկացը՝ Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում գտնվող՝ Հացեկ, Հացեկք, Հացեաց անունով հայտնի գյուղը, որի անունը կապված է «հացենի» տեսակի ծառի հետ և որը, Սողոմոն Տարոնցու վկայմամբ, մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ուխտավայր էր տեղացիների համար:

Տարոնի գավառի «Հացեաց Դրախտը» (Հացի Մարգ) Վահագնի՝ Վահէվահեան մեհյանի գրաված բարձունքի ստորոտում էր՝ հացենիների հնագույն սրբազան անտառը (ինչպես «Սոսեաց անտառն» էր կամ՝ «Անտառ Ծննդոցը»):

Դրախտավայր այս երկրում, ուր «Կաթ ու մեղր էր հոսում», հացենիների, նաև՝ կաղնու և որոշ այլ ծառատեսակների վրա հարավային քամու բերած՝ դեղձենու, ծիրանենու ծաղկափոշուց գոյանում էր քաղցրահամ մի նյութ՝ Գազպեն (մանանա), որը հավաքելով՝ բնակչությունը գործածում էր մեղրի, շաքարի փոխարեն (ծառերի տերևները բարակ ցողի նման պատող քաղցրահամ այդ կպչուն հյութը «մեղրացող» է կոչվում նաև):

«Գազպեն գոյանայ ի քաղցր գոլորշեաց ծառոց, ծաղկունց և խոտոց ի ցող խառնելոց, զոր ժողովեն ի բազում տեղիս աշխարհի»,- կարդում ենք 1819 թվականին Մոսկվայում՝ Հայաստանյան դպրոցների համար հրատարակված «Ծաղիկ գիտութեանց» գրքում (էջ 54):

Քաղցրահամ այս մեղրահյութը՝ մեղրացողը, սասունցիների զանազան կերակրատեսակների բաղադրիչներից էր…

Ի դեպ, Հայաստանի տարբեր վայրերում մինչև 19 -րդ դարի վերջը շաքարին փոխարինում էր դոշաբը՝ խաղողի, նռան կամ թթի հյութից եփած մուգ, թանձր քաղցրահյութը:

Տարոնը նկարագրելով որպես բարեբեր երկիր, նշելով մեղրի, գազպեի, մրգերի ու այլ մթերքների առատության մասին, Անանիա Շիրակացին գրում է՝
«Ունի եւ գազպե եւ մեղրանոյշ, քան զամենայնի երկրի»…

«Բակլայի ալյուրով, նշի ձեթով, շեկ չամիչով և սպիտակ գազպեն ջրով տրորած» խառնուրդը Մխիթար Հերացու՝ մարդուն ապաքինելու «հրաշագործ» միջոցներից էր («Մխիթար Բժշկապետի Հերացիոյ Ջերմանց մխիթարանք», Վենետիկ, 1832թ. էջ 45) …

Խոյում (Հեր) ծնված, 12-րդ դարի Հայ մեծանուն գիտնական, բնագետ, փիլիսոփա, հայ դասական բժշկության հիմնադիրը համարվող Մխիթար Հերացին իր «Ջերմանց մխիթարություն» գրքի բժշկական խորհուրդներում՝ բազմաթիվ հիվանդությունների դեմ որպես ամոքիչ նյութ ու բուժիչ խառնուրդների բաղադրիչ, հիշատակում է «Հայ կավը» և «հոռոմ մատնեհար կավը» (վերջինս հայերենով նաև «աղանուր» էր կոչվում):

Դեռևս վաղնջական ժամանակներից ի վեր Հայոց կողմից բուժական նպատակներով կիրառվող կավն արտահանվում էր մեր սահմաններից շատ հեռու և, ինչպես տեղեկանում ենք ժամանակի սկզբնաղբյուրներից, հատուկ կնիքով կնքված (բնօրինակի հաստատման համար):
Լեմնոս կղզուց արտահանվող կավի բեկորների կնիքի վրա՝ դիցուհու՝ Դիանայի պատկերն էր (ինչպես տեղեկացնում է 1-ին դարում Կիլիկիայում ծնված բուսաբան, բժիշկ Դիոսկորիդը, Dioscoride):

Անտիկ շրջանի, այնուհետև միջնադարյան Հայ և օտարազգի հեղինակների (Գալեն, Ավիցեննա, Իբն Սինան, Մ.Հերացի…) կողմից գրված բժշկական դեղամիջոցների պատրաստման բաղադրամասերում առանձնահատուկ դեր ուներ Հայ կավը (Հայկավ, հայկավակ ձևով էլ է կիրառվում):

Դեռևս հին Հունաստանում բժիշկներն այն գործածում էին արտաքին և ներքին կիրառմամբ՝ որպես հակաթույն, շնչառական (սուլոցով) հիվանդությունների (ասթմա), համաճարակների ժամանակ ջերմության իջեցման և բազում այլ նպատակներով:

Գոյություն ուներ նաև մատնեհար կավը, որը պեղում էին Լեմնոս կղզում, Եգիպտոսի կավը…

Սիլիկատներից ու ալյումինից բացի, իր՝ երկաթի օքսիդի բարձր պարունակության շնորհիվ Հայկավն ուներ մուգ կարմիր գույն, մատնեհար կավը վարդագույն էր:

Անիի, ներկայիս Իջևան քաղաքի և այլ շրջաններից (Լևանտում՝ ներկայիս Լիբանանի, Սիրիայի տարածքներում) պեղված «ընտիր և կարմրագույն» այս կավը, որն ամենուր հայտնի է «Bolus Armenius», «Bolus Armeniaca» անունով, Հայ միջնադարյան աղբյուրներում հանդիպում է նաև «հայհող» («Terra Armenia»), «հայկավակ» ձևերով…

Ոսկրախտի բուժման, մաղձաբեր, հակաթույն հատկություններով հայտնի Հայկավը չափազանց գնահատված էր ու հայտնի ջերմության նվազեցման, թունավոր կենդանիների խայթոցների դեմ կիրառվող միջոցներում:

Մեր օրերում էլ լայնորեն գործածվող կավը 1938 թվականի դեղագործական ձեռնարկում (Hagera) նկարագրվում է իր լավագույն հատկություններով (այսօր միայն «սպիտակ կավն» է օգտագործվում՝ կաոլինը):

Ստորև որոշ պատկերներ՝ 1491 թվականին Մայնցում տպագրված «Hortus sanitatis»-ի՝ Հայկավին վերաբերող նկարազարդումներից (լատիներենով՝ «Խոտերի գիրք», որպես ապրանք՝ կոչվում էր և «Terra sigillata», նաև՝ նրա ալքիմիական նշանի լուսանկարը )…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով