ԱՐԵՎԱԳԱԼ

Մարդու կենսական պայմանները թելադրում, պարտադրում են ժամանակը չափելու անհրաժեշտությունը: Եվ վաղնջական ժամանակներից ի վեր՝ ինքնապաշտպանական բնազդը, կյանքի հարատևումն ապահովելու և ընդհանուր կենսամակարդակի բարձրացման ձգտումը մարդուն մղել են երկնային տեսանելի լուսատուների շարժման ուսումնասիրմանը, աստղագիտական գիտելիքների կուտակմանը, օրացուցային՝ տոմարական համակարգի ստեղծմանը:

Իր առանցքի շուրջ երկրի պտույտն առաջացնում է ցերեկվա և գիշերվա շարունակական հաջորդականությունը:
Արեգակի դիրքով պայմանավորված՝ եղանակների պարբերական փոփոխությունը, և այդ փուլերի կրկնությունը որոշակի ժամանակահատվածի գիտակցումն է ձևավորում:

Հողագործությամբ, որսորդությամբ զբաղվող մարդու համար տարածության և ժամանակի մեջ ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը կար, և դա պահանջում էր աստղագիտական որոշակի գիտելիքներ:

Հեռավոր անցյալում իմացության այդ ոլորտը Քրմերի մենաշնորհն էր:
Երկրի տնտեսական, քաղաքական և տոնա-ծիսական կյանքը կազմակերպելու համար նրանք էին իրենց ուսումնասիրություններով ամբարում անհրաժեշտ պաշարները՝ բաղդատում, կանոնակարգում ձեռքբերվածը և աստղագիտության հիմքը դնում՝ որպես գործիք հաճախ ունենալով միայն իրենց աչքերը, աստղազարդ երկինքն ու հորիզոնը:

Արեգակի շուրջը պտտվելու ընթացքում՝ երկրի դիրքով պայմանավորված՝ արևածագի և մայրամուտի պահերը հորիզոնի նկատմամբ տարբեր հատվածներում են դիտարկվում:
Գարնանային և աշնանային օրահավասարները (մարտի 20-21 և սեպտեմբերի 22-23), ամառային և ձմեռային արևադարձերը (հունիսի 21-22 և դեկտեմբերի 22-23), որոնք ազդարարում են գիշերվա և ցերեկվա տևողությունների փոփոխությունը (կարճացում կամ երկարացում), Արեգակի «տարեկան պտույտի» «բեկումնային» կետերն են: Եվ, բնականաբար, դրանք նշվել են առանձնահատուկ արարողություններով՝ տոներով և ծեսերով:

Երկրի վրա կյանքը կարգավորող երկնային լուսատուների կանոնակարգված, ներդաշնակ շարժման հետևողական ուսումնասիրության արդյունքում ձևավորվում են ժամանակի չափման միավորները՝ ժամը, օրը, տարին, հետևաբար նաև՝ օրացույցը, տոմարը: Որպես այդ պարբերական կրկնվող շրջափուլերի սկիզբ զանազան ազգեր ընտրել են «հաշվարկի մեկնարկի» տարբեր պահեր:
Բնության մեջ, մարդու կյանքում (երկրագործական աշխատանքների, ճանապարհորդության համար…) կենսական իր դերն ունի նաև գիշերային լուսատուն՝ Լուսինը:


Վերջինիս «ծնունդի», «աճի», այնուհետև «նվազման», «մահվան» պարբերականության իմացությունը ևս կարևոր էր, քանզի այդ փուլերից յուրաքանչյուրն իր ազդեցությունն ուներ երկրի վրա (մակընթացությունները, տեղատվություններն ասվածի ցայտուն դրսևորումներից են)…

Զանազան ժողովուրդներ հազարամյակներ ի վեր կիրառել են լուսնային կամ արեգակնային օրացուցային համակարգը՝ տարբեր տարեսկզբով՝ հարմարեցնելով սեփական բնակլիմայական պայմաններին կամ քաղաքական պահանջներին:

Հին Եգիպտոսում հուլիսի 19-ից սկսվող հորդառատ անձրևների հետևանքով Նեղոսի վարարումն էր ազդարարում Նոր տարվա սկիզբը:
Հին Հռոմում գարնանամուտն էր տարեգլուխը՝ մարտին, որը հետագայում տեղափոխվեց հունվարին՝ զինվորական գործի թելադրանքով՝ գարնանը՝ մարտին սկսվող ռազմարշավներից առաջ զորքերը կոնսուլների միջև բաժանելու և ռազմական անհրաժեշտ զորավարժանքի պատրաստվելու նպատակով:

Հայկական Լեռնաշխարհի բնիկները՝ Հայոց Արևապաշտ Նախահայրերն իրենց գիտական-փորձնական ուսումնասիրությունները զարգացնելով ձևավորել են Հայկեան ուսմունքը:
Նրանք նշանավորել են երկնքում Կենսատու Լույսի՝ Արևի շարժման շրջանային իրադարձությունները՝ Արևագալի տոնը՝ Արեգակի ամենամյա «Ծնունդը» ձմեռային արևադարձին՝ Արաց ամսվա Գիշերավարի օրվան հաջորդող Մեհեկան ամսվա Միհր օրը (դեկտեմբերի 22-ին)՝ Արեգ — Միհրի ծնունդը փառաբանելով, իսկ որպես Նոր տարվա սկիզբ համարել են Բնության Վերափոխումը և Վերազարթոնքը՝ գարնանային օրահավասարը՝ Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21):

Արևադարձը, որ տեղի է ունենում տարին երկու անգամ՝ ձմեռայինը՝ դեկտեմբերի 21-22-ին (երբ տարվա ամենակարճ ցերեկն է և ամենաերկար գիշերը՝ հյուսիսային կիսագնդում հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է) և ամառայինը՝ հունիսի 20-21-ին (երբ ամենաերկար ցերեկն է և ամենակարճ գիշերը, Արևը երկնքում իր առավելագույն բարձրության վրա է): Նշենք, որ նահանջ տարիների արդյունքում ամսաթվերի մեկօրյա տարբերություն է լինում տարիների ընթացքում:

Միհրի ծնունդի՝ Արևագալի տոնը Հայոց հիմնական տոներից է:
Այս և մյուս տոների, ծեսերի իմաստը մեկնաբանում են Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ հստակեցնելով և պարզաբանելով Հայոց ազգային ավանդույթների ակունքները և նպաստում Հայկազուն Արևորդիների կենարար ուսմունքի հարատևմանը…

«ԲԱՐԵՓԱՌ ՄԻՀՐ ՊԱՐԳԵՒԷ ԶՓԱՌՍ ԵՒ ԶՊԱՏԻՒ,
ՇՆՈՐՀԷ ԶԲԱՐԱՒՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԼԻՈՒԹԻՒՆ,
ԽՐԱԽՃԱՆԱՒՔ ԵՒ ԽՐԱԽՈՒԹԵԱՄԲ ԼՆՈՒ ԶՏՈՒՆ
ԵՒ ԶԸՆՏԱՆԻՍ, ՄԻՆՉ ԵՂԾԱՆԷ ԶՏՈՒՆ ԵՒ ԶՏԵՂԻ
ԹՇՆԱՄԵԱՑ ՄԵՐՈՑ ԵՒ ՆՈՑԱ, ՈՐՔ ԴՐԺԵՆ ԶՈՒԽՏ ՄԻՀՐԱՅ,
ՇՆՈՐՀՈՂՆ Է ԱՐԵՒՈՐԴԵԱՑ ԲԱՐԵՊԱՇՏԻՑ
ԵՒ ՊԱՏՈՒՀԱՍՈՂՆ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԱՑ»։

ԲԱՆՔ ՔՐՄԱՑ

ՁԱՒՆՄԱՄԲ
ՔՐՄԻ ՄԻՀՐԱՅ ՀԱՅԿԱԶՈՒՆՒՈՅ

Հ.գ. Բարեփառ Միհրի ձոնը՝ Քուրմ Միհր Հայկազունու հրապարակումից՝ շնորհակալությամբ…