«…Ի ՏՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ…»

Հոլանդացի նկարիչ՝ Ժան-Բատիստ Վանմուր (1671-1737) «Հայկական հարսանիք»
Հոլանդացի նկարիչ՝ Ժան-Բատիստ Վանմուր (1671-1737) «Հայկական հարսանիք»

1144 թվականին, Հայկական Միջագետքի ծաղկուն քաղաքի՝ Եդեսիայի պաշտպանները, հավատալով հակառակորդի՝ բնակչությանը չվնասելու խոստումին, անձնատուր եղան ու… կոտորվեցին…

Ներսես Շնորհալու՝ Որդեկորույս մոր տեսքով անձնավորված Հայրենիքի սուգն է «Ողբ Եդեսիոյ» քերթվածում, որն, այնուամենայնիվ, բանաստեղծն ավարտում է վերապրածներին հոգեպնդելու հավատով, որ աշխարհի չորս ծագերից կգան, կհավաքվեն հալածյալներն ու ցրվածներն՝ «Ի տուն Հայրենի»…

Թեև հետագայում, իր «Բան հաւատոյ» երկում, նա հիասթափությամբ էր հիշում «սուտանուն քրիստոնեաներին» («խաչակիրներին») միամտորեն հավատացող ու աջակցող իր հայրենակիցներին:

Իր (ու մեր ազգի) համար «չար ժամանակների նեղությունների» մասին է գրել նաև Մատթեոս Ուռհայեցին (11-12-րդ դդ.)՝ տառապալից փորձություններից հետո գալիք բերկրալի օրերի հույսով ու համոզումով, ի հիշեցումն ապագայի սերունդներին:

Շեշտելով նաև, որ «խաչակիրների կատարած բազում անիրավությունների մասին չի համարձակվում գրել, քանզի նրանց իշխանության ներքո են» («զբազում անիրաւութիւնս նոցա կամէի գրել, բայց ոչ համարձակեցաք, զի ընդ իշխանութեամբ նոցա էաք»:

Դեռևս 3-4-րդ դարերից Սասանյան արքաների օրոք Հայոց զանգվածային բռնագաղթին ու տեղահանությանը հաջորդեց 7-14-րդ դարերում զանազան քոչվոր ասպատակողների (արաբ, սելջուկ, մոնղոլ) հետևանքով զգալի արտագաղթը՝ աշխարհիս տարբեր շրջաններ, միջնադարյան Եվրոպայի ու Ասիայի զանազան վայրեր:

7-րդ դարի պատմիչ Սեբէոսն իր «Պատմության» մեջ հաղորդում է «Հայ իշխաններից Հայաստանը պարպելու՝ Մորիկի նենգ դավադրությունը», շարադրելով Բյուզանդիայի Մորիկ կայսեր հայտնի նամակն՝ ուղղված պարսից արքային, ուր արտացոլված է այդ շրջանում Հայոց նկատմամբ մղած քաղաքականությունը:

Հիշենք, որ նա հորդորում էր Խոսրովին Հայաստանի՝ իր տարածքում գտնվող Հայերին տեղահանել՝ ինչպես ինքն էր Հայոց ըմբոստ ռազմիկներին ուղարկում Թրակիա.

…Եթե այնտեղ սպանեն՝ կսպանեն իրենց թշնամիներին, թե սպանվեն՝ դարձյալ իրենց թշնամիները (Հայերը) կսպանվեն: Եվ իրենք խաղաղ կապրեն…

«Ազգ մի ինքնակամ (օտար,Կ.Ա.) և անհնազանդ կա մեր մեջտեղում և անընդհատ ըմբոստանում է։
Ուստի ե՛կ,- ասում է,- ես (Հայաստանի) իմ մասում եղածներին ժողովեմ և Թրակիայում հավաքեմ, իսկ դու՝ քո մասում եղածներին ժողովիր և հրամայիր Արևելք տանել։
Որովհետև, եթե նրանք մեռնեն, ապա մեր թշնամիները կմեռնեն, ու, եթե սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, իսկ մենք` կապրենք խաղաղ։
Քանզի եթե դրանք իրենց երկրում լինեն, մենք հանգիստ չենք ունենա»։

(«Ազգ մի խոտոր և անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում և պղտորեն։ Բայց եկ, ասէ, ես զիմս ժողովեմ և ի Թրակե գումարեմ, և դու զքոյդ ժողովէ և հրամայէ յԱրևելս տանել։
Զի եթէ, մեռանին՝ թշնամիք մեռանին․ և եթէ սպանանեն՝ զթշնամիս սպանանեն․ և մեք կեցցուք խաղաղութեամբ։
Զի եթէ դոքա յերկրի իւյեանց լինիցին՝ մեզ հանգչել ոչ լինի» ( Սեբէոս, «Պատմութիւն», էջ 86, 197):

1045 թվականին, մայրաքաղաք Անիի հանձնումից հետո, կամ, թերևս, ինչպես Մատթեոս Ուռհայեցին է պատճառաբանում Բագրատունյաց թագավորության անկումը՝ 1076 թվականին՝ Գագիկ Բ-ի սպանությունից հետո, հայրենիքից հեռացած բազմահազար Հայեր սփռվեցին եվրոպական զանազան երկրներում (Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում), որտեղ կազամակերպված համայնքների մի չնչին մասն այսօր էլ գործում է:

Լեհաստանում 14-րդ դարից մեծ ինքնավարություն ունեցող մեր ազգակիցների համար 1519-1780 թվականներին գոյություն ուներ ատյաններում գործող՝ հատուկ «Հայերի կարգավիճակ» արտոնությունը:

Հիշյալ երկրներում «Հայկական» կոչվող բազմաթիվ փողոցների առկայությունից բացի, հիշարժան է
13-14-րդ դարերում Ղրիմ թերակղզուն՝ ոմանց կողմից տրվող «Ծովային Հայաստան» անվանումը («Arménia Maritima», կամ՝ «Arménia Magna»՝ համաձայն «100 տարի, 100 իրադարձություն» Ծրագրի կայքի թիվ 74 -րդ գրառման, «100 Ans, 100 Fait»):

Ներկայիս Թուրքիայի և Բուլղարիայի սահմաններում գտնվող հնագույն Թրակիայի շրջանում հայաբնակ բազմաթիվ գավառներ կային վաղնջական ժամանակներից ի վեր:

Հիշյալներից է Բյութանիայի տարածքը (Սև և Մարամարա ծովերին հարող շրջանը՝ Նիկոմեդիա, (Իզմիթ), Ատաբազար, Գասթեմունի, Բուրսա… հայտնի քաղաքներով), որտեղից մոտ 50 տարի առաջ կոտորածներից վերապրածների մի չնչին մասի սերունդները ներգաղթեցին Հայաստան՝ հիմնելով Երևանի մեծ թաղամասերից մեկը՝ Բութանիան:

Միջնադարյան Հայ գրչության կենտրոններով հարուստ Բուլղարիայում գահակալել է Հայաստանի Դերջան գավառում ծնված Սամուել Կոմսաձագը (Cometopouloï) (997-1014թթ.), (Ստեփանոս Ասողիկի հաղորդմամբ):

Կիլիկիայի Հայկական Թագավորության անկումից հետո (1375), բազմահազար Հայեր գաղթեցին Իտալիա, Ֆրանսիա և այլուր՝ ավելի ստվարացնելով հայրենիքից հեռու սփռվածների շարքերը:

Իտալական Վերածննդի կարկառուն ներկայացուցիչներից՝ Բոկաչոյի «Դեկամերոն» պատմվածաշարում Կիլիկիայի արձագանքը կա:

Իտալիայում (Սիցիլիայում, Վենետիկում և այլուր) հայկական հարուստ հետքերին են անդրադարձել որոշ ուսումնասիրողներ՝ փաստելով 668 թվականից ի վեր եղած կապերը (հնագույն շրջանի փոխառնչությունները առանձին հետազոտության հարուստ նյութ են):

16-17-րդ դարերում Արևելքի, Եվրոպայի ու Հնդկական օվկիանոսի ափերով ձգվող առևտրական ճանապարհներին Հայ մեծահամբավ վաճառականության դերը չափազանց կարևոր ու նշանակալի էր:

Արևելքի՝ Լևանտի (ներկայիս Սիրիայի, Լիբանանի) շրջաններից մինչև Օրմուզ ու Հնդկաստան տարածվող առևտրական կապերի մեջ հայտնի՝ առաջատար բազմաթիվ Հայերի անուններ են պահպանվել զանազան երկրների արխիվներում:

Ասվածի վկայություններից են Պորտուգալիայում պահպանված որոշ փաստաթղթեր ու նամակներ, որոնք հավաստում են 16-րդ դարի սկզբին Հայազգի կարևոր գործիչների, առևտրականների գործունեությունը…

Հայերին ու պորտուգալացիներին վերաբերող բազմաթիվ գրություններ են ներկայացված Dejanirah Couto-ի՝ «Հայերը և Պորտուգալացիները 16-րդ դարում՝ Հնդկական օվկիանոսի լրատվական ցանցում» («Arméniens et Portugais dans les réseaux d’information de l’océan Indien au 16e siècle») ուսումնասիրության մեջ:

Ուշագրավ բազմաթիվ դրվագներից հիշատակենք 1565 թվականին իր քարավանով Սասունի շրջանով անցնող՝ Mestre Afonso անունով պորտուգալացի մի առևտրականի՝ զարմանքով արտահայտած այն միտքը, համաձայն որի մոլեգնող ժանտախտի համաճարակի ժամանակ Սասունի Հայերն աներկյուղ կրում էին «վարակված հագուստներ, ու չէին հիվանդանում, կարծես նրանք երեք կյանք ունեին»…

Հնագույն ժամանակներից ի վեր Հեռավոր Արևելքից (Առաջավոր Ասիայից) մինչև Մերձավոր Արևելք ու Եվրոպա ձգվող առևտրական ճանապարհների համբավավոր գործիչներն էին Հայ առևտրականները:

Գտնվելով Արևելքի ու Արևմուտքի միջև՝ Հայկական բարձրավանդակով էին անցնում աշխարհիս կարևորագույն տարանցիկ ուղիները, որոնցով կապ էր ստեղծվում մերձակա ու հեռավոր երկրների միջև վաղնջական շրջանից սկսած:

Այդ ճանապարհների հետքերն այսօր էլ պահպանվել են (ու կարծես վերստին գծագրվում են՝ Հայաստանում ասֆալտապատման բուռն աշխատանքների ծավալը վկա):

Ոսկեթելի՝ մետաքսի կերպասագործ-վարպետների նուրբ, դիմացկուն գործվածքները, ու, հատկապես, որդան կարմիրով ներկված հայկական մետաքսաթել ծիրանին («Հայկական ծիրանին՝ բյուզանդացիների անվանած՝ «պորփյուրիկոնը»), լավագույնս գնահատված էր ամենուր…

Եվ հետագայում՝ նույնպես…

Ավելին՝ 16-17-րդ դարերում Արևելքի ու Եվրոպայի առևտրական ուղիներում հաջողությամբ՝ անվտանգ ճամփորդելու գրավականն էր դարձել նույնիսկ Հայ վաճառականի հանդերձը…

18-րդ դարի եվրոպական գործիչներից ոմանց նախընտրած հագուստն էր Հայկական բաճկոնը (կաֆտան):

Ֆրանսիական Լուսավորության շարժման ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Ժան-Ժաք Ռուսսոն գերադասում էր կրել միայն Հայկական բաճկոն՝ ինչպես հավաստում են իր բազմաթիվ նամակները…

18-րդ դարում Արևմտյան Եվրոպայում խմորվում էր մշակութային մի ուղղություն (գրականության մեջ, կերպարվեստում…), որը բնութագրվում էր Արևելքի պատմության, մշակույթի, կենցաղի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությամբ և կոչվում էր՝ Օրիենտալիզմ (Orientalisme):
Ժամանակի նկարիչների վրձնած բազմաթիվ աշխատանքներում, նաև՝ փորագրություններում, հայկական հագուստներն են:

Որոշ պատկերներ (նաև՝ Ժ.Ժ.Ռուսոյի տարբեր դիմանկարներ՝ միշտ Հայկական բաճկոնով)՝ ստորև…

Ժան-Բատիստ Վանմուր «Հայ ընտանիք՝ սրճելիս»
Ժան-Բատիստ Վանմուր «Հայ ընտանիք՝ սրճելիս»
Ժան-Բատիստ Վանմուր «Հայուհիներ»
Ժան-Բատիստ Վանմուր «Հայուհիներ»
Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով