«…Ո՜Վ ԻՄ ՈՐԴԻ՛Ք, ԻՄ ՀԵԳ ՈՐԴԻ՛Ք, ԱԿԱ՛ՆՋ ԱՐԵՔ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ»… (Հ.Թումանյան)

Մատենադարանի աջ մուտքի տեսքը՝ ձախից՝ աջ. Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ
Մատենադարանի աջ մուտքի տեսքը՝ ձախից՝ աջ.
Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ

«Ամեն ինչից ավելի մարդու համար գովելի է իմաստությունը, քանզի իմաստությունը մարդու համար նույնն է, ինչ աղը՝ կերակուրին, քանի որ ամեն կերակուր առանց աղի անհամ է ու անպիտան»:

(Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմերան հատոր, էջ 179, արևելահայերենի վերածելով՝ մեջբերումը՝ Ս.Ա.Զաքարյանի՝ «Իմացության տեսության հարցերը 13-15-րդ դարերի հայ փիլիսոփայության մեջ» ուսումնասիրությունից. «Գովելի է իմաստութիւն մարդոյն՝ քան զամենայն իր, վասնզի իմաստութիւն մարդոյն՝ է որպես աղ ի կերակուրն, զի ամենայն կերակուր առանց աղի՝ անհամ է ու անպիտան»):

Հնագույն շրջանից բանավոր, սերնդեսերունդ փոխանցված կամ մեզ հասած գրավոր աղբյուրներում գիտության և իմաստության կարևորությունն ու գովքն է արվել, փառաբանվել ու արժքավորվել Ճշմարտության որոնումը:

Գաղտնալից տիեզերքի, Կյանքի, Արարումի խորհուրդով զարմանալու և սքանչանալու կարողությունից է ծնվում սերը՝ այդ գեղեցիկ ու բազմախորհուրդ իմաստնության հանդեպ խոկումն ու իմացության բացահայտման փնտրտուքները:

Իմաստությանը մոտեցնող ուղիներին հետևելը դիտվել է որպես մարդուն վեհացնող մեծագույն արժեք:

Մարդու և կենդանու միջև տարբերությունը «իմացմամբ և մտօքն որոշի»,- գրել է Հայ աստվածաբանական մտքի խոշոր գործիչներից մեկը՝ Գ.Տաթևացին՝ 14-րդ դարում:

Վենետիկում տպագրվող «Բազմավէպ» հանդեսի՝ 1966 թվականի հոդվածներից մեկում, թերևս որպես հիշեցում ժամանակի Հայ երիտասարդությանը, զետեղված են 2-րդ դարի հռոմեական կայսրերից մեկի՝ (նաև՝ իր «Խորհրդածություններ» երկով հայտնի), Մարկոս Ավրելիոսի՝ Հռոմի ավերման առիթով ողբի տեսքով գրված հետևյալ տողերը.

«Ո՜վ Հռոմ, չեմ ողբա վրադ, որ պալատներդ ավերվել են, պարիսպդ քանդել, անտառներդ այրել, բնակիչներդ պակասել, դրանց վրա չեմ լալիս: …

Այլ ողբում եմ ու վրադ կրկին ողբում՝ տեսնելով քեզ ու հայրերին առաքինությունից ու դրա կրթությունից զուրկ:

Իսպառ կորավ մեր հայրենիքը, երբ պակասեց տղաների ու աղջիկների կրթությունը, տղաները լրբացան, աղջիկներն ամոթխածությունը մի կողմ դրեցին, ու մայրերը անպարկեշտ դարձան» …

«Բազմավէպ» (1966թ., էջ 57), մեջբերված՝ Ռուզան Դոլուխանյանի՝ «Մանկավարժական, բարոյախոսական և հայրենասիրական դասերը «Բազմավէպում» (1866-1885), Գիրք երկրորդ, Երևան, 2017, ուսումնասիրությունից, ուր հիշատակում է նաև «բարոյախոս ու մանկավարժ» կայսեր՝ որպես հայր, փափագած երազանքը՝ «իր որդին այնպիսի դաստիարակություն ստանա, որ նմանվի Աստվածներին»:

Հավելելով, որ նման պահանջ կա նաև 5-6-րդ դարի Հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթի՝ «Փիլիսոփայական սահմանները» երկում՝

«Որովհետև էլ ի՞նչ կարող է լինել ավելի երանելի և վայելուչ նպատակ, քան ըստ մարդկային կարողության Աստծուն նմանվելը», հեղինակը (Ռ.Դոլուխանյանը) հիշում է նաև Հունաստանից Հռոմ բերված ու Պյութագորասի ճեմարանի դռանը դրված՝ վերջինիս արձանի փորագրությունը՝

«Ով որ իմանալու բաները չգիտի՝ մարդկանց մեջ անասուն է, ով որ պետք եղածից ավելին չգիտի՝ անասունների մեջ մարդ է, իսկ ով որ գիտի այնքան, որքան հնարավոր է իմանալ՝ մարդկանց մեջ Աստված է»…

Դարերի խորքից հնչում է՝ մնալով արդիական.

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ»…

Հանճարեղ Թումանյանի հորդորով (ու լավագույն մաղթանքներով)՝

«…Ո՜վ իմ որդի՛ք, իմ հեգ որդի՛ք, ականջ արեք իմաստության»…

Մատենադարանի ձախ մուտքի տեսքը.
Ձախից՝ աջ.
Թորոս Ռոսլին, Գրիգոր Տաթևացի, Անանիա Շիրակացի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով