«ԹԵ ԿԱՐԴԱՍ՝ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՍ» ԿԱՄ՝ «ԽԻՍՏ ՀԵՇՏ Է՝ ԹԵ ՇԱՏ ՈՐՈՆԵՍ»…

Ժամանակակից գիտությունները ծնվել, զարգացել են անհիշելի ժամանակներում:

Նրանց ծագումն՝ այլաբանական ձևով, արտացոլվել է Տիեզերքի, Աշխարհի, Կյանքի ու Մարդու արարման առեղծվածների վերաբերյալ դիցաբանական պատումներում:

Առասպելների այլաբանության մասին նշում են դեռևս պատմիչները, որոնցից է և Խորենացին, ու ներկայիս իմաստասերներն առանձնահատուկ ուշադրությամբ են վերլուծում հազարամյակներ ի վեր «երգվող երգերը»…

Խորհրդավոր մշուշով պարուրված քիմիայի՝ նախագիտական անվամբ՝ ալքիմիայի հնագույն արմատների շուրջ զանազան պատմություններ են հյուսվել:

10-րդ դարի բառագետ Ժան Անտիոքցին (lexicographe Jean d’Antioche) իր «Suidas» -ում գրել է, որ «Ոսկե Գեղմը» այն չէ, ինչ ներկայացվում է առասպելում, այլ՝ մագաղաթի վրա գրված մի մատյան, ուր բացատրվում էր ալքիմիայի միջոցով ոսկի ստանալու եղանակը:

Այդ իսկ պատճառով էլ հնում այն անվանվում էր «Ոսկու Գեղմ»՝ ինչը որ հնարավոր էր իրագործել նրա միջոցով (ոսկի ստանալու գեղմ)…
Գեղմը մշակելու, մագաղաթը «ծաղկեցնելու»՝ ձեռագիրը զարդարելու հինավուրց արվեստը քաջ ծանոթ էր մեր նախնիներին:

Հայ անվանի լեզվաբան Աշոտ Աբրահամյանն իր՝ «Հայ գրի ու գրչության պատմություն» աշխատության մեջ նշում է, որ մատաղ անելիս մատաղացու անասունի մորթին հանձնվում էր վանքին՝ մագաղաթ պատրաստելու համար (հնագույն շրջանում՝ մորթին Քրմին էր հանձնվում)…

Վաղնջական ժամանակներից՝ քիմիական առաջին փորձարկումների հետքերը Հայկական Լեռնաշխարհում են՝ մետաղաձուլման հայրենիքում, որտեղից արտահանվելով՝ տարածվել են Միջագետքում, Եգիպտոսում և այլուր, դեռևս ն.թ.ա 4-րդ հազարամյակում:

Ալքիմիական հետազոտությունների արդյունքում ստեղծվեցին ապակյա, ճենապակե և խեցեգործական առարկաներ, բարձրորակ, երփներանգ ներկեր, ավելի ուշ՝ հրավառության խառնուրդներ…

Նախորդելով հետագայում ծաղկած ապակեգործությանը, բնական հրաբխային ապակին՝ վանակատը (օբսիդիանը), անհիշելի ժամանակներից ի վեր կիրառվել է Հայկական Լեռնաշխարհում՝ հղկիչ, կտրիչ գործիքների արտադրության մեջ:
Ն.թ.ա 3-1 հազարամյակներում Վանա լճի շրջանից այն տարվել է Պարսից ծոցի և Միջերկրական ավազանի երկրներ…
Ն.թ.ա 2-1 հազարամյակների սկզբին վերագրվող, շաղախով պատրաստված ապակե ուլունգներ են հայտնաբերվել Հայաստանում պեղված դամբարաններից:

Ալքիմիայի նախնական գիտելիքների լավագույն գիտակներն էին մեր Քրմերը, որոնք այդ «արվեստը» հմտորեն կիրառում էին զանազան բույսերից բուժամիջոցների և անուշաբույր յուղերի ձեռքբերման, գարեջրի ու գինու խմորմամբ ըմպելիքների պատրաստման, հանքաքարերից մետաղներ կորզելու, համաձուլվածքներ ստանալու ժամանակ…

Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններից՝ Մեծամորից, Վանից, Արմավիրից, Կարմիր Բլուրից, Արտաշատից հայտնաբերված հնագույն մետաղյա իրերը, ջնարակված գունավոր խեցեղենը, սադափափայլ ապակե բարձրարվեստ գտածոները հավաստում են, որ «Որդան կարմիրն» ու «Հայկավն» արտահանող Երկիրը քաջատեղյակ էր «Հերմես Եռամեծի» անվան հետ առնչվող գիտությանը…

Միջնադարյան բազմաթիվ տեքստերից հայտնի է, որ խորհրդանշական ձևով «Փիլիսոփայական Քար» կոչվող նյութի որոնողների՝ ալքիմիկոսների՝ «քիմիարարների» (ըստ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի), գլխավոր նպատակը տարբեր մետաղները (երկաթ, պղինձ, կապար, սնդիկ…) արծաթի և ոսկու փոխակերպելն էր:
Վերափոխման այդ արվեստին (գիտությանը) հազվագյուտները տիրապետում էին, հավանաբար: Նշենք, որ ժամանակակից գիտությունը հնարավոր է համարում ատոմի կառուցվածքի նման փոխարկումները…

Ալքիմիկոսներից շատերը միաժամանակ նաև բժիշկներ էին, որոնք զբաղվում էին բույսերից ու այլ նյութերից դեղանյութեր, աղեր, ներկեր պատրաստելով:
Եվ, հատկապես, նրանք փնտրում էին նաև հատուկ բաղադրիչների միախառնումով ստացված մի «համադարման»՝ բոլոր հիվանդությունները բուժող «հեղուկ-խառնուրդ» (էլիքսիր), որը կնպաստեր մարդու երիտասարդության պահպանմանն ու կյանքի երկարացմանը…

Փորձանոթներում՝ տարբեր չափաբաժիններով խառնուրդներով, տաքացվող վառարաններում, թորման կաթսաներում իրականացվող ուսումնասիրությունները հետագայում նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության առաջացմանը, նոր նյութերի ստացմանը, մետաղաձուլության, ապակեգործության, խեցեգործության զարգացմանը, ներկերի, թղթի, օճառի, ոգելից խմիչքների, ապաքինող նյութերի արտադրությանը…

Սաքսի Օգյուստ Առաջինի ալքիմիական վառարանը (1575 թ.)
Սաքսի Օգյուստ Առաջինի ալքիմիական վառարանը (1575 թ.)

Համբերատար ու երկար փորձարկումներից հետո ստացված արդյունքների, ձեռքբերումների գաղտնիության ապահովման նպատակով կիրառվել են խորհրդանիշների լեզուն՝ գործածելով զանազան ծածկագրեր, որոնցից շատերը ցարդ վերծանված չեն:

«Մասնագիտական գաղտնիքներն» այլոց չբացահայտելու համար՝ «Ծածուկ արվեստների շարքին» դասվող Ալքիմիայում՝ հասարակ մետաղներն ազնիվ մետաղների փոխակերպմանն առնչվող ուսումնասիրությունները խիստ գաղտնի էին պահվում՝ ժառանգաբար փոխանցելով սերնդեսերունդ՝ հորից՝ որդուն կամ ազգականից՝ ամենամոտ ազգականին:

Բնության գաղտնիքները բացահայտող սևեռուն փորձագետները գտնում էին, որ «գաղտնիքի բացահայտմամբ նրա հզորությունը նվազում է:
Ավելին՝ ժողովուրդը ոչինչ չի հասկանա և սխալ գործածության դեպքում այն կարժեզրկվի, նաև՝ չարակամ մարդու ձեռքին աշխարհի համար վնասակար կլինի»…

Ալքիմիական մի ձեռագրում ոչ բացահայտ՝ «մթին ու տարակուսանօք խոսելը»՝ գաղտնապահությունը, հեղինակն այսպես է պատճառաբանում նաև.

«Վարդապետք և երգողք արուեստիս այս մթին և տարակուսանօք խոսեալ են, զի եթէ յայտնի և պարզ խօսեալ էին՝ ամենեքեան իմանային և ուսանէին, և արուեստս այս անարժան լինէր:
Եւ կամ պատճառ մի այլ կա. զի մի ոք զկնի իմաստասիրացն ընթեռնոյր և իմանայր և ուսանէր, և վասն նախանձու այրէր կամ կորուսանէր և զինքն իմաստուն ցուցանէր»:

«Այս արվեստիս վարդապետներն ու երգողները մութ և հստակ չեն խոսում, քանզի եթե հայտնի և պարզ խոսեն՝ ամենքը կիմանան և կուսանեն, և արվեստս անարժան կլինի:
Եվ կամ մի պատճառ ևս կա. մեկը կընթերցի իմաստասիրությունն ու կիմանա և կուսանի, և նախանձելով՝ կայրի կամ կորստյան կմատնի և իրեն իբրև իմաստուն կներկայացնի»:

Ալքիմիայից բացի, ծածկագրերը կիրառվել են քաղաքական, ռազմական, բժշկական և այլ գաղտնի տեղեկություններ գաղտնագրելու համար:

Ալքիմիական ծածկագրված ձեռագրերում, այլաբանական լեզվով, երկնային յոթ լուսատուների՝ մոլորակների նշանագրերը յոթ մետաղների պայմանական գաղտնագրերն էին (Ոսկին նույնացվում էր Արևի հետ, Արծաթը՝ Լուսնի, Երկաթը՝ Հրատի, Սնդիկը՝ Փայլածուի, Պղինձը՝ Արուսեակի, Անագը՝ Լուսնթագի, Արճիճը՝ Երևակի հետ):

Ալքիմիայում, աստղագիտության և աստղաբանության մեջ Արևի խորհրդանիշ-պատկերագիրը նույնն է՝ շրջանակի մեջ՝ կետ (ամբողջը՝ կենտրոնի շուրջ պտտվող)…

Քրիստոնեության տարածմամբ արգելվեց Հայոց մեհենագրությունը, սակայն մեհենանշանների կիրառումը շարունակվեց՝ տարբեր դրսևորումներով՝ հմայագրեր, մոգական դաջվածքներ, վարպետների նշաններ, եկեղեցիների պատերին՝ մեհենական (Դիցերի) նշաններ, «Նշանագիրք իմաստնոց» ցանկեր…

Միջնադարյան Հայ վիմագրության մեջ և մատենագրությունում գործածվեցին ծածկագրության զանազան ձևեր՝ փակագրությունը՝ երկու կամ ավելի տառերից կազմված՝ հայտնի նաև «կապգիր», «կցագիր» անունով, «կարճաբանութիւնը»՝ սղագրությունը՝ համառոտագրությունը, որը նշանագրության մի ձև է:

Ծածկագրության առանձին «բանալիներ» հրատարակել են որոշ Հայ հետազոտողներ:
Նրանցից հիշատակենք բազմավաստակ Կարո Ղաֆադարյանին՝ իր հիանալի՝ «Ալքիմիան պատմական Հայաստանում» (Երևան, 1940 թ.) աշխատությամբ…

Անդրադառնալով ալքիմիական ձեռագրերին, որոնք կոչվել են «Վկայական գիրք», «Աքսիրի գիրք», «Քիմիական գիրք», քննելով-ներկայացնելով նրանցում եղած՝ նյութերի դասակարգման փորձերը, կիրառվող բույսերի, քարերի տեսակների նկարագրությունը, հեղինակը գրում է.

«Ալքիմիկոսների արհեստանոցում», հեղինակ՝ Ջովաննի Ստրադանո (1523-1605թթ.), Իտալիա, Ֆլորենցիա, Պալացցո Վեկիո

«Ալքիմիայի հարուստ փորձերը ժառանգություն մնացին արդի քիմիային և տնայնագործական արհեստներին» (ակնարկելով «շալ» ներկելու, դաբաղելու, մետաղները տնայնագործական եղանակով հալելու և բազմաթիվ այլ փորձերը…):

Միջնադարյան Ձեռագրաց ցուցակներում՝ հիշատակարանների հետ միասին, ծածկագիր տեքստեր կան, որոնց անդրադարձել է պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանն իր՝ «Հայ գրի և գրչության պատմություն» աշխատության մեջ, ուր հիշատակվում են Մատենադարանի ձեռագրերից վերծանված որոշ ծածկագրեր.

«Թե կարդաս՝ իմաստուն ես» կամ՝ «Խիստ հեշտ է՝ թե շատ որոնես»…

Նյութերի փոխակերպման մասին հնագույն իմացությունն արձագանքվել է 13-րդ դարի Հայ մատենագիր Հովհաննես Երզնկացու՝ «Վասն նյութի ու տեսակի» (1283թ.) աշխատության մեջ, ուր տեղեկություններ կան աղերի, հիմքերի, թթուների, գազերի միացմամբ կամ տարազատմամբ նոր նյութերի առաջացման մասին:
Հեղինակը հավատում է Բնության մշտաշարժ ու հարափոփոխ բնույթին, և որ Բնության հիմքում ընկած Նյութը հավիտենական է՝ փոփոխվում է, բայց չի անհետանում…

Մատենադարանի ձեռագրերում հայալեզու ուսումնասիրություններ կան՝.անանուն հեղինակներից, վերնագրված՝ «Խրատք ոսկւոյ հալելու» (16-րդ դար), «Դեղբուսակ»՝ դեղաբույսերի նկարներով …

«Ոսկերչական իրերի, գորգերի, ներկերի, աղերի և ալքիմիական սարքերի ու հարմարանքների արտահանման հետ միասին Հայաստանից արևելյան և արևմտյան երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ։

Այդ մասին են վկայում բազմաթիվ այլալեզու և հայերեն ձեռագրեր, որտեղ «փիլիսոփայական քար», «փիլիսոփայական ձու» արտահայտությունների կողքին հանդիպում ենք նաև «հայկական քար», «հայկական ձու» արտահայտություններին։

Ջաբիրի, Վ. Վալենտինիուսի, Ի. Հոլանդի և այլոց աշխատություններում և հայկական ձեռագրերում կա «հայկական աղ» արտահայտությունը, որը համարվում էր «փիլիսոփաների արևը», այն նուրբ ոգին, առանց որի անհնար է «էլիքսիր» պատրաստել։
«Հայկական աղ» ասելով հաճախ հասկանում էին նաև որևէ իրական նյութ։

Տարբեր հեղինակներ այդպես են անվանել մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը, անուշադրը և այլն, որոնք հավանորեն արտահանվում էին Հայաստանից։
Հայկական ալքիմիական ձեռագրերը դեռևս վատ են ուսումնասիրված։
Այդ է պատճառը, որ մեծաթիվ չեն մեզ հայտնի հայ ալքիմիկոսների անունները։
Չի վերծանված նրանց թողած դեղագրերի մեծ մասը։

Միայն մասամբ են ուսումնասիրված Ստեփանոս Իմաստասերի, Դանել Աբեղայի, Օհան Թոխաթցու, Ղազար Եպիսկոպոսի, Տեր–Հարություն Էրզրումցու և այլոց գործերը։
Հայկական Ալքիմիայի պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ամիրդովլաթ Ամասիացու դեղագիտական աշխատությունները»,- կարդում ենք Երևանում 1974 թվականին հրատարակված՝ «Հայկական Սովետական Հանրագիտարանում» (հ.1, էջ 194):

Հնագիտական հայտնագործությունների շնորհիվ նոր լույս է սփռվում երկաթի ու պողպատի, մետաղամշակության, մետալուրգիակական տեխնիկայի ի հայտ գալու տեղի ու ժամանակի ուսումնասիրությանը վերաբերող հարցերի վրա:

Ն. Ա. Ֆիգուրովսկու՝ մետաղամշակության հայրենիքի որոնումներին նվիրված՝ «Հին Հայաստանը՝ մետալուրգիակական տեխնիկայի բնօրրան» ուսումնասիրության մեջ կարդում ենք.

«Պ. Չանդրա Ռայի աշխատության մեջ նշվում է, որ ոսկին, արծաթը, պղինձը և կապարը, անագային բրոնզը Միջագետքում ավելի շուտ է հայտնի եղել, քան Եգիպտոսում. Կիշում և Ուրում գտնված իրերը թվագրվում են մ.թ.ա. 4.000 թվականով: Փոքր-ինչ ավելի ուշ այդ նույն վայրերում ստացել են անտիմոնային բրոնզ, երբ դեռ Եգիպտոսում այն չկար»:

«Մարտին Լևեյը Հին Միջագետքի քիմիական տեխնոլոգիային նվիրված իր գրքում, որ լույս է տեսել համեմատաբար վերջերս, մասնավորապես նշում է, որ մ.թ.ա 3-րդ հազարամյակում պղինձը Միջագետք է ներմուծվել Անատոլիայից, ավելի կոնկրետ՝ Տիղմուրնից և Դուրկամիտից:
Այստեղ զտել — ձուլել են պղինձ և պատրաստել բրոնզ:
Այդ քաղաքները գտնվում էին Բողազքյոյից և Քյուլթեփեից արևելք, Վան և Ուրմիա լճերից հյուսիս ընկած շրջանում, այլ խոսքով՝ Հին Հայաստանի տարածքում:

Երկաթի մետալուրգիայի սկզբնավորման մասին ուշագրավ տեղեկություններ կան Բերնար Նեյմանի գրքում, որը հրատարակել է Ֆրայբերգի (Սաքսոնիա) լեռնային ակադեմիան՝ հեղինակի մահից անմիջապես հետո:
Բերված տվյալները ցույց են տալիս, որ երկաթե առարկաները (եթե չհաշվենք մետեորիտային երկաթից պատրաստված շատ հին իրերը և այնպիսի կասկածելի գտածոներ, ինչպես, ասենք, Քեոպսի բուրգի որմածքում հայտնաբերված դուրը), առաջին անգամ երևացել են «սեպագիր մշակույթի» ժողովուրդների մոտ, այսինքն՝ Միջագետքում և Ուրարտուում՝ գրեթե նույն շրջաններում, ուր երևան են եկել անագի, կապարի, ծարրի և մկնդեղի բրոնզը (Ի. Լ. Սելիմխանով)»:


«Հնագիտական նոր տվյալների ի հայտ գալուն և մետալուրգիակական տեխնիկայի թանգարանային նմուշների ուսումնասիրմանն ու համադրմանը զուգընթաց, ավելի ու ավելի ակներև է դառնում, որ Հայաստանի ու Փոքր Ասիայի՝ նրան հարող շրջանները հնում եղել են մետալուրգիակական տեխնիկայի՝ պղնձի, բրոնզի, երկաթի, ինչպես նաև պողպատի ձուլման կարևոր օջախներ:
Այս եզրահանգմանն է գալիս, մասնավորապես, «Մետաղների պատմությունը» գրքի ճանաչված հեղինակ Լ. Էտչիսոնը, որն իր աշխատության մեջ քանիցս նշում է մետալուրգիակական որոշ եղանակների առանձնահատուկ հնությունը»:

Զանազան միջոցներով ու գործողություններով մետաղներն ու քարերն ազնվացնող գիտությունը՝ ալքիմիան, այլաբանորեն նաև մարդու հոգևոր փոխակերպման խորհուրդն ուներ՝ հոգու մաքրությամբ, զարգացմամբ վերափոխումն առավել կատարյալ ոլորտում…

«Հոգևոր ալքիմիան»՝ հոգեպես կատարելագործումը, «ոսկու» նման ազնվացումն ու Մարդու մեջ Բացարձակ հատկությունների բացահայտումը՝ «անկատար ձևից՝ Կատարյալին անցումը», մի այլ առիթով…

Թե հասկացաք՝ ԻՄԱՍՏՈՒՆ եք…

Ալքիմիայի արհեստանոց (լաբորատորիա), Ֆիլիպ Գալեի փորագրանկարը (մոտ 1575 թ., Հոլանդիա, մասնավոր հավաքածուից)՝ ըստ Յոհան Ստրադանուսի կտավի

«Փիլիսոփայի ձեռքը» (պայմանանշանների բացատրությամբ)

Լուսանկարը՝ Հայկական Սովետական Հանրագիտարանից (հատոր 1, էջ 194)

«Փիլիսոփայի ձեռքը» (պայմանանշաններն ըստ Ի. Հոլանդի)

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով