ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՈւՂԻՆԵՐՈՒՄ՝ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ՈւՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ….
Խորը երախտիքով՝ գրառումս նվիրում եմ պապիս՝ Ավետիս Ավետիսյանին, մանկուց ինձ փոխանցած իր իմաստնության համար: Ումից առաջին անգամ դեռևս չորս տասնամյակ առաջ լսել եմ «Զօրաց քարերի» մասին, իր իսկ հատուկ բացատրությամբ ու շեշտումով, որ «Զօրքը» հնում նաև «Աստղեր» իմաստն ուներ (ինչպես հաստատում են հնագույն տեքստերն ու հայերենի բառարանները):
Անցյալի քաղաքակրթություններն անհնար է ուսումնասիրել՝ անտեսելով տվյալ դարաշրջանում ստեղծված գրավոր հիշատակությունները, զանազան տեքստերը:
Միայն տվյալ ժամանակահատվածի մտածողության ողջ համակարգին ծանոթ լինելով է հնարավոր ըմբռնել ստեղծված կառույցների էությունն ու նշանակությունը:
Տիեզերքի, նրա մի մասնիկի՝ մեր Երկիր մոլորակի ու նրա բնակչի՝ Մարդու արարման, էության ու բնույթի զանազան հարցերն հետաքրքրել են մարդուն վաղնջական ժամանակներից:
Դա են վկայում հազարամյակների խորքից եկած գրավոր տեքստերը՝ «Գիլգամեշից» մինչև Հերմես Եռամեծ… ու այսօրյա ուսումնասիրությունները:
Մեր ժամանակակիցներից ոմանց այդ փնտրտուքները բերում են Երևան՝ Հին ձեռագրերի անգնահատելի պահոցը՝ Մատենադարան, քանզի այստեղ են պահվում անցած հեռավոր դարերում կրկնօրինակված հազվագյուտ ձեռագրեր, որոնցից ուսումնասիրվել ու նաև ֆրանսերենով թարգմանվել են ֆրանսիացի վաստակաշատ հայագետ, ակադեմիկոս Ժան-Պիեր Մահեի տքնաջան աշխատանքի շնորհիվ…
Հիշյալ մատյանների շարքում բացառիկ ուշադրության է արժանի հնագույն, իմաստուն մի երկ, առավելապես ուշ միջնադարում սիրված ու տարածված՝ «Զմրուխտե քառասալիկ» կոչված տեքստի ամենավաղ տարբերակներից մեկը, ուր Աստծու, Հոգու, Մարդու և Գիտակցության մակարդակի շուրջ ձևակերպումներն են…
Եգիպտական մի տաճարի գաղտնարանում (կամ իր՝ Հ.Եռամեծի դամբարանում) զմրուխտե թիթեղի վրա փորագրված՝ Հերմես Եռամեծին վերագրվող հիշյալ տողերում (լատիներենով՝ «Tabula Smaragdina»), հնագույն թաքնագիտության պատառիկներն են, ուր հակիրճ, մոտ 12 այլաբանական ձևակերպումներով մակրոկոսմոսի և միկրոկոսմոսի հայտնի փոխհարաբերությունն է:
Ահա գրվածքը՝
«Ճշմարիտ եմ ասում, առանց կեղծիքի, հաստատ և շատ իրական՝
Այն ինչ ներքևում է, նման է նրան, ինչ վերևում է, իսկ այն, ինչ վերևում է նման է նրան, ինչ ներքևում է։
Եվ այդ ամենը միայն նրա համար է, որ իրականանա մեկ ամբողջական գոյի հրաշագործությունը։
Եվ այսպես բոլոր գոյերն առաջացան այդ Մեկից Կատարյալի միջոցով՝ այդպես բոլոր գոյերն առաջացան այդ միակ էությունից՝ հարմարվողականությամբ:
Նրա հայրը Արևն է, իսկ մայրը՝ Լուսինը։ Քամին նրան իր ընկերքում է կրել։ Նրա ստնտուն Երկիրն է։
Այդ էությունը ամենայն կատարելության հայրն է ամբողջ տիեզերքում։
Նրա ուժը կամ հզորությունն ամբողջական է մնում, երբ նա հողի է վերածվում։
Դու կբաժանես հողը կրակից, կոպիտը նուրբից հմտորեն ու մեծ արվեստով։
Այդ էությունը ելնում է երկրից դեպի երկինք և կրկին վերադառնում է երկրի վրա՝ ընկալելով աշխարհի ստորին և վերին մասերի ուժը։ Այդպես դու ամբողջ աշխարհի փառք ձեռք կբերես։ Այդ պատճառով քեզանից կհեռանա ամեն տեսակի խավարը։
Այդ էությունը բոլոր ուժերի ուժն է, քանզի այն հաղթում է ամենանուրբ գոյը և թափանցում ամենակարծր գոյի մեջ։
Այդպես է արարված աշխարհը։
Այստեղից են առաջանում բոլոր հարմարվողությունները։
Այդ պատճառով ես կոչվեցի Եռամեծ, քանզի տիրապետում եմ տիեզերական Փիլիսոփայության երեք մասերին:
Սակայն լռում եմ, վերջացնելով այն, ինչ ուզում էի ասել Արևի գործունեության մասին»։
(Վերջին նախադասությունը՝ մի այլ տարբերակով՝ «Այն, ինչ ասացի Արևի գործողության մասին, կատարված է և ավարտված»:
16 -րդ դարից սկսած վերոհիշյալ տեքստն ուղեկցվել է մի խորհրդանշական պատկերով ( էմբլեմայով, լուսանկարը՝ ստորև), որի վրա լատիներենով գրված է՝
«Այցելիր Երկրի խորքը և այն ճշգրտելիս (քեզ ուղղորդելով,Կ.Ա.) կգտնես թաքնված քարը»: (Հնուց ի վեր հայտնի՝ «Ծանի՛ր զքեզ» պատվիրանն է՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ ու դու կճանաչես տիեզերքն ու աստվածներին):
( «Visita Interiora Terrae Rectificando Occultum Lapidem»
(visite l’intérieur de la Terre et en te rectifiant tu trouveras la pierre cachée):
Այս նախադասության բառերի առաջին տառերը կազմում են «VITRIOL» բառը, որը ծծմբաթթվի հին անվանումն է (հայերենում՝ «Արջասպ»):
Պատկերի վերին մասում՝ Արեգակն ու Լուսինը «լցվում են» մերկուրի խորհրդանիշից վեր գտնվող գավաթում:
Նրանց շուրջ՝ իրենց հետ համադրվող չորս մոլորակներն են՝ կազմելով յոթ լուսատուները՝ յոթ մետաղներով:
Արեգակը — ոսկի
Լուսինը — արծաթ
Հրատը (Մարսը) — երկաթ
Փայլածուն (Մերկուրը) — սնդիկ
Լուսնթագը — (Յուպիտերը) — անագ
Արուսյակը (Վեներան) — պղինձ
Երևակը (Սատուրնը) — կապար:
Հայկական Լեռնաշխարհում (Գեղամա լեռներում և այլուր՝ ժայռապատկերները …), առնվազն դեռևս ն.թ.ա 2-րդ հազարամյակից աստղային երկնքի իմացության ապացույցները կան…
Արեգակնային համակարգի վերոհիշյալ ոճավորված սխեմատիկ պատկերն է նաև նրանից հազարամյակներ առաջ ստեղծված՝ Լճաշենից պեղված՝ բրոնզե քանդակը՝ (Հայաստանի Պատմության թանգարանում, լուսանկարը՝ ստորև), որին համանման պատկերներն առկա են և միջնադարյան հայկական ձեռագրերում:
Քրիստոնեական աստվածաբան Կղեմենտ Ալեքսանդրացին նշում է, որ Հերմես Եռամեծի՝ աստղաբանական-տիեզերական և աստվածաբանական 42 գիրք գոյություն ունի, որոնցից 36-ը եգիպտական փիլիսոփայությունն է, մյուս 6-ը՝ բժշկական:
«Հերմետիկ» կոչված ուսմունքի վերոհիշյալ թռուցիկ անդրադարձի առիթը նրա մի մասը հանդիսացող ախտարքն էր՝ աստղաբանությունը, աստղագուշակությունը (նաև աղթարք ձևով է գրվում, «աստեղք», «աստղեր» է նշանակում):
«Ախտարք կամ քավդեություն, որից էլ քաղդեացիներին ժամագետ, ծննդոցք էին կոչում», («Արուեստ բանական կամ տրամաբանութիւն», Վենետիկ, 1825, էջ 5):
Ի տարբերություն աստղագիտության, այն Տիեզերքի նյութական բաղադրիչների, ֆիզիկական փոխհարաբերությունների ուսումնասիրությունը չէ, այլ՝ տիեզերական մարմինների՝ բնության ու մարդու (նրա ճակատագրի) վրա ունեցած ազդեցության հավատալիքների ուսմունքն է, որն հետագայում քրիստոնեությունը մերժել ու ժխտել է:
«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում «Ախտարք»-ի բացատրությունն է՝ աստղահմա,
ծննդաբան, աստղագետ, գուշակ, որը ծննդյան ժամին աստղերի դիրքով բախտն է գուշակում:
Ծննդոցք, ծննդաբաշխ, ծննդաբաշխություն՝ այսինքն, աստղաբաշխություն, ախտարական, ախտարք — Արհեստ աստղահմայության՝ աստեղատների դիրքով՝ «ծննդաբաշխ ծննդոցս կազմեն»:
Այսօրվա լեզվով՝ հորոսկոպներ կազմողները:
Կենդանակերպի Համաստեղությունների և մոլորակների միջոցով աստղագուշակության խալդական արվեստի մասին հիշել է Անանիա Շիրակացին՝ 7-րդ դարում:
Պահպանվել են նրա բազմաթիվ աշխատությունները՝ «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին»…
Հայ միջնադարյան մշակույթի անխոնջ մշակներից է վայելչաբան Հովհաննես Երզնկացին (Պլուզը, 13-րդ դար)՝ հնագույն ժամանակների պաշտամունքային նշանավոր հոգևոր կենտրոնի՝ Եկեղյաց -Դարանաղյաց գավառի հինավուրց մի կենտրոնից՝ Երզնկայից:
Նա հռչակվել էր «Գերիմաստ վարդապետ» տիտղոսով և զարդարվել սրբության պսակով:
Շրջագայելով սելջուկյան, մոնղոլական արշավանքներից բզկտված ու տարանջատված ողջ Հայաստանում (Անիում, Կարինում, Կիլիկիայում, Տարոնում…), ազգի լուսավորության ու հոգևոր դաստիարակության գործով է զբաղվել, իր խորիմաստ ու հմուտ խորհրդածություններով ու քարոզով վերականգնելով գիտության, փիլիսոփայության, տիեզերագիտության, տոմարագիտության, բժշկագիտության և այլ բնագավառներում արված ձեռքբերումները (Հովհ․Երզնկացի «Յաղագս երկնային շարժման, Յաղագս երկնային զարդուց»)…
1792 թվականին Նոր Նախիջևանում հրատարակվել են նրա տիեզերագիտական արձակ ու չափածո աշխատությունները:
Վերհիշելով աստղաբանական հնագույն սեպագիր տեքստերը, որոնց անդրադարձել էինք նախորդ որոշ գրառումներում, շեշտելով գուշակությունների կարևորությունը նաև բժշկության մեջ (Տիրի «Երազամույն տաճարները), երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում վճռորոշ հարցերի ընդունման գործում, երիցս իմաստավորվում է «Զօրաց քարերի» (Աստղերի քարերի) դերն ու նշանակությունը՝ աստղալից երկնքի ուսումնասիրության կարևոր գործում…
Մաշտոցյան գրչի առաջին պատգամը՝ խիստ արդիական ու հավերժ իմաստուն՝
«Ճանաչել զիմաստութին և զխրատ…»
Լուսանկարներում՝
1. Լճաշենից հայտնաբերված՝ Արեգակնային համակարգի ոճավորված պատկերը
2. «Զմրուխտե քառասալիկի» տեքստն ուղեկցող պատկերը
3. «Զմրուխտե քառասալիկի»՝ ժայռին փորագրված լատիներեն տեքստի պատկերով նկարազարդում 1610 թվականի մի հրատարակությունից (գերմանացի ալքիմիկոս Հենրիխ Կունհարտից)
4. Եգիպտոսից՝ Ռամզես Բ-ի նվիրած Զմրուխտե քառասալիկ՝ խեթերի մայրաքաղաք Հատուշայի ավերակներում…
5. Հերմես Եռամեծի մի պատկեր՝ Սիենա քաղաքի տաճարում: