Վերջին ամիսներին հաջորդող այս լարված օրերին, առավել քան երբևէ, կարևորվում են հին քարտեզների դերն ու նշանակությունը՝ երկրների պատմության, սահմանների մասին իրենց հաղորդած տեղեկություններով…
Լուսանկարում՝ 1919 թվականին Փարիզի Խաղաղության վեհաժողովում Հայկական պատվիրակության ներկայացրած՝ Զ. Խանզադյանի ձեռամբ գծված՝ «Առյուծաձև» Հայաստանի քարտեզը… Անհիշելի ժամանակներից ի վեր Հայոց մեջ պահպանված՝ առյուծի՝ ընձառյուծի, հովազի խորհրդանիշն ու իմաստը՝ մի այլ առիթով…
Ժայռապատկերներից մինչև կավե սեպագիր սալիկների ու փայտի, ոսկրի վրա փորագրված կամ մագաղաթի, պապիրուսի, մետաքսի վրա նկարված հնագույն քարտեզներում զանազան նպատակներով գծվել-մեկնաբանվել են «տեղանքները»՝ Երկնքում և Երկրի վրա:
Գյուղատնտեսական աշխատանքների համար և հավատալիքների համակարգում վաղնջական ժամանակներից ի վեր կարևորվում էին Լուսատուները:
Նրանց «շրջապտույտ-շքերթն» էր «թելադրում-պայմանավորում» կյանքը Երկրի վրա:
Եվ առաջին քարտեզները ոչ թե Երկիրն էին ուսումնասիրում, այլ՝ Երկինքը, դրոշմելով մարդկանց կյանքում կարևոր դեր ունեցող տիեզերագիտական առաջին գիտելիքները (Աստեղատները՝ Համաստեղությունները ցարդ գրեթե անփոփոխ են՝ իրենց անվանումներով ու խորհրդանիշներով):
Մինչ ժամանակակից ճշգրիտ գիտություն դառնալը, քարտեզագրությունը հնագույն շրջանում մարդկանց համար տեղանքի կարևորությունը (սրբազան բնույթը) նշելով պահպանելու — հավերժացնելու մի ձև էր և միջոց:
Իրենց շրջապատի առանձնահատուկ վայրերը պատկերելու առաջին փորձերից է Պորտասարից քիչ հեռու, այսօր Չաթալ Հույուկ (անվանումը՝ տեղանքի ձևից՝ թարգմանաբար՝ Երկճյուղ, Երկժանի բլուր) անունով հայտնի հնավայրից 1963 թվականին հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված «քարտեզը»՝ ժայթքող հրաբխի մերձավորությամբ տեղակայված մոտ 80 շինությունների պատկերով, որն, ըստ մասնագետների, թվագրվում է ն.թ.ա. 6.200 թվականով:
Ժայթքող հրաբխի պատկերով «քարտեզ»՝ Չաթալ Հույուկից (մանրամասները՝ մի այլ առիթով)…
Մեր բազմահազարամյա պատմության պերճախոս վկանե՛րն են նաև քարտեզները, ուր ամբարված են տարբեր ժամանակահատվածներում մեր նախնիների պատմությունն ու մշակույթը:
Քարտեզը մեր Հայրենիքի՛ խորհրդանիշն է՝ իր սահմաններով, սրբազան լեռներով ու գետերով…
1919 թվականի Փարիզի Հաշտության վեհաժողովի (Խաղաղության կոնֆերանի) աշխատանքներին կարևոր դեր ու մասնակցություն է ունեցել Հայազգի անվանի քարտեզագետ՝ Զատիկ Խանզադյանը (1886-1980): Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանն ավարտելուց հետո նա ուսուցանել էր Փարիզի Նավագնացության բարձրագույն և Ֆրանսիայի Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի դպրոցներում՝ ստանալով կոմանդորի կոչում։
Զատիկ Խանզադյան
1913 թվականին, հիմնվելով եղած որոշ քարտեզների վրա, Խանզադյանը գծագրել է «Թուրքահայաստանը և իր վեց գավառները» քարտեզը, որն այսօր պահվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում:
https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b8445851s
Նա եղել է նաև «Ազգերի Լիգայի» աշխարհագրագետ-քարտեզագետը, 1920-1932 թվականներին կազմել և հրատարակել է Թուրքիայի տնտեսական աշխարհագրության, Ալժիրի պատմական աշխարհագրության, Պաղեստինի տնտեսական աշխարհագրության և այլ ատլասներ։
1919-ին Փարիզյան խորհրդաժողովին Հայկական պատվիրակությունը նրա՛ պատրաստած՝ «Պատմական Հայաստանի Աշխարհագրական միասնության Ատլասն» է ներկայացրել՝ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանի սահմանները փաստող 25 քարտեզներով:
Բացառիկ կարևորություն ու նշանակություն ունեցող հիշյալ քարտեզները՝ անհրաժեշտ նաև այսօրվա Հայ դիվանագիտության համար, ստորև…
Հետաքրքիր ուսումնասիրություն է:
Շնորհակալություն:
Ծավալուն, պատմական սկզբնաղբյուրներով փաստված ուսումնասիրություն է ներկայացրել Հայկական պատվիրակությունը Փարիզում՝ 100 տարի առաջ:
Այսօրվա Հայաստանի դիվանագիտության համար անչափ կարևոր և օգտակար կլինի նման մոտեցումը: