ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ «ՀԱՇՏԻՑ ՏԵՂԻՔ»…
Հայոց Դիցերի փառաբանման մեհյանները, սրբավայրերը, ուր Հայոց Մեծ Արքաներն ու Քրմերն իրենց նվիրաբերություններն էին բերում ու կենսախինդ տոներն ու ծեսերն էին կատարում, մինչև 20-րդ դարի սկիզբը համազգային ուխտատեղիներ էին՝ բազմամարդ տոնախմբություններով…
Հիշյալ պաշտամունքային գլխավոր կենտրոններից մեկն էր Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ ավանը (հետագայում Սբ. Կարապետ անվանված Վանքի մոտակայքում), Անահիտի, Վահագնի, Աստղիկի տաճարներով, Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի Քարքե լեռնագագաթի «հայացքի ներքո».
«Ի սնարս լերինն Քարքեայ, ի վերայ գետոյն Եփրատայ», ինչպես նկարագրել է Ագաթանգեղոսը:
«Յաշտից տեղիք թագաւորացն Հայոց Մեծաց»՝ Յաշտիշատ կամ Աշտիշատ Տարոնոյ (Ագաթանգեղոսի վկայմամբ):
«Յաշտ»-ը՝ «ձօն, նուերք, ուխտ, աղօթք» իմաստն ունի (համաձայն «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի):
Հայկական Լեռնաշխարհի կենտրոնում ձգվող Հայկական Հրաբխային բարձրավանդակն իր մոտ 100.000 կմ² տարածքով Հրաբխային լեռնաշղթաների ու բարձրադիր լեռնազանգվածների, ընդարձակ սարահարթերի ու սարավանդների, միջլեռնային դաշտերի ու գոգավորությունների համալիր է՝ 3000-4000 մետր բարձրության վրա տարածվող լեռնավահաններով (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի) ու լեռնազանգվածներով (Բյուրակն, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագած, Սյունիքի և այլն):
Վանա լճից հյուսիս-արևմուտք Բյուրակն լեռնավահանն է՝ Հազար Լճերի լեռը, հարուստ ստորերկրյա և մակերեսային ջրերով, ջերմուկներով, բյուրավոր աղբյուրներով ու լճերով, որտեղից էլ՝ Բյուրակն անվանումը։
Սրածայր այս լեռնաշարի լեռնագագաթներից է Հավատամքը՝ 2460 մ բարձրությամբ՝ Քարքե լեռից ոչ հեռու:
Քարքե լեռան ստորոտում գտնվող վերոհիշյալ հինավուրց Սրբավայրում վաղնջական ժամանակներից ի վեր առանձնահատուկ հանդիսավորությամբ էին տոնվում Նավասարդի, Վարդավառի տոները՝ արքաների ու քրմապետերի ներկայությամբ:
Հնագույն շրջանից արդեն Հայ ժողովուրդը սրբացրել էր իր բնօրրանի այս անկյունը՝ զանազան ավանդապատումներ հյուսել նրա շուրջ:
Նրանցից մեկի համաձայն՝ Հայկ Նահապետը մարտից առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղբյուրներից մեկում՝ Հայրենի ջրերի զորությունն ստանալու նպատակով:
Տարոնի գավառում 301 թվականին՝ քրիստոնեության տարածման ժամանակ ավերված մեհյանների, Իննակնեան՝ «Բարեբաղդ, Բարեբուխ Վայրում»՝ Քարքե լեռան ու Հայոց Դիցերի մեհենատեղիների հետ անքակտելիորեն կապված Հայ ազգն իր ավանդույթների հարատևմամբ փաստեց իր ազգային արմատներին հավատարմությունը:
Ասվածի ապացույցն է Կահիրեում 2019 թվականին հրատարակված՝ Հայկ Ավագյանի՝ «Մշոյ Սուրբ Կարապետ վանքի մշակութային ժառանգությունը…» ուսումնասիրությունից ստորև մեջբերված հատվածը.
«Սուրբ Կարապետ ուխտ գնացող տղամարդկանց վրայ այլ էր ժողովրդի հայեացքը։ Նրանք ո՛չ հաճիներ էին եւ ո՛չ էլ իրենց հոգու փրկութեան մասին մտահոգուածներ։ Սուրբ Կարապետ գնացողները հայրենասէրի համբաւ ունէին, թէպէտ գոյութիւն չունէր Սուրբ Կարապետ գնացողների առանձին կազմակերպութիւն, բայց նրանք ամէնքը կապուած էին իրար հետ հայրենասիրական կապով:
Նոր Նախիջեւանի հայ գաղութը հիմնուած է ԺԸ. դարու վերջաւորութեան՝ Ղրիմի գաղթականներուն շնորհիւ։ Իրենց մերձաւորութեան պատճառով, յաճախ կը նոյնանան Ղրիմի եւ Նոր Նախիջեւանի ազգագրական սովորութիւնները եւ բանահիւսական արտադրութիւնները։ Հետեւաբար, անոնց անջատումը քիչ մը պայմանական է։
Նոր Նախիջեւանի ուխտագնացութիւնը դէպի Ս. Կարապետ շարունակուած է մինչեւ ԺԹ. դարու վերջերը իսկ ուխտաւորները գլխաւորապէս երիտասարդներ էին, ինչպէս կը գրէ Մ. Լիւլէճեան.
«Չնայելով որ Նոր Նախիջեւանցիների նախնիները դեռ դարեր առաջ գաղթել ու հեռացել էին Մայր Հայրենիքից, բայց Սբ. Կարապետ ուխտ գնալու սովորութիւնը պահպանուել էր մինչեւ 19-րդ դարի վերջերը։ Նրանք խմբերով, ձի հեծած, ճամփայ էին ընկնում, եւ ամիսներ էր տեւում, մինչեւ հասնում էին ուխտատեղին։ Սբ. Կարապետ էին գնում նաեւ նշանուած կտրիճները՝ իրենց «մուրազին» հասնելու համար»:
Ազգագրագիտուհի Հրանոյշ Խառատեան կը վերականգնէ Նոր Նախիջեւանի նախապատրաստական մթնոլորտը.
«Սուրբ Կարապետ կատարուող ուխտագնացութիւնն ամբողջ իրադարձութիւն էր մարդկանց կեանքում։
Հետազօտողներն ասում են, որ Սբ. Կարապետի վանքը Տարօնում, յատկապէս Վարդավառի համաժողովրդական տօնախմբութիւնների օրերին, դարձել էր համայն Մերձաւոր Արեւելքի թէ՛ քրիստոնեաների, թէ՛ այլադաւանների սիրուած ու հեղինակաւոր սրբավայրերից մէկը։
Տեսնենք այդ երեւոյթը Նոր Նախիջեւանի հայերի օրինակով։
Այստեղ Սբ. Կարապետ ուխտի գնացածները իւրայատուկ յարգանք էին վայելում։
Այս ուխտը ոչ այնքան եկեղեցու, հաւատի հետ կապուած երեւոյթ էր, որքան հայրենասիրությա՛ն, Հայրենիքի՛ն նվիրումի: Եթէ Երուսաղէմ ուխտի գնալը սովորաբար սոցիալական բարձր դիրքի, հարստութեան հետեւանք եւ վկայական էր, ապա Սուրբ Կարապետ ուխտի գնալն ազգայի՛ն նուիրեալների, հայրենասէրների՛ համարում ունէին: Նրանք հասարակութեան մէջ մեծ յարգանք էին վայելում եւ երբեմն, որոշ առիթներով, հանդէս էին գալիս միասին: Օրինակ, Միքայէլ Նալբանդեանի թաղմանը Սուրբ Կարապետ ուխտի գնացածները մասնակցել են որպէս մի խումբ:
Սուրբ Կարապետի ուխտին պատրաստւում էին երկար: Գիւղացիները Սուրբ Կարապետի անունով ցորեն էին ցանում եւ այդ ցորենը ծախելով՝ գնում էին ուխտի։ Ծնողները երազում էին իրենց արու զաւակների ուխտագնացութիւնը»։
Հավելենք, որ այս ուխտավայրը միայն մի տաճար չէր, այլ՝ մի քանի տաճարների, կառույցների համալիր (5 մատուռ ու 10 խորան ուներ), իսկ Սբ. Կարապետի ժամատան սալահատակում զետեղված վեմերի ներքո Հայ պատմագիրների հիշատակած իշխանների ու ռազմիկների շիրիմներն էին (Մուշեղի, Գայլ Վահանի, Սմբատի…):
Հայկական Լեռնաշխարհի տարբեր ծայրերից, նաև՝ հեռավոր վայրերից դեպի Մուշ ձգվող ճանապարհներին ուխտավորներն օրեր, շաբաթներ, ամիսներ էին անցկացնում:
Այդ օրերից որոշ մանրամասներ՝ հաջորդիվ…