«…ԵՂԵ՛Ք ԵՎ ԴՈՒՔ ԿԱՌՈՒՑՈՂՔ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՔ»…
Համաձայն որոշ կրոնների և հոգևոր ուղղությունների՝ Արարիչը (Աստված) Տիեզերքն արարել է նույն երկրաչափական պլանով՝ Մակրոտիեզերքում ու Միկրոտիեզերքում:
«Այն՝ ինչ Վերևում է, նույնը՝ Ներքևում է» և՝ հակառակը:
Այսինքն, ողջ Տիեզերքն իր օրենքներով, կառուցվածքով արտացոլված է Բնության մեջ, նրա ու Մարդու կառուցվածքում:
«Զմրուխտե Քառասալիկի» առիթով հաճախ հիշվող այս բանաձևն այլ գրառումներում հիշատակել ենք:
«Ներքևում»՝ մեզ անմիջականորեն շրջապատող «տեսանելի աշխարհում» եղածը համանման է մեզնից «վերև»՝ անեզրական Տիեզերքում՝ «անտեսանելի հարթություններում» գտնվող «աշխարհին»…
Այսինքն՝ նույն շղթայի բաղկացուցիչներն են, նույն Էության զանազան արտահայտությունները…
Մակրոկոսմոսի ու Միկրոկոսմոսի համանմանության՝ հնագույն (նոր պլատոնականության) գաղափարը հետագայում, 16-րդ դարում հիշեցնում է նաև գերմանացի բժիշկ, աստվածաբան
Պարացելսը՝ պնդելով, որ՝ «Երկնքում չկա ոչինչ, որ չլինի նաև Մարդու մեջ»…
Պլուտարքոսը Պլատոնին վերագրվող գաղափարների մասին էր նշում՝ գրելով՝ «Պլատոնն ասում է, որ Աստված անընդհատ (հաստատապես, Կ.Ա.) և շարունակաբար երկրաչափական ձևով է արարում»:
Վերջին հարյուրամյակում որոշ «եղբայրությունների» կողմից լայնորեն կիրառվում է «Տիեզերքի Մեծ Ճարտարապետ» հասկացությունը, որի արմատները ձգվում են հնագույն ժամանակները, և որին քաջատեղյակ էին մեր իմաստուն Նախնիք («Հերմետիկ» տեքստերում «Տիեզերքի Մեծ Ճարտարապետ» հասկացությունն այլաբանորեն կարող է խորհրդանշել նաև յուրաքանչյուր անհատի գերմարդկային (աստվածային) կարողությունները, հնարավորությունը՝ պոտենցիալը):
«Միհրականության» մեջ փառաբանվում է «Ճարտարապետ Տիեզերաց»-ը («Անտեսանելի Զորությունը», որին տարբեր անվանումներ են տրվում զանազան ուսմունքներում՝ Աստված, Ոգի, Բարձրագույն Էակ, Բանականություն, Էներգիա, Բնություն և այլն)…
Միհրականություն.
«Ճարտարապետ Տիեզերաց»
Լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ
Երկինքն ու իր Լուսատուների համակարգված շարժումը, Տիեզերական ողջ կառույցն ուղղորդող Բացարձակ Բանականության գաղափարն է ծնել «Տիեզերքի Մեծ Ճարտարապետ» արտահայտությունը:
17-րդ դարում, Լուսավորականների փիլիսոփայության մեջ, այդ միտքը հանդիպում է հետևյալ ձևակերպմամբ.
«Տիեզերքի Արարման ժամանակ Աստվածային Գերագույն Կատարելությունն ընտրել է պլաններից հնարավորինս լավագույնը» (Ջոն Լոք):
Ճարտարապետը՝ ճարտար, հմուտ արվեստագետը՝ Հանճարեղ Ստեղծագործողը նախ՝ Տիեզերքի, Կյանքի Արարչագործն էր:
«Ճարտարապետ՝ ճարտար, արուեստագէտ. Նախ՝ զաստծոյ ասի, որպէս Արարչագործ»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:
Սքանչելի ու գերազանց «հնարագործության» փառաբանումն է հնչում նաև «Պատարագ»-ում.
«Եւ նորագործ աստուածապէս ճարտարապետեալ զերկիրս երկին արար»:
«Արդարև աստուածային ճարտարապետութիւն, և գերազանց ամենայն եղականացս՝ նորա հնարագործութիւնն սքանչելի, և միայն որպէս և վայէլ էր Աստուծոյ գործ…» (Մատենագրութիւնք Նախնեաց. Ներսէս Լամբրոնացի «Մեկնութիւն Խորհրդոյ Պատարագին», էջ 365, Վենետիկ, Սբ. Ղազար, 1847թ.):
Բնությունը նույնպես կառուցում է…
Տեղանքի թելադրանքով պայմանավորված՝ մրջյուններն՝ աշխատանքի հստակ բաժանմամբ, յուրաքանչյուրն՝ իր գործունեությամբ, իրենց «քաղաքն» են կառուցում: Մրջնաբների տարբեր «սենյակներն» իրենց «հատուկ նշանակությամբ»՝ սննդի զանազան տեսակների՝ հատիկների, թրթուրների առանձին «մառաններով», խմբի կողմից կատարված «շինարարական» աշխատանքի արդյունքն են:
Ճշգրիտ բաշխված դերերով՝ մեղուներն իրենց փեթակի կյանքն են կազմակերպում՝ ապահովելով իրենց «բարեկեցությունը»…
Մեր Նախնիների փառաբանած՝ «Տիեզերական շինարարության արվեստն» է ակնարկել Դերենիկ Դեմիրճյանն իր՝ «Գիրք Ծաղկանց» (1935թ.) պատմվածքում, ուր Բնությունը ներկայացվում է որպես Արարչի ստեղծագործություն, իսկ Աշխատանքը՝ Կառուցումը՝ Սրբազան գործ:
Ահավասիկ մի հատված.
«Կառուցու՛մն է աշխարհն և աշխատք շինողական,- շրջում է գրքի էջը վանահայրը և ոգում,- «Կառուցու՛մն է քաղաքն, կառուցու՛մն՝ խոսքն, կառուցու՛մն՝ միտք»:
Եվ ցույց է տալիս երկինքը, երկիրը, վանքի շենքը, իր ճակատը, իր «միտքը»: Բացատրում է Տիեզերական շինարարության արվեստը:
Զվարթը բոցավառվում է: Նրա աչքերում գծագրվում ու գունավորվում են շքեղ պատկերներ:
Զնգում են մուրճերը և խստադեմ քարտաշները կտրում են ժայռերը, խոհուն որմնադիրներ կանգնեցնում են հոյակապ քաղաքներ՝ երկնասլաց աշտարակներով: Փարթամ պարտեզներ կախվում են անդունդների վրա:
«Աշխատ առնե Բնությունն, կառուցանե Ծառն, շինարարե Մրջյունն: Եղե՛ք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք Երկրի, սիրեցե՛ք աշխատք, զի Կառուցումն և Աշխատք սուրբ են…»:
-«Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն…»:
Խորանում է ծերունին Զվարթի աչքերում:
Այլակերպվում է այդ հրաշքներով լի մարդը: Նրա մռայլ սքեմը հալվում է և նրա տակից դրսևորվում է «Երկրի Մարդը», որի միտքը զբաղված է մի մեծ կառուցողական տենչով ու երազով: Զվարթը խցից դուրս է նայում «աշխարհին»:
Եվ այդ անհուն շենքի մեջ, ուր թռչունները հյուսում են մետաքսե բներ, մրջյունները կառուցում են իրենց բնակարանները, ամբողջ աշխարհը ներկայացնում է որպես մի հսկայական ճարտարապետական կառուցվածք՝ իր երկնքի աշտարակով, նրա վերև կախված Արևի ջահով, Լեռների սյուներով ու անդունդների նիշերով»…
Հիրավի՝ «Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա Շինարարն…»:
Ուստի՝ «Եղեք և դու՛ք՝ կառուցողք և շինարարք»…🔥
Նշված հղմամբ՝ Արեգակի շուրջ՝ «Տիեզերական մի պար»…