ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Սահմի ամսվա Աստղիկ օրը (օգոստոսի 24-ին)՝ Խաղողօրհնեքի տոնն է՝ համաձայն Քուրմ Հարութ Առաքելյանի ներկայացրած՝ Հայկյան Սրբազան տոնացույցի:
Հազարամյակներ ի վեր մեծ խանդավառությամբ Հայկազունները նշում են Խաղողօրհնեքի ծեսը՝ նշանավորելով բերքի հասունացումը:
Եվ, որպես երախտիքի արտահայտություն, փառաբանում Հայոց Դիցերին, Անահիտ Դիցամորն ու Աստղիկ Դիցուհուն՝ նրանց կողմից փառք ու պատվի, բարօրության ու լիության շնորհի, տանն ու տնեցիներին (ողջ ազգին) խրախճանք ու խրախություն պարգև ստանալու ակնկալիքով, օրհնելով Մայր Հողի ընծայած բարիքի՝ Խաղողի ողկույզները…

Չկա խրախճանք ու խրախություն՝ առանց գինու՝ «Խաղողի արյան» («Գինի՝ «Բեր որթոյ կամ այգւոյ. արիւն խաղողոյ»,- մեկնաբանվում է «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում)…

«Գինու մեջ՝ Ճշմարտությունը» («In vino veritas»)՝ հավաստում է հնագույն ասացվածքը:
«Հոգին ու Միտքը պայծառացնող», Ճշմարտությունը (Գոյության առեղծվածները) բացահայտող «Ջուրը»՝ «Գինեբեր որթի»՝ Խաղողի՝ Հողից քամած Հյութը, մեծ խորհուրդ ու դեր ուներ՝ ծիսական, նաև՝ գործնական (բժշկության մեջ)…

Հողից ու Արևի Հուրից սնվելով, դեպի երկինք ձգվող խաղողաբեր որթատունկը՝ բույսը զորացրած Ջրով իր կենսական ուժն է փոխանցում մարդուն:
Խաղողագործի իմաստուն հմտությամբ՝ օդի ու եթերի միախառնմամբ՝ Գինին համախմբում է ալքիմիայի հինգ տարրերը (Հող, Ջուր, Հուր, Օդ, Եթեր):
Ուստի՝ խաղողի որթը՝ նրանից քամվող հյութը՝ գինին, առողջության, առույգության ու կենսական ուժի խորհուրդն է կրում իր մեջ: Նաև՝ իմացականության բարձր ոլորտներ մուտք գործելու հնարավորություն ընձեռում՝ ճիշտ չափաբաժնով կիրառելիս:
Հակառակ դեպքում՝ գինեհարության՝ արբեցության գիրկն են ընկնում:

Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում հնագիտական պեղումներով հայտնաբերված հնձանների, հսկայական մառանների, գինով լի բազմաթիվ կարասների, գինեգործական պարագաների, ածխացած սերմերի առկայությունը վկայում են, որ խաղողի այժմյան որոշ տեսակներ տեղական ծագում ունեն (ինչպես՝ Ոսկեհատը, Գառանդմակը, Արարատի տեսակները) և գինին՝ ուրախության ու խրախճանքի սեղանների անբաժան ուղեկիցը, Հայոց գինըմպուքների, կենսախինդ տոնախմբությունների անքակտելի տարրն էր:

Ցորենի ու գինու՝ հացավետ ու գինեվետ (այգաւէտ) երկրի բնակիչների համար Այգեկութը նույնպես տոն էր: Խաղողի «խիտ առ խիտ» տնկված որթերով այգու «կթումը»՝ բերքահավաքը սկսվում էր բարեմաղթանքներով ու ազգականների, բարեկամների հետ խրախճալից տոնախմբություններով:
Այդ սովորույթը պահպանվել էր ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը՝ Գողթնում, Արարատյան դաշտում ու այլ շրջաններում:

«Բալուի բարբառով՝ էգեկիթ։ Խաղողի հասունցած հատիկները մինչեւ սեպտեմբերի վերջը եւ աւելի ճշգրիտ՝ մինչեւ Վարագայ Խաչի տօնը, կը պահուին որթատունկերուն վրայ։ «Էգին մտնել», «էգին կթել»՝ Բալուի մէջ «այգեկութի» հոմանիշներ են։
Պէտք է սպասել մինչեւ տասանորդին ճշդումը, ապա միայն կարելի է այգեկութ կատարել։

Բալուի գիւղացին գինին կը խմէ ընդհանրապէս ձմրան։ Բայց այս խմիչքը, իր փարչով ու սկահակով, պարտադիր ներկայութիւն մըն է նաեւ հարսանիքներու, խնճոյքներու, տօնախմբութիւններու, հիւրընկալութիւններու կամ հոգեհացի սեղաններուն վրայ։
Բալուի մէջ կան կարգ մը գիւղեր, ինչպէս՝ Հաւաւ (ներկայիս Էքինէօզու), Թիլ (ներկայիս Կէօմեչպաղլար), Խոշմաթ (ներկայիս Չաքուրքաշ) եւ Թըրխէ (ներկայիս Քեքլիկտերէ), որոնք համբաւաւոր են իրենց գինիով։ Յայտնի է, որ գինի պատրաստելը հին աւանդութիւն մըն է Բալուի մէջ։
Սարգիսեան կը գրէ, թէ տարածքի կարգ մը վանքերուն մէջ, ինչպէս, օրինակ, Բարձրահայեաց եւ Խաչայ, կը պահեն հարիւրաւոր լիթր գինի պարունակող վիթխարի հողաշէն կարասներ, որոնք առնուազն հինգ դարերու հնութիւն ունին։
Գինին կը պատրաստեն «գինուկ» եւ «խաչկող» խաղողներէն։ «Եզան աչք» խաղողին քաղցուէն պատրաստուած գինին քաղցր կ՝ըլլայ։ Գինիի պատրաստութեան համար առաջին աշխատանքը կը կայանայ կարասներուն կպրապատումին մէջ:

Այգեկութէն ու գինիի պատրաստութենէն ետք, Փափազեան կը յայտնէ, որ Հաւաւի մէջ սովորութիւն է, որ կիներ խումբ-խումբ մէկը միւսին այցելութեան երթայ ու աչքէ անցնէ մառան մտած պահեստի ուտելիքներն ու խմիչքները։ Փոխադարձ այս այցելութիւնները կը յաջորդեն ամիսներ տեւած յոգնատանջ աշխատանքներուն, ուր, վերոնշեալ օրինակներուն մէջ տեսանք, տանտիկինը գլխաւոր աշխատողն է։ Այնպէս որ՝ կիներուն համար այս հանդիպումները միաժամանակ զուարճութեան առիթներ են, որոնց ընթացքին առատօրէն գինի ալ կը սպառեն»:

«Պէտք է ըսել նաեւ, որ բալուցի գիւղացիին կամ քաղաքացիին համար այգին կը դառնայ ժամանցի հաճելի վայր մը խաղողին հասուննալէն մինչեւ այգեկութ երկարող ամբողջ այս ժամանակաշրջանին ընթացքին։ Ամէն կիրակի գիւղացին իր ընտանիքով այգի կ՝երթայ, հոն կը ճաշէ ու երեկոյեան ալ կը վերադառնայ։ Իսկ քաղաքացին, որ Բալուի շրջակայ գիւղերու մէջ այգիներ ունի, այս վայրերուն մէջ յաճախ կառուցած կ՝ըլլայ նաեւ հնձաններ, որոնք այս պարագային երկյարկանի ամառանոց տուներ են։ Ամառները անոնք այստեղ կը գիշերեն եւ միայն օրուայ մէջ է, որ իրենց գործով Բալու կը վերադառնան» (մեջբերումները՝ «Յուշամատեան. Քարտէսներ. Տիարպեքիրի վիլայէթ»-ից):

Վահան Թոթովենցի՝ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» գրքի մի հատվածում նույնպես այգեկութի օրերի ուշագրավ նկարագրություններ կան.

«Օվա Բաղլարիում մենք այգի ունեինք։
Օվա Բաղլարին քաղաքին կից, բայց ընդարձակ տարածությամբ մի այգեստան էր՝ բացառապես խաղողի և նշենիների։ Մեր այգին գտնվում էր այդ ընդարձակ այգիների գրեթե մեջտեղում։
Աշնան վերջում, այգեկութի ժամանակ, բոլոր այգի ունեցողները 10-15 օրով փոխադրվում էին այնտեղ, սպիտակ վրաններ էին խփում և սկսում էին եռուն այգեկութը։
Գիշերները ցուրտ էր լինում, ուստի՝ ամեն մի այգում խարույկ էր վառվում։

Այդ օրերի գիշերներում Օվա Բաղլարին, երբ դիտում էին սարից, նման էր բոցավառված խարույկներով երկնքի։ Խարույկի շուրջը պարում էինք, երգում։ Բոլոր աղջիկներին ազատություն էր տրվում այդ օրերին խարույկի շուրջը պարելու։ Խարույկներն այնքան բոցավառ, արծարծուն էին
լինում, որ շուրջը պարողների երեսները կարմրում էին։
Այդ օրերին աղջիկների մեծագույն մասը գտնում էր իր նշանածին։ Պարից, երգից և խարույկից տաքացած վառվում էին և նրանց սրտե՛րը։ Նրանք, որոնք գտել էին մի ջահել սիրտ, կորսվում էին մեծ թփերի ետևում, խարույկներից հեռու, կարմրած, քաղցրացած ողկույզների տակ, և վառում էին Հավիտենական խարույկը, Սիրո՛ խարույկը։

Ցուրտ, կապույտ գիշերում, լուսնի կաթնահորդ փրփուրների տակ, շրթունքները հպում էին իրար, անցնում էր նրանց ոգու միջից տիեզերական շունչը։
Երբ տղան գրկում էր աղջկան, նրան թվում էր, որ ամբողջ բնությունը փաթաթվում է իրեն կրակե թևերով, և տղային թվում էր, որ գրկել է ողջ բնությունը՝ իր բոլո՛ր մրգերով, իր բոլո՛ր արևաներկ ողկույզներով, ահա կծկվել է իր թևերի մեջ անհուն մի դաշտ՝ թարմ խոտի բույրով, և, վերջապես, սա այն Զարուհի՛ն չէ, այլ՝ բոցավառված խարու՛յկն է իր թևերի մեջ։

–Տեսնանք սըվոնք ո՞ւր գացին,- հանկարծ լսվում է:
Երկու ջահելները՝ կուրծ-կրծքի, շրթունք-շրթունքի անշարժանում են: Չարաճճի ընկերները հեռացել են խարույկից և ուզում են խաղ խաղալ ողկույզների և տերևների տակ պահվող ջահելների հետ:
Ավելի են սեղմվում իրար, թևերն ավելի են պրկվում, և պահը դառնում է հավիտենական…

Երբ այգեկութը վերջանում էր, վերադառնում էին տուն, տան ծերունիները տեսնում էին, որ իրենց աղջիկը կամ տղան արտակարգ խանդավառության մեջ է, ջրով թացացնում է մազերը, սանրում այնպես, որ լույսի տակ սաթի նման փայլի:
Պարզ էր, որ Բնությունը, աշնանային, բեղմնավորված կուրծքը լիուլի լցված Բնությունը հպվե՛լ է նրանց հոգուն, այրե՛լ է նրանց սրտի աղվամազը:

Եվ ահա՝ տղայի ծնողները հանդիսավոր գալիս էին աղջկա ծնողների մոտ:
Տանը ոչ ոք, բացի աղջկանից, չէր իմանում սկզբում նրանց գալու նպատակը: Աղջիկն իմանում էր, որովհետև տղան կտուրի վրա թուղթ դրած կլիներ, թե՝ «Իրիկունը պապս, մարս տի գան քեզ ուզեն, քեզ հարցնեն նե՝ չամչնաս, ըսե՝ ես ըլ կուզեմ»:

«Եթե մըզի հարցնեք՝ մեր կամքովն է, ամա տեսնանք՝ աղջիկը կուզե՞»,- պատասխանում էին աղջկա ծնողները՝ տղայի ծնողներին:
Եվ կես-գիշերին աղջկա մայրը, անպայմա՛ն մայրը, հարց էր տալիս աղջկան:
-Քա՛, Զարու՛կ, քեզ կուզեն, ի՞նչ կըսես:
Աղջիկը չի պատասխանում, կարմրում է, ապա ծիծաղելով՝ փախչում:
Մայրը հայտնում է իր հաղորդակցության արդյունքն ամուսնուն՝ «Էսպես-էսպես»… »: