«ԵԼԵ՛Ք, ԵԼԵ՛Ք, ՀԱՅԿԱԶՈՒ՛ՆՔ»…

Հայացք՝ Դարույնքից

Վերջին երեք տասնամյակների ներքին ու արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանն այսօրվա վճռորոշ իրավիճակում հայտնվեց:
Անվերջանալի հարցերի պատասխանները փնտրելով՝ ոմանք փորձում են գտնել խնդրի ակունքները:
Ոմանք էլ, պատմությունից հայտնի կերպարների նման, հիշեցնում են Րաֆֆու խոսքերը՝ իր հերոսներից մեկի՝ «Խենթ»-ից՝ Սալմանի կողմից ասված.

«Համբերությունը մահ է… գերեզմանի՛ մեջ է միայն մարդ համբերող դառնում։
Մեր տանուտերե՛րը, մեր վարդապետնե՛րը մեզ համբերություն են քարոզում…
Ախար նրա՛նք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակի՛ն հասցրին մեզ։ Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողո՛քը, ի՛նչ կերպով և հայտնվելու լիներ նա»…

Հայ և բյուզանդական մատյաններում Կոգ անվամբ հիշվող գավառում՝ Կոգովիտում՝ Արշակ Բ արքայի «սիրեցեալ գավառում»՝ «Դարյունից բերդի» ամուր պարիսպները հազարամյակների ընթացքում կատաղի մարտերի վկաները դարձան (հետագայում վայրն անվանվեց Բայազետ)…

Դարույնք

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի դրվագներից մեկի՝ Բայազետի միջնաբերդի պաշարման ու կռվի նկարագրությամբ է սկսվում Րաֆֆու «Խենթը» վեպը:
1877 թվականի հունիսին՝ նահանջող ռուսական զորքերի հետևից Բայազատ մտած թուրքական զորքերը մի քանի օրում քաղաքի Հայ բնակչությանը ծայրահեղ վայրագությամբ՝ զանգվածային ջարդերով բնաջնջեցին:
Մոտ 1.000 Հայ և ռուս զինվորների զորախումբն՝ ընդդեմ 20.000 քրդական ու թրքական բանակի՝ երբ միջնաբերդում անտանելի իրադրություն էր տիրում՝ վերջացել էր ջուրն ու պարենը և օրեր շարունակ կոտորածներ էին իրականացվում…

Բայազետի պաշարումը.
Բայազետի ամրոցի գրոհի հետ մղումը՝ 1877 թվականի հունիսի 8-ին
Հեղինակ՝ ծովանկարիչ Լ. Լագորիո (1781-1840), ստեղծված՝ 1891 թվականին:
Թեոդոսիայում ծնված Լ. Լագորիոն Այվազովսկու առաջին աշակերտն էր, որը 1839-1840 թվականներին Թեոդոսիայում Այվազովսկու արվեստանոցում է ուսանել:

«Միջնաբերդի ներսից, պատսպարված վերնապարսպի ետևում, շուրջանակի շարված էին պահապան զինվորներ, և հրացանների համար բացված ծակերից դիտում էին թշնամու շարժումը: Նրանք չէին համարձակվում գլուխները վեր բարձրացնել պարսպից: Բերդի չորս կողմի բարձրավանդակներից անխնա նետում էին, և գնդակները շվշվալով սլանում էին աջ ու ձախ, զարկելով պահապանների երեսին մի անախորժ տաք օդ:
Այստեղից տեսնվում էր քաղաքը, որ ներկայացնում էր մի սոսկալի տեսարան: Նա լուսավորված էր, կարծես, մի մեծ տոնախմբության համար: Լուսավորված էին և քաղաքի շրջակա բարձրությունները: Կատարվում էր մարդկային անգթության եղեռնական տոնը:

Այրվում էին Հայերի տները: Յուրաքանչյուր տան լուսամուտներից և դռներից հոսում էին, կարծես, հրեղեն գետեր, և խառն ծխային թանձրության հետ, բարձրանում էին օդի մեջ, սփռելով դեպի ամեն կողմ կայծերի հորդ և առատ հեղեղ:

Այս բարբարոսությունների մեջ մասնակցում էին ոչ միայն քրդերը, այլև տաճկաց կանոնավոր զորքը, և, որ ավելի սարսափելին է՝ քրդերի կանայքը…
Այդ վերջինները, կատաղի ֆուրիաների նման, մոռացած կնոջ գութը և սերը, խլում էին երեխաներին մոր գրկից և ձգում էին կրակի մեջ… մի փոքրիկ ընդդիմադրությունն անգամ պատժվում էր սրով…
Մի քանի Հայ կամավոր զինվորներ, բերդից նայելով այդ դժոխային տեսարանին, լաց էին լինում… Կոտորածը շարունակվում էր ամբողջ երեք օր և երեք գիշեր:
— Ա՜խ, ինչպես մորթում ե՜ն… — ասում էին նրանք հառաչելով:

Դրանց մոտ կանգնած էր մի ուրիշ Հայ երիտասարդ, որ նույնպես նայում էր քաղաքում կատարվող բարբարոսությունների վրա:
Նրա աչքերում արտասուք չէր երևում:
Տխրության մի նշու՛յլ անգամ չէր կարելի տեսնել նրա զայրացած դեմքի վրա: Նրա սիրտը նույն րոպեում լցված էր մի դա՛ռն ատելությամբ՝ ո՛չ դեպի այն գազանները, որ այրում էին, որ մորթում էին, այլ՝ դեպի ա՛յն վախկոտները, որ ոչխարի նման թույլ էին տալիս իրանց մորթել»:

Տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ Հայ ազգը թույլ տվեց, որ իր պատմությունն օտարները գրեն:
Ժամանա՛կն է վաղուց, որ մեր ճակատագիրն ինքնե՛րս տնօրինենք՝ մեր հզոր Հայրենիքի լուսավոր ապագայի հիմքերն այսօ՛ր կերտենք՝ մերժելով հայատյաց գործիչներին…
Այս իրավիճակից ելքը՝ բողո՛քն է և ընդվզումն՝ ընդդեմ ազգակործան խեղկատակների…

Հազարամյակների ընթացքում ստացած վերքերի «սպիներով» իմաստնացած՝ Հայկի սերունդները կհամախմբվեն՝ վերջնականապես մաքրվելով մեր Ազգը ներսից քայքայողներից:
Քաջազարմ Հայկազունները Հայոց պատմության պանծալի անթիվ էջեր դեռ պիտի գրեն…
Ուրեմն՝ Ելե՛ք, Քաջե՛ր Հայկազուն՝

«Եկել է ժամ հատուցման
Զոհերի անթիվ բազմության
Ուխտե՛նք վրեժ Հայրենյաց հողում
Եվ շրջե՛նք անիվը պատմության»…