«ԵՂԲԱ՛ՐՔ ՀԱՅԵՐ, ԱՌԵ՛Ք ԽՈՓԸ, ՏՎԵ՛Ք ԴԱՐԲՆԻՆ՝ ԿՌԵԼՈՒ»…
Մետաղահանքերով հարուստ Հայկական Լեռնաշխարհը մետաղագործության օրրաններից էր ու զարգացած կենտրոններից՝ վաղնջական ժամանակներից ի վեր…
Հետևաբար, այստեղ արհեստների բազմաթիվ ճյուղեր ևս, ինչպես, օրինակ՝ դարբնությունը, զինագործությունը, պայտարարությունը, ոսկերչությունը… բավականին բարձր մակարդակի էին հասել հնագույն շրջանում:
Ասվածի վառ ապացույցներից են դամբարանային պեղումներից հայտնաբերված՝ բրոնզի ու վաղ երկաթի դարաշրջաններին վերագրվող զանազան գտածոները, այդ թվում՝ մարտական, տնտեսական, ծիսական կիրառության տարբեր տեսակի զենքերն ու գործիքները…
Հուրի՝ կրակի հետ առնչվող մետաղամշակությունը, մյուս գիտությունների նման, «մոգական» էր՝ Մոգերի՝ ժամանակի «գիտնականների» տիրույթից:
Ուստի՝ ծիսական մեծ խորհուրդ ուներ նաև. Դարբնության հովանավոր ու պաշտպան Դիցը Հայոց մեջ Բարեփառ Միհրն էր (թեմային փոքր-ինչ ավելի մանրամասն անդրադարձել ենք առանձին գրառումներում):
Դարբնությունը՝ նրա մի ճյուղը դարձած զինագործությունը՝ երկաթի մշակմամբ զենք ու զրահ, պաշտպանական հանդերձանք, սպառազինություն կռել-կոփելու արհեստը, հարուստ պատմություն ունի Հայկական Լեռնաշխարհում (հնուց եկող ավանդույթները շարունակելով՝ միջնադարյան զինագործության խոշոր կենտրոններից էին Դվինն ու Անին):
Արհեստը՝ այդ «ոսկի բիլազուկը»՝ ապրուստի ու բարեկեցության միջոց էր:
Համքարություններն իրենց ներքին հստակ կանոններն ու սովորույթներն ունեին որոնք, դարեդար փոխանցվելով՝ յուրօրինակ «օրենքի ուժ» էին ստացել…
Արհեստավորների ավանդույթների համաձայն՝ ժառանգն էր հոր արհեստի շարունակողը…
Վարպետներն իրենց գիտելիքն ու հմտությունները՝ արհեստի «գաղտնիքները» փոխանցում էին նախ՝ իրենց որդիներին, թոռներին, ազգականներին, այնուհետև միայն՝ այլ աշակերտների:
Նոր անդամի մուտքը համքարություն հատուկ «ծեսով» էր կատարվում՝ «սեփական որդու նման» վերաբերվելու երդմամբ՝ բանավոր պայմանավորվածությամբ»:
…«Համքարությունների համար կարևոր էր նաև նրանց մեջ մտնողների ազգությունը, դավանանքը, ինչպես և համքարության անդամների հավատը իրենց սուրբ հովանավորի նկատմամբ (քրիստոնեության տարածումից հետո՝ նոր կրոնին հարմարեցված, Կ.Ա.):
Նույնիսկ ուշ շրջանում, Ալեքսանդրապոլում արհեստավորները պահպանել են հովանավոր սուրբ Նախահայրերի («փիր») հավատքը:
Նրանց համքարական դրոշների վրա պատկերված էին սրբերի, սրբություն համարվող աշխատանքային գործիքների պատկերներ: Բացի զանազան տոներին մասնակցելուց, այդ դրոշներով ալեքսանդրապոլցիները դիմավորում էին նաև անվանի մարդկանց:
Սուրբ Նախահայրերն այստեղ էլ եղել են գրեթե նույնը, ինչ որ ընդհանրապես Հայաստանի մյուս վայրերի արհեստավորներինը:
Այսպես, քարտաշ որմնադրիներինը՝ Աբելը (Հոբել-թոփելը), հյուսններինը՝ Հայր Հովսեփը, դարբիններինը՝ Դավիթ Մարգարեն և այլն, որոնց վերաբերյալ կան զանազան ավանդույթներ» (Կ. Սեղբոսյան, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 6, էջ 190):
Համքարություններում փոխօգնության, դժվար իրավիճակներում հայտնվածներին աշխատանքով, դրամով կամ այլ միջոցներով «ձեռք մեկնելու» ավանդույթի բազմաթիվ վկայություններ կան ազգագրական նյութերում:
«Համքարությունների աշխատանքային կենցաղում փոխօգնության ձևերից մեկն է եղել համքարության ներսում միմյանց «ձեռք բռնելը»:
Վարպետ Ա. Չպլախյանը պատմում է, թե ինչպես սովի տարիներին, երբ բոլորովին հանգել էր իր հոր՝ Չպլախյան Վարդանի դարբնոցի ծուխը, հումքի և վառելիքի ոչ մի հույս չի եղել, հանկարծ մոլորված ընտանիքի տան դռան առջև կանգնում է երկու ֆուրգոն՝ բեռնված երկաթով ու փայտածխով:
Նրանք «ծխեցնում են» գործը, փրկվում սովամահությունից, երկար ժամանակ չիմանալով բարեգործ վարպետի անունը» (Կ. Սեղբոսյան, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 6, էջ 191):
Աշակերտի «դաստիարակության»՝ փորձնական շրջանում, ուշադրություն էր դարձվում հատկապես նրա ուշիմությանն ու տոկունությանը:
Զանազան «կատակ — հանձնարարություններով ուղեկցվող փորձություններից» ուշագրավ դրվագներ են հիշվում ազգագրագետ Կ. Վ. Սեղբոսյանի՝ «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները Լենինականցիների կենցաղում» ուսումնասիրության մեջ («Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 6, էջ 195):
Ահավասիկ մի հատված, ուր նկարագրվում է, թե ինչպես է «ընթանում» հմտության, դիտողականության, արհեստավորին անհրաժեշտ այլ հատկությունների ուսուցման սկիզբը:
«Պատմում են, որ դարբին վարպետներից մեկը աշակերտից ջուր է ուզում:
Սա ջրամանը վարպետին հանձնելիս բաժակը բռնած է լինում բռնակից (հարմարության համար՝ աշակերտը պետք է վարպետին ջրի գավաթը տա՝ վարպետի համար ազատ թողնելով բռնակը, Կ.Ա.)…
Վարպետը վերցնում է բաժակը և դրան ամրացնում է երկրորդ բռնակը:
Հաջորդ անգամ ջուր ուզելիս աշկերտը բաժակը տալիս է երկու բռնակից բռնած:
Վարպետը կպցնում է նաև երրորդ բռնակը, և երբ այս անգամ էլ աշկերտը գլխի չի ընկնում, թե բանն ինչ է, նրան խիստ ծաղրում են, որը դառը դաս է լինում աշկերտի համար:
Մեկ ուրիշ աշկերտի (որը երկարահասակ է եղել) ուշիմությունը փորձելու համար վարպետը լրջորեն խնդրում է կանգնել քուրայի վրա ու կքել կրակին:
Սա կքում է կրակին և կատակը գլխի է ընկնում միայն այն ժամանակ, երբ փուքսով ուժեղացնում են կրակը:
Նա դուրս է թռչում կրպակից և այլևս չի համարձակվում երևալ այնտեղ՝ վախենալով ծաղրանքից, թե՝ «Էդ բոյիդ խելք էլ հավաքե, նոր արի ըստեղ»…
Ուշագրավ է, որ ուշիմության նմանօրինակ ստուգումների սովորություն է եղել նաև սկեսուրների կողմից՝ նորահարսերի նկատմամբ»…
Կային և այլ ավանդույթներ…
… «Սովորույթ է եղել վարպետի կողմից ենթավարպետին կրպակ և գործիքներ տրամադրելը:
Մտել են նոր կրպակը (խանութ), կերուխում արել, մոմ վառել օջախին և բարի վայելում ու գործերի հաջողություն մաղթել նորընծա ենթավարպետին:
Օգնություն ստացած այսպիսի ինքնուրույն ենթավարպետին Ալեքսանդրապոլում անվանում էին «Չրաղ» («Ճրագ»), այսինքն՝ որևէ վարպետի վառած Ճրագ, Լույս՝ որպես իր արհեստի շարունակող: Մեծ պատիվ էր այդպիսի շատ Ճրագներ ունենալը: Գովասանքով են խոսել նման վարպետի մասին»…
Համքարության հանդիսավոր ժողովում (կապույտ երկնքի գմբեթի տակ, կանաչ խոտի՝ գորգի վրա) ուսուցիչ-վարպետի ներկայությամբ նոր վարպետի ձեռնադրման հինավուրց արարողությունը Կարինից ու այլ շրջաններից գաղթածները պահպանել են հետագայում նույնպես: (Կ. Վ. Սեղբոսյան «Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները Լենինականցիների կենցաղում», Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 6):
…«Բա՛վ է, գութա՛ն, մեր տանջանքը, համբերությունն վե՛րջ ունի,
Դուն տեսա՞ր, որ մեր դուշմանը ամոթ, խելք ու գութ չունի՛։
Արի՛ փըշրեմ ես քու խոփը, տա՛նք դարբինին՝ կռելու,
Կըռե՛նք-կոփե՛նք սուր ու սուսեր՝ դուշմանի դեմ կռվելու՛։
Եղբա՛րք Հայեր, առե՛ք խոփը, տվե՛ք դարբինին՝ կըռելու.
Կըռե՛լ-կոփե՛լ սուր ու սուսեր՝ Հայաստանը փըրկելու՛»։
Հատված՝ Ռ. Պատկանյանի (1830-1892)՝ «Վանեցի գեղջուկի տաղը» բանաստեղծությունից…