ՆԱԽՆՅԱՑ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՄՈԳՔ՝ ՄՈԿԱՑ ԱՇԽԱՐՀ…

Տեսարաններ Մոկքից

Հայկյան Սրբազան տոմարով՝ Քուրմ Հարութ Առաքելյանի հաղորդմամբ, Տրէ ամսվա Մարգար օրը (սեպտեմբերի 20-ին) Մոգաց հիշատակման օրն է, իսկ նույն ամսվա Մազդեզ օրը (սեպտեմբերի 22-ին)՝ Իմաստուն Նախնեաց տոնը, երկուսն էլ՝ Տիր Դիցի հովանավորությամբ:
Հին Աշխարհի գիտնականներն ու հրաշագործները՝ իրենց «մոգական զորություններով» հայտնի Մոգերը՝ «Աստեղատների պարին» ու Բնության գաղտնիքներին քաջածանոթ, ի հեճուկս քրիստոնեության տարածումից հետո ծավալված հալածանքների, հարատևեցին՝ իրենց շուրջ հյուսված խորհրդավոր պատմություններով դյութելով դարեդար:

«Այս մոգը, որը մի բառով շրջում — վերափոխում է բնությունը՝
Որպես իր ապարանք է ընտրել քարանձավն այս կիսամութ»…

1635 թվականին գրված՝ «Կատակերգական խաբկանքը» հիշյալ տողերով է սկսում ֆրանսիացի դրամատուրգ Պիեր Կորնեյլը:

Մոգերի հետքերն են մնացել Հայկական Լեռնաշխարհի զանազան տեղանուններում, որոնցից է և Մեծ Հայքի հինգերորդ նահանգը՝ Մոգքը՝ Մոկաց նախարարական տան ժառանգական սեփականությունը, որի կենտրոնը Մոկք Առանձնակն էր՝ Արքայից գավառը, հայտնի նաև «Արքունական երկիր» անվամբ:

Հնագույն շրջանից եկող հարուստ ավանդույթներով լի է Վանա լճի հարավային կողմում տարածվող Մոկաց աշխարհը՝ Մոկսը՝ Մոգքը՝ Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգում:
Լեռներով, ջրերով, սաղարթախիտ անտառներով ու փարթամ արոտավայրերով լի այս շրջանում Հայերը հազարամյակներ ի վեր զբաղվում էին պտղաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ջուլհակությամբ, ներկարարությամբ, գզրարությամբ…
Մոկսի գզրարների՝ բուրդ կամ բամբակ գզող արհեստավորների, լեռնային շրջանում ձյունի ու քարի վրա քայլելու համար սրածայր մեխերով՝ «բևեռներով» «քապ-քապ» կոշիկների ու այլ դրվագների մասին որոշ տողեր՝ Սարգիս Հարությունյանի՝ «Մոգեր, Մոկս, Մոկացիներ» ուսումնասիրությունից՝ ստորև (մեջբերումը՝ «Էջմիածին» ամսագիր, էջ 59, 2015 թ.):

«Ժողովրդագետ Գ. Սրվանձտյանցը, իր «Համով հոտով»-ում համառոտակի ուրվագծելով Վասպուրականի գավառների աշխարհագրական դիրքն ու տնտեսական զբաղմունքները, գրում է.

«Մոկսի բնակիչները կը սնուցանեն ընտիր ոչխար և չուռ այծ… Հոս ալ պատվական շալ և աբա կը գործեն և կը շինեն «քապ քապ» կոշիկները. նոր մազով կամ կանեփով հյուսված կոշիկ է, տակն ամբողջ բևեռներով, ձյունի և քարի վրա քալելու հարմար»:
Թաղիքե մեծ կարպետներից բացի Մոկսում քոլոզով զանազան տիպի գլխարկներ են պատրաստել, որոնք օգտագործվել են իբրեւ կարևոր մոդելներ՝ տարբեր տեսակի գլխարկներ կարելու համար:
Ըստ Հայ անվանի բանահավաք Ս. Հայկունու վկայության՝ ԺԹ. (19-րդ, Կ. Ա.) դարավերջերին և Ի. (20-րդ, Կ.Ա.) դարասկզբին Մոկսի Հայության մեջ լայն տարածում է ունեցել արտագնացությունը, երբ արհեստի բերումով Հայ գզրարները, աշնան սկզբներին խմբեր կազմած, դուրս են եկել հայրենի եզերքից և մեկնել այլ գավառներ ու երկրներ’ արտագնա աշխատանք կատարելու: Այդ մասին է վկայում նաև Հայ մեծանուն պատմաբան ու արևելագետ Հ. Օրբելին, ով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետերբուրգի բաժանմունքի կողմից գործուղվել է Վանի վիլայեթ’ հետազոտելու արևմտահայ բարբառներից որևէ մեկը, ինչպես նաև տեղական քրդերի բարբառներից մեկը: 1911-1912 թթ. այդ նպատակով նա հայտնվում է Մոկսում: Այս առթիվ նա թողել է մի շարք կարևոր տեղեկություններ, որոնք, համախոս լինելով Հայ այլ բանահավաքների հաղորդած տվյալներին, պատմամշակութային տեսակետից խիստ կարևոր փաստեր են հաղորդում:

Մոկաց աշխարհից մի անկյուն

Ըստ Ս. Հայկունու խորին համոզման’ «Սասնա ծռեր» հերոսավեպի և ժողովրդական հեքիաթների լայնահուն տարածման համար վճռական դեր են կատարել Մոկաց գզրարները, որոնք աշնանը տարբեր խմբեր կազմած (յուրաքանչյուրում շուրջ 5-10-15 հոգի)’ դուրս են գալիս հայրենի Մոկսի և կից գավառների սահմաններից, մեկնում են պանդխտության տարբեր գավառներ ու երկրներ’ բուրդ ու բամբակ գզելու, շալ գործելու, քեչա գցելու, հունձ անելու համար: Այդ խմբի մեջ լինում էր առնվազն մեկ լավ «նաղլ անող», այսինքն’ հեքիաթասաց: Խումբը սիրով էր հյուրընկալվում տվյալ գյուղի գյուղապետի կողմից և արժանանում էր լավ ընդունելության ու հյուրասիրության:
Ս. Հայկունին գրում է, որ «Ցարդ ունեցած հետաքրքրութենես այն հեզրակացության հասած եմ», որ մեր դյուցազնավեպն ու հեքիաթները Մոկացի գզրարներն են տարածել, երկար տարիներ պանդխտելով այս կամ այն քաղաքում և զբաղվելով զանազան գործերով:

Ըստ Հ. Օրբելու հաղորդման՝ գզրարների խմբերը դուրս էին գալիս Մոկաց աշխարհից սովորաբար սեպտեմբերի վերջերին և վերադառնում էին հայրենիք ուշ գարնանը կամ երբեմն՝ ուշ աշնանը:
Մոկսի տարբեր գյուղերից, ինչպես վերևում ակնարկվեց, օտարության էին մեկնում տարբեր գզրարների խմբեր’ ոչ միայն բուրդ ու բամբակ գզելու, բրդագործությանն առնչվող տարբեր արհեստագործական (շալագործություն, թաղիքագործություն, կոշկագործություն), այլև գյուղատնտեսական զանազան աշխատանքներ (հունձք, վարուցանք և այլն) կատարելու նպատակով:
Օտարության մեջ իրենց առավել ապահով զգալու նպատակով, տեղական լեզուների ու բարբառների օգտագործմանը զուգահեռ, գզրարները միմյանց հետ գաղտնի խոսելու համար ունեին իրենց ծածկալեզուն…»:

Հայաստանի ու Հայերի մասին հազարամյակների խորքից մեզ հասած գրավոր զանազան աղբյուրների հարուստ էջերում ուշագրավ են տնտեսությանն ու այլ ոլորտներին վերաբերող դրվագները:
Քսենոփոնը Հայերին ներկայացնում է որպես երկրագործ, անասնապահությամբ զբաղվող ժողովուրդ, Հայաստանը՝ խոշոր ու մանր եղջերավոր անասուններով հարուստ մի երկիր, թվարկելով իր տեսածը Հայերի տներում՝ կով, այծ, ոչխար, ձի, թռչուններ, այնուհետև` ոչխարի, այծի և խոզի միս, խոզի ճարպ («Անաբասիս», գ. 4, էջ 93):

Ն.թ.ա. 370 թվականին Սոկրատեսի աշակերտ Քսենոփոնի՝ 8 գրքից բաղկացած երկում՝ «Կյուրոպեդիա»-ում հիշատակվում է, որ Հայաստան երկիրը «ամբողջությամբ բնակեցված է. այն լիքն է ոչխարներով, այծերով, արջառներով, ձիերով, հացահատիկով և ամեն տեսակ բարիքներով» («Կյուրոպեդիա», գ. 4, IV, էջ 156):

Հերոդոտոսի մոտ ևս՝ Հայերն անվանվում են «անասուններով հարուստ ժողովուրդ»:

Հույն մակագրող (արձանագրող՝ էպիգրամ) Կրինագորաս Միտիլենցին (մոտ ն.թ.ա. 70 թ. — ն. թ. 18 թ.) դեռևս 2.000 տարի առաջ, անդրադառնալով Հայաստանում Հռոմի Տիբերիոս կայսեր արշավանքին, հիշատակում է թաղեգլխարկ՝ թաղիքե գլխարկներով Հայերին, նաև Արաքսի հովտում՝ ագարական ցեղի ոչխարներին…

Հինավուրց մի արհեստի՝ կաճագործության՝ թաղիքագործության ակունքներն անհիշելի ժամանակներում են:
Հազարամյակներ շարունակ՝ թաղիքից՝ հաստ կամ բարակ կտորներով պատրաստվում են թաղիքէ՝ կաճե ոտնամաններ, գդակներ՝ քոլոզներ, հովիվների համար ծածկոց ու վերարկու, «թաղակ»՝ սաղավարտ, զանազան կիրառության բրդեղեն…

Բրդից՝ թաղիք

Մինչ օրս թրջած բուրդը կտավի վրա փռելով ու հարելով՝ «բազկի ուժով» լմելով թելերը միմյանց հետ շաղվում-թաղկում են՝ ստեղծելով տաք ու օգտակար հանդերձներ…

Կաճագործության՝ կաճակուռ՝ լավ՝ խիտ լմած, պինդ կաճից պատրաստված ու այծենակաճ՝ այծի բրդից կամ թաղեա հանդերձների, «կաճակուռ թաղերով»՝ թաղիքեա սաղավարտներով զինվորականների հիշատակումները կան պատմիչների երկերում:

Ջուրը սպունգի նման ներծծող «թաղ»-ի մասին՝ Հայկազեան բառարանից.

«Կաճ՝ որ և կայճ՝ թաղիք. հանդերձ կամ գլխարկ թաղեայ, խիտ գործուած բրդեղէն կամ մազեղէն բրդոտ: «Ոմն սկայ վառեալ… հարեալ նիզակաւ՝ ճախր առնոյր կաճիւ (կամ՜ կաճեայն), Խորենացի, Գ, 9»: Հանդերձ, կայճն, և այծենակաճն: Կաճ, նուրբ: Կաճուկ, խանձարուր»:

«Թաղ՝ մազոտ և խիտ գործած՝ ի բրդոյ, կաճ: Զգեստն ինքեաց յասուէից կազմեալ, զոր և զորութիւն թիկանց ուժոյ բազկաց ճնշեալ, և մածուցեալ ընդ միմեանս զնրբութիւն մազոյն՝ թաղ կոչեցին, որ զջուր ծծէ իբրև զսպունգ (Արծր. Գ., 2): Վառեալ և թաղեաւ կաճեայ (‘ի տեղի զրահի). Խոր. Գ., 9»:
«Թաղակ՝ սաղավարտ՝ թաղեայ (որպէս կարծի)» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

Facebook Comments