«ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…
(ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Բ

Դարեր շարունակ այլազգի հրոսակների ասպատակությունների հետևանքով հայրենի եզերքներից բռնագաղթված Հայերը հաստատվում էին օտար ափերում՝ կարճ ժամանակում կորցնելով իրենց լեզուն և ազգային մշակույթը:
13-14-րդ դարերում ևս՝ մոնղոլական արշավանքների պատճառով Հայ ազգի հսկայական հատվածներ ստիպված հեռացան հայրենիքից՝ ստվարացնելով Անիի անկումից հետո՝ 11-րդ դարի կեսերից Ղրիմի թերակղզում և այլուր տեղափոխվածների համայնքները:
Կյանքի համեմատաբար ավելի ապահով պայմանների փնտրտուքը հետագայում նույնպես Ղրիմից ու Բալկաններից բազմաքանակ Հայերի հասցրեց Կիև, Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, Ֆրանսիա…
1475 -ից՝ Ղրիմում տիրող իրավիճակով պայմանավորված՝ իրենց բարգավաճ բնակավայրերը ստիպված կրկին լքեցին տեղի Հայերը՝ մեծ խմբերով գաղթելով Լվով, Կամենեց-Պոդոլսկ, Յազլովեց, Ռաշկով և այլուր՝ նոսրացնելով և կազմալուծելով Ղրիմի Հայկական համայնքը:

Հայ պատմաբան Վարդան Գրիգորյանը (1929 -2019) «Յազլովեց քաղաքի Հայկական գաղութի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը» հոդվածում գրում է.
«1895 թ. լեհահայոց արքեպիսկոպոս Սահակ Սահակյանը (Իսակ Իսակովիչը) հայերեն տասնյակ ձեռագիր հատորներից բաղկացած մի արժեքավոր հավաքածու նվիրեց Վիեննայի Մխիթարյանների մատենադարանին։ Նվիրաբերված գրչագրերի մեջ էր նաև կաշեկազմ մի փոքրիկ գրքույկ, որը գրանցվեց 453 համարի տակ։ Դա ուկրաինական Յազլովեց քաղաքի հայկական գաղութի երիտասարդական կազմակերպության՝ «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունն էր, որը կազմվել էր 1646 թվականին։
Հենց նույն՝ 1895 թվականին, այդ ձեռագրի մանրամասն նկարագրությունը լույս ընծայվեց Հ. Տաշյանի ձեռագրացուցակում։ Փոքրիկ կրճատումով այնտեղ հրապարակվեց նաև կանոնադրության ներածական մասը և վերջում զետեղված հաստատագիրը»: Դա առաջին տեղեկությունն էր Յազլովեցում գոյություն ունեցած Հայ երիտասարդական կազմակերպության վերաբերյալ»…

«Այդ «եղբայրությունները» յուրօրինակ քաղաքային կազմակերպություններ էին, որոնց նպատակն էր փոխադարձ օգնության և օժանդակության հիման վրա համախմբել Հայ երիտասարդությանը, նպաստել նրանց հոգևոր և աշխարհիկ դաստիարակությանը։ Նման կազմակերպություններ Հայաստանում գոյություն ունեին շատ վաղ ժամանակներում և, հայրենի այլ սովորությունների ու ավանդույթների հետ միասին, Հայ գաղթականների միջոցով տարվել էին գաղթաշխարհի կենտրոնները»:

…«Յազլովեցում հաստատված Հայերը զբաղվում էին առևտրով ու արհեստներով:
Հայերի գաղթը դեպի Յազլովեց խրախուսելու համար քաղաքի տերերը նրանց բազմաթիվ արտոնություններ են շնորհել։ Հայերը ստացել են սեփական օրենքներով ղեկավարվելու իրավունք և ստեղծել իրենց քաղաքային վարչությունը, Յազլովեցում Հայերն ունեին դպրոց, եկեղեցիներ և դատարան:
Հայ արհեստավորները համախմբված էին իրենց համքարություններում, դրանցից զատ կային նաև եղբայրություններ, որոնցից մեկն էլ խնդրո առարկա «Կտրիճվորաց եղբայրությունն» էր»:
«…Ըստ երևույթին, Կաֆայից Յազլովեց տեղափոխված Հայերը ևս նոր վայրում պահպանել կամ վերականգնել են իրենց արհեստավորական կազմակերպություններն ու հոգևոր եղբայրությունները:
Այսպիսով, Ղրիմ գաղթած և ապա պատմական դեպքերի հարկադրմամբ այնտեղից Պոդոլյե ու այլ վայրեր ցրված Հայերը, ի թիվս հայրենի այլ ավանդույթների, իրենց հետ տարել են նաև առօրյա կյանքի դժվարություններին դիմագրավելու գործում շատ պիտանի իրենց կազմակերպությունները, որոնք, բնականաբար, հարմարվելով նոր պայմաններին, պետք է ենթարկվեին համապատասխան փոփոխությունների։


Յազլովեցի Հայ «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը, որը հրատարակվում է առաջին անգամ, արժեքավոր սկզբնաղբյուր է ոչ միայն այդ ուշագրավ կազմակերպության, նրա կառուցվածքի, այլև ողջ գաղութի ղեկավար մարմինների ու առանձին գործիչների վերաբերյալ։
Ինչպես Լվովում, այնպես էլ Յազլովեցում երիտասարդների կազմակերպությունը ենթարկված է եղել գաղութի ավագների խորհրդին: Նրա կանոնների մշակմանն ու հաստատմանը մասնակցել են գաղութի ղեկավարներն ու հոգևոր գործիչները»…

«Յազլովեցի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությունը բաղկացած է 32 հոդվածներից (արթիքուլներից), որոնցում հանգամանորեն պարզաբանված են կազմակերպության մեջ ընդգրկված երիտասարդների իրավունքներն ու պարտականությունները։
Եղբայրության անդամ կարող էին լինել դեռևս չամուսնացած երիտասարդները, որոնք ամուսնանալուց հետո մեկ տարի կարող էին մնալ կազմակերպության մեջ, իսկ ապա եղբայրությունից հեռանալն արդեն կախված էր տվյալ անձի ցանկությունից։ Եղբայրությունը, ինչպես Երզնկայում և այլուր, կապված չի եղել արհեստի ու առևտրի որևէ մասնաճյուղի հետ և, հետևապես, այն չի կարելի նույնացնել համքարական կազմակերպության հետ։ Այն ունեցել է հատուկ գանձանակ, որը գոյացել է «կտրիճների» պարբերական դրամական մուծումներից և զանցանքների դիմաց գանձվող տուգանքներից: Այդ գանձանակը փաստորեն փոխօգնության դրամարկղ էր, որից առաջին հերթին օգտվել են նյութապես ոչ ապահովված երիտասարդները։ Գանձանակի հետ կապված հարցերը որոշվել են կտրիճների ընդհանուր ժողովներում։

Կանոնադրության № 3 հոդվածի համաձայն՝ կտրիճներն ամեն տարի ընտրել են «տէբութադներ» (դեպուտատներ, Կ. Ա.), (4 հոգի): Հետագա շարադրանքից պարզ չէ սրանց պարտականությունները, ըստ երևույթին սրանցից առանձնացվել կամ ընտրվել են ավագները՝ «սթարշըյները», որոնք իրականացրել են կազմակերպության առանձին օղակների ղեկավարությունը։ Իսկ ընդհանուր ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, վերապահված է եղել «վոյթին», որը № 19 հոդվածի համաձայն կարող էր կտրիճներին իր հետ արշավի հանել, անհնազանդներին պատժել բանտարկությամբ (№ 28) կամ վտարել եղբայրությունից (№ 27)։

Երզնկայի «Եղբայրության» նման Յազլովեցինն էլ զինվորական կազմակերպության տեսք ուներ: Կտրիճները պետք է լինեին վերին աստիճանի կարգապահ, անվերապահորեն ենթարկվեին իրենց ավագներին։ Առանց հարգելի պատճառի նրանք իրավունք չունեին բացակայելու հավաքներից ու ժողովներից»:

…«Երզնկայի կտրիճների նման՝ Յազլովեցի Հայ պատանիներն էլ սիրել են իրենց ժամանակը խնճույքներում կարճել, ուստի և նրանց կանոնադրության մեջ հանգամանորեն պարզաբանված է այդ հարցը։ Այնտեղ բազմաթիվ կանոններ կան քեֆերն ու հարսանիքները կազմակերպված և հաճելի ձևով անցկացնելու մասին։ Ուշագրավ է, որ կանոններից մեկում սահմանված է «խոսակցության ժամանակ իրար խոսք չկտրել» կամ «քեֆի ժամանակ սեղանի շուրջ չնստել թրով կամ ատրճանակով»։
Այստեղից հետևություն. իրենց հեռավոր նախնիների՝ վանեցիների ու երզնկացիների նման Յազլովեցի կտրիճների համար զինված լինելը սովորական բան էր, ուստի և կանոն է սահմանված այդ մասին։

Հայաստանի կտրիճները պատերազմների ժամանակ մասնակցում էին իրենց քաղաքների պաշտպանության գործին, կասկածից վեր է, որ թրով ու թվանքով ման եկող այս յազլովցիները և կամ կամենիցացի կտրիճներն էլ մասնակից են եղել պաշտպանական այն բազմաթիվ կռիվներին, որ այն ժամանակ Ուկրաինայի քաղաքացիները ստիպված էին մղել հատկապես թուրքական ու թաթարական հրոսակների դեմ։
Հայտնի է, որ լեհական Յան Սոբեսկի թագավորը Հայ արհեստավորներին մի շարք արտոնություններ շնորհելու վերաբերյալ 1685 թվականի հունիսի 6֊ին տված իր հրովարտակի մեջ նշել է Հայերի կտրիճությունն ու քաջագործությունը Կամենիցի, Յազլովեցի ու Լվովի, ինչպես և մյուս սահմանային բերդերի պաշտպանության գործում։

Արևմտյան Ուկրաինայում եղած հայկական «եղբայրություններն» ունեցել են դրամարկղներ, որոնց մեջ պահել են իրենց կարևոր փաստաթղթերն ու դրամական միջոցները»…

…«Մեզ հասած սկզբնաղբյուրներից երևում է, որ Երզնկայի կտրիճները ժամանակի ընթացքում աստիճանաբար երկրորդական պլան են մղել եկեղեցին, կրոնական հարցերը, կերուխումի և զվարճությունների տալով իրենց»…

…«Արդ, ինչպե՞ս է պատահել, որ մայր երկրում եկեղեցուց և կրոնական կյանքից բավականին հեռացած Հայ կտրիճները Հայրենիքից դուրս կրկին համախմբվել են եկեղեցիների շուրջը: Երզնկայում, ինչպես սկզբում նշեցինք, «եղբայրության» մեջ միավորվելու նպատակն է եղել նաև պայքարը բռնակալության դեմ. կտրիճները օգնելու էին միմյանց՝ «եթէ ոք յեղբարութենէս ի փորձութիւն մարդկան անկանիցի և ի բռնաւորաց նեղիցի», այս պատճառով այդ «եղբայրությունը» որոշ առումով նաև զինվորական կազմակերպություն է հիշեցնում, կանոնադրության համաձայն այն բաժանված է տասնյակների, որոնց գլուխ են անցած տասնապետները, չորս տասնյակները կազմել են քառասնյակներ՝ իրենց գլխավորով։ Բայց Ուկրաինայում հիմնական շեշտը դրվում է եկեղեցուն հովանավորություն ցույց տալու վրա:
Ի՞նչն է սրա պատճառը։ Կարծում ենք, որ հայկական «Կտրիճվորաց» կազմակերպությունների էության մեջ տեղի ունեցած այս փոփոխությունը կապված է շրջապատի պայմանների հետ»…(մեջբերումները՝ Վ. Ռ. Գրիգորյանի՝ «Արևմտյան Ուկրաինայի հայկական գաղութների «Կտրիճվորաց եղբայրությունների» մասին» հոդվածից):
Շարունակությունը՝ հաջորդիվ…

Յազլովեցում ցայսօր պահպանված հայերեն արձանագրություններից (լուսանկարը՝ Սամվել Ազիզյանի)