ԱՇԽԱՐՀԸ ԾՈՎ Է, ԵՎ ՄԱՐԴԻԿ ԱԼԵԿՈԾՎՈՒՄ ԵՆ ՆՐԱ ՄԵՋ»…
(ԿՐԿԻՆ «ԿՏՐԻՃՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ) — ՄԱՍ Գ
Երիտասարդությունն է այն «թարմ ուժը», որը նպաստում է ազգի առաջընթացին՝ կերտելով ապագան:
Նախնիների կուտակած կենսափորձը, ազգային հիշողությունը գալիք սերունդներին փոխանցումը, միջսերնդային փոխազդեցությունները միշտ էլ կարևորել են Հայկազունները:
Անհատի ազգային ինքնագիտակցության ձևավորման, ինքնակատարելագործման, ինչպես և կյանքի անխուսափելի խոչընդոտները դիմակայելու համար անհրաժեշտ դաստիարակության գործում Միհրականությունը հստակ մշակված իր ուղին ունի, որով ուղղորդվում են երիտասարդները՝ պատանեկան տարիներից սկսած:
Միհրական եղբայրության սկզբունքով ձևավորված «Կտրիճվորաց եղբայրությունները» միջնադարյան Հայաստանում և հետագայում ևս իրենց կարևոր դերն ունեին Հայ երիտասարդների կյանքում, թեև զինվորական կառույց հիշեցնող նրանց բնույթը փոփոխվել էր որոշ վայրերում՝ եկեղեցու ազդեցությամբ՝ ազգայինի փոխարեն քրիստոնեականը շեշտելով:
Հայ պատմաբան Վարդան Գրիգորյանը՝ «Յազլովեց քաղաքի Հայկական գաղութի «Կտրիճվորաց եղբայրության» կանոնադրությանը» նվիրված իր ուսումնասիրության մեջ գրում է.
«Ինչպես տեսնում ենք, Յազլովեցում եղել է «Քառասուն եղբայրների» խորհուրդ, որը գլխավորել են «մարշալեքն» ու «վոյեվոդան»։ Այդ խորհրդի թվարկված անդամները «պաներ» ու «պարոններ» են, այսինքն՝ պատկանել են գաղութի ունևոր խավին, հետևապես՝ գաղութի, ինչպես և «եղբայրության» ղեկավարությունը գտնվել է հարուստների ձեռքին, որոնք, բնականաբար, թե՛ խորհրդի և թե՛ եղբայրության հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործել են իրենց շահերի օգտին։
Կանոնադրության սկզբում տեր Հակոբը ներկայացված է որպես հոգևոր և աշխարհիկ դատաստանների ատենադպիր։ Որ Յազլովեցի Հայ գաղութն ուներ իր աշխարհիկ դատարանը, դա վաղուց հայտնի էր դատարանի 1669 — 1670 և 1672 թթ. կազմված արձանագրություններից, որոնք հայտնաբերել և քաղվածաբար հրատարակել է Ս. Բարոնչը, բայց մեզ անհայտ էր այդ քաղաքում Հայ հոգևոր դատարանի գոյության փաստը, դրա միակ աղբյուրը սույն կանոնադրության ներածությունն է։
Երզնկայի, Անիի, Վանի, Սուլթանիայի և Կաֆայի եղբայրությունների պահպանված նյութերից հայտնի է, որ դրանք գլխավորել են «մանկտավագները»:
Այդպես են կոչվել նաև եղբայրության ղեկավարները Կամենեց-Պոդոլսկում:
Բոտոշանում, Յաշում և Ռոմանում նրանք կոչվել են «վատահներ», իսկ 1790 թվականից հետո, երբ կանոնադրությունը կրկին հաստատվել է և բավականին խմբագրվել, «վատահի» փոխարեն մտցվել է հայկական «պատանեկապետ» կոչումը:
Գեռլայում այն անվանվում էր «պրեֆեկտ», Ռաշկովում՝ «ստարեսդա»։
Յազլովեցում, ինչպես ցույց է տալիս կանոնադրությունը, «եղբայրների» առաջնորդությունը ստանձնած են եղել «սթարշըյները»:
Դրանցից բացի եղել են նաև տարբեր պարտականություն ունեցող բազմաթիվ պաշտոնյաներ։
Հայտնի է, որ Երզնկայի կտրիճները ժամանակի ընթացքում աստիճանաբար երկրորդական պլան են մղել եկեղեցին ու կրոնական հարցերը։ Այնտեղ «Եղբայրության» մեջ միավորվելու նպատակն է եղել նաև պայքարը բռնակալության դեմ, բայց Յազլովեցում հիմնական շեշտը դրվում է եկեղեցուն հովանավորություն ցույց տալու վրա։
Այստեղ «Կտրիճվորաց եղբայրությունն» ավելի մոտ էր կանգնած եկեղեցուն, և նրա ղեկավարությունը գտնվում էր գաղութի ազդեցիկ մարդկանց և, առաջին հերթին, «վոյթի» ձեռքում։
Ինչպե՞ս է պատահել, որ մայր երկրում եկեղեցուց և կրոնից բավականին հեռացած Հայ կտրիճները հայրենիքից դուրս կրկին համախմբվել են եկեղեցու շուրջը:
Կարծում ենք, որ հայկական «Կտրիճվորաց» կազմակերպությունների մեջ տեղի ունեցած այս էական փոփոխությունը կապված է տեղական պայմանների հետ: Երբ արտագաղթի հետևանքով ազգային շատ ավանդույթների հետ միասին այդ կազմակերպությունները տարվեցին հեռավոր երկրներ, ապա տեղական պայմանների ազդեցության ներքո որոշ չափով փոխվեց և նրանց բնույթը»…
…«Կանոնադրությամբ կարգավորված է նաև հարսանիքները կազմակերպելու հարցը։
Ամուսնացող կտրիճներին գանձանակից օգնություն էր ցույց տրվում։ Նրանք իրենց հերթին պարտավոր էին համապատասխան մուծում կատարել գանձանակ, գումարի չափը կախված էր ամուսնացողի նյութական հնարավորություններից։ Եթե վերջինս աղքատ էր, նրա հարսանիքի ծախսն արվում էր գանձարկղի կամ էլ հենց կտրիճների հաշվին, սակայն դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե այդ կտրիճը «աղեկ զասլուժիթսա» եղեր է» (բավականաչափ արժանացել է, Կ.Ա.), (№ 26)։
Կտրիճները կարող էին իրենց չունևոր ընկերներին ազատել հարսանիքի համար որոշված գումարը մուծելու պարտականությունից (№ 7)։
Հատուկ հոդված կա այն մասին, որ ամուսնացողները նվերներ են տալու ավագ կտրիճներին (№ 8), իսկ «վոյթին» իրավունք է վերապահված կտրիճների հաշվին հյուրասիրություն կազմակերպել գաղութի ղեկավարների՝ «աղաների» համար (№ 31)»։
«…Երբ պահանջվում էր «վոյթի» հետ միասին ձիով արշավի գնալ քաղաքից դուրս, ավագների հրամանի համաձայն՝ կտրիճները պարտավոր էին անմիջապես իրենց ձիերով և, անտարակույս, զինված կատարելու կարգադրությունը»։
…«Մոլդավահայ գաղութների երիտասարդների, ինչպես և մեծահասակների եղբայրությունների կանոնադրությունները մշակել է լեհահայ հայտնի գիտնական Ստեփանոս Ռոշքան, որը ձեռքի տակ ունեցել է լեհահայ համանման կազմակերպությունների կանոնադրությունները և օգտվել դրանցից։ Հետևապես, լեհահայ գաղութներում գոյություն ունեցած կանոնադրությունների վերաբերյալ տեղեկություններ կարելի է քաղել նաև այդ կանոնադրություններից։
Բայց պետք է հաշվի առնել, որ Վատիկանում դաստիարակություն ստացած, Պոդոլյեում հոգևոր բարձր պաշտոններ վարած Ս. Ռոշքան իր կազմած կանոնադրություններում գլխավոր շեշտը դրել է երիտասարդության հոգևոր դաստիարակության վրա, և նրա կազմած կանոնների մեծ մասը վերաբերում է կրոնական հարցերին»։
«Մոլդավիո Հայ պատանեկաց կանոնադրությունը,- կարդում ենք խմբագրության կցած առաջաբանում,- հիշեցնում է մեզ հին սպարտացվոց կանոնները, որոց պատանիները որոշյալ հասակն առնելուց հետո պատկանում էին հասարակության և դաստիարակվում էին հասարակական հաստատությանց մեջ, բոլորովին ազատ ծնողաց իշխանությունից և ազդեցությունից: Նույնը մասամբ երևում է և Մոլդավիո Հայ պատանեկաց կանոնների մեջ, ըստ որում՝ Մոլդավիո Հայ պատանյակը ժողովի մեջ մտնելուց հետո, բոլորովին ենթարկվում է ժողովի որոշումներին, որոնց դեմ ո՛չ ծնողքն և ո՛չ ազգականք նրան պաշտպանելու իրավունք ունեն։
Զանազանությունը նրանումն է, որ սպարտացին ստանում էր զինվորական դաստիարակություն և դառնում էր հայրենյաց քաջ զինվոր, իսկ Մոլդավիայի Հայ պատանյակը կրոնական — հասարակական դաստիարակություն էր ստանում, հասարակության ապագա անդամ և լավ քրիստոնյա լինելու համար:
Այդ զանազանությունը ավելի պակաս է թվում, երբ ծանոթանում ենք յազլովեցյան կտրիճների կանոններին։
Այստեղ արդեն գործ ունենք կիսառազմականացված կազմակերպության հետ, որի խնդիրների մեջ երիտասարդության կրոնական — հասարակական դաստիարակությունն ապահովելուց ոչ պակաս կարևոր էր նրանց կարգ ու կանոնին վարժեցնելու, հրամանատար-ավագների կարգադրություններին անվերապահորեն ենթարկվելու, անհրաժեշտության դեպքում՝ թշնամու դեմ դուրս գալու գործը։
Հայտնի է, որ Յազլովեցի Հայերը եռանդուն մասնակցություն են ունեցել քաղաքի պաշտպանությանը։ Նրանք ոչ միայն մասնակցել են կռիվներին, այլև իրենց միջոցներով կառուցել պաշտպանական ամրություններ, որոնց մի մասը պահպանվել է մինչև այսօր:
XVII դարի կեսերին քաղաքի պաշտպանությունը վստահված էր Հայ «վոյթին»։ Հատկապես աչքի է ընկել վոյթ Բոգդան Շեֆերովիչը, որը բազմաթիվ հաղթանակներ է տարել քաղաքի վրա հարձակված թուրք — թաթարական հրոսակների նկատմամբ և արժանացել «Լեհաստանի ասպետի» պատվավոր կոչման:
Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկին 1685 թ. հունիսի 6-ին Հայ արհեստավորներին մի շարք արտոնություններ շնորհելու վերաբերյալ տված իր հրովարտակում հատուկ շեշտել է Հայերի քաջագործությունները նաև Յազլովեցի պաշտպանության ժամանակ:
Կռվող ուժը հիմնականում երիտասարդներն էին և կարելի է չկասկածել, որ «Կտրիճվորաց եղբայրությունը» կարևոր դեր է խաղացել նրանց մարտական ոգու դաստիարակության գործում»:
…«Յազլովեցյան «Կտրիճների» կանոնադրությունը՝ շարադրված լինելով տեղի Հայերի առօրյա խոսակցական լեզվով, օգտակար սկզբնաղբյուր է նաև լեզվաբանական հետազոտությունների համար»…