«ԼՈՅՍ, ԱՐԱՐԻՉ ԼՈՒՍՈՅ, ԱՌԱՋԻՆ ԼՈՅՍ»…

Հնագույն ժամանակներից դարերի ընթացքում բյուրեղացած Հայկեան ուսմունքը՝ Արևապաշտությունը, Հայոց աշխարհընկալման արգասիքն է։
Հայոց Նախնյաց բանահյուսությունից՝ նախնական առասպելական պատումներից, Քրմերի մշակած դիցանվեր ձոներից մինչև մերօրյա Հայկազունիների մշակույթը, ստեղծագործական տարբեր բնագավառներում, ժողովրդի կողմից սիրված տոներում ու ծեսերում Արևի պաշտամունքի հետքերն են առկա՝ Լույսի գովերգման ու Կյանքի փառաբանման հիասքանչ պատկերներով, Արևագալին՝ Արևածագին նվիրված երգերով…

Հայ գրականագետ, Բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանը (1907-1981), որի գիտական ուսումնասիրությունների թեմաները միջնադարյան Հայ գրականությունից էին, «Ներսես Շնորհալու «Արևագալ»-ի շարականները, «Առաւօտ լուսոյ» և «Աշխարհ ամենայն» երգերը» («Էջմիածին» ամսագիր, 5 (մայիս) 1958թ.) հոդվածում վերլուծում է Շնորհալուն վերագրվող քրիստոնեական շարականները և ի ցույց դնում վերջիններիս ազգային բնույթը՝ ընդգծելով, որ դրանք Հայոց հնագույն մշակույթից են վերցված, Արևապաշտության ձոներից են Արևագալի երգերը, որոնցում Արևածագի՝ լուսաբացի փառաբանումն է:
Հիշյալ հոդվածը՝ որոշ կրճատումներով, ստորև:

«Շնորհալու Արևագալի շարականներն արժանի են առանձնահատուկ ուշադրության այն տեսակետից, որ սրանք իրենց էությամբ ու արտահայտչական ձևերով տարբերվում են մեր սովորական շարականներից և որոշ չափով հանդիսանում են հեռավոր արձագանքն ու արտահայտությունը հայ հեթանոսական շրջանի կրոնական աշխարհայացքի և մտածողության։
Մեր շարակնոցը բանաստեղծական մի անգնահատելի գանձարան է, անթիվ երգերի ժողովածու: Կրոնական երանգի հետ միաժամանակ այդ երգերն ունեն ազգային գույն, որոշված չափ ու ձև և մեր միջնադարյան հոգևոր բանաստեղծության մեջ կազմում են պատկառելի ինքնուրույն տեսակ:
Պետք է ասել, որ այդ շարականները բոլորը չէ, որ իրենց էությամբ քրիստոնեական կրոնի բացառիկ սեփականությունն են եղել: Դրանք մեծ մասամբ ծնվել, աճել ու զարգացել են հայկական իրականության մեջ, Հայ մարդու հոգու և սրտի մեջ տակավին հեթանոսական շրջանից գոյություն ունեցած ազգային պատրաստի հողի վրա:
Ոչ միայն շարականները, այլև մեր եկեղեցական որոշ եղանակներ նույնպես արևելյան են ու ազգային: Սկզբնական շրջանում նրանք կրելով հարևան ազգերի՝ առանձնապես պարսից հին կրոնի գաղափարախոսության ազդեցությունը, հետագայում, զարգանալով ու ձևավորելով դարձել են ինքնուրույն ազգային երաժշտություն:
Հեթանոսական շրջանում հայերը կրոնա-գաղափարական սերտ կապի մեջ են եղել Իրանի հետ: Ծանոթ է հին աշխարհում պարսկական զրադաշտականությունը: Վերջինս, ըստ Զենդ Ավեստայի, ունեցել է հարուստ հոգևոր երաժշտություն՝ նվիրված աստվածներին, բարի ոգիներին, կրակին, լույսին:
Որքան մոտիկ ու նման են եղել հեթանոս Հայի և զրադաշտական պարսիկի սրբազան արարողությունները, ծիսակատարությունները, այնքան էլ կարող են մոտիկ և նման լինել պարսկական և հայկական հոգևոր երգերի ոգին, եղանակը:

Քրիստոնեությունը Հայաստանում մուտք գործած ժամանակ Հայերն ունեցել են իրենց հարուստ կրոնական բանաստեղծությունն ու երաժշտությունը, որն սկզբնական շրջանում արդեն ինքնատիպ և ազգայնացված է եղել:
Ահա այդ հեթանոսական տարրերն էլ մտել են մեր հատկապես վաղ շրջանի հոգևոր երգի և ապա հետագայում՝ շարականների մեջ:
Քրիստոնեության սկզբի դարերում անգամ զրադաշտականությունն ու հատկապես Միթրայի կրոնը ուժեղ ազդեցություն ունեին ոչ միայն Արևելքում, այլև արևմուտքում:
«Քրիստոնեական առաջին չորս դարերում, — ասում է պրոֆեսոր Մ. Աբեղյանը,- պարսից Արեգակի և լուսո աստված Միթրայի (Միհրի) կրոնը, որը՝ շնորհիվ իր գրավիչ միստերիաների (ծածկախորհուրդ ծեսերի, Կ. Ա.) տարածված էր նաև Հռոմեական լայնածավալ կայսրության մեջ, ազդում է քրիստոնեական դավանանքի կազմակերպության վրա» (Մ. Աբեղյան, «Հայոց հին գրականության պատմություն», Ա գիրք, էջ 501):

Բնական է, որ այս կրոնը ուժեղ չափով ազդել է նաև մեր հոգևոր բանաստեղծության վրա, որի հետևանքով էլ ստեղծվել է լույսի ու արևի պաշտամունք ու փառաբանում, մերթ՝ այլաբանորեն և մերթ էլ ուղղակի ձևով: Հայոց հոգևոր երգը, որպես մեր ազգային մատենագրության մի ճյուղ, արևելյան է, ազգային, գունագեղ ու արևոտ: Իսկ այդ հոգևոր երգերի մեջ Շնորհալուն վերագրվող Արևագալի շարականներն իսկական և իմանալի լույսի փառաբանումն են:
Այս երգերի մեջ այլաբանությունները, համեմատությունները ճոխ ու բազմերանգ են:
Վստահ կարելի է ասել, որ Հայոց հոգևոր բանաստեղծության մեջ եղած «լուսապաշտություն»-ը Շնորհալին զարգացրեց ու հասցրեց այնպիսի մի բարձր աստիճանի, որն այդ շրջանում մի անզուգական երևույթ էր Արևելքի գրականության մեջ: Ինքը՝ զրադաշտականությունը լույսի պաշտամունքի, մեծարման և փառաբանման մի կրոն է:
Սակայն եթե մեր հատկապես լուսապաշտության ու Արևագալի շարականները դնենք Զենդ Ավեստայի լուսերգերի մոտ, կտեսնենք, որ մեր այդ երգերն էլ ամբողջապես շնչում են լույսով ու արևով ու այդ լույսի աստվածացումն ու ներբողումն են:
Ահա այս լույսի ու արևի գեղեցիկ մոտիվներն էին, որ հեթանոս Հայաստանից որպես ժառանգություն անցնում էին քրիստոնեական նոր աշխարհայացքին:
Լույսի պաշտամունքն ու փառաբանումը ոչ միայն ուժեղ է եղել քրիստոնեության սկզբնական շրջանում, այլև անգամ Շնորհալու ժամանակ ու նույնիսկ Շնորհալուց հետո, մինչև Կիրակոս վարդապետ Երզնկացին, որն այնքան գեղեցիկ ու գունագեղ երգել է լույսը, արևը իր հայտնի «Արևելք գերարփին» պոեմում:
Տեղին է այստեղ նշել, որ մեր միայն Արևագալի շարականներում չէ, որ ուժեղ կերպով երևում է լույսի ու արևի փառաբանումը:

Մեր «Մեծասցուցէ»-ների մեծ մասը՝ Տիրամոր նվիրված շարականներից շատերում գունագեղ, հյութալի պատկերներով ու այլաբանությամբ տրվում է Աստվածածնի պատկերը ամբողջությամբ լույսի ու լուսե պատկերների մեջ, ինչպես «Մայր լուսոյ», «լույս ի լուսոյ», «արևելք գերարփին», «առաւօտ խաղաղութեան», «արուսեակ զուարթարար», «սիւն լուսոյ», «տաճար լուսոյ», «նոր խորան արեգական», «նոր տաճար անճառ լուսոյն», «մարգարիտ լուսափայլ» և այլն:
Գալով Շնորհալու Արևագալի երգերին՝ պետք է ասել, որ այստեղ բանաստեղծը վարպետորեն կարողացել է լույսի գովերգումը ներդաշնակել դավանաբանական կամ աստվածաբանական հարցերի հետ, որոնք դարձել են լուսե օրհներգություններ: Բարձր զգացումներով բանաստեղծն երգում է լուսո արարչին կամ անեղանելի իմանալի լույսին: Ահա Շնորհալու Արևագալի շարականներից նմուշներ.
«Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս,
Բնակեալդ ի լոյս անմատոյց…»:

«Լոյս ի լուսոյ ծագումն՝ Արեգակն արդար»:

Այնուհետև Արևագալի շարականների մեջ բարձրանում են դավանաբանական մոտիվներ՝ զուգակցված լույսի, Հոր, Որդու և Ս. Հոգու հետ.
Լոյս, երրեակ և մի անբաժանելի Սուրբ Երրորդություն»:
Եվ այս «լույս» բառերով սկսվող գեղեցիկ քնարական բանաստեղծության ամեն մի տան վերջում երգվում է հետևյալ կրկնակը՝
«Ի ծագել լուսոյ առաւօտուս,
Ծագեա՜ ի հոգիս մեր զլոյս քո իմանալի»…

…«Լույսն ու լուսոյ արարչին փառաբանելու, նոր օրհներգեր հորինելու համար բանաստեղծը կոչ է անում արևելքից մինչև արևմուտք, հարավից մինչև հյուսիս, որ բոլոր ազգերն ու ցեղերը գան օրհնեն լուսո Հորը, որ լույս է տվել աշխարհին.
«Ամենայն ազգ և ազինք,
Օրհնութիւն նոր օրհնեցէք
ԶԱրարիչն արարածոց,
Որ ծագեաց զլոյս արեգականն
Այսօր յաշխարհս»…

…«Միայն Արևագալի երգերի մեջ չէ, որ Շնորհալին մեծարում է ու գովերգում լույսը: Այդ երևում է նրա գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ, ուր Շնորհալին հետևողականորեն երգում է լույսը՝ նրա հետ կապելով իր մտքերն ու զգացումները:
Լույսն Աստվածաշնչի մեջ խորհրդանշում է Աստծուն: Ավետարաններում Քրիստոսը հայտնվեց որպես «Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց»: Հիսուս իրեն անվանել է «աշխարհի Լոյս»-ը: Իհարկե, այս գաղափարների լույսի տակ, սխալ կլիներ Շնորհալու մոտ լույսի պաշտամունքը վերագրել միայն հեթանոսական ազդեցություններին: Շնորհալին լույսի պատկերի տակ երգում է Աստծուն, Քրիստոսին, Տիրամորը: Նրա ողջ բանաստեղծությունը հագեցած է քրիստոնեական լույսի փոխաբերական իմաստով:
Մեր ասածը հիմնավորելու համար բերենք մի քանի բնորոշ տողեր Շնորհալու ծանոթ շարականներից և երգերից.

Վարդավառի երկրորդ օրվա օրհնությունից.
«Ճառագայթ փառաց Հոր, Որդիդ Միածին,
Որ զլոյսդ անվայրափակ մարմնով պարագեալ»:

Վարդավառի երրորդ օրվա շարականից.
«Արեգակն արդարութեան Քրիստոս
Ծագեալ յաշխարհ, հալածեաց զխաւարն անգիտութեան»:

«Այսօր Անճառ»-ից.
«Այսօր անճառ լուսոյն ծագումն,
Ի փրկութեան մեր կատարումն…

Լոյսն խօսէր աղերսալի,
Խաւարելոյն վասն դարձի:

Ջահդ լուսոյ յառաւօտին,
Ի յուրբաթուն հնոյ Զատկին»:

«Նորաստեղծեալ»-ից.
«Լոյսդ, որ անեղ, արարչական
Ասաց լինել լոյս եղական»:

«Արարչական»-ից.
«Ի Հօրէ լոյս ծագեցար
Մեռեալ բնութեանս կենդանարար…
Լոյսն այն պայծառ յօր չորրորդին,
Յարեգական նիւթ հաւաքեալ,
Լուսինն ի տիպ լուսոյ ստեղծեալ
Եւ աստեղաց պարս յօրինեալ…»:

«Նայեաց սիրով»-ից.
«Ի քեզ նայիմք, լոյսդ անմատոյց.
Ի զգայական ծածկեալ լուսոյ…

Էիդ լուսոյ անստուերի,
Պաղատանօք կամք առաջի…»:

«Աղուհացից երրորդ կիրակի»-ի շարականից.
«Գովեմք զքեզ, բան և լոյս,
Որ զտիրական քո պատկեր
Լուսով ճրագի քո գտեալ վերականգնեցեր:

Լոյս ի լուսոյ ծնունդ և ծագումն…
Որ զլոյս աստուածային քո բանի
Ծագեցեր յաշխարհամած խաւարն անգիտութեան…»:

Այսպիսի տաղեր դեռ էլի կարելի էր շարունակել:
Շնորհալին մեր հոգևոր երգի մեջ ստեղծել է Լոյս Աստծու փառաբանման սքանչելի պատկերներ, որոնք կարմիր թելի պես անցնում են նրա գլխավոր բոլոր գործերի մեջ:
Լույսի այս պաշտամունքն ու փառաբանումը Շնորհալու շարականների միջոցով ազդել է նաև Շնորհալուց հետո եկող շատ շարականների վրա:

Շնորհալու երգերի մեջ ժողովրդի կողմից ավելի սիրված և ավելի մասսայականացած են «Առաւօտ լուսոյ» և «Աշխարհ ամենայն» հռչակավոր երգերը իրենց պարզության, մատչելիության և գեղեցկության պատճառով:
Այս երկու պարզ երգերն էլ շարականների կանոնի մեջ չեն մտնում, այլ ըստ ժամագրքի համարվում են գիշերային երգ»…

…«Առաւօտ լուսոյ»-ն ունի վերին աստիճանի պարզ, սահուն, գրեթե ժողովրդական պարզության հասած մի լեզու: Պարզ է եղել այս երգը նաև իր բովանդակությամբ հասարակ հավատացյալի հոգու և սրտի համար: Ձևի ու բովանդակության պարզությամբ և այս երկուսի գեղեցկությամբ պիտի բացատրել նաև այս երգի ժողովրդական ու սիրելի դառնալու գաղտնիքը:
Ոչ մի շարական, ոչ մի տաղ, ոչ մի գանձ այնպես տարածված չի եղել, մտել ժողովրդի լայն խավերի մեջ և երգվել թե՛ տխրության և թե՛ ուրախության ժամին, եկեղեցում թե դրսում, նաև շատ անգամ փողային գործիքների նվագակցությամբ, ինչպես «Առաւօտ լուսոյ»-ն է եղել»…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: