«ՄՇՈ ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ՝ ՔԱՐՔԷ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԵՐԻՆ»…

Հայոց հնագույն նշանավոր նվիրական վայրերից էին Աշտիշատը և նրանից ոչ հեռու գտնվող հռչակավոր մեհենատեղին Տարոն աշխարհում՝ իրար մոտ բխող ինը սառնորակ աղբյուրների մոտակայքում, որ «կոչի Իննակնեայ վանս վասն Թ (9) ականցն քաղցրահամ աղբերացն, եւ կոչի Գլակայ վանս վասն առաջնորդի վանաց հօրն»… (ինչպես հաղորդում է 13-րդ դարի պատմիչ Վարդան Արևելցին):
Մշո կամ Տարոնի Իննակնեան վանքը հետագայում՝ քրիստոնեության տարածումից հետո դարձավ «Մշու սուլթան սբ. Կարապետ»:
«Մեհենաց վրա եկեղեցիներ կանգնեցվեցին», սակայն Հայ ժողովրդի սրտում այն մնաց որպես ուխտագնացությունների, հատկապես Վարդավառի համազգային խրախճալի տոնակատարությունների պաշտամունքավայր, ուր ընդհուպ մինչև 1915 թվականը հավաքվում էին Հայորդիք Հայոց հեռու ու մոտ գավառներից՝ իրենց ազգային նվիրումն ու հայրենասիրությունն արտահայտելու համար։
Վանում ծնված Հայ ազգագրագետ, բանասեր Հայկ Աճեմյանի (1898-1965) մտորումները՝
«Մշու սուլթան սուրբ Կարապետ»-ի շուրջ՝ տպագրված «Հայրենիք» ամսագրում, (1926, հունիս, թիվ 8, էջ 112), ստորև…

Ա
Հազա՜ր հազա՜ր տարիներ առաջ, երբ Հայաստան աշխարհը իւր փառքի եւ յաղթանակի լաւագոյն շրջանն էր ապրում, Մշոյ Երկրի սրտում՝ Վէր Քարքէ լերան լանջերին,
բարձրանում էր Հայ հեթանոսական պաշտամունքի այն հոյակապ մեհեանը, որի մարմարաշէն կամարների տակ հանգչում էին Ոսկեմայր Անահիտի, Ոսկեմատ Աստղիկի եւ Վիշապաքաղ Վահագնի՝ Հայոց այդ հին աստուածների (այսուհետ՝ Դիցերի, Կ. Ա.) ոսկեձոյլ արձանները, որոնց առջեւ արեւածագից առաջ Հայ քուրմերը խունկ ու կնդրուկ էին ծխում եւ փառաբանութեան մեղեդիներ մրմնջում, իսկ հերարձակ եւ սպիտակահանդերձ Հայ կոյսերը ծաղիկներ եւ անուշաբոյր իւղեր էին սփռում:

Երբ արեգակն արդար, իւր ոսկեճամուկ ճառագայթներով առատօրէն լուսաւորում է հեթանոսների Դիցատունը, եւ Հին Դիցերի ոսկեձոյլ արձանների փայլքն էլ խառնւում է արեգակի շողերին, մեհեանը լեցւում է շիջելափառ եւ բոսորագոյն լոյսերով:
Հայ գուսանները սկսում են նուագել կիթառն ու բամբիռը, փողհարները քաղցրաձայն հնչեցնում են շեփորները: Հեթանոսները ոտքի են կանգնում եւ լսւում են քրմապետի աղօթքն ու փառաբանութիւնը՝ ուղղուած Հայոց առնական կորովի, ոյժի, կռուի եւ յաղթանակի արեւածին Դիցին — վիշապաքաղ Վահագնին.
«Ո՜վ դու, Վահա՜գն, Դի՛ց զօրութեան, դու՛, մարդացա՛ծ Արեգակ, ո՛վ Յաղթական դու Հսկայ, եւ Դից մեր հայրերուն, դու Արեւածին եւ վիշապաքա՛ղ զօրութիւն»…
Քրմապետի մաղթանքից յետոյ, հեթանոս աղօթողները խորին հմայքով երգում են Վահագնի ձօներգը, որի եղանակը հազար ու մի ներդաշնակ ելեւէջներով արձագանքում է մեհեանի խորախորհուրդ խորաններում.
- «Երկնէր երկին եւ երկիր,
Երկնէր եւ ծիրանի ծով,
Երկն ի ծովուն ունէր
Զկարմրիկ եղէգնիկն.
Ընդ եղէգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղէգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն պատանեկիկ վազէր:
Նա հուր հեր ունէր
Ապա թէ բոց ունէր մօրուս
Եւ աչքունքն էին արեգակունք…»:
Այսպէս, դարեր շարունակ Մշոյ Աշխարհի հեթանոս Հայերն իրենց պաշտամունքն ու հաւատքը նուիրեցին Հայոց Հին Աստուածներին (Դիցերին, Կ. Ա.), մինչեւ որ քրիստոնէութիւնը մուտ գտաւ Հայաստանում:
Նոր կրօնի հայ մեծանուն ներկայացուցիչը, Ս. Գրիգոր Լուսաւորիչը, իր նոր առաքեալներով, հալածեց Հայ հեթանոսներին, քանդեց ու կործանեց Հին Աստուածների բագիններն ու մեհեանները, ոչնչացրեց Հայ հեթանոսական գրականութիւնը, որն արձանացնում էր հին Հայոց սիրոյ եւ վայելքի, փառքի եւ յաղթանակի երգերն ու գովքերը, յոյսերն ու յոյզերը արձանագրուած մագաղաթեայ մատեաններում՝ Հայ գուսանների եւ Գողթան երգիչների ձեռքով:
Քրիստոնէական կրօնի եւ Հայոց նոր հաւատքի «առաքեալը» մտաւ Մշոյ Աշխարհը, բարձրացաւ Քարքէ լերան լանջերն ի վեր, քանդեց ու կործանեց Հայոց Հին Աստուածների գեղեցկատես եւ բարձրակառոյց մեհեանը եւ այնտեղ, ուր երբեմն Ոսկեծղին Անահիտի, Ծովածին Աստղիկի եւ Արեւածին Վահագնի ոսկեայ, մարմարեայ եւ պղնձեայ արձաններն էին կանգնում, մեհեանի փլատակների եւ Դիցերի անդրիների փշրանքների վրայ, հիմն դրեց քրիստոնէական մի հսկայանիստ եւ փառակերտ տաճար-մենաստանի. իբր յուշարձան՝ Հայոց նոր կրօնի եւ լոյս հաւատքին յաւերժական:

Բ
Անցաւ Հայաստանի ցրտաշունչ ձմեռը:
Սարերի ձիւները հալուեցին եւ հովիտներն ի վար հոսելով խառնուեցին գետերին, որոնք վարար-վարար յորդեցին եւ ոռոգեցին իրենց ափերը գեղազարդող արտերն ու դաշտերը, պուրակներն ու պարտէզները:
Տարօնի աշխարհի գարունն է բացւում:
Մշոյ դաշտը նազելաշուք հարսի նման պճնւում է հազարուբիւր երանգ-երանգ ծաղիկներով: Մեղրագետն ու Արածանին անուշ ջրաձայներով եւ մեղմիկ ճղփիւններով շոյում են իրենց ափերը: Քարքէ լերան լանջերն ի վեր Հայ հովիւներն իրենց հօտերն են արածացնում: Գեղջուկը իւր արտն է հերկում, տանտէրը պարտէզն է մշակում:

Գարունը ամէնքին նոր կեանք ու աշխատանք է տալիս՝ արդար վաստակի, հալալ քրտինքի անդուլ եւ սուրբ աշխատանքը:
Հայ ճարտարապետը հազարաւոր բանուորների գլուխն անցած կառուցում է մի գեղեցկատես տաճար: Գեղջուկները ինքնակամ գալիս են օգնելու այդ նոր սրբավայրի կառուցման գործին: Նրանք քար ու կիր են տանում, երգ ու խինդով քաջալերում են աշխատաւորների ջանքն ու ճիգը: Նոր կրօնի վարդապետները աղօթք ու մաղթանք են կատարում նոր սրբավայրի հաստատութեան համար:
Աստուածաշնչական պատկառելի դէմքով ծերունազարդ մի Հայ վանական ծունկի է իջնում տաճարի կիսաւարտ խորանում եւ մրմնջում է.
«Հաստեա՛ հաւատով
Հաստատեա՛ յուսով
Հիմնեցո՛ սիրով» …

Արեւի շողերի հետ սկսւում է նաեւ օրուայ աշխատանքը:
Եւ ահա տաճարը պատրաստ է իւր հրաշակերտ կառուցուածքով: Նոր կրօնի նոր սրբավայրը բարձրացել է վեր Քարքէ լերան սրտին: Տաճարի ամրակառոյց կաթուղիկէները, թագ ու պսակ ունենալով չքնաղակերտ եւ երկնալար զանգակատունը, հաճելի ներդաշնակութեամբ հոգեպարար մի տեսարան են պատկերացնում հեռաւոր հորիզոնի եւ կամ կապոյտ երկնքի շերտերի վրայ:
Հայոց աշխարհի ամէն կողերում սուրհանդակներ են ուղարկւում ժողովուրդին հաղորդելու, որ Սրբոյ Յովհաննու Կարապետի անուան նուիրուած տաճարի կառուցումը վերջացել է, եւ շուտով պիտի կատարուի օծման մեծաշուք հանդէսը, որին ներկայ պէտք է լինին Ամենայն Հայոց Հայրապետն ու Հայաստան աշխարհի թագաւորը՝ իրենց շքախմբերով:
Կարճ ժամանակուայ մէջ Մշոյ աշխարհը դառնում է համահայկական մեծ հանդիսավայր: Հայաստանի ամէն կողմերից դէպի Տարօն են գալիս բազմահազար ուխտաւորներ՝ Սուրբ Կարապետի տաճարի օծումը տեսնելու համար:
Արշալոյսին ղօղանջում են Սուրբ Կարապետի բարձրակառոյց զանգակատան զրնգուն զանգերը, որոնց վերջին ղօղանջները մելանուշ հնչիւններով արձագանգ են տալիս Սասնոյ լերանց հովիտներում եւ անհետանում են հեռաւոր հորիզոններում:
Զանգերի ղօղանջները ջերմեռանդութեան լոյս հաւատքով լեցնում են Հայ ուխտաւորների սրտերը, եւ ամէնքը միաբերան աղօթում ու խաչակնքում են:
Գալիս է Ամենայն Հայոց Հայրապետը իւր արքեպիսկոպոսներով եւ կրօնական նուիրապետութեան պաշտօնեաներով:
Հայոց թագաւորին հետեւում են նախարարները, զօրավարները, իշխանները, ապա եւ թագուհին իր հետեւորդներով ու նաժիշտներով: Սրանց հետեւում են քաղքենիներ, զօրքեր, ռամիկներ, շինականներ, արք եւ կանայք, ծերունիներ եւ մանուկներ, մի խօսքով, Հայ ժողովուրդն իր բոլոր դասակարգերով:
Հայրապետը, թագաւորն ու թագուհին, իշխաններն ու նախարարները, երկրի մեծերն ու երջանիկները տաճար են մտնում եւ գրաւում իրենց տեղերը, իսկ հասարակ ժողովուրդը խռնւում է վանքի բակում: Սկսում է ժամասացութիւնը:
Ամենայն Հայոց Հայրապետը խորին յուզումով օրհնում է այս նորակառոյց տաճարը:
Մայր սեղանին առջեւ պլպլում է Լուսաւորչի վառ կանթեղը, որի աղօտ ցոլքերը խորհրդաւորութեամբ լուսաւորել են Աստուածամօր պատկերը:
Եւ ահա «անմահ բանին սպասարկու» հայ կրօնաւորները հնչեցնում են Լուսաւորչի հիմնած առաքելական եկեղեցւոյ հոգեզմայլ ցայգերգը՝
«Զարթի՛ք փառք իմ, զարթի՛ք եւ ես
զարթեայց առաւօտուս ալէլուիա՜…»:
«Զարթի՛ք նոր ժողովուրդի նոր երգս
առեալ նորոգողին ալէլուիա՜…
«Զարթի՛ք փըրկեալք արեամբ եւ դուք
ըզփառըս փըրկողին ալէլուիա՜…»։
Տաճարի կամարներն ու խորանները արձագանգում են արշալուսային օրհներգութեան այդ անուշ հնչիւնները, որոնց ի լուր ուխտաւորների խուռներամ բազմութիւնը խորին երկիւղածութեամբ ծունկի է իջնում նոր կրօնի այս նորակառոյց սրբարանում, իւր պաշտամունքը մատուցանելով Սուրբ Կարապետի անուան ու զօրութեան:

Քիչ յետոյ սկսւում է արեւին ձօնուած կրօնական փառաբանութիւնը:
Խըշշոցները խշշում են, ծընծղաները անուշ թրթռումներով զրնգում են, տաճարը լեցւում է խորախորհուրդ ձայներով, որոնց ձայնակցում են նաեւ կրօնաւորները՝ օրհներգելով.
«Առաւօտ լուսոյ, արեգակն արդար,
առ իս լոյս ծագեա՛… » :
«Բըղխումն ի հօրէ, բըղխեա՛ ի հոգոյս,
բանդ քեզ ի հաճոյս»…
«Գանձըդ ողորմութեան, գանձիդ
ծածկելոյ, գըտող զիս արա…»:

Արեգակն արդար արդէն վաղո՜ւց ծագել ու ջերմացրել է արար աշխարհը. տաճարի նեղլիկ լուսամուտներից ներս ընկել են լուսվառ շողերը եւ խառնուել են մոմերի ու կանթեղների պլպլուն ցոլքերի հետ:
Սկսւում է հանդիսաւոր պատարագը, եւ Հայոց Հայրապետը՝ ոսկեթել հիւսուած հանդերձներով զգեստաւորեալ՝ մատուցանում է պատարագը, որի ընթացքին տեղի է ունենում Սուրբ Կարապետի տաճարի օծումի արարողութիւնը:
Հայ տաճարի քարերը, սրբազան անօթներն ու սպասները, պատկերներն ու մատեանները օծւում են միւռոնով եւ քրիստոնէական հաւատքի, հայ Լուսաւորչական եկեղեցւոյ այդ հսկայ ու գեղակերտ տաճարը արդէն դառնում է հռչակաւոր ուխտատեղի՝ յանուն Սրբոյն Յովհաննու Կարապետի:

Գ.
Անցան դարեր ու անդարձ սերունդներ:
Հայաստան աշխարհը դարձաւ արիւնի եւ աւերածութեան ասպարէզ՝ արեւելքից ու արեւմուտքից արշաւող բռնակալների եւ բարբարոս ուժերի համար: Սակայն Սուրբ Կարապետի հոյակապ մենաստանը մնաց իբրեւ ականատես եւ լուռ վկայ այն բոլոր անցքերին, որոնք կատարուեցին Հայաստանում։

Նրա բարձրակառոյց ու երկնասլաց կաթուղիկէները, վեհանձն ու հպարտ, անխորտակելի եւ յաղթական դիրքով կանգուն մնացին, անյաղթ պահելով յոյսն ու հաւատքը Հայութեան սրտում:
Սուրբ Կարապետի վանքի տօնն է: Հայ աշխարհի ամէն կողմերից քաղքենին ու գեղջուկը նրա դուռն են դիմում՝ իրենց մուրազն առնելու:
Հայկական մեծ ու նուիրական ուխտագնացութիւնն է:
Ջերմեռանդ ու հաւատալից ուխտաւորները արեւից առաջ ճամբայ են ընկել վանքը հասնելու համար:

Մշոյ աշխարհի մշուշը փարատւում է, գիշերային աղջամուղջը ցրւում, եւ բարի լոյսը ճօղճօղւում է արեւելքից: Արեւն իր ոսկի ճաճանչները սփռում է ջրառատ եւ կանաչազարդ դաշտերի վրայ:
Գոյնզգոյն ծաղկունք, ջերմ շողերի եւ խոնաւ ցողերի շունչով ոգի են առնում: Աղբիւրն ու առուակ, գետն ու վտակ՝ արծաթի գոյն են դառնում, եւ բովանդակ բնութիւնը Տարօնի աշխարհին՝ ծիրանի ծովու տեսքն է ընդունում:
Բնութեան այս անուշ պահուն, ահա տեսէք. գալիս են Հայ ուխտաւորները դաշտերից ու գիւղերից, հովիտներից ու ձորերից, թէ՛ ձիաւոր, թէ՛ ոտաւոր, գեղջուկն ու գեղջկուհին՝ հայրենի գունագեղ տարազներով զարուն-զարդարուն, սրտերնին՝ Հայ հաւատքով ու յոյսով լեցուն, ուրախ երգերով, խինդ ու ծիծաղով, տըհօլ-զուռնայով, սազ ու սրինգով:

Մին էլ տեսար, այր ու կին, մանկիկ ու ծերունի, ի տես Սուրբ Կարապետի կաթուղիկէ գմբէթներին՝ ծունկի են իջնում. խաչակնքում եւ սրտերը յուզումով ու աչքերը արցունքով առլցուն Սուրբ Կարապետի գովքն են երգում:
«Սուրբ Կարապետ բարձր է բոլոր,
Ճամբայ ունի ոլոր-մոլոր,
Կերթայ կուգայ շա՛տ ուխտաւոր,
Թէ՛ ձիաւոր, թէ՛ ոտաւոր.
Ջուղաբ կուտայ ձիաւորին.
Մուրատ կուտայ ոտաւորին.
Մշու սուլթան, չանկլի դիւան,
Մուրատատու՛ Սուրբ Կարապետ …»:
Ահա եւ Հայ աշուղը, որ կռնակը խփել է զանգակատան հաստակառոյց սիւնին եւ Սուրբ Կարապետին է փառաբանում.
«Սուրբ Կարապետ մըջ պրակին,
Ջուխտակ աղբուր մըջ ուր բակին,
Որ դուռ կուգայ գառն ու մաքին,
Մատաղ կտրի լուս-կիրակին…
Եա՜ Մշու սուլթան չանկլի դիւան,
Մուրատատո՛ւ Սուրբ Կարապետ»:

Եկել են եւ Հայ փահլէվանները, որոնք բոլորն էլ Սուրբ Կարապետի շնորհքին ու զօրութեան են արժանացել: Պահք ու ծոմ են պահել ապաշխարել ու աղօթել են մինչեւ որ իրենց փափաքին հասել են:
Նայեցէ՜ք, փահլիվանն այժմ լարի վրայ է բարձրանում: Նա հագել է գունագեղ օեմաներ, ոտաբոբիկ է, գլխին դրել է Մշու արախչին — կուրծքն ու մէջքը խաչերով եւ ուլունքներով զարդարուած են: Իւր «չանկլի դիւան» երկար, օգնական փայտը համբուրում է, գլխին է դնում, աչքերն ուղղում է Ս. Կարապետի տաճարին եւ յանկարծ ճարպիկ թռչելով սկսում է բարձրանալ լարի վրայ, մինչ նաղարա-զուռնան էլ հաճելի կերպով նուագում են, իսկ օդի մէջ լսւում է փահլէվանի հաւատքով լեցուած ձայնը.
«Եա՜ Մշու սուլթան,
Չանկլի դիւան,
Սուրբ Կարապետ
Դու հիմտատ կանգնես»:

Բազմահազար ամբոխը մեծ հաճոյքով դիտում է փահլէվանի խաղը, եւ այնուհետեւ սկսւում է համաժողովրդական քէյֆն ու պարը:
Գեղջուկն ու գեղջկուհին, ձեռք ձեռքի տուած, շուրջպար կազմած, հազար ու մի թեթեւ եւ ուրախ շարժումներով, ժպտադէմ, սրտբաց, վեհանձն ու սիրալիր սկսում են ներդաշնակ ելեւէջներով պարել «Մշու խըռ» եւ երգել.
«Մշու աշխարհ մշուշ է,
Իր հողն ու ջուրն անուշ է,
Հիւսիս քամին քշէ զիս,
Իր ծոցին մէջ թաղէ զիս»…
Վերջանում է պարը: Պարողները կարմրել ու քրտնել են: Հանգստի ժամն է: Աշխոյժ գեղջկուհիները սեղան են պատրաստում:
Ամենուրեք մատաղ են մորթել: Ամէնքին բաժին են հանում եւ բոլոր բերաններից «Աստուած ընդունելի անի» մաղթանքն է լսւում: Պարզ ու նահապետական սեղանները լիքն են սպիտակ հացով, պանիրն ու փոխինտը առատ են, մածուն ու հալվան՝ անպակաս: Ամէն տեղ խինդ ու ծիծաղ, երգ ու հրճուանք, «կենաց» եւ մաղթանք:
Եւ այսպէս մթնում է օրը, արեւն իր վերջին համբոյրն է տալիս Հայոց լեռնալանջերին եւ մութը պատում է արար աշխարհ: Ո՛չ մի ձայն, ո՜չ մի շշուկ: Գիշերային խաղաղութիւնը երբեմն ընդհատւում է Հայ աշուղների բարձր ու քաղցր երգերի ձայներով, որոնք կարծես օրօր են երգում Սուրբ Կարապետի ուխտաւորներին:

Դ
Վանայ ծովու անուշ քամին զղզղում է մէջ Մշու դաշտին, եւ Նիմրութայ սարի դեհէն սարին հովին փչում է մեղմիկ:
«Ադամայ մութը» փարատւում է եւ աղօթարանի կողմից ցայգալոյս կարծես երեւում է, երբ յանկարծ Լուսաստղն էլ երկնուց կախուած կանթեղի նման արձակում է իւր ցոլքերը:
Ուխտաւորները դեռ ննջում են մո՜ւշ-մո՜ւշ, երբ մենաստանի ժամհարը, իւր կոչնակը տըկըլկացնելով, վանականներին եւ ուխտաւորներին աւետում է լուսաբացի ծագումը եւ հրաւիրում է, որ տաճար մտնեն աղօթելու:
Ամէնքը վեր են թռչում եւ աղբիւրի եւ առուակների սառը ջրով լուացւում:
Տաճարը լեցւում է ուխտաւորներով: Ամէնքը շարւում են կողք կողքի: Մի լուռ եւ կիսախաւար անկիւնումն էլ ես եմ տեղ բռնում եւ շուտով տարւում երեւակայական եւ երազական մտածումներով: Աչքերս ուղղում եմ Աստուածածնի հնցած ու խունացած նկարին, որի առջեւ ձէթի կանթեղն է պլպլում:
Ո՛վ Աստուածածին, նո՛ր Աստուածամայր, գիտե՞ս արդեօք, որ քու այդ հին նկարի տեղւում երբեմն բարձրանում էր ոսկեձոյլ արձանը մեր Ոսկեծղին Անահիտին, որ Մայրն էր բարութեան եւ առատութեան Հայոց Աշխարհին:
Ահա եւ Սուրբ Յովհաննու Կարապետի նկարը:
Դու՜, Սուրբ Կարապետ, Աւետարանի մեծանուն դէմք, Աստուծոյ առաքեալ, մոլորուածների կարապետ, Յիսուսի Մկրտիչ, մարդկանց Աւետիս, սքանչելի մարգարէ, բազմատանջ մարտիրոս, դու եօթն անուան տէր Սուրբ Կարապետ, լեզո՛ւ առ, խօսի՜ր: Գիտե՞ս արդեօք, որ քո այդ տժգոյն եւ տխուր պատկերիդ տեղում, քեզնից առաջ՝ երկաթաշէն եւ պղնձածածկ պատուանդանի վրայ բազմում էր արձանը մեր Վահագն Դիցին, ուժի եւ զօրութեան այդ անյաղթելի հսկային:
Նայում եմ նկարիդ, բայց ի՞նչ եմ տեսնում: Հրեայ մի կին, Հերովդիադան, կտրուած գլուխդ ափսէումն է դրել եւ դիտում է, մինչ անգլուխ մարմինդ, ձեռներդ շղթայակապ ճապաղուել է արեան մէջ:
Պարտուա՛ծ, շղթայակա՛պ եւ ապա գլխահատուա՛ծ, նահատա՛կ Սուրբ Կարապետ, բա՛ց աչքերդ եւ տե՜ս, թէ ժողովուրդը Հայոց ի՜նչպէս ծունկի է իջել խորանիդ առջեւ եւ քո
նահատակութիւնն է ողբերգում:
Քանի դու չկայիր, Սուրբ Կարապետ, քո այդ արիւնթաւալ մարմինդ ու կտրուած գլուխդ պատկերացնող խունացած պաստառին տեղ, բարձրակառոյց արձանին՝ Հայոց Մեծաց Վահագնին էինք երկրպագում մենք, այդ անյաղթ ու անմրցելի հսկային, որը հալածեց նոյնիսկ վիշապներին, եւ դրա համար Վիշապաքաղ, Վիշապայաղթ կոչուեց:
Նրա օրով մենք անյաղթ էինք, Հայոց Աշխարհը ուժեղ էր եւ անբաժան — «Սահման քաջաց՝ զէն իւրեանց»:
Այժմ մենք քո պատկերի առջեւ տխրութեամբ աղօթում ենք, իսկ մեր Հայ հեթանոս նախնիքները Վահագնի արձանի առջեւ յաղթական երգեր էին բանահիւսում, շեփոր ու փող էին հնչեցնում:
Մինչ ես տարուած եմ այս խորհրդածութիւններով, տաճարի կամարները արձագանգ են տալիս հայ եկեղեցւոյ արշալուսային օրհներգութեան, որին ձայնակից են նաեւ խշշոցների եւ ծընծղաների ձայները.
«Զարթի՛ք, փառք իմ, զարթի՛ք եւ ես զարթեայց առաւօտուս, ալէլուիա»…

Ե
Բայց եկաւ ահա Մեծ Եղեռնը եւ վերջ տուաւ դարերից ի վեր ապրող հայկական այս մեծ անկիւնին: Եւ մինչ մի կողմում Հայութիւնն էր նահատակւում , միւս կողմում բարբարոսները սրբապղծում էին Ս. Կարապետի տաճարն ու սեղանը, քանդում էին գերեզմանը, թալանում էին երկհազարամեայ հրաշակերտ վանքը:
Եւ այսպէս ահա քսաներորդ դարու առաջին քառորդում, վերջացաւ պատմական գոյութիւնը Հայութեան սիրելի մենաստան Ս. Կարապետի:
Մշոյ Աշխարհը աւերակ եւ ամայի դարձաւ. նրա մայր ժողովուրդը նահատակուեց իւր հողի վրայ եւ Սուրբ Կարապետի զանգակները վերջին անգամ հնչեցին եւ լալագին ձայնով կարծես կանչեցին.
- Ովսաննա՜ Հայոց զոհերին, փա՜ռք թափուած արիւնին եւ յաւերժ յիշատա՜կ ամենեցուն:
Եւ այժմ ցասկոտ ու խոժոռ է Նեմրութայ սարը, տխուր, ամայի եւ Հայազուրկ է Մշոյ դաշտը, որի սիրտը պատռելով ոլոր ու մոլոր հոսում է Մեղրագետը՝ Հայ նահատակների վերջին հառաչանքն ու կարօտը սրտում պահած:
Քարքէ լերան լանջերն ի վեր, այնտեղ, ուր երբեմն բարձրանում էր հոյակապ եւ հրաշակերտ վանք-տաճարը Մշու Սուլթան Սուրբ Կարապետի, այժմ՝ սրբատաշ ջարդուած քարերի եւ կիր ու հողի ահագին կոյտեր միմեանց են խառնուել, եւ այդ խառնուրդից գոյացել է բարձր ու հսկայ, անձեւ եւ աննպատակ մի բլուր, որի գագաթին, ստորոտներում եւ կողերի վրայ գարնան ծիլ ու ծաղիկ են բուսնում, կարմիր կակաչը՝ Հայոց անմեղ արեան նշանակ: Իսկ «Ախպէրանց արիւնը» մէջ քարերուն, Հայ նահատակների անթաղ, յուշոտուած եւ անյիշատակ դիակներն է յիշեցնում անցորդին:

Գարուն էր: Օրը երեկոյանում էր. արեւն իր ոսկեճամուկ ճաճանչները սփռել էր Նեմրութայ սարի լանջերին եւ Նազիկ լճի նազելաշուք ջրերի վրայ: Մշոյ դաշտը երեկոյեան աղջամուղջով պատուած էր: Խորին, գերեզմանային լռութիւնը թագաւորում էր ամենուրեք, կեանքը մեռած էր, երբեմն կենսուրախ, իսկ այժմ ամայի Հայոց Աշխարհում:
Երկու քիւրդ հովիւներ՝ մէկը պատկառելի ծերունի՝ վշտահար դէմքով, իսկ միւսը՝ մի առոյգ եւ թխադէմ պատանի — իրենց բէկի ոչխարները բերել էին արածելու սրբատաշ քարերով ծածկուած մի ահագին բլուրի ստորոտում, որին յորդառատ անձրեւն ու ջերմ արեւը առատ բուսականութիւն էին ընծայել:
Մշեցի ջահէլ-ջիւան քաջ ու կտրիճ երիտասարդների կանաչ կեանքն ու կարմիր արեւը այդ բլուրի մօտերն էր մարել:
Ոչխարներն առուի ափին սառ ջուրը խմեցին եւ ապա ծառերի շուքի տակ՝ շարէ շար նստեցին:

Երկու հովիւներն էլ՝ ըստ երեւոյթին, հայր ու որդի, ոչխարների կողքին չոքեցին:
Ծերունին տխուր հայեացքով դիտեց այդ ահագին հողաբլուրը եւ մի խոր «ա՜խ» քաշեց:
Պատանին դիտեց հօր տխրութիւնը եւ մեղմութեամբ հարցրեց.
- Պապէ՛, այստեղ ի՞նչ տեղ է:
Ծերունին խոր հառաչանքով պատասխանեց. - Լաւօ՛, այս բլուրը, որ տեսնում ես, այստեղում բարձրանում էր Մշու Սուլթան, չանկլի դիւան, Մուրատատու Սուրբ Կարապետի վանք-տաճարը, ա՜խ, ա՜խ, հազա՜ր ախ:
Ծերունին լռեց վերցրեց հովուական սրինգը եւ մելանուշ ձայնով սկսեց նուագել Սուրբ Կարապետի գովքը.
Lo՜, Լօ՜, Lo, Lo …
Սուրբ Կարապետ, Սուրբ Կարապետ,
Մշու Սուլթան Սուրբ Կարապետ.
Չանկլի դիւան Սուրբ Կարապետ…
