«ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆՔ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ)

Անցյալի պատմության, մշակույթի պատառիկները բացարձակ մեծամասնությամբ մեզ են հասնում աղարտված տեսքով՝ բեկորներով, հաճախ դժվարընթեռնելի գրություններով…
Հազիվ նշմարելի այդ մասունքների վերծանմամբ որոշ դրվագներ են վերականգնվում՝ մասնագետների տքնաջան աշխատանքի շնորհիվ, և դարերի նինջից հառնում են անցած ժամանակների խունացած վկաները: Նրանցում հնչում է հին հայերենը, նրանք պատմում են մարդկանց կենցաղի, կրթության մակարդակի, ժամանակի աշխարհայացքի, վարքուբարքի մասին…
Ուսումնասիրելով անհավասար մշակվածությամբ կարծր մագաղաթի երեք հատվածների թերթահամարները, նրանց գիրը՝ գլխագրերի երկաթագիր տառաձևերը, գրատողերը, ներկանյութի երանգները (գրանյութը՝ թանաքը), վաստակաշատ պատմաբան, ձեռագրագետ, աղբյուրագետ Արտաշես Մաթևոսյանը եզրակացնում է, որ բեկորները միևնույն ձեռագրի մասերն են:

«Քննությունից երևում է, որ դրանք եղել են միևնույն ձեռագրի մասերը։ Հետագայում այդ ձեոագիրն օգտագործվել է որպես պահպանակ՝ կտրվելով և հարմարեցվելով կազմվելիք ձեռագրի չափերին։
Այդ պատճառով առաջին բեկորը կորցրել է ոչ միայն լուսանցքները, այլև բնագրի մի մասը։ Ավելի վատ է երկրորդ և երրորդ բեկորների վիճակը։ Պահպանակներից մնացել է ձեռագրին ամրացած մի բարակ շերտ։
Պատառիկի առաջին բեկորը ավելի վաղ է անջատվել ձեռագրից, իսկ մյուսները՝ վերջերս, Մատենադարանի № 4954 ձեռագրից (ընդօրինակված XIII դարի երկրորդ կեսին)։ Ուրեմն, մագաղաթյա ձեռագիրը, որի մասերն էին սույն բեկորները, այդ դարում արդեն «ծերացած» էր և գործածվում էր որպես պահպանակ։
Այժմ քննենք պատառիկի բեկորներն առանձին — առանձին, որից հետո հնարավոր կդառնա հնագրագիտական, տեքստաբանական և բանասիրական
դիտողություններ կատարել»…
«…Ի՞նչ խնդիրներ են սրանք, ո՞վ է նրանց հեղինակը:
Անանիա Շիրակացու «Հարցումներին» կամ խնդիրներին ծանոթ յուրաքանչյուր ոք կնկատի նրանց և սույն խնդիրների նույնությունը»…
Երկսյուն երկաթագիր և գրչագիր 14 տողանոց բնագիրը՝ կարի համար արված վեց անցքերով, «Խրախճանականք»-ից է, եզրակացնում է հեղինակը (Ա. Ս. Մաթևոսյան,
«Նորահայտ պատառիկներ Անանիա Շիրակացու թվաբանության դասագրքից»):

Տրամաբանության՝ դատողության զարգացման, թվային հաշվարկի, համարողության ուսուցման նպատակով հնագույն ժամանակներից ի վեր Հին աշխարհի իմաստունները, ինչպես և Հայոց Քրմերը, մշակել, կիրառել են կրթության զանազան միջոցներ:
Միջնադարյան ձեռագիր մատյանների շնորհիվ պահպանվել են խրախճանքների, ուրախ հավաքների ընթացքում սեղանակից-ընկերների գիտելիքները փորձելու, զվարճանալու համար նախատեսված կարճ խնդիրների որոշ տարբերակներ, որոնք հայտնի են «Խրախճանականք» անվամբ:
«Գրեմ ձեզ և խրախճանականս, յորժամ ի կերակուրս եւ յըմպելիս զուարճանայք եւ կամիք խաւսել բանս զուարճացուցիչս եւ ծիծաղականս» (Անանիա Շիրակացի, Մատենագրություն, էջ 233, մեջբերումը՝ վերոնշյալ ուսումնասիրությունից):

Շիրակացու թվաբանության՝ «Յաղագս հարցման եւ լուծման» մասում ժամանակի դեպքերից, կենցաղային պայմաններից վերցված օրինակներով թվաբանական 24 խնդիրներն են՝ իրենց պատասխաններով։

Ա. Գ. Աբրահամյանն իր՝ «Յոթերորդ դարի Հայ գիտնական Անանիա Շիրակացին» հոդվածում գրում է.
«Մեզ համար, որպես Հայ ժողովրդի պատմության հին շրջանի մասնագետի, հաճելի է Հայ մատենագիրների մասին խոսելն ընդհանրապես, սակայն նրանց մեջ կա մեկը, մեզ ավելի հարազատ մեկը, որին մենք սիրում ենք պաշտելու աստիճան — այդ յոթերորդ դարի ականավոր գիտնական, Շիրակի մեծանուն զավակ Անանիա Շիրակացին է։ Ավելի քան քսան տարվա Շիրակացու մատենագրության մեջ ուսումնասիրության ընթացքում ո՛րքան մենք մոտից ենք ծանոթացել Շիրակացու գիտական ժառանգության հետ, ո՛րքան խորացել ենք նրա արծարծած հարցերի խորքը, այնքան ավելի է մեծացել ու խորացել նրա հմայքը մեր աչքում»…

… «Այն էլ պիտի ասենք, որ միջնադարյան խավար իրականության մեջ, մեր լուսամիտ հեղինակի որոշ մտքեր ու տեսակետներ լայն ընդունելություն չեն գտել պահպանողական շրջանում, և այդ պատճառով Շիրակացու մատենագրությունը չի ընդօրինակվել և թողնվել է անուշադրության։
Դեռևս 11-րդ դարում հայտնի գիտնական Գրիգոր Մագիստրոսը՝ Պետրոս Գետադարձ կաթողիկոսին գրած իր նամակում գանգատվում է, որ Անանիա Շիրակացու գործերը, որոնք հեղինակը մեծաջան աշխատությամբ, թափառումներով և դեգերանքով հավաքել է բազմազան և բովանդակությամբ հարուստ մատյաններից, անուշադրության է թողնվել և «գրվանի տակ» է թաքցվում»։
«… «Վեցհազարեակը» հայագիտության մեջ վաղուց էր հայտնի, սակայն մնում էր չվերծանված։
«Վեցհազարեակ»-ի շուրջ ստեղծված էին զանազան առասպելներ. այն համարում էին ախթարք և մոգական ինչ-որ խորհրդավոր իմաստներ վերագրում նրան։ Հնում քաղաքացիություն ուներ նույնիսկ այն կարծիքը, որ այդ տեքստը, ընդհանրապես, անկարելի է վերծանել. ո՛վ փորձի վերծանել, կարող է խելագարվել։
Բավականին երկար ժամանակ մենք զբաղվեցինք այդ տեքստի վերծանությամբ։ Համառությամբ շարունակեցինք «Վեցհազարեակ»-ի մեր պրպտումները, մինչև որ վերջնականապես վերծանեցինք։

Վերծանությունից պարզվեց, որ Շիրակացու «Վեցհազարեակ»-ը մաթեմատիկական տեքստ է, նրա թվաբանական բաժանման գործողությունը։
«Վեցհազարեակ» է կոչվել այն պատճառով, որ վեց հազար (6.000) թիվն է, որ բաժանվում է հայկական այբուբենի բոլոր տառաթվերի վրա՝ հին բաբելական վեցական սիստեմով։ Բերենք մի փոքրիկ աղյուսակ.

Վերծանության դժվարությունն առաջացել էր նրանից, որ միջնադարում արտագրող մեր գրիչները՝ չհասկանալով այդ աշխատության իմաստը, անխիղճ ձևով աղավաղել են, սակայն այժմ դժվար չէր վերականգնել, երբ հասկանալի դարձավ տեքստի իմաստը։
Շիրակացու «Վեցհազարեակ»-ին հետևել են նրա թվաբանական 24 խնդիրները, որոնք, ինչպես ասացինք, մեզնից առաջ հայտնի էին հայագիտության մեջ և հրատարակված։
Թվաբանական այս խնդիրներից հետո Շիրակացին շարադրել է իր ուրախական ինը խնդիրները, կամ, ինչպես ինքն է անվանել՝ «Խրախճանականք»-ը։
Անհրաժեշտ ենք համարում այստեղ թարգմանաբար բերել նրա այդ խնդիրներից մեկը, որպեսզի դուք պատկերացնեք նրանց բնույթը.
«Ասա՛ ընկերոջդ, թե մի հոն (հին ժողովուրդներից մեկի անունը) ինձ մոտ 100 տարի թռչնապահ էր և օրական 100 ձու էր ուտում։
Իմացի՛ր, թե քանի՞ ձու է կերել ընդամենը։
Եթե քո ընկերը լավ հաշիվ գիտի, իսկույն կասի՝ «Կերել է 365 բյուր (3.650.000) ձու», իսկ եթե տգետ է՝ ապա նրա չարչարանքը թվերի վրա ուրախություն կպատճառի քեզ»…

Ի հիշեցնումն հավելենք, որ «բյուր»-ը տասը հազարի (10.000) համար կիրառվող հատուկ բառն է, ինչպես հույների մոտ «միրիադ»-ն է և թվարկության «այբբենական» համակարգում, ուր թվերի փոխարեն այբուբենի տառերն էին գործածվում, խոշոր թվերը նշվում էին տառի հետ դրվող հատուկ նշանով, ինչպես, օրինակ՝ ա՛ = 10.000 (մեկ բյուր), ժ՛ = 100.000 (տասը բյուր)…
Երիտասարդների ընդունակությունները փորձելու նման զվարճալի խնդիրներն օգտագործելու սովորույթն ունեին մեր պապերը նույնպես։

Հետաքրքիր է իմանալ նաև, որ համարողական արվեստի ուսուցման՝ գումարման, հանման, բազմապատկման աղյուսակներն ունեն «ի կենդանի ձայնէ ի բարի ուսուցչէ» «իմաստություն սիրող, գիտության տենչող» աշակերտներին ուղղված խոսք՝ «հրաման աշակերտացն», ներածական, վերնագիր, օրինակ, «Նախավարժումն. գլուխ առաջին համարողութեան, որ կոչի ընդունելութիւն», «Գերվարժումն։ Գլուխ երկրորդ համարողութեան, որ կոչի բացդրութիւն», «թէպէտ և կարճառօտ կարգեցի զսակաւս ի բազմաց»…
