«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՍՓՅՈՒՌ ԾԱՂԿԻՆ» կամ «ՎԱՍՆ ԾԱՂԿԻՆ»

Ուպան (Laserpitium)

Ազգային մտածողության հրաշալի հայելի են հեքիաթները՝ հաճախ հին առասպելներից սերվող, սերնդեսերունդ բանավոր փոխանցված հրաշապատում (կախարդական) կամ իրապատում…

Խորհրդանիշներով ու այլաբանությամբ լի՝ հազարամյակներով ամբարված իմաստնության աղբյուր այդ պատումներում պահպանվել են նաև բազմաթիվ ծեսերի ու ավանդույթների հետքերը:

Վաղնջական ժամանակներից բերնեբերան փոխանցված հեքիաթներում մարդկության մտածողության պատկերավոր արտացոլումն է:

Նրանցում նաև ծիսական բազմաթիվ տեսարաններ ենք գտնում՝ մարգարտի ու մարջանի ծիսահմայական նշանակությամբ, զանազան քարերի ու ծաղիկների մոգական հատկությունների հիշատակմամբ ու նրանց նկարագրությամբ («Ուլունք Շամիրամայ ի ծով» գրառման մեջ ակնարկել էինք)…
Ի դեպ, մարդու օրգանիզմի վրա բնական որոշ քարերի բարենպաստ կամ բացասական ազդեցությունը հաստատվում է այսօրվա գիտական պրպտումների արդյունքում:

«Արևային կախարդանքով» կենսական ուժ հաղորդող՝ շփման միջոցով կրակ ստեղծող Կայծքարի և հայելու օգնությամբ Արեգակի ճառագայթներով ստացված Հուրի խորհուրդը՝ Երկնային ու Երկրային Հուրերի կապը հզոր իմաստ ուներ մեր նախնյաց ընկալումներում…

Եվ հեքիաթներում դրա արձագանքները ևս կան:

Մեր նախնյաց սիրած հրաշապատումներում «Համասփյուռ» անունով զարմանահրաշ մի ծաղկի մասին էլ է պատմվում:

Ս.Մալխասեանի «Հայերէն բացատրական բառարանում» այն ներկայացված է՝

«Տասներկու ճյուղ է արձակում և ամեն մի ճյուղը մի առանձին գույնի ծաղիկ ունի, կույր աչքերին լույս է տալիս, հոտը ույժ է տալիս»:

«Հայոց լեզվի բարբառային բառարանում» (Երևան, 2001 թ.) որպես նրա համարժեքը Վանի բարբառում ներկայացվում է «Խամբեկը»…

Երևանում, Մաշտոցի անվան Մատենադարանում, հազարավոր հին մատյանների շարքում, առանձնահատուկ ինը ձեռագրերում պահպանվել է հինավուրց մի զրույց՝ հրաշագործ Համասփյուռ ծաղկի մասին, վերնագրված՝ «Պատմութիւն Համասփիւռ ծաղկին» կամ «Վասն ծաղկին» («Ծաղկի մասին», որը հայտնի է նաև Համասպրան անունով)…

Հիշյալ ձեռագրերի ուսումնասիրությանն անդրադառնալով, տասնամյակներ առաջ Ս. Ավդալբեգյանը գրել է.

«Այս զրույցում թվարկված են այդ ծաղկին վերագրված հրաշագործություններ:

Զրույցի մեջ ասված է.

«Թէ ի ականջդ հասուցանես զվերնական ձայն և զբարբառ լսես և հասկանաս զամենայն լեզուս մարդկան և իմանաս զձայն անասնոց և գազանաց և թռչնոց. ապա թէ ի աչքտ հասուցանես, զամենայն արարած առաջի աչացդ տեսնես. իսկ թէ ի քիմքտ հասուցանես, զհոտ անուշ յերկնից առնում, ապա թէ ի լեզուդ հասուցանես, զամենայն լեզու զրուցեց և բարբառի, իմաստութիւն իմաստնոց և զվարդապետութիւն պատմես, ապա թէ ի մատունքդ հասուցանես զամենայն արհեստ (կամ արուեստ) առնես… Եւ բազում ինչ ասացին վասն ծաղկի զօրաւոր հրաշս մեծամեծ»:

Մոտավորապես՝

«Ականջիդ հասցնես (մոտեցնես)՝ վերին ձայն և բարբառ կլսես և կհասկանաս մարդկանց բոլոր լեզուները և կիմանաս անասունների, գազանների և թռչունների ձայները, քթիդ մոտեցնես՝ Երկնի անուշաբույրը կզգաս, լեզվիդ հասցնես՝ բոլոր լեզուներով ու բարբառներով կզրուցես, Իմաստությունների իմաստնությունն ու վարդապետությունները կպատմես (ամենագետ կլինես, Կ.Ա.), մատներիդ հասցնես՝ բոլոր արհեստներին (կամ արվեստներին) կտիրապետես:
Եվ բազում մեծամեծ այլ զորավոր հրաշքներ»…

Հեղինակի (Ս.Ավդալբեգյանի) մեջբերած մի այլ աղբյուրում՝ Մխիթար Գոշի 26-րդ առակում, բույսերի թագավորի ընտրության պատմությունում, հրաշագործ ծաղկին տրված նախորդ կարողությունները չշեշտվելով, նրան վերագրվող հավելյալ նոր հատկություններ են թվարկվում՝

«Եւ եղև ոչ սակաւաթիւ յակառակութիւն, զի ոմանք ասէին շուշան լինել, և այլք զախրիզանն, և բազումք զհամասպրանն (նույնը՝ համասփյուռ-Ս.Ա.) և ամենեցուն հաճոյ թուեցաւ լինել զհամասպրանն… զի անենայն տիրիցէ աշխարհի և մանաւանդ զի մեծամեծ ունելով զօրութիւն բժշկութեան՝ զհիվանդս բժշկիցէ և քաջատես առնիցէ, և ի վերայ ծովու գնալ հաց է, և իմաստութեամբ զտգետս լցցէ»:

Մոտավորապես՝

«Համասպրանն է ամենից հաճոն ընտրվում, քանզի բժշկում է հիվանդներին և քաջատես դարձնում, ծովի վրայով քայլելու շնորհ տալիս և տգետներին իմաստությամբ լցնում»:

Շարունակելով, Ս.Ավդալբեգյանը հավելում է նաև 17-րդ դարի բանաստեղծ Դավիթ Սալաձորցու «Գովասանք ծաղկանց» տաղում պահպանված մի հնագույն ավանդություն՝ Համասփյուռ ծաղկի մասին՝
«Արքայիկ օձն թագաւոր, ինքն սպիտակ
որպէս զձիւն,
Համասփիւռին կու հետեվի և զօրութիւն
կառնու հոտոյն:

Արքայիկ օձը՝ օձերի թագավորը, իր զորությունը վերցնում է ծաղիկների թագավորից:
Իսկ արքայիկ օձի զորությունը նրա նայվածքի մեջ է, որն այրում, սպանում է:

Մի ավանդություն կա այն մասին, որ երբ Ալեքսանդր Մակեդոնացին պաշարել էր մի ասիական քաղաք, արքայիկ օձը պարսպի վրա գտնվող անցքից իր հայացքով 300 մարդ է սպանում Ալեքսանդրի զորքից», «Բազմավեպ», Վենետիկ, 1850)»:

Նախորդ գրառման մեջ արծարծված՝ պահապան-կենդանիների զորության դրսևորման մի դրվագ…

Համասփյուռի (Համասպրամի) մասին հիշատակել է նաև Ղ.Ալիշանն իր «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» գրքում:

Անդրադառնալով «12-րդ դարի առակախոս Մխիթար Գոշ վարդապետի»՝ ըստ հին ավանդույթների ներկայացրած՝ «անձը սրբասեր դարձնող Փեննա» բույսին, նա հիշատակում է միջնադարյան բժշկարաններում ու աղթարքներում հանդիպող, «Մաշտոց»-ի կատարած ծեսերի և աղոթքների նման մի կանոն՝ գրված փենուան հանելու եղանակի վերաբերյալ՝ աղոթասացությամբ, խաչով, ավետարանով, խունկով, մոմով և այլն։ Մեջբերենք՝

«Լոշտակի ու փենունայի հետ հայերս ունեցել ենք նաև երրորդ զարմանալի ու սրբազան ծաղիկը, որ քաջածանոթ չէ, բայց թվում է բնիկ հայկական․ դա համասփյուռ կամ համասպրամ կոչվածն է։

Ըստ վերոհիշյալ վարդապետի և ըստ նրա անվանակից ու գրեթե ժամանակակից մեծ բժիշկ Մխիթար Հերացու՝ համասփյուռը «մի արմատ ունի և արձակէ բազուկս 12, և ունի ամէն մէկ գոյն մի ծաղիկ այլեւայլ, կապուտ և ծիրանի, շուշան, և այլ ամէն գունից զարդարեալ է»։

Համասփյուռը ծաղկում է ամռանը, բայց գտնելու համար «պարտ է խնդրել զծաղիկն ի գիշեր, զի ի գիշերն պայծառագոյն երեւի ի յաչս խնդրողաց»։

Բուսաբանությանն ենք թողնում նկարագրել ծաղիկի գույներն ու այլ հատկությունները, գտնել տեղանքն ու ինչ ցեղի բույս լինելը, որ հավանորեն Lychnis և հատկապես Lych․ Orientalis կոչվածներից է, ինչը անցյալ դարի սկզբին տեսավ և նկարագրեց հռչակավոր ֆրանսիացի բուսաբան Տուռնֆորը (Tournefort)»:

Մեխակազգիների ընտանիքին պատկանող այս ծաղկի՝ Համասփյուռի (Համասպրամի) պատմությանը հանգամանորեն անդրադարձել է նաև Թամար Հայրապետյանն իր՝ «Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում» հրաշալի ուսումնասիրության մեջ, որից մի հակիրճ մեջբերում՝ ահավասիկ (էջ79):

«Ձեռագրական տվյալների համաձայն՝ Անանիա Շիրակացին անձամբ մասնակցում էր դեղաբույսերի հազվագյուտ տեսակների, զորօրինակ՝ համասփյուռի որոնուﬓերին.

«Նշանք ծաղկին (համասփյուռի) այս են. ﬕ արմատ ունի. և արձակէ բազուկս 12. և ունի ամէնմէկ գոյն ﬕ ծաղկի այլևայլ, կապուտ և ծիրանի և շուշան, և այլ, որ ամէն գունից զարդարեալ է Համասփիւռն»:

Միջնադարյան զրույցը կիրառական բժշկության տեսանկյունից ևս շահեկան է:

Ըստ Ալիշանի՝ «Համասպրամ, Համասպրան. Համասփիւռ թէև տարբեր բառերով բարդեալ», բայց նույն համասփյուռ ծաղիկն է և չի կարելի շփոթել մյուս հոտավետ ծաղիկների հետ:…

Պլինիոս Ավագն իր «Բնական պատմության» ﬔջ վկայում է, որ Հայաստանն ու Մարաստանը հնում հայրենիքն էին ﬕ շարք արժեքավոր խեժաբեր բույսերի, այդ թվում՝ հռչակավոր ուպանի (Laserpitium), որի բուժիչ հատկությունները խիստ հարգի էին Հռոմում:

Ուպանը, ինչպես նաև համասփյուռը, որ դարեր շարունակ իբրև կենաց բույսեր անխղճորեն արտահանվում էին Հայաստանից, հետագայում իսպառ անհետացան հայկական բուսաշխարհից:

Կենաց հեղուկի բույսը կամ կենաց ծառը կոչվել է աշխարհի ծառ:Այդպիսին է համասփյուռը, ըստ Մ. Գոշի, որը մարդկանց ազատում է մահից, իմաստություն, ուժ, ծովի վրայով քայլելու ունակութուն պարգևում:

Սրբազան ծաղկի՝ համասփյուռի գեղեցկությունը գովերգել են հայ բանաստեղծներն
ու գուսանները (Դավիթ Սալաձորեցի, Մինաս Թոխաթցի).

Այն Համասփիւռ ծաղիկն որ կայ՝ ծաղկեր ծաղկոﬖ հազարագոյն.
Կուր աչերուն լոյս կու բերէ, թէ Տէրն տայ ադամորդուն.
Երկոտասան արմատ ունի, բուսնի երկոտասան տարուն.
Ամէն թըփին գուն ﬕ ծաղկի. հրեշտակք զմայլին անուշ հոտուն.
Այն արքայիկ օձն է թագաւոր, ինքն սպիտակ որպես ըզձիւն,
Համասփիւռին կու հետևի, և զօրութիւն կ’առնու հոտոյն…

Համասփյուռն աճում է անմատչելի բարձունքներում՝ Սիրո լեռան վրա (ի լեառըն սիրու),
Մախպութի աղբրի գլխի լեռ, ի լեառն Դարունից, ի Բարդոյ լեառն, ի Ձորն Մասեաց, Սուրմարուի և Ձողկերտ գյուղի լեռներ:

Թե՛ համասփյուռ «ﬔյլեﬕն» և թե՛ «նավրուզ» բալասանին հսկում է Շահմար օձը»( Արքայիկ օձի՝ համասփյուռ ծաղկից ստացած զորության մասին, ձեռ. №1495, թ. 152):

Նույնն են վկայում նաև Սալաձորեցու ձոնն (նույն տեղում) ու «Գովասանք ծաղկանցը» (Գ.Սրվանձտյան):

Բալասան ծաղիկ համասփյուռը հայոց պատկերացուﬓերում համադրվում է տիեզերական ծառին (հմմտ. տարվա ժամանակային ﬕավորները մարդու մարﬓի 12 մասերի, համաշխարհային ջրային քաոսը խորհրդանշող ծովից բարձրացող ծառը՝ ձորի կամ լեռան ﬔջ աճող համասփյուռի, ծառի բնի զոհաբերվող թռչունը կամ օձը՝ Շահմար օձի հետ): …

Ինչպես Աշխարհի, այնպես էլ մարդու ներքին ու արտաքին կառուցվածքի խախտման աﬔն ﬕ դեպք, ըստ առասպելաբանական աշխարհայացքի՝ արդյունք է տիեզերական կարգուկանոնին մշտապես սպառնացող քաոսային կործանարար ուժերի ներգործության, որի դեմ էլ ուղղված են ծիսական-հմայական արարողությունները»:

«Լոշտակի, Համասփյուռի, Փեննայի (paconia officinalis- խաչափայտ) բուժիչ հատկությունները, որ, ըստ էության, պայմանավորված էին բուսական հորմոնների առկայությամբ, հին Հայաստանում ձևավորել են ցավամոքիչ այս դեղաբույսերի պաշտամունքը, ինչի արձագանքները պահպանվել են հայ բանահյուսության և ազգագրության մեջ», — գրել է Թամար Հայրապետյանն իր՝ «Բուժման ծիսահմայական և կենսաֆիզիկական ցուցիչները հայ ժողովրդական հեքիաթներում» աշխատության մեջ:

Հանճարեղորեն՝ Թումանյանն այդ «հավիտենական սիմվոլներով» հեքիաթները համարում էր «անդունդներ՝ խորը, անծայր, անվերջ»… ինձ համար նաև՝ «Հոտավետ մի բուրաստան»…

Հ.գ. Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի»՝ Հայկական Լեռնաշխարհում՝ Վերին Բասենում գտնվող Դրունք լեռների զարդն էր համարվում տասներկու տարին մեկ ծաղկող Համասփյուռ ծաղիկը, որն այնքա՜ն գովասանքով հիշատակել է Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակի Սալնաձոր գյուղից՝ Դավիթ Սալնաձորցին իր՝ «Ծաղիկների գովասանության» մեջ («Բուսանի զարմանալի ծաղիկն Համասփյուռ ԺԲ (12) տարին մի անգամ», «Գովասանք ծաղկանց»):

Մեր օրերում, որպես կյանքը երիտասարդացնող «Կենաց ծաղիկ», խիստ սակավաթիվ «գիտակների» գործածող բույսն Աստրագալն է (դեղին և մանուշակագույն տեսակներով)…

Ծաղկաբույր օրերի մաղթանքով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով