ՃԱՃԱՆՉ Կամ՝Ճառագայթ փառաց,Ճանապարհ ինձ ցոյց,Ճեպել ի յերկինս…

…«Եւ ասաց Աստուած՝ «Եղիցի Լոյս և եղև Լոյս…Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է»…
(Եվ տեսավ Աստված, որ Լույսը բարի է…):

Ու Լույսի հետ նաև՝ Աշխարհի արարման պատմությունն սկսվեց…

Վաղնջական ժամանակներից ի վեր, տաճարների համար նախատեսված և ծիսակատարությունների ժամանակ գործածվող ոսկյա, արծաթյա կամ այլ մետաղներից պատրաստված սպասքն իր որոշակի խորհուրդն ու իմաստն ունի:

Այսօր էլ, ի թիվս նմանատիպ բազմազան իրերի, որպես «Սուրբ Սեղանի» զարդ, կիրառվում է ճառագայթներով բոլորված, կլոր կենտրոնական մասով «Ճաճանչը»…

Նաև՝ երգվում 12-րդ դարից, Ներսես Շնորհալու գրչով ու Կիլիկյան հովերով մեզ հասած միջնադարյան լուսերգությունը՝

«Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա»:

Ու փառաբանվում հոգիները դեպի Երկինք սլացնող Ճաճանչափայլ Ճառագայթը՝

«Ճառագայթ փառաց,
Ճանապարհ ինձ ցոյց,
Ճեպել ի յերկինս»:

«Ճառագայթը» Արեգակն էր (Արևի սկավառակին նմանվող անիվը «ճառագայթաձև» էր, անվաձև, ճախարակաձև (բացատրությունը՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»)…
Նաև՝ «Ճառագայթ փառաց հօր՝ որդիդ միածին» (նույն տեղում):

Ս.Մալխասյանի «Հայերէն բացատրական բառարանում»՝ «Ճաճանչ, նաև՝ Ճառագայթ փառաց Հօր՝ «Երրորդութեան երկրորդ անձը, Բանն Աստուած»…

Քրիստոնեության մեջ Աստված որպես Լույս է ներկայացվում՝ «Աստված լույս է» (Հովհ., 1.5.), «Ես եմ աշխարհի լույսը» (Հիսուսի խոսքերը, Հովհ. 8.12) …

Երկնային լուսատուի՝ Հուրի և Լույսի խորհրդանիշն էր Արեգակը, որը, վաղնջական ժամանակներից ի վեր, ընկալվում էր որպես «Տիեզերքի աչք»:

Քննարկվող հարցն առավել մանրամասն քննությամբ ներկայացրել է պատմաբան Անժելա Տերյանն իր՝ «Ար Աստծու պաշտամունքը Հայաստանում» (Երևան, 1995թ.), «Հայաստանը Արարչագործության և Քաղաքակրթության բնօրրան» (Երևան, 2002թ.) ուսումնասիրություններում:

Ներկայացնելով Արևագալի՝ Արևածագի կարևորությունն ու սրբազան պահի նշանակությունը ցարդ պահպանված ժողովրդական հավատալիքներում, հեղինակը նշում է՝

«…Բանանցում արևածագին, երբ երևում էին արեգակի առաջին ճառագայթները, կանայքծնկի էին գալիս ու աղոթում»…
«…Նոր Բայազետում առավոտյան աղոթելիս սրբերին դիմելուց հետո դառնում էին դեպի արեգակը և ասում.

«Ո՜վ մերը մեր արեգակ, դու հասնիս օգնության»… (Ա.Տերյան «Հայաստանը Արարչագործության և Քաղաքակրթության բնօրրան», էջ 53):

Հիշելով Արևի ճառագայթներից վառվող Գոհար վարդը՝ «Տաղ Վարդավառի» հայտնի տողերից՝

«Գոհար վարդն վառ առեալ
Ի վեհից վարսիցն արփենից»,

Ա.Տերյանը հղում է միջնադարյան մտածողների մեկնությունները՝

«Հայ պատմագրության մեջ փորձեր են արվել բացատրելու նաև արեգակ բառի իմաստը:
Սամուել Կամրջաձորեցին (10-րդ դար) իր “Տոնական բանից” աշխատության մեջ գրում է. “Արեգակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն”:
Վանական վարդապետը իր “Տարեմուտ” գրքում գրում է.
“Արեգակն, մեծ ակն ասի կամ տուընջեան աստղ, կամ լուսոյ ակն”:
Վարդան վարդապետ պատմիչը Սաղմոսաց մեկնության մեջ գրում է.
“Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լույսն ի նմա է”:
Մխիթար Աբբահայրը արեգակը բացատրում է իբրև “արևու ակն”» (մեջբերումները՝ նշված աշխատությունից, էջ 55):

Արևի ու Երկնային Հուրի պաշտամունքի հետքերն ամենուր են Հին աշխարհում:

Անկարայից 170 կմ հեռավորության վրա գտնվող հնավայրում՝ Ալակահոյուկում հայտնաբերված, ն.թ.ա 3-րդ հազարամյակի դամբարաններից պեղվել են Արևը խորհրդանշող բազմաթիվ սկավառակներ, երբեմն՝ նույն տեղում՝ մի քանիսը:

Արևի պաշտամունքի՝ Հայկական Լեռնաշխարհից՝ Մայր Տունի թագավորությունից՝ Նաիրիից Եգիպտոս հասնելու փաստարկումներին անդրադարձել էինք Էլ-Ամառնայի արքունական դիվանի նամակների վերծանման առիթով:

Իրանում և Հնդկաստանում առկա համանման պաշտամունքների հետ զուգահեռների, ազդեցությունների երկար քննությունը շրջանցելով հավելենք, որ Արևի փառաբանման ակնբախ ապացույցներից են հայկական գորգարվեստի հրաշագեղ նմուշները՝ «Ջրաբերդ» տիպի գորգերն իրենց ճաճանչազարդ հորինվածքներով, հայտնի «Զարդ Աշխարհի» զարդամոտիվով…

Հիշյալ գորգերի ծագումնաբանության և տիպաբանական հարցերն ուսումնասիրել է գորգագետ Աշխունջ Պողոսյանը:

Հ.գ. Ստորև լուսանկարներում՝

Մեհյանները զարդարող, նաև՝ Դիցի ներկայությունը խորհրդանշող, որպես թաղման ծիսական «պահպանակ», Արևի Սկավառակի ոճավորված պատկեր՝ Ալակա Հոյուկից հայտնաբերված (մոտ ն.թ.ա 2.300թ.)

https://m.facebook.com/story.php?story_fbid=738824669964900&id=100015121213705

Եկեղեցական սպասքի մի նմուշ՝ «Ճաճանչ», որը եկեղեցականների կողմից ներկայացվում է նաև իբրև «Քշոց»՝ մեկնաբանվելով որպես գետնախորշերում հավաքվող առաջին քրիստոնյաների կողմից հավաքված ճանճերին քշելու նպատակով գործածվող իր (թեև «Սուրբ Սեղանի զարդերից է՝ երբեմն մասունքներ պարունակող)…

Վանում, 18-րդ դարում պատրաստված, Էջմիածնի տաճարի մանրակերտը՝ ճաճանչներով… (լուսանկարը՝ «Հուշամատյանի» էջից (Քարտէսներ, Վանի վիլայեթ)

Ցանցկեն նախշազարդերով «Քշոց»՝ Հաղպատի վանքից (1632թ.), Հայաստանի Պատմության Թանգարանի Ազգագրական հավաքածուից

«Աթոնը և իր ընտանիքը» — Եգիպտոսից՝ Ամառնայից հայտնաբերված բարձրաքանդակային սալիկ՝ իր Կենսատու ճառագայթներով Երկիրը լուսավորող Արեգակի Սկավառակի խորհրդանիշով (Կյանքի իմաստն ունեցող Խաչով (ankh) և Օձի պատկերով…

Աքենաթոնը Արևի պաշտամունքի ծիսակատարության պահին (ն.թ.ա 14-րդ դար,Եգիպտոս)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով