«…ՍՐԲԱՀԵՏ ՍԱՆԴՈՒՂ ԵՐԿՆԱՉՈՒ…»(Նարեկացի)

Երերույքի տաճարը

«Դեպի Երկինք չվող, սուրբ հետքերը կրող Սանդուղը» վաղնջական ժամանակներից կարևորագույն խորհրդանիշներից էր…

Երկնքի ու Երկրի, նաև՝ Երկրի ու Անդրաշխարհի միջև կապի, մի «Աշխարհից մյուսն անցման» խորհրդանիշն էր Սանդուղը:

Երկրից Երկինք ձգվող աստիճանների խորհուրդը հնագույն բազմաթիվ քաղաքակրթություններից է հայտնի (Հինդուիզմում՝ Բրահմայի և յոթ աշխարհների, պարսիկների մոտ՝ Միթրայի՝ դեպի յոթ երկինքը տանող յոթ փուլերը…):
Ֆիզիկապես բարձրանալու հնարավորությունը նաև ուսմունքներում հոգևոր վերելքի իմաստն ուներ (անցումը՝ մութից՝ լույս, անգիտությունից՝ իմացություն…):

Միջնադարյան աստվածաբանները զանազան իմաստով են մեկնել Հին Կտակարանում հիշվող՝ երկրից դեպի երկինք ձգվող աստիճանները, դեպի «Բարձրյալի տունը»՝ «Երկնքի դուռը» տանող Հրեշտակների այդ ճանապարհը:

Յոթ Երկինքներց հետո (Յոթ Դռներ անցնելուց հետո) Աստծուն հասնելու պատումներն առկա են հնագույն բազմաթիվ տեքստերում, ուր «Երկնային թագավորություն» հասնելու տարբեր ուղիներ են նշվում՝ Անգղի (Արծվի) մեջքին (ինչպես Էթանան), Սանդուղով բարձրանալով (ինչպես Նամտարը՝ «Ներգալի և Էրեցկիգալի պատումում»)՝

«Նամտա՛ր, իմ Պատգամաբե՛ր, քեզ կուղարկեմ մեր Հոր՝ Անուի Երկինքը:
Նամտա՛ր, բարձրացի՛ր Երկնքի երկար աստիճաններով»…

Հին Միջագետքյան ավանդույթների համաձայն, Վերին և Ներքին Աշխարհների միջև հաղորդակցությունը պատգամաբերների միջոցով էր հնարավոր: (Պատգամաբերը» Հրեշտակն է):

Հնագույն շրջանում դիցերի բնակատեղին Լեռների վրա էր, նաև՝ Աղբյուրների, ջրերի ակունքին (ուր Ստորգետնյա թագավորության մուտքն էր):

Ուստի, մի Աշխարհից դեպի մյուսն անցումը խորհրդանշող Սանդուղները կառուցվում էին բարձրաբերձ լեռներում, գետաբերաններում…

Հին Միջագետքյան կառույցներում՝ յոթ հարկանի «Զիկուրատներում», ինչպես և մեր՝ աստիճանաձև յոթ հիմքի վրա բարձրացող հնագույն մեհյաններում, «Յոթ Երկինքների» իմաստն էր մարմնավորվում Յոթն աստիճանների խորհրդում:

Երերույքի տաճարի՝ յոթ աստիճանավոր հիմքի՝ ստիլոբատի առկայությունն ասվածի հավաստումներից է:
Յոթնաստիճան պատվանդանի վրա է խոյանում նաև Զվարթնոցի տաճարը:
Եկեղեցու վերածված նմանատիպ այլ մեհյաններ ևս կան:

Զվարթնոցի տաճարը
Զվարթնոցի տաճարը

Որոշ մեհյաններում, ծեսի ընթացքում քրմապետը խորհրդանշական «հարկն» է բարձրացել կլորավուն սանդուղով՝ Երևանի «Փակ շուկայի» սանդուղը դրա մի հեռավոր ակնարկն է …

Մեհյանի պատվանդանի յուրաքանչյուր հարկը հատուկ արարողությամբ, հանդիսավոր բարձրացող քուրմը մինչև «Յոթներորդ Երկինք» էր հասնում՝ նաև «հոգևոր վերելքով»…

Տիեզերածին առասպելներն Աներևույթը խորհրդանիշի միջոցով հասանելի դարձնելու փորձերն էին:

Խեթական սեպագիր տեքստերի որոշ պատառիկներում նկարագրվում է՝

«Եվ Երկնքում, ինն աստիճաններով Սանդուղով … նա հասավ Կամրուսեպայի առաջ» (Կամրուսեպան խեթական դիցարանում հիշվող՝ բժշկության, մոգության դիցուհին էր, Կ.Ա.)…

Եվ կամ՝ «Թող որ նա (մահկանացուն), գնա Երկինք Ինն աստիճաններով Սանդուղով»…

Խուզանի հին թագավորությունից (Գուզանա, Թել Հալաֆ)՝ պալատի պարիսպները հարդարող սալիկների (orthostate) բարձրաքանդակներից մեկում ոճավորված «Սյան» կամ «Տիեզերական Ծառի» կողքին Սանդուղի վրա բարձրացած-կանգնած կերպարն է (լուսանկարը՝ ստորև)…
(Մեջբերումները՝ Էմիլիա Մասոնի՝ «Իրականություն կամ այլաբանություն: Խեթերի գրավոր կամ պատկերավոր վավերագրերի խորամտությունից», աշխատությունից, «Réalité ou métaphore. De l’intelligence des documents écrits ou figurés des Hittites». E. Masson):

Բարձրաքանդակ Ալակա Հոյուկից

Խեթերի մայրաքաղաք Հատուշայից մոտ 25 կիլոմետր հեռավորությամբ՝ Չաթալ Հոյուկի սրբավայրից հայտնաբերված մի բարձրաքանդակում տոնախմբության տեսարանն է, ուր սանդուղի վրա բարձրացող կերպարն է՝ հավանաբար տանիքի վրա կատարվող խորհրդանշական արարողության նպատակով…(լուսանկարը՝ ստորև):

Երկինքն ու Երկիրը միացնող «պաշտամունքային կամուրջը»՝ սանդուղքն է հիշատակում Միջնադարում Նարեկա վանքի մեր վշտացած ճգնավորն իր աղոթքում՝ Երկնային Իմաստության լույսին հասնելու և Աստվածային «ամենայն գանձերը բանալու կարողության» համար, նաև՝ ի վերուստ օրհնություն ստանալու ակնկալիքով՝

«…Ի վերնաշավիղ բարձրաբերձ սրբահետ սանդուղ երկնաչու, առ Հայր քո օրհնաբան»…(Գ. Նարեկացի, Բան ՂԲ)

Հ.գ. Հույսով, որ Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում, ներառյալ այսօրվա Հայաստանում հանդիպող՝ հազարամյակներ առաջվա «առեղծվածային աստիճաններն» իրենց պատմությունը կպատմեն, հավելենք, որ Հ. Աճառյանի հեղինակած՝ «Հայերէն արմատական բառարանում» հայերեն «Սանդուղ» բառից է ստուգաբանվում «այժմ բոլոր եվրոպական լեզուներում «սկանդալ» դարձած բառը»…

Լուսանկարն արված է«Հայաստանի առեղծվածները»-«Առեղծվածային աստիճաններ» տեսանյութից
https://www.youtube.com/watch?v=gOp-x_wdB_8…

Տորք Անգեղի սրբավայրից մի հատված՝ Մեծ Հայքի Անգեղտուն գավառում (Էգիլ):
Տիգրիսի, Եփրատի ակունքներում, այլուր նման սրբավայրերում դեպի ջուրն իջնող աստիճաններ են պահպանվել (Ջրերի՝ Կյանքի, նաև՝ Անդրաշխարհի մուտքը խորհրդանշող)…

Սյունիքի մարզ, Աղուդի, մահարձան-դամբարան, V-VII դդ.
(լուս.` Հ. Սիմոնյանի)
Սյունիքի մարզ, Աղուդի, մահարձան-դամբարան, V-VII դդ.
(լուս.` Հ. Սիմոնյանի)
Օձունի տաճարի բակում գտնվող կոթողները
Ապոլոնի տաճարը Դիդիմում (հելենիստական շրջանից՝ որպես համեմատություն՝ ավանդների հարատևում…)
Բարձրաքանդակի գծանկար (Գուզան, Թել Հալաֆ)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով