ՎԻՇԱՊԱՔԱՂՆաև՝ՋՐՏՈՒՆ, ԱՅԾԵՂՋՅՈՒՐ, ԱՂԵՂՆԱՎՈՐ, ՀԱԼԴԻ…

Միջագետքի և Իրանյան հարթավայրի միջև հնագույն շրջանի կարևորագույն խաչուղիներից մեկում, այսօրվա Իրանի ու Իրաքի՝ Էբրիլի նահանգի սահմանագծին, 2981 մետր բարձրության վրա հայտնաբերված «Քելեշինի քարակոթողն» առաջին անգամ նկարագրել է գերմանացի հնագետ Ֆ.Շուլցը (F. Sculz)՝ 1829-ին: Գիտնականն ու իր ուղեկիցներն սպանվել են չլուսաբանված հանգամանքներում (ենթադրաբար՝ մի քուրդ ցեղապետի պատվերով)…
Տարիներ անց, քարակոթողն ուսումնասիրող գերմանացի մի այլ գիտնական՝ R. Rosch-ը նույնպես սպանվեց՝ իր արշավախմբի 38 անդամների հետ (մի առանձին գրառման մեջ անդրադարձել ենք)…

Հետագայում, 1951, 1971 թվականներին, տարբեր հետազոտողների (G.Cameron, P.Salvini) ուսումնասիրությունից հետո, հրաբխային մուգ կապտականաչավուն դիորիտի վրա փորագրված երկլեզու այս արձանագրությունը վկայում է ն.թ.ա 810 թվականին Բիայնիի և Նաիրիի արքա Իշպուինիի ու իր որդու՝ Մենուայի կողմից Արդին՝ Մուսասիր քաղաքի ձեռքբերումը (գնմամբ), նաև՝ նրանց ուխտագնացությունն ու հարուստ նվիրաբերություններն այդ սրբազան քաղաքին՝ ի փառաբանումն գլխավոր դից հռչակված Հալդիի…

«Հինավուրց պարսկական արձանագրություններից մեկում որպես ազգային մակդիր գործածվում է «Հայը, որդին Խալդիի» բառակապակցությունը:
Խալդին Հայկական Բարձրավանդակում երկրպագվող աստված էր, որի անունը մատնանշվում է Վանի արձանագրություններում որպես Ուրարտուի հովանավոր աստվածություն:

Իրականում, բարձրավանդակի ժողովուրդն իր հարևանների կողմից անվանվում էր «խալդեր»:
Քսենոփոնը պատմում է Խալդիի պաշտամունքի մասին, և ընդհուպ մինչև միջին դարերը խոսվում էր բարձրավանդակում բնակվող խալդեր կոչվող ժողովրդի մասին:
Ուշագրավ է, որ Արգիշտի 1-ի (Ք.ա. 785-760թթ. արձանագրություններից մեկում … Խալդին կիրառվում է հայերեն «աստված» բառի հետ» (մեջբերումը՝ լեզվաբան Թովմաս Սամուէլեանի «Հայոց ծագումը. Հին ու նոր աղբյուրների և տեսությունների ակնարկ»-ից, էջ 18, Երևան, 2000 թ.):

«Խալդիի զորությամբ» հաղթանակող Վանի Տիրակալներն իրենց դիցարանն ու նրանց մատուցվող զոհաբերությունների՝ կենդանիների քանակի մանրամասն նկարագրությունը հավերժացրել են Վանի՝ «Մհերի Դուռ» անունով հայտնի ժայռին:

Համաձայն հիշյալ արձանագրությունների՝ դիցարանը գլխավորում էին՝ Թեշեբան, Խալդին (Հալդին) և Շիվինին:

Նրանց ծագումնաբանությանը ծանոթանալու համար վերադառնանք անհիշելի ժամանակներ, երբ
«Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ:
Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը…
Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը», ինչպես ավանդում է մեզ Խորենացին՝ վերարտադրելով պատմիչ Մար Աբաս Կատինայի մատյանի սկիզբը:

Ջրհեղեղից հետո Կյանքի Արարիչն ու մարդկությանը «մեծամեծ բարիքներ» պարգևող, գիտությանն ու արհեստների հնարքներին ծանոթացնողն, ինչպես վկայում է նաև Բերոսն իր «Քաղդեից պատմության» մեջ, շումերական դիցաբանությունից հայտնի Էնկին էր (Հայան):

Ն.թ.ա. 28-27-րդ դարերի աքադական սեպագիր արձանագրություններում հայերի՝ որպես Հայկական Բարձրավանդակի տարածքում պաշտվող «Հայա Աստծո Որդիների» հիշատակմանն է անդրադարձել պատմաբան Արտակ Մովսիսյանին իր «Հնագույն պետությունը Հայաստանում՝ Արատտա» աշխատության մեջ (Երևան, 1992, էջ 41):

Վերհիշենք հնագույն դիցերի խորհրդանիշներով՝ հին աշխարհում հաճախ հանդիպող երևակայական կենդանիների տեսքով ու կողքին իրենց անվանումներով, պատկերների բացատրությամբ ուղեկցվող Կուդուրու քարակոթողի վերին հատվածը՝ Լուվրի թանգարանի ցուցանմուշներից (մի առանձին գրառման մեջ անդրադարձել ենք, լուսանկարը՝ ստորև):
Այստեղ է և մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեցող՝ Էան (Հայան)՝ Էնկին:

«Կուդուրու» կոչվող քարակոթող՝ Լուվրի թանգարանում, դիցերի խորհրդանիշներով...
«Կուդուրու» կոչվող քարակոթող՝ Լուվրի թանգարանում, դիցերի խորհրդանիշներով…

Աստվածներից ամենաիմաստունը, մարդկությանն իմաստնություն հաղորդողը, ինչպես նշվում է՝ «քաղցրահամ ու ստորգետնյա ջրերի տիրակալը», ավելի ճշգրիտ, ըստ իս, Գետերի՝ Տիգրիսի ու Եփրատի, Միջագետքի՝ հետևաբար և Նաիրիի), իր խորհրդանիշ կես-ձուկ-կես այծ կենդանու մեջքին բարձրացող խոյագլուխ գավազանով:

Այլ հուշարձանների վրա, որպես նրա խորհրդանիշ, խորանի պատկերն է՝ վրան եղջյուրները:

Այս կերպարի մարմնավորումներն են Ջրտուն (Ջրհոս), Այծեղջյուր և Խոյ Աստեղատները (տարբեր կրոններում՝ համաստեղությունների անվանումների ծագման այլ բացատրություն է հանդիպում):

Էլամի հինավուրց Շուշան քաղաքից (այսօրվա Իրանի տարածքում) հայտնաբերված, ն.թ.ա 2-րդ հազարամյակին վերագրվող ծիսական մի ավազանի բարձրաքանդակում աջ ու ձախ կողմերն ուղղված՝ Կիսաձուկ-կիսայծ պատկերն է, հայտնի «Սուխուրմաշու» անվամբ («Sukhurmashu»), հետագայի «Այծեղջյուրի» նախատիպը… (լուսանկարը՝ ստորև):

Ն.թ.ա 2-րդ հազարամյակին վերագրվող ծիսական ավազան Շուշան քաղաքից՝ Էնկիի խորհրդանիշ Վիշապաքաղի պատկերաքանդակով
Ն.թ.ա 2-րդ հազարամյակին վերագրվող ծիսական ավազան Շուշան քաղաքից՝ Էնկիի խորհրդանիշ Վիշապաքաղի պատկերաքանդակով

Համաձայն ասորագետների և հին միջագետքյան մշակույթի այլ մասնագետների, այն ստորգետնյա քաղցրահամ ջրերի, նաև՝ Անդնդոց ջրերի դիցի՝ Էնկիի (Հայայի) խորհրդանիշն է, «Պահապան-ոգի»:

Հիշենք, որ Էնկին սովորաբար պատկերվում էր մորուքավոր դեմքով, ուսերից երկու հոսող գետերի՝ Տիգրիսի ու Եփրատի շիթերով…

Ասորեստանում, Նինվեի գրադարանից հայտնաբերված գրավոր մի սկզբնաղբյուրում նշվում է, որ «Երկնակամարը պահող լեռներով շրջապատված Երկրի կլոր սկավառակը լողում էր աղբյուրների տեսքով ժայթքող ջրերի վրա:
Տիգրիսը և Եփրատը՝ «Քաղաքակրթության օրրանը»՝ Քաղդեի հարթավայրը ջրող երկու մեծ գետերը, բխում էին գիտելիքների և իմացության աղբյուր «Ձուկ-Այծի» տիրույթից» (Ֆ.Բոդե, Philippe E.Bodet «La Capricorne, symbole parlant sur les monnaies romaines», էջ 50):

Ուշադրություն դարձնենք կարևոր մի փաստի վրա՝ «Քաղդե» (Chaldée) անունով է նշվում գետերի ակունքների՝ «Քաղաքակրթության օրրանի» տարածքը, մեր նախնիների դրախտ-բնակավայրը՝ գիտելիքների և իմացության աղբյուր «Ձուկ-Այծի» տիրույթը:

Այսինքն, այստեղի բնակչությանն էին նաև «Քաղդեացիներ» անվանում (Բաբելոնի հայտնի քրմական դասից բացի) …

Ուստի՝ հարկ է մեկնել «Քաղ»-ի իմաստը, որը բացատրվում է հայերեն բառարաններում՝ Ս.Մալխասյանի՝ «Բացատրական բառարանում», Աղայանի «Արմատական բառարանում», «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»՝ որպես «արու այծ», քոչ, նոխազ («քավության նոխազի» մասին՝ հետո):
«Ձուկ»-ը հասարակ ձուկ չէր, այլ՝ խոշոր, առասպելական:

Մեր լեզվի զանազան բառարաններում «ընդհանրապես շատ խոշոր ձուկը» Վիշապաձուկն է, որի բացատրության մեջ Ս.Մալխասյանի «Հայերենի բացատրական բառարանում» կարդում ենք՝

«Վիշապաձուկն՝ Դագոն՝ փղշտացիների կուռքը՝ ձկան մարմնով, մարդու գլխով ու ձեռներով, որին պաշտում էին ասուրա-բաբելոնացիք»:

Վերոհիշյալ «Սուխուրմաշուն»՝ Էնկիի խորհրդանիշը՝ «Կես Ձուկ — կես Այծ»՝ «Վիշապ-ա-Քաղ»-ն է՝ ՎԻՇԱՊԱՔԱՂԸ…

«Այծեղջյուր» համաստեղության խորհրդանիշը՝ Ֆրանսիայում՝ Շարտրի Մայր տաճարի վիտրաժներից

Փյունիկյան հնագույն ափերին՝ Ռաս Շամրայում (Ուգարիթում) Դագանի (Դագոնի) և նրա հարևանությամբ՝ Բահալի տաճարներն են հայտնաբերվել:
Նրանց մասին Ed. Dhorme-ն իր «Դագոն աստծու ավատարները» («Les avatars de dieu Dagon») ուսումնասիրության մեջ, ներկայացնում է այնտեղ գտնված քարակոթողների վերծանումը M.Dussaud-ի կողմից: « «Դագոնի որդի» անվանումը, որը տրվում է Բաալին, նույնացվում է Հադադ աստվածությանը, Փայլակի դիցը Հասկի դիցի հետ է կապվում»:

Հիշենք, որ տարբեր շրջաններում անունները տարբեր էին՝ Ադադը (Հադադը), Բաալը Հուրիական դիցաբանության գլխավոր դից Թեշուբի անվանումն էր՝ այսօրվա Սիրիայի որոշ հատվածի, Քանանի (Փյունիկիայի) տարածքում, ինչպես այլուր՝ հայտնի զանազան հնչողությամբ՝ խեթերի մոտ՝ Տարքու (Տորք), Թարհու, Բիայնայում՝ (Ուրարտու) Թեշեբաինի…

Դիցերի ծննդաբանական (ծագումնաբանական) շղթայում շումերական, հուրիական դիցաբանության գլխավոր դիցը կոչվում էր Ան (Անու) և հունական դիցաբանության Ուրանոսի, Զևսի համարժեքն էր (շումերականում՝ Էնկին Ան-ի որդին էր, հուրիականում՝ Անուի որդին Կումարբին էր, վերջինիս որդին՝ Թեշուբը):

Էնկիի խորհրդանիշ «Այծեղջյուր» աստեղատան համարժեքը հնդկական դիցաբանական պատկերացումներում Մակարան է՝ տեղական կենդանական աշխարհին համապատասխան՝ փղի կնճիթով, կոկորդիլոսի երախով՝ ձկնապոչ երևակայական կերպարը:

Զարմանալիորեն, անվան հեռավոր արձագանքով՝ Մակարավանքի բեմի զարթաքանդակների մոտիվները Էնկիի հետ են առնչվում…(Մի առանձին գրառման մեջ անդրադարձել ենք՝ Երևանի Փակ շուկայի դարպասի և Խոյի Դարվազաբազարի մոտիվներին համադրելով):

Հաբեթի սերունդներից՝ «վայելչակազմ, թիկնավետ ու գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով ու հաստ բազուկներով» Հաբեթոսթեան Հայկը, ինչպես վկայում են պատմիչները (5-րդ դարում՝ Խորենացին, 11-րդ դարում՝ վրացի Լեոնտի Մրովելին), Թորգոմի որդին էր (Թորգոմը՝ Թարքուի՝ Թեշուբի հեռավոր արձագանքն է):

Չմոռանանք, որ քրիստոնեությունից հետո գրված պատմություններում դեպքերն ու անունները հարմարեցված են Աստվածաշնչյան տեքստերին (մեկնաբանություններին):

Նա նաև հնագույն շրջանից ամենաճանաչված Աղեղնավորն էր, որն իր երկաթե ծայրով եռաթև նետով տապալեց Բելին…

Ուգարիթյան հնագույն սալիկներից մեկում, տարբեր «մասնագիտություններ» ցույց տվող հատուկ անունների ցանկում, «Խալդի» անվանը համապատասխան վերծանված է՝ «Աղեղնաձիգ»…
Ինչպես Հարմայի անունով կոչվում էր Հարմայի երկրից արտահանվող «Երկձի մարտակառքը»…

Ըստ Ղ. Ալիշանի՝ Հին Հայկազանց (Հայկազունների) ազգային դրոշը կամ նշանը Վիշապն էր:
Վիշապաքաղի լուսանկարը՝ Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» գրքից՝ ստորև:

Վիշապաքաղի պատկեր՝ Ղ.Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» գրքից
Վիշապաքաղի պատկեր՝ Ղ.Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» գրքից

Անդրադառնալով վերը հիշատակված մեր երբեմնի հզոր թագավորության՝ ինչպես նրա տիրակալներն էին կոչում՝ Բիայնիի և Նաիրի Երկրի արքաների դիցարանը գլխավորող դիցերին, Հուրի՝ Փայլակի, Շանթի դիցից՝ Թեշուբ- Թեշեբայից հետո գլխավորը հռչակվում էր Խալդին՝ հին աշխարհում Հոմերոսի և այլոց կողմից կրակի իմաստով գործածվող Հեփեստոսի անվան հետ առնչվող Հաբեթոսեան Հայկը՝ իր Թորգոմ-Թարքու-Թեշուբ-Թեշեբա պապին հետնորդելով…

Գուսանների երգերից մեջբերված պատառիկներով՝ Խորենացին մեզ է ավանդել առասպելական «Վիշապաքաղի»՝ «Վահագնի ծնունդը», որը Հովհաննես Հովհաննիսյանի գրչով մեզ Ավետում էր՝

Ցնծա՛, Բյուր Վիշապ Հայաստան աշխարհ, Փրկության արև Վահագնիդ տեսար։

Bayer-ի ատլասում՝ այծեղջյուրը 1603
Այծեղջյուրի պատկերը գերմանացի աստղագետ Johann Bayer-ի կազմած Աստեղատների (Համաստեղությունների) ատլասից՝ վերնագրված՝ «Երկնաչափություն» («Uranometria»), տպագրված՝ 1603 թվականին:

Թևավոր Վիշապաքաղ (արծաթե անոթ՝ հայտնաբերված Արմավիրի պեղումներից, գտնվում է Էրմիտաժի թանգարանում):
Լուսանկարը՝ Սուրիկ Ասմարյանի հրապարակումից՝ շնորհակալությամբ…

Ն.թ.ա 2-րդ հազարամյակին վերագրվող ծիսական ավազան Շուշան քաղաքից՝ Էնկիի խորհրդանիշ Վիշապաքաղի պատկերաքանդակով
Ն.թ.ա 2-րդ հազարամյակին վերագրվող ծիսական ավազան Շուշան քաղաքից՝ Էնկիի խորհրդանիշ Վիշապաքաղի պատկերաքանդակով

Այծեղջյուրը՝ 10-րդ դարի պարսիկ աստղաբան ու ժամագետ Ալ Սուֆիի՝ «Աստղերի գրքի» («Livre des étoiles fixes») նկարազարդումներից (տպագրված 964 թվականին)
LE CAPRICORNE DANS L’ATLAS D’AL-SUFI (PUBLIÉ EN 964)

Ն.թ.ա 2-րդ հազարամյակին վերագրվող ծիսական ավազան Շուշան քաղաքից՝ Էնկիի խորհրդանիշ Վիշապաքաղի պատկերաքանդակով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով