«ԽՈՒՆԿԸ ՃԱՄԲԱ ԿՈՒԶԵ ԴԵՊԻ ԱՆՑՔԻՆ ԱՆԴՐԱՇԽԱՐՀ…»
(Միսաք Մեծարենցի՝ 1907 թվականին գրված «Հոգեհանգիստ» բանաստեղծությունից)
Երկրային Կյանքից հետո գոյություն ունեցող իրականության անորոշությունը որոշակիացնելու հույսով ծնված գիտական, փիլիսոփայական, կրոնական, նախապաշարմունքային պատկերացումներն անհիշելի ժամանակներից ցայսօր հետաքրքրում են մարդկությանը՝ զանազան մեկնաբանությունների տեղիք տալով:
Հոգու անմահության մտահոգությունն էր հույն իմաստասերների խորհրդածության առիթը:
Նրանց պատկերացմամբ՝ հանգուցյալների հոգիները Ստիքս գետով փոխադրվում էին մեռյալների հոգիների ստորգետնյա թագավորություն՝ Անդրաշխարհ:
Ցարդ հայտնի հնագույն տեքստերում արդեն՝ «Գիլգամեշ»-ի հերոսը դեպի Հավերժություն և Անմահություն տանող ուղիներն էր փնտրում («Գիլգամե՛շ, ու՞ր ես գնում, Հավերժ կյանքը, որ փնտրում ես, երբեք չես գտնի»)…
Անդրաշխարհին վերաբերող նախնական հավատալիքների մասին պատկերացում են տալիս թաղման կառույցներում՝ դամբարաններում հայտնաբերված հնագիտական հարուստ նյութերը, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակությունն ու խորհուրդն ուներ:
Իրական կյանքից Հանդերձյալ Աշխարհ մարդու տեղափոխումը նշվում էր դամբարանադաշտի տարածքի զատմամբ, ուղենշմամբ, հետագայում՝ կոթողների տեղադրմամբ:
Նախնիների պաշտամունքի և հանդերձյալ կյանքի գոյության հավատով՝ ապրողները մշտապես «հաղորդակցության» մեջ էին «մահացածների» հետ:
Հոգու անմահության մասին պատկերացումներն էին հանգուցյալի դամբարանում կերակուր և «անհրաժեշտ իրեր» դնելու պատճառը:
Թաղման ծեսի ժամանակ գործածվող՝ հացահատիկային բույսերի, գինու հեղման ծիսակարգը համանմանություններ ուներ ողջ Հայկական Լեռնաշխարհում ու հին աշխարհի տարբեր շրջաններում (խեթական, եգիպտական, հունա-հռոմեական սովորույթներում):
Հայ միջնադարյան պատմիչներն իրենց երկերում, պատմական իրադարձությունների նկարագրության առիթով, որոշ տեղեկություններ են հաղորդում նաև Հայաստանում թաղման, Անդրաշխարհի կյանքին առնչվող պատկերացումների մասին (Մ.Խորենացին՝ Արտաշես արքայի մահվան կապակցությամբ, մահվան ողբերգերը, ողբի պարերն ու հատուկ նվագարանները՝ Փ.Բուզանդի հիշատակած լարային փանդիռն ու վինը և շնչական փողը…):
Ննջեցյալների, մեռյալների աշխարհի, ստորերկրյա բնակչության մասին հավատալիքների արձագանքն է «Սանդարամետք Անդնդոցը» («Ձայնք հնչեցին Սանդարամետք անդնդոց»)…, ինչպես նաև՝ Խոր Վիրապի վիհը (մի այլ անգամ՝ մանրամասնորեն):
Հանդերձյալ կյանքի գոյության հավատով էին Հին Եգիպտոսում պապիրուսի վրա ձևակերպում մոգական տեքստերը, որոնց օգնությամբ հանգուցյալը կհաջողեր «Լույսի մեջ իր Ելքը», «Լույսին միացումը»(Կ.Ա.)…
1888 թվականին Լոնդոնի Բրիտանական թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող Wallis Budge-ը գնում է (ձեռք է բերում) Հին Եգիպտոսի՝ Անի անունով արքայական գրագրի կողմից գրված «Լույսի մեջ դուրս գալու Գրքի» («Le livre de sortir au jour») մի հրաշալի օրինակ:
Բրիտանական թանգարանում պահվող, բացառիկ՝ 23 մետր երկարությամբ այս պապիրուսը Անդրաշխարհի տիրակալի՝ Օսիրիսի առջև դատաստանի ժամանակ հաջողելու և լավագույն պայմաններում մեռյալների աշխարհ մուտք գործելու համար գրված յուրօրինակ տեքստերի հավաքածու է, որը, հնագետների տված անունով՝ «Մեռյալների գիրք» է կոչվում նաև (թեև, ավելի ստույգ, գիրքը հետագայի կյանքի՛ մասին է…):
Ն.թ.ա 16-րդ դարից հայտնի հիշյալ ձևակերպումները Անդրաշխարհում հանգուցյալի Վերածնունդն ապահովելու նպատակին անհրաժեշտ մոգական բանաձևերն էին:
Սարկոֆագի մեջ տեղադրվող՝ աղոթքներից ու փառաբանման — գոհաբանական տողերից բացի, մահվան դեմ հաղթանակելու և Արևի դից Ռա-ի նման Վերանորոգվելուն-Վերածնվելուն նպաստող, նկարազարդումներով ուղեկցվող, «հոգեհանգստյան» յուրահատուկ արարողակարգի տեքստերի կողքին, լրացուցիչ, պահպանական ամուլետներ (փոքրիկ քանդակներ) էին դրվում:
Եգիպտական հուղարկավորության արարողակարգի կարևորագույն ծեսն էր «Բերանբացեքի արարողությունը», որի նպատակն էր քրմի կողմից արտասանվող մոգական ձևակերպումների (բանաձևերի) միջոցով, խնկարկումով ու սարկոֆագի վրա տարբեր անուշաբույր խեժերի ցողումով, խորհրդանշական ձևով հանգուցյալի՝ սարկոֆագի պատկերի (նաև՝ քանդակի) դեմքին՝ քթին, բերանին, ականջներին ու աչքերին հպումով նպաստել հետագայում, հոգին վերագտնելուց հետո, նրա շնչելու, խոսելու, լսելու և տեսնելու կարողությունը վերականգնելուն:
Հին եգիպտական տեքստերի համաձայն՝ հանգուցյալի սիրտը՝ նրա խղճի խորհրդանիշը, կշռվում էր՝ նժարի մյուս կողմում դնելով Ճշմարտության ու Արդարության դիցուհու խորհրդանիշ փետուրը, որից թեթև լինելու պայմանով միայն անմահություն կբաշխվեր (մաքուր ու մեղքերից զուրկ՝ թեթև խղճի դեպքում)…
Այսօրվա Հայաստանի տարածքում, Երևանից 30 կիլոմետր արևմուտք, հնագետ Հ.Սիմոնյանի խոսքերով՝ «Հայոց երեք սրբազան լեռների՝ Արարատի, Արայի և Արագածի միջակայքում, ծովի մակերևույթից 1.100 մետր բարձրությամբ հրվանդանի վրա», Արագածոտնի մարզի Վերին և Ներքին Նավեր կոչվող հնավայրում, դեռևս 1976 թվականից սկսված-ընդհատված, տարբեր տարիների պեղումները վերստին շարունակվելով (2002-ին), 2010 թվականին ևս երեք դամբարան էին հայտնաբերվել:
Ողջ համայնքի համար կարևորություն ունեցող թաղման ծեսերի, արարողությունների ժամանակ բազմամարդ «հոգեհանգստի» կազմակերպման նպատակով խմիչքի և կերակուրի պահպանման համար անհրաժեշտ կահ-կարասիներ կան հաճախ կարևորագույն դամբարաններում (կից շինություններում):
Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում և նրա հարակից տարածքներում պեղված դամբարաններում կոտրված խեցեղենի բեկորների առկայությունը, հավանաբար, ծիսական մի գործողության հետ է կապված՝ «հանգուցյալի գերեզմանին մի սպասք կոտրելու սովորույթը»:
Համաձայն խեթական տեքստերի մասնագետ Ա.Մուտոնի (Alice Mouton), խեթերի մայրաքաղաք Հատուշայից հայտնաբերված սեպագիր սալիկներում բավականին արծարծված է այդ թեման:
Վշտի արտահայտման խորհուրդով խեցեղեն կոտրելու ծեսն առկա է նաև Եգիպտոսի Փարավոն Արմայիսի՝ Հորեմհեբի (ն.թ.ա.1323-1295թթ.) դամբարանի պատկերագրությունում (պատմիչներ Մանեթոնի և Հ.Փլավիուսի մոտ Հարմայիս, Եվսեբիոսի մոտ՝ Արմայիս անունով հիշվող այս փարավոնի մասին առանձին գրառում կա՝ ամիսներ առաջ):
Սասունցիների ավանդույթներից է հիվանդի՝ ձեռքերը լվանալուց հետո ջրամանը գերեզմանի մոտ կոտրելու սովորութը՝ հիվանդությունից ազատվելու նպատակով:
Վերին և Ներքին Նավերի ավելի քան 30 դամբարաններից բաղկացած դամբարանադաշտի պեղումներից ի հայտ եկած զանազան անձնական իրերը, բարձրաշխարհիկ դասին պատկանող կնոջ զարդերը, զանազան քարերից ու գունավոր ապակիներից պատրաստված ուլունքները, կարմրափայլ ու սև փայլեցրած կավանոթները՝ վիշապօձի, կայծակի պատկերներով… ն.թ.ա 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին Հայաստանում բարձրարվեստ մշակույթի գոյության ապացույցն են (ընդհանուրն ավելի քան 500 դամբարան ու դամբանաբլուր են):
Վերջերս, 2019 թվականի ապրիլին կատարված պեղումների արդյունքում, հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարած արշավախումբը յոթ այլ դամբարան է հայտնաբերել:
Հնագետների կողմից Հայոց «Արքայական հովիտ» անվանված հսկայական այս դամբարանադաշտի գտածոներից ենթադրվում է, որ այստեղ արքայական տոհմի ներկայացուցիչներ են թաղված:
Ցարդ ամենամեծը համարվող՝ «Զորավարի դամբարանը», նրանում պեղված նյութերը՝ ն.թ.ա 27-25-րդ դարերին վերագրվող թուրը՝ համանման Սիրիայում, Պաղեստինում, Միջագետքում, այսինքն՝ Հուրիների Երկիրն ընդգրկող տարածքներում ու Եգիպտոսում գործածվողներին, խոսուն վկայությունն են հիշյալ շրջաններում եղած երբեմնի ընդհանուր կապերի:
Ավելի քան 4.000 տարվա ընթացքում Վերին և Ներքին Նավերի բնակչությունն անփոփոխ պահպանել է բնակավայրի անունը:
Քանզի անունն իր մեջ սրբազնացած ողջ պատմությունն է խտացնում:
«Նավ» բառը, փոխադրամիջոց իմաստից բացի, ունի նաև մի կյանքից մյուսը տեղափոխելու միջոցի գաղափարը, նույն իմաստով էր ընկալվում և «դամբարանը»:
Հիշենք, որ Եգիպտոսում, ինչպես և Հունաստանում, Անդրաշխարհի ճամփորդությունը, համաձայն հավատալիքների, նավի վրա էր կատարվում (մեր նախնյաց հնագույն պատկերացումներում՝ նույնպես (Ստորգետնյա ջրերի դիցի, Անդրաշխարհի հետ կապված՝ Սանդարամետի հետ առնչվող)…
Հանգուցյալն Արևի դից Ռա-ի նավով ճամփորդելով պիտի անցներ Օսիրիսի թագավորությունը (Օսիրիսը Ցերեկային Լուսավոր Արեգակի Գիշերվա՝ վերականգնման փուլում գտնվող դիցն էր)՝ Լույսի մեջ իր Ելքի համար…
Բարեհամբավ ննջեցյալների հասցեին որպես բարի խոսք ասված՝ «Աստված հոգին լուսավորի», «Լույս դառնա իր հոգին», «Լույս իջնի հոգուն» դարձվածքները, որոնք հարազատներին մխիթարանքի հույս են բերում, վաղնջական ժամանակներից են գալիս…
«Ամենուր տեսանելի է
հավիտենական լույսի արտացոլանքը,
որպեսզի, լույսի մեջ,
մարդը բացահայտի պայծառ փայլը
և ինքն էլ ամբողջովին լույս դառնա»:
Հետագայում՝ 4-րդ դարում, գրել է աստվածաբան Գրիգոր Նազիանզանցին…
«Լույս կաթի» մեր Լուսահոգիների շիրիմներին…
Հ.գ. Շնորհակալություն «Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոնի» akunq.net-ին՝ Հայաստանի բրոնզեդարյան մշակույթին վերաբերող հոդվածից վերցրած՝ Վերին և Ներքին Նավեր հնավայրի որոշ լուսանկարների համար…
դամբարան IB, հերոս-արքայի դիմաքանդակ,
Ք.ա. XVI-XV դդ., բիտում, ոսկի
(պեղ. և լուս.` Հ. Սիմոնյանի)
Թաղման արարողության ժամանակ գործածվող խնկաման ( բուրհան, ծխաման)
Լճաշեն ն.թ.ա 15-14-րդ դդՀՀ Արագածոտնի մարզ, Վերին Նավեր, դամբ. IB,
ուսագոտու ճարմանդ, Ք.ա. XVI-XV դդ.,
բիտում, ոսկի, վերակազմությունը՝ արծաթից
(պեղ. և լուս.` Հ. Սիմոնյանի)
դամբարան N 3,
շքասեղի գլխիկ, Ք.ա. XX-XIX դդ.,
ոսկի, սարդիոն
(պեղ.` Հ. Սիմոնյանի, լուս.` Վ. Հակոբյանի
Եգիպտական «Մեռյալների գրքից»՝ պապիրուսի նկարազարդում՝ «անդրաշխարհյան նավարկության» դրվագով…
Այ (Հայ) փարավոնը՝ Օսիրիս-Թութանհամոնի մումիայի վրա հատուկ փոքրիկ «Ուրագով» կատարվող՝ «Բերանբացեքի» արարողության պահին… («Herminette»- է կոչվում, հավանաբար, ինչպես «Հարմա» մարտակառքը, սա էլ է մեր երկրից ներկրվել՝ անվան մեջ պահպանելով հետքերը, ինչպես՝ Hermine-ը՝ Մշկամուկը (Կնգուղը) ):