ՄՇԿԱԲՈՒՅՐ ՈՒ ԽՆԿԱԲՈՒՅՐ ԱՆՑՅԱԼ…

Անցյալի բազմաշերտ հյուսվածքի կծիկը բացելով՝ պատմության գաղտնազերծվող շերտերն իրենց բուրմունքն են սփռում ու ծուխի կամ հովի թևով մեզ հղում՝ հիշեցնելով «Տաղ Վարդավառի» հայաբույր հայտնի տողերը՝
«Հով հարեալ գոհար շուշանին,
յայն հարավային լեռնէն քաղցր աւդով ցաւղեր շուշանին…»:
(Հովն էր հարում գոհար շուշանին,
Հարավային լեռնից քաղցր օդով ցողում էր գոհար շուշանին):

Հովը, շաղն ու ցողն իրենց խորհուրդն ունեն:
Ջուրը, կրակը՝ նույնպես…

Կրակը՝ որպես չարը հեռացնող կամ ոչ մաքուր համարվող առարկայի, կենդանու ոչնչացման միջոց ու անմաքուր վիճակը հիմնովին վերացնող, ուստի և՝ մաքրագործող ուժ, զանազան առիթներով է կիրառվել:

Գրեթե 3.500 տարվա վաղեմությամբ խեթական տեքստերում կրակի սրբագործող զորությամբ կատարվող զանազան ծիսական արարողությունների նկարագրությունը կա:

Կիցուվատնայի՝ Սիսվանի (Կիլիկիայի) և Հայկական Լեռնաշխարհի ու նրան հարակից տարածքների տարբեր հատվածներում կատարվող ծիսակատարություններից են, օրինակ, կրակի վրայով «մաքրագործվելիք առարկան» կամ անձին անցկացնելը, կամ՝ կրակի երկու օջախների արանքով զորքի անցումը՝ բանակում տարածված համաճարակի բուժման նպատակով:

Մեզանում պահպանված՝ Տրնդեզին կրակի վրայից թռնելը նման արարողությունների մի հեռավոր արձագանքն է:

Խեթական տեքստերից մեկում նշվում է, որ մղձավանջային երազի ազդեցությունը չեզոքացնելու, նրանից ձերբազատվելու համար անհրաժեշտ էր երազը պատմել մի եղեգի, այնուհետև այն այրել:

Օջախն իսկ համարվում էր դիցի մարմնավորումը:

Կրակից բացի, նրանից բարձրացող ծուխը նույնպես խորհրդանշական մեծ իմաստ ուներ՝ որպես մաքրագործող-սրբագործող ուժ, նաև՝ Երկնքի ու Երկրի միջև հաղորդակցության միջոց (քանզի դեպ վեր՝ երկինք էր հառնում…):

Ասվածի վառ ապացույցներից են մեզ հայտնի՝ Սյուն-քարակոթողները, չինական բուրվառները՝ դեպի երկինք ձգվող լեռան տեսքով (boshan lu,«բոշան լու» տիպի):

Չինական բուրվառներ
Չինական բուրվառներ

Զանազան վայրերից հայտնաբերված հնագիտական նյութերն ու գրավոր աղբյուրները փաստում են, որ վաղնջական ժամանակներից ի վեր անուշաբույր խնկարկումները լայնորեն կիրառվել են՝ ծիսական և բուժական նպատակներով ( դարերի խորքից եկող ծխացող բումունքի վկան՝
խունկը, գործածվում է որպես տարբեր խեժերի հավաքական անվանում):

Վերագրվելով աստվածային-սրբազան տիրույթին ու համարվելով աստվավածահաճո՝ բուրվառներով խնկարկումները «հեռացած դիցերին վերադարձնելու» միջոց էին՝ համաձայն խեթական տեքստերի (այսօրվա ծիսական արարողություններում էլ՝ ներկա…):

Զանազան խեժերից՝ զմուռսներից պատրաստված՝ խունկի ու կնդրուկի նման անուշաբույր ծխելիքները, Հայկական Լեռնաշխարհում, Հին Միջագետքում (Հայերիս մոտ), Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում զանազան հիվանդություններից զերծ մնալուն էին նպաստում նաև:

Այսօր աշխարհում այնքան հայտնի «Հայաստանի թուղթ» (Papier d’Arménie) կոչված անուշաբույր թերթիկները (հիմա նաև՝ մոմերի տեսքով) օդի մաքրազերծման նպատակով են գործածվում:

Աստվածային ներկայությունը հիշեցնող, անուշաբույր խեժերի խառնուրդից ստացված խունկը,բուրավետ բուսախեժերի ու եթերային յուղերի հականեխիչ հատկությունների շնորհիվ, լայնորեն կիրառվել է ժողովրդական բժշկության մեջ:

Եթերային յուղերով ու այլ օգտակար նյութերով հարուստ խնկեղեգի բուժիչ հատկությունները հայտնի էին Միջնադարում՝ Մխիթար Հերացուն և Ամիրդովլաթ Ամասիացուն ևս: (Միջնադարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին վկայում է, որ խունկը ամրացնում է հիշողությունը, առողջացնում բանականությունը, օգնում մազաթափության դեպքում, մաքրում է մաշկը տարբեր տեսակ բորբոքումներից)…

Հիշյալ իմաստներից բացի՝ խնկարկումներն արվում էին նաև տներում՝ տարածքի մաքրագործման ու չար ոգիների հեռացման նպատակով:

Չինաստանում նախնիների պաշտամունքի առիթով կիրառվող փոքրիկ բուրվառները նամակ-գրություններով են ուղեկցվում և անբարենպաստ ազդեցությունների հեռացման, չեզոքացման խորհուրդն ունեն:

Նաև՝ համարվում էին հանդերձյալ աշխարհի հետ հաղորդակցության միջոց (մահացածի շիրիմին խունկ ծխելու սովորույթն այսօր էլ կա մեզանում):

Ինչպե՞ս չմտաբերենք հանճարեղ քնարերգուի՝ Միսաք Մեծարենցի տողերը՝ «Հոգևարք» բանաստեղծությունից՝ «…Խունկը ճամբա կուզե անցքին Անդրաշխարհ»…

Բուրհան- բուրվառներում խնկարկման համար մի քանի ծառերից ստացվող անուշաբույր խեժից՝ կնդրկախեժից զատ, մի այլ հոգեպարար բուրմունք կար Հին աշխարհում, որը, հարատևելով, մերօրյա չափազանց գնահատված օծանելիքների ամենաթանկ բաղկացուցիչն է դարձել:

Ու այն կապված է մուշկի (կենդանու, անուշաբույր յուղի) և Ասորեստանի արքաների դեմ իրենց 20.000 -անոց զորքով մարտնչած Մուշքերի հետ:

Հետևաբար, նաև մեզ՝ Հայերիս հետ, քանզի Մուշքերը հայկական բնիկ ցեղախմբերից էին:

Կենդանական մուշկը որոշ կաթնասունների (մշկամուկ, մշկայծյամ և այլն) արուների մշկագեղձերից արտադրվող յուրահատուկ բուրմունքով հեղուկ է՝ օծանելիքի՝ անչափ գնահատված ու թանկ բաղադրիչը:
Գոյություն ունի նաև բուսական մուշկ, մեր օրերում արդեն՝ սինթետիկ եղանակով ստացվող և անուշաբույր օծանելիքի արտադրության մեջ լավագույնս կիրառվող:

Ասորեստանյան արձանագրություններում (Թգլաթպալասար Ա, ն.թ.ա 1115-1077թթ.) Մուշքերը նշվում են որպես Հայկական Լեռնաշխարհի՝ Նաիրի Երկրների դաշնության անդամ՝ սփռված Փռյուգիայի արևելյան սահմաններից մինչև Վանա լճի հարավային ափամերձ շրջաններն ընդգրկող լայնարձակ տարածքներում՝ Մուշքինի (արևելյան Փռյուգիա), Մաժաք (Կեսարիա), Մարկասու (Մարաշ), Մելիդու (Մելիտինե) ընդհուպ Մուշկ (Մոկք, Մոկաց աշխարհ) երկրամասերը և ավելի հեռու…

«Մուշ» և «Մոկք» անունների ծագումնաբանությունը, Խորենացու հիշատակած՝ Արամի ազգական Մշակի, Մուշքերի թագավորության՝ Մշակի Երկրի, Ստրաբոնի կողմից որպես «մետաղագործության հիմնադիրներ» հիշվող Քալդայների և Մոսինյոկների», քաղցրահամ «Մուսկատ» խաղողի ու նրանից պատրաստված, հին աշխարհում հայտնի անուշահամ գինիների, «Մեր նախնիները» բանաստեղծության մեջ Իսահակյանի երգած «փռյուգիական գդակների» ( Միհրական) և բազմաթիվ այլ հարցերի առավել մանրամասն անդրադարձը թողնելով այլ առիթների (թեև նախկին գրառումներում փորձել ենք պարզաբանել որոշները ), «Եղեգան փողից» ելնող ծուխով տոգորված պոետի՝ Իսահակյանի հոգեթով խոսքերով եզրափակենք՝

Ահա եկան նազանքով
Չքնաղ կանայք, բյուր բյուրերից ընտրանքով,
Հեքիաթական անհուն գեղով, մշկաբույր,
Լուսաստինք, հրապույրներով բյուրաբյուր,
Գիշերահեր, և ոսկեհեր, երկնաչվի,
Հայացքներով, ժպիտներով արևի…
( Ա.Իսահակյան, հ.2, էջ 203)

Մեր Մշկաբույր ու Խնկաբույր Անցյալի իմացության հոգևոր անհուն զմայլանքն ու բերկրանքն ընդ ձեզ…

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով