ՄԻ ԱՆՀԱՅՏ ԴՐՎԱԳ՝ ՀԱՅՏՆԻ ԱՆՑՅԱԼԻՑ…

Փարիզի Լուվրի թանգարանի Արևելքի Հնագիտության բաժնի սրահներից մեկում ցուցադրվող առանձնահատուկ կարևորության մի նմուշի՝ Ասորեստանի Սարգոն Բ արքայի ( թագավորել է ն.թ.ա 722-705 թվականներին)՝ մեր սրբազան Արդինի (Մուսասիրի) Հալդիի տաճարից կողոպտված ահռելի քանակությամբ ավարի թվարկումը պարունակող արձանագրությանն անդրադարձել էինք ամիսներ առաջ:

Որպես հիշեցում նշենք, որ «Սարգոն Բ-ի 8-րդ արշավանքի» սեպագիր սալիկը վերծանել ու հրապարակել էր François Thureau- Dangin-ը 1912 թվականին, ներածականում գրելով՝ «…Սարգոնի թագավորության սկզբում, Ուրարտուի թագավորությունը, որը սփռվում էր այն տարածաշրջանում, որն հետագայում կոչվում էր Հայաստան (բնագրում՝ «Arménie», Կ.Ա.), Ասորեստանի ահեղ հակառակորդն էր»:

Նույն բաժնի 21-րդ սրահի նմուշներից մեկը՝ ներկայացված որպես «Մի ցրիվ բեկոր Խորսաբադից», 1960 թվականին գրավել է Jean Nougayrol-ի ուշադրությունը:

«Բավական է ուշադիր քննել՝ նույնացնելու համար հայտնի «Մուսասիրի տաճարի կողոպուտի» տեսարանի վերին ձախ անկյան հետ», — գրել է նա՝ շարունակելով.

«Եթե կերպարները, դժբախտաբար, բավականին վնասված են, սեպագիր մի քանի նշանները վերացնում են կասկածներն այդ առումով (URU MU-ŞA- ŞIR):

Այսպիսով, նախկինում որպես «նվիրաբերության տեսարան» ներկայացվող այս հատվածը «Ավարը գրանցող (հաշվող) գրագրի «դասական» խումբն է…» (մեջբերումը՝ «Մի անծանոթ դրվագ «Մուսասիրի կողոպուտից» հոդվածից, «Un fragment méconnu du «Pillage de Muṣaṣir» », Jean NOUGAYROL, Revue d’assyriologie et d’archéologie orientale, Vol. 54, n ° 4 (1960), pages 203-206):

Հավելենք, որ այսօրվա Իրաքի հյուսիսում՝ Խորսաբադի՝ երբեմնի Դուռ-Շարուկենի (Սարգոնի ապարանքի)՝ Չիկագոյի Արևելյան թանգարանում պահվող հիմնադրեքի արձանագրության համաձայն, շինարարությունն սկսվել էր ն.թ.ա 717 թվականին:

Դրանից երեք տարի հետո՝ ն.թ.ա 714 թվականին Արդինի տաճարի կողոպուտով ֆինանսավորվեց ու համալրվեց այն (Սարգոն Բ-ի որդին էր «Սասնա Ծռեր» էպոսում հիշվող «Բաղդադի խալիֆը»՝ Սենեքերիմը):

1842 թվականին Մոսուլում որպես հյուպատոս նշանակված ֆրանսիացի դիվանագետ ու հնագետ Պոլ Էմիլ Բոտան (Paul-Emile Botta), 1843-1844 թվականներին Խորսաբադում կատարված պեղումներով հայտնաբերել էր Սարգոնի պալատի մի անկյունը:

Լուսանկարչության բացակայության պատճառով՝ 19-րդ դարի «արևելքի նկարիչ» Eugène Flandin -ի նկարած՝ հետագա տարիների պեղումներով հայտնաբերված ողջ պալատի բարձրաքանդակների կրկնօրինակների շնորհիվ է, որ Արդինի տաճարի մասին մոտավոր պատկերացում ենք կազմում (քանզի բարձրաքանդակներում Մուսասիրի տաճարի կողոպուտի և այլ տեսարաններ էին):

Այն այսօր համարվում է որպես ցարդ հայտնի ամենահին՝ եռանկյուն ճակտոնով սյունազարդ տաճարը, որը հետագայում լայնորեն տարածված էր Հայկական Լեռնաշխարհում, այնուհետև Հունաստանում ու ողջ աշխարհում:

Գլխավոր տաճարից բացի, Բոտտայի աշխատանքների՝ ընդօրինակումների 114-րդ սալաքարի (սալիկի) վրա պատկերված «Հայկական տաղավար» անվանումով նշված կառույցի մասին (ըստ իս, թերևս՝ Գանձարանն էր՝ տաճարից ոչ հեռու) հիշատակել է Մարկ Ա.Գալուստյանն իր «Հայաստանի՝ Մուսասիրի Մեծ Տաճարը» հոդվածում:

«Հայկական տաղավար»՝ լճի մոտակայքում, (P.E. Botta ) Բոտտայի՝ «Նինվեի հուշարձաններից», հատոր 5, Փարիզ, 1849-1850, Է. Ֆլանդինի ընդօրինակումներից:

Հիշելով, որ Արդինի տաճարի աներևակայելի հարստության կողքին 1920 թվականին հայտնաբերված Թութանհամոնի գանձերն աննշան էին (այստեղ էր հզոր Բիայնայի ու Նաիրիի (Արարատյան թագավորության՝ Ուրարտուի)՝ ն.թ.ա 735-714 թվականներին թագավորած Ռուսա Ա արքան կենտրոնացրել Պետական գանձարանի մի ստվար մասը՝ տոննաներով ոսկի և արծաթ, ինչպես լսել եմ պապիցս և ինչը հաստատում է թալանի նկարագրությամբ Սարգոնի թողած մանրամասներով թվարկված ցանկը՝ Լուվրում պահվող սալիկի վրա), հեղինակը մատնանշում է նրա սյուների համակարգի խիստ նմանությունը հունական ճարտարապետությունից հայտնի հոնիական սյունաշարի հետ:

Այդպիսով նաև ակնհայտ դարձնում «Մուսասիրի Տաճարը որպես հունական դասական տաճարի նախատիպ» (Մ. Գալուստյանի խոսքերով):
Ասվածը հաստատված է բազմաթիվ այլ ուսումնասիրողների կողմից:

Ի դեպ, տասնամյակներ առաջ լսել եմ, որ Երևանում, երբեմնի հայտնի «Գաստրոնոմի շենքի» հարևանությամբ սյունազարդ շենքը 1930-ականներին կառուցվել էր որպես Արդինի այս տաղավարի հեռավոր արձագանք (ճարտարապետ՝ Սամսոն Սիմոնյան, լուսանկարները՝ ստորև)…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով