«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ՝ ԹԵՎԵՐՍ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ»…

Ֆրանսիայի Ազգային Գրադարանում պահվում է բացառիկ նշանակության մի Ատլաս, ներկայացված 1920 թվականին, Փարիզում՝ Հայկական Ազգային Պատվիրակության կողմից:
Զ. Խանզադյանի կազմած հիշյալ Ատլասի նպատակն էր հնագույն շրջանից ի վեր գոյություն ունեցող անհերքելի փաստաթղթերի հիման վրա փաստել Հայաստանի Աշխարհագրական Ամբողջականությունը (Հայաստանը որպես աշխարհագրական միավոր):
Անտիկ շրջանի, միջնադարի և հետագայի 25 քարտեզներից բաղկացած այդ Ատլասն ի ցույց են դրել Հայ դիվանագետները՝ Փարիզում կայացած Խաղաղության համաժողովին (Rapport sur l’unité géographique de l’Arménie : atlas historique, fac-similé héliographique des 25 cartes de l’antiquité, du moyen âge, des temps modernes et contemporains (par Z. Khanzadian) ):
Համաձայն խնդրո առարկա Ատլասի՝ ն.թ.ա. 1000 թվականից՝ Հոմերոսի, Հեսիոդոսի շրջանից մինչև Ստրաբոնի, Պտղոմեոսի նկարագրած՝ Հայաստանի սահմանները, նրա Պատմական Աշխարհագրությունը չեն փոփոխվել այդ հեռավոր ժամանակներրց ի վեր, քանզի Բնությունն ինքն է սահմանագծել այդ տարածքը:
Հայաստանը՝ որպես աշխարհագրական միավոր (ամբողջականություն), այսինքն՝ աշխարհագրական դիրքն իր սահմաններով, մի ընդհանուր միասնականություն են՝ բնականորեն տեղանքով ներդաշնակորեն սահմանազատված:
Հայաստանի Աշխարհագրական միասնության վերաբերյալ՝ 100 տարի առաջ կազմված Ատլասում կարդում ենք.
«Հիմնվելով անտիկ շրջանի, միջնադարի և ներկա ժամանակաշրջանի անհերքելի փաստաթղթերի վրա, պետք էր «հստակեցնել Հայաստանի բնական և ազգային սահմանները»՝ հիմնավորելով, հռչակելով Ազատություն և Անկախություն այս ամբողջական Հայաստանի համար, որը, ի հեճուկս իր պատմության շրջադարձերին, բազում դարեր անձեռնմխելի է մնացել:
Ահա ի՛նչ էր պահանջվում և ի՛նչ ենք արել հիանալիորեն»:
«Ստրաբոնի և Պտղոմեոսի հեռավոր ժամանակներից ի վեր, բոլոր աշխարհագրագետները, ճանապարհորդները, բոլոր պատմաբանները հաստատել են Անտիտավրոսի, Տավրոսի, Սև Ծովի և Պարսկաստանի միջև ձգվող երկհարկ ընդարձակ Բարձրավանդակի աշխարհագրական և ցեղային (էթնիկ) միասնականությունը:
Միջնադարի սարսափելի դարերին Հայաստանի Անկախությունն աստիճանաբար կորսվեց.
Կիլիկյան Հայաստանի թագավորությունում հաղթականորեն պահպանվեցին Հայրենիքի ավանդույթներն ու հիշողությունները:
Օսմանյան տիրապետության օրոք և հետագա ժամանակներում երբեմն փորձեցին ջնջել Հայաստանի անունը, ճնշել նրա բնակչությունը, քծնել (շողոքորթել), սարսափելի կոտորածներով բնաջնջել:
Հայ ժողովրդի Անկախության ոգին մշտապես հակազդեց թշնամիների ճնշումներին:
17-րդ դարում, ճանապարհորդ Տավերնիեն (Tavernier) երկրում հաշվում էր «50 Հայ՝ մեկ մահմեդականի համեմատությամբ»…
19-րդ դարում Հայաստանում առկա Վերազարթոնքը լավագույնս է փաստում այս ազգի անպարտելի (չկործանվող) կենսականությունը»:
«Հայաստան ասելիս՝ թևերս բացվում են»… (Հ.Սահյան)
Ու շարունակվում է Հազարամյակների Ճախրանքը…
Հ.գ. Միջազգային դիվանագիտական հարթակներում և այլուր Հայաստանի տարածքներից խոսելուց առաջ՝ հարկ է ծանոթանալ որոշ քարտեզների…
Աշխարհի զանազան վայրերում պահպանվող հավաքածուներից նշենք Երևանի՝ Հին ձեռագրերի պահոցը՝ Մատենադարանը և Ֆրանսիայի Ազգային Գրադարանը, ուր 1828 թվականից սկսած հավաքվում ու պահվում են հին ու նոր ժամանակների հարյուր հազարավոր բազմաբնույթ քարտեզներ:
Հայոց մեջ քարտեզագրության պատմությանն անդրադարձել է Հայ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, որի հիանալի աշխատությունը՝ «Հայկական քարտեզագրության պատմությունը (մինչև 1918 թ.)» անգլերենով և հայերենով լույս է տեսել 2017 թվականին և ամփոփում է հայերենով գրված կամ հրատարակված՝ այսօր աշխարհի տարբեր երկրներում պահպանվող մոտ 140 քարտեզ:
Ստորև ներկայացված կայքում 2012 թվականին Լոնդոնում հրատարակված՝ «Հայաստանը և Եվրոպան» վերնագրված ուսումնասիրությունն է՝ Հայաստանը՝ զանազան քարտեզներում՝ հնագույն շրջանից ի վեր…
http://www.ararat-heritage.org.uk/PDF/CartographicPerspectivesFr.pdf?fbclid=IwAR0VnLD4ZBuCQ5Fhtr9h5WJUJST4fp4l9TEDtQHpM4V-3-l7Lk8tDDA3aDo









