«ԱՅՍՕՐ ԱՐԵՎՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ, ԱՎԵՏԻ՜Ս…ՇԱՐՈ՛Ց ԲԵՐԵՔ, ՊԱՍՏԵ՛Ղ ԲԵՐԵՔ, ԱՎԵՏԻ՜Ս»…
Հազարամյակների հեռվից հնչող երգերը, որոնք հավերաժացել են սեպագիր սալիկներում, այսօր էլ երգվում են մեզանում՝ տոներին, ծիսակատարություններին իրենց յուրահատուկ հմայքն ու իմաստուն փիլիսոփայությունը հաղորդելով:
Կոմիտասի ու հանճարեղ մյուս Հայորդիների շնորհիվ պահպանված «բառն ու բանը» մեր Նախնիների աշխարհայացքի ու մտածողության թարգմանն են, նրանց ոգու անմահության գրավականը («Բան» բառը բազմիմաստ է՝ ընդգրկում է և՛ խոսքը, և՛ գործը, և՛ ողջ իմացականությունն ու իմաստությունը)…
Վերհիշենք Հայոց ազգային ոգով տոգորված բանահյուսությունից որոշ տողեր, որոնք մեր Նախնիների տոնական տրամադրությունների պերճախոս թարգմանն են:
Եվ Արևի ճառագայթների նման սեղանի շուրջ բոլորած, Արևի ճառագայթների նման փայլող գինու գավաթներով, մեր Անմահ Քաջերին սիրելի անմահ ու անուշ գինով կրկնենք՝
«Կեցցե՛ն մեր քաջ պատանիք
Եվ նազելի գեղանիք»՝
ինչպես երգում էր 19-րդ դարի Հայ անվանի բանաստեղծ, հասարակական գործիչ, թատերագիր ու մանկավարժ Մկրտիչ Պեշիկթաշլյանն իր քերթվածքներում («Երգ Բարեկենդանի», «Երգ»).
ԵՐԳ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ
Ոսկի ամպերուն մէջ մըտաւ արեւ,
Եկէք բոլորինք սեղանին առջեւ.
Քան արեւուն ճառագայթք
Փայլի կարմիր այս գաւաթ։
Գինի՛, գինի՛,
Կու տաս ոգի.
Բիւր անգամ
Կը նետեմ գինին՝
Կը զըւարթանամ։
Սեղանն է իմին փառաց ասպարէզ,
Թէ կու գան ցաւեր եւ հոգք աղեկէզ.
Ես լաւ ուտել սորվեցայ
Ես լաւ խըմել սորվեցայ։
Գինւոյ փրփուր՝
Բոցահուր,
Մեծ ուրախութիւն
Սըփռէ ընդհանուր։
ԵՐԳ
Անմահ, անուշ դու գինի,
Շատ սիրելի ես քաջին,
Զի գոյնդ արեան նմանի
Պատերազմաց ի դաշտին.
Բոսորափայլ քո փրփուր,
Որ մեզ ի կռիւ փըչէ հուր,
Թէ հաշտութիւն գայ արդար՝
Փոխի ի ցօղ զովարար։
Դափնիք քեզմով կ՚առնեն ոյժ,
Կարմիր, կրակո՛տ դու գինի.
Քեզմով զըւարթ եւ աշխոյժ
Կ՚ըլլայ հեզիկ ձիթենի.
Քեզմով վառի բոցագոյն
Օրիորդին համեստ գոյն.
Կեցցե՛ն մեր քաջ պատանիք
Եւ նազելի գեղանիք։
Որպես հեռավոր արձագանք մեր Նախնյաց սիրելի տոնի՝ Արևագալի, որը փառահեղ ծիսակատարություններով ու ջահավառությամբ նշվում էր Մեհեկան ամսվա Միհր օրը (Դեկտեմբերի 23-ին), ի փառաբանումն Լույսի ու Բարության, Ազնվության ու Արդարության հովանավոր Դիցի՝ Արդարադատ ու Բարեփառ Միհրի Ծնունդի, այսօր էլ «Ավետիսի»՝ Բարի լուրի ավետման երգերն են հնչում…
Հեռավոր անցյալում փոքր խմբերով տնետուն այցելելով Արևի, Լույսի Ծագումը գովերգող երեխաների տված «Ավետիսները» հետագայում որոշ իմաստափոխմամբ հարատևեցին:
Ու ցարդ շարունակվում է մաղթանքը՝ «Ա՛չքդ՝ Լո՜ւյս», որպես ուրախալի շնորհավորանք…
«Այսօր արևն արդարութեան, ավետի՜ս,
Այսօր արևն արդարութեան, ավետի՜ս:
Շարո՛ց բերեք, պաստե՛ղ բերեք, ավետի՜ս,
Մեր հարսներուն փա՛յն ալ բերեք, ավետի՜ս,
Թոնի՛ր վառենք, գաթա՛ թխենք, ավետի՜ս,
Այդ գաթայից բաժի՛նք հանենք, ավետի՜ս»:
Բազմերանգ ու աննկարագրելիորեն համեղ շարոցների, պաստեղների ու գաթաների առատությամբ ու լիությամբ գալիք երջանիկ տարիներ Ազգիս Հայոց՝ անամոք ու չսպիացող վերքերով լի այս դժվարին շրջանի շուտափույթ հաղթահարմամբ…🇦🇲🇦🇲🇦🇲
Բերկրալի լուրի՝ Ավետիսի հաղորդման ժամանակ «Աչքնե՛րդ՝ Լո՜ւյս» ասող մեր ազգակիցները կրկնում են հազարամյակներ շարունակ Լույսը գովերգող մեր Նախնիների բառերը, որոնք փառաբանում էին Արեգակ-Միհրին, օրհներգով՝
«Այսօր Արևն Արդարութեան հաղթեց,
Երևաց Լոյսը Հայկեան, երանի՜ աչքերին:
Այսօր Նախնիները երկնքից իջան, երանի՜ աչքերին,
Մեզ հետ օրհնում են Անմահ Արքային, երանի՜ աչքերին:
Այսօր Սուրբ Լոյսն Անապական բազմեց
Հայկի և մեր Հայրերի գահին, երանի՜ աչքերին»:
(Փառաբանման տեքստը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ)…
Արփիագեղ՝ Լուսափայլ ու Հրաշագեղ Ճառագայթներով
(Լուսանկարը՝ Քուրմ Միհր Հայկազունու էջից՝ շնորհակալությամբ)