«ԽՐԱՏՔ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ»
«Որդյա՛կ, անօրենն իր չար գործերից կընկնի, և արդարն իր բարի գործերի շնորհիվ կկանգնի»:
Գրաբարով՝
«Որդեա՛կ, անկանի անաւրէնն ի չար գործոց իւրոց, և կանկնի արդարն՝ ի բարի գործոց իւրոց»:
Խիկար Իմաստունի՝ հազարամյակների խորքից հնչող այս խրատն ենք հիշում մեր օրերում՝ հավատով, որ, ի վերջո, Հայոց բազմադարյա պայքարն այս շրջանն էլ կհաղթահարի ու Նոր Հաղթանակներ կտոնի…
Չարիքի դեմ չպայքարողը նպաստում է ոճրագործությանը:
Դեռևս 2.000 տարի առաջ այս միտքն էր հիշեցնում հռոմեացի հռետոր ու քաղաքական գործիչ Ցիցերոնը և նշում նաև, որ, ինչպես Հողը՝ որքան էլ արգավանդ լինի՝ առանց մշակման բերք չի տա, այնպես էլ Մարդը՝ առանց հոգևոր զարգացման, օգտակար չի լինի:
Հոգու և մտքի Լուսավորության կարևորությունը դեռևս վաղնջական ժամանակներից է շեշտվել:
«Որդեա՛կ, լավ է կոյր աչաւք՝ քան զկոյր մտաւք. քանզի կոյր աչաւք արագ ուսանի զերթ և եկ ճանապարհին, իսկ մտաւքն թողու զուղղորդ ճանապարհ և երթայ ըստ կամս իւր»:
Խիկար Իմաստունի բազմաթիվ խրատներից այս մեկն էլ՝ աշխարհաբարով՝
«Որդյա՛կ, լավ է կույր լինել աչքով, քան՝ կույր՝ մտքով, քանզի աչքով կույրն արագ ուսանում է երթևեկը, իսկ մտքով կույրը թողնում է ուղիղ ճանապարհն ու ըստ իր կամքի է գնում»:
Մեր ժամանակների օրացույցով մի Նոր տարվա սկզբի ազդարարմամբ մեր Ազգի Հոգևոր Վերազարթո՛նքն ու Վերե՛լքը թող մեկնարկվեն…
Նշենք միայն, որ Հայկական տոնացույցով Հայոց հնագույն Սրբազան տոներից՝ Արևագալը՝ Միհրի Ծնունդը, նշվում է Ձմեռային Արևադարձին՝ Մեհեկան ամսվա Միհր օրը՝ Դեկտեմբերի 23-ին («Արևի Ծնունդն» է՝ երբ հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է՝ ամենաերկար գիշերին հաջորդում են երկարող ցերեկները, Արևն ավելի երկար ժամանակ է լուսավորում ու ջերմացնում Աշխարհը), իսկ Նոր Տարին Գարնանային Օրահավասարին է՝ Արեգ ամսվա Արեգ օրը՝ Մարտի 21-ին՝ Բնության Վերազարթոնքի ազդարարմամբ (Քուրմ Յարութ Առաքելեանի հիշեցմամբ):
Հզորների Ուժն իրենց Ոգու Անպարտելիությունն է:
Մեր Բարձրաբերձ լեռների պես վսեմ ոգով Հայկազունները չեն ընկճվում արտաքին ու ներքին նենգ ոսոխի դավադրություններից:
Մեր Նախնիների Անպարտելի Ոգով տոգորված՝ Հաղթակա՛ն ու Լուսառա՛տ Ապագա կերտենք մեր սերունդների համար…
Կրկնելով մեր Մեծերի՝ ամեն տարեմուտին հնչեցվող ուսանելի խրատը՝ գործով բարի հիշատակ թողնելով անմահանալու կարևորությունը, հավելենք՝
«Լավ է բարի անուն ունենալ, քան ցանկալի տեսք, քանզի գեղեցկությունն ապականվում է, իսկ բարի անունը մնում է հավիտյան»…
«Որդեա՛կ, լավ է անուն բարի՝ քան զտեսակ ցանկալի. զի գեղեցկութիւն ապականի, և անուն բարի մնայ յաւիտեան» (Խիկար Իմաստունից, որի իմաստուն խոսքը մեկնաբանել ու հրատարակել է մի այլ Իմաստուն՝ Բարեհամբավ Արտաշես Մարտիրոսյանը)…
Հավերժ Փա՛ռք մեր Հայրենիքի՝ բոլոր ժամանակների Քաջարի պաշտպաններին…🔥🇦🇲🇦🇲🇦🇲