«ԱՆՆԿՈՒՆ ՄՆԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆ ՎՇՏԱՀԱՐ»…

Կյանքի զանազան իրավիճակներում մարմնական ու հոգեկան տոկունության ամրապնդման նպատակով հնուց ի վեր տարբեր միջոցներ են կիրառվել՝ հոգով ու մարմնով առողջ սերունդների դաստիարակման նպատակով:
Դիմակայելու՝ «դիմակաց լինելու», ընդդիմանալու՝ դժվարության հանդիպելիս չվհատվելու, խոչընդոտները հաղթահարելու են կոչել մեր բանաստեղծներն ու գրողները…

«Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը»,- խրատում էր Հրանտ Մաթևոսյանը՝ ասես շարունակելով Պ. Սևակի՝ տոկունության հորդորը՝ «Ցա՜վն է հաճախ առաջ մղում»… Կամ՝

«Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր»…

Բազմաթիվ դժվարին էջերով լի պատմություն ունեցող մեր ազգի համար, հատկապես՝ օտար նվաճողների՝ Լենկթեմուրի, թաթար-մոնղոլների ավերմունքի պայմաններում, դիմակայելուց, դիմադրելուց բացի առաջադիմել ու կատարելագործվել էր պետք՝ ազգի դիմադրողական ուժը պահպանելու, ընդհանուր հուսահատությունից խուսափելու համար:

Միայն 15-րդ դարում գրված որոշ ձեռագրերի համառոտ, բայց սրտառուչ հիշատակարաններում «անգութ ու անագորույն, անողորմ» «բազում անասելի ավերածություններ» են հիշատակվում «ի վերայ Աշխարհիս Հայոց»…

«Ո՛վ դառն ժամանակիս․ զի զօրք բազում պաշարեալ են զքաղաքն Եզնկայ»…

Երզնկայի ավերումից հետո հիշատակվում են այլ քաղաքները՝ Անի Կամախը՝ Հայոց հնագույն գլխավոր մեհենատեղին՝ «զԿամխայ աստուածաշէն երկիրն», որտեղից գերվեցին ԺՌ․ (10,000) այր և կին, «զՆերքին Դերջանն և զՎերին Դերջանն, զԲաբերդ, զԿեղի, զԿոճակն, և զԳայլ գետն, զՇիռեան, զՍատաղ», հետագայում շարունակվող տխուր տարեգրությամբ՝ Վան (1459-ին)…

Առակների, այլաբանության լեզվով դարեդար հյուսված պատմություններից մեկում փայտի, գազարի, ձվի ու սուրճի օրինակով դժվարություններին ընդդիմանալու ձևերն են՝ տարբեր հետևանքներով…

Առանձին կաթսաներում եռացող ջրի մեջ որոշ ժամանակ եփվելուց հետո փայտն անփոփոխ է, արտաքուստ կարծր գազարը՝ փխրուն, փուխր ու հեղուկ ձուն՝ պնդացած-կարծրացած, սուրճը՝ լուծվելով՝ ջուրը վերափոխած…

Նույն՝ եռացող ջրին (կյանքում հանդիպող դժվարություններին) դիմակայելուն յուրաքանչյուրն իր ձևով արձագանքեց՝ փայտը մնաց անհողդողդ, անսասան, աննկուն, ամուր գազարը՝ հեշտությամբ խոցելի, ընկճելի, բարակ ու նուրբ կեղևով հեղուկ ձուն՝ ամրացած ու դժվարությամբ կոտրվող, սուրճը՝ տարրալուծվելով՝ անբարենպաստ շրջապատը բարեփոխած (խորաթափանց հնարամտությամբ)…

Կյանքում երբեմն պարտադրված անբարենպաստ պայմանների թելադրանքով մարդիկ փոխվում են…
Սակայն շատերն են, բարեբախտաբար, հետագայում կրկնում՝ «Հաղթահարեցինք»՝ «Հաղթությամբ տապալեցինք»…

Հայ անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի (1864-1929թթ.) խոսքերով՝

«…ԱՆՆԿՈՒՆ ՄՆԱՑ ՄԵՐ ՀՈԳԻՆ ՎՇՏԱՀԱՐ»…🔥

Վերհիշելով Իսահակյանի խրոխտ տողերը՝

Կենսական ծովի հույզերի միջին

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.

Կայծակն է զարկում իմ վես ճակատին,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,

Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,

Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

29.V.1894թ.

Facebook Comments