«ՎԻՊԱՍԱՆՔ»
ԿԱՄ՝
«ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԳԵՐԸ…
ՆՐԱՆՑ ՄԵՋ՝ ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»…

Երաժիշտներ Կիլիկիայում՝ Ադանայի հյուսիս-արևմուտքում գտնվող, խեթական շրջանի՝ ն.թ.ա. 9-8-րդ դարերին վերագրվող՝ Կարաթեփե հնավայրից (հետագայում հայտնի՝ Առյուծ Բերդ անունով)

Մ. Խորենացու հայտնի մատյանի՝ «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել ու մեզ են հասել Հայոց հնագույն դիցավեպից որոշ պատառիկներ…

Հայկի ու նրա սերունդների՝ Հայկազունների մասին պատմող ազգածնական պատումների կցկտուր բեկորներից փոխանցվել են նաև Մար Աբաս Կատինայի երկից:
Արամին վերաբերող ավանդույթները հիշատակելիս պատմիչը նշում է.
«Որպէս Մար Աբաս Կատինայ պատմէ’ ի փոքունց ոմանց եւ յաննշանից արանց, ի գուսանականէն այս գտանի ժողովեալ ի դիւանի արքունեաց»:
Այսինքն՝ Մծբինի Արքունական դիվանի մատյաններում Արամի քաջագործությունների մասին պատմող գրավոր հիշատակումներն էին՝ քաղված գուսանական երգերից, որից հետագայում օգտվել է Մար Աբաս Կատինան:
Մ. Աբեղյանի կարծիքով, Հայկից մինչև Արամ բոլոր Նահապետների սխրանքներն էին գուսանական երգերում…

«Վիպասանքի» զանազան դրվագները պատմվում ու երգվում էին ժողովրդի կողմից՝ տոների և ծիսակատարությունների ժամանակ՝ բարձրաբարբառ փանդռահարների, մակասացօղների (ասվածը կրկնողներն էին), բախողարարների (քնարահարների), բամբռասացների ուղեկցությամբ…

Վիպասանական բնույթ ունեցող քերթվածները «հագներգություն» են կոչվում:
Հագներգություն հորինողը կամ հագներգություն երգողը՝ ժողովրդական երգիչը՝ գուսանը՝ «հագներգու» կամ՝ «հագներգող»:

Նախնիների հերոսացմամբ ու նրանց պաշտամունքով պայմանավորված՝ Նահապետների, Քաջազուն արքաների հիշատակումն, անկասկած, կարևորվում էր հնագույն շրջանից ի վեր. այստեղից էլ՝ ըստ իս, «Թվելեաց երգերը»՝ նրանց թվարկումը (որը նաև ծեսերի ժամանակ էր արվում՝ ինչպես այսօրվա եկեղեցական արարողությունների ընթացքում սրբերի թվարկումը):

«Յայտնեն զայս ճշմարտապէս եւ Թուելեացն երգք, զոր պահեցին ախորժելով, որպէս լսեմ, մարդիկ
կողմանն Գինեւէտ գաւառին Գողթան» (Խորենացի):

Հիշատակելով «հների»՝ Նախնիների կողմից փանդիռների նվագակցությամբ պատմվող-երգվող ավանդազրույցները, որոնք «ախորժելով պահել էին Գինեվետ Գողթան գավառի կողմի մարդիկ», Խորենացին գրում է, օրինակ, որ Տիգրանի որդու’ Վահագնի մասին ինքն է լսել իր ականջով փանդիռներով գովերգվող հերոսապատումները՝ «Զայս երգելով ոմանց փանդռամբ, լուաք մերովք իսկ ականջօք: Յետ որոյ եւ ընդ վիշապաց ասէին յերգին կռուել նմա եւ յաղթել, եւ կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութիւնսն նմա երգէին»:

«Այսինքն’ Խորենացին փանդիռների նվագակցությամբ լսել է ոչ միայն «Վահագնի հիմնը», այլեւ վիշապների դեմ նրա պայքարի մասին պատմող առասպելական երգերը եւ Հերակլեսի սխրագործությունները հիշեցնող այլ երգվող հատվածներ, որոնք, ցավոք սրտի, չի հաղորդել իր Պատմության մեջ, քանի որ, ըստ երեւույթին, դրանք համարել է զուտ առասպելաբանություն եւ ուստի’ պատմագրության համար անպիտան»,- գրել է Տորք Դալալյանն իր՝ « «Վիպասանք» ժողովրդական դիցավեպի ավանդման եղանակները» ուսումնասիրության մեջ, ուր կարդում ենք.

«Վիպասանք» դիցավեպի առաջին կերպարների’ Տիգրանի եւ նրա հակառակորդի’ Աժդահակի մասին առասպելական պատմությունը Խորենացին վերցրել է մի գրավոր աղբյուրից, որը կոչվում էր «Հիւսումն պիտոյից» կամ «Չորս հագներգութիւնք»:

Նմանապես, Երվանդի եւ Երվազի ու Արտաշեսի հետ նրանց հակամարտության մասին պատմող ավանդազրույցները Խորենացին քաղել է մեկ այլ գրավոր աղբյուրից’ Հանիի Ողյումպ (=Olympe) քրմի մեհենական պատմություններից, սակայն Պատմահայրը հավելում է, որ այդ զրույցների մասին վկայում են նաեւ հայոց վիպասանների, այն է’ գուսանների երգերը. «Եւ զայս մեզ ստուգապէս պատմէ Ողիւմպ քուրմ Հանւոյ, գրող մեհենական պատմութեանց, եւ զայլ բազում գործս’ զոր ասել կայ մեզ առաջի, որում եւ Պարսից մատեանքն վկայ են եւ Հայոց երգք վիպասանաց»:

Քրիստոնեության տարածմամբ արմատական փոփոխություններ պարտադրվեցին մարդկանց մտածողության, հնագույն տոների ու ծեսերի մեջ, հետևաբար նաև՝ վիպերգության բնագավառում:

Հրաշալի ու գերբնական ուժով օժտված ազգային հերոսներին փոխարինելու եկան օտարազգի «սրբերի, քրիստոնեության հավատքի մարտիրոսների» վարքաբանությունը՝ խնամքով հորինված կյանքն ու նահատակությունը պատմող ծիսամատյաններով, և օտար լեզվով՝ ասորերենով ու հունարենով ուսուցանվող սաղմոսներն ու աղոթքները, որոնց, սակայն, անհաղորդ էին մնում Հայերը…

Ազգային հնագույն մշակույթի դեմ պայքարի ելած նոր կրոնն արգելեց հինը, թեև հենց հնի՛ ձևափոխմամբ այն կառուցվեց…

Քրիստոնեական ծեսի և արարողության իմաստը մատչելի դարձնելու նպատակով «հայկականացման» արդյունքում խեղաթյուրվեցին (ու նաև՝ արգելվեցին) նախկին տոներն ու ծեսերը՝ նրանց հետ միասին՝ որոշ նվագարանները ևս, պատճառաբանելով նրանց «անպիտանիությունը»…

5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդը, անդրադառնալով քրիստոնեության քարոզին օտար մնացած, նոր կրոնին անհաղորդ Հայերին, գրում է.

«Որովհետև վաղուց ի վեր, երբ նրանք քրիստոնյա անունն ստացան՝ այդ (կրոնը) հանձն առան հարկադրաբար՝ իբրև մի մարդկային մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի։

(Կրոնն ընդունեցին) ոչ գիտակցաբար, հույսով ու հավատով, ինչպես որ հարկն էր։
Միայն քչերը, որոնք փոքր ի շատե ծանոթ էին հունական կամ ասորի գրագիտության, մասամբ հասկանում էին այդ (կրոնը)։
Իսկ որոնք գրագիտության արվեստից զուրկ էին, այսինքն ժողովրդի, նախարարների ու շինականների խառնիճաղանճ բազմությունը, ԵԹԵ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՆՍՏԵԼՈՎ ԳԻՇԵՐ- ՑԵՐԵԿ, ԱՄՊԵՐԻ ՆՄԱՆ ՈՒՍՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՀՈՐԴ ԱՆՁՐԵՎ, ՆՐԱՆՑ ՎՐԱ ՀՈՍԵՑՆԵԻՆ, ՆՐԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ, ՈՉ ԿԵՍ ԽՈՍՔ, ՈՉ ՄԻ ԲԱՆ, ՈՉ ՄԻ ՆՇՈՒՅԼ ԻՐԵՆՑ ԼՍԱԾՆԵՐԻՑ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՄՏՔՈՒՄ ՊԱՀԵԼ ԿԱՄ ՀԱՍԿԱՆԱԼ:

Որովհետև նրանց մտքերն զբաղված էին անպիտան, անօգուտ բաներով, ինչպես փոքր երեխաները, որոնք մանկական հասակում տարվում են իրենց տղայական խաղալիքներով, պիտանի ու կարևոր բաների վերաբերյալ հոգ չեն տանում, նրանք էլ սրանց նման տհաս մտքերով խարխափում էին պարսավելի գործերի, հին հեթանոսական սովորությունների մեջ՝ խուժադուժ բարբարոսական միտք ունենալով։
ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԳԵՐԸ, ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ, ՎԻՊԱՍԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՓՈՒԹԵՌԱՆԴ ԷԻՆ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ, ՆՐԱՆՑ ՄԵՋ՝ ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»… (Փ. Բուզանդ, «Հայոց պատմություն», Գլ. ԺԳ):

Հ.գ. Հնագույն նվագարաններից մեկի՝ քնարի տեսակներից՝ Բարբուտի մի քանի հնչյուններ՝ ստորև տեսանյութում…

Facebook Comments