ԱՍՏՂԵՐԻ ՇՇՈՒԿԻՆ ՈՒՆԿՆԴԻՐ…

Վաղնջական ժամանակներից եկող ծեսերն ու տոներն իրենց խորին խորհուրդն ունեն՝ մարդկանց կյանքի համար կարևորագույն իրադարձությունների հետ կապված:

Երկնքում փայլող՝ Արարչագործչությունը պատմող աստղերն իրենց դիրքով ու շարժմամբ «Երկնային կամքն էին արտահայտում», և նրանց զննումն էական էր հատկապես Երկրի վրա կենսականորեն կարևոր հարցերի լուծման համար՝ գյուղատնտեսական աշխատանքներն սկսելու հետ կապված՝ վար ու ցանքի, բերքահավաքի օրերը որոշելու նպատակով…

Երկրագործությամբ ապրող մարդկանց համար վճռորոշ ու առանձնահատուկ նշանակություն ունեին Արևի, Լուսնի, լուսատուների կատարած շրջանները:

Ուստի՝ նրանց շրջափուլերին հետևելը, ձեռք բերված գիտելիքները հարկավոր էր փոխանցել նաև սերունդներին:

Հետևաբար, հաստատվել էին տոնական օրերը՝ տոնախմբություններով հիշատակելով…

«Ցրտությունը, ջերմությունը, օդի «այլայլությունը»՝ անձրև կամ փչող հողմ գուշակելու նպատակով կատարված դիտարկումները դյուրին դարձնելու միտումով էլ հեռավոր ժամանակներից ի վեր Երկինքը բաժանել են Աստեղատների՝ Համաստեղությունների՝ զանազան պատումներ հյուսելով:

Դիցաբանությունից առավել՝ գործնական նշանակություն ունեցող այդ աստղատների անվանումներն անփոփոխ մեզ են հասել՝ հազարամյակների ընթացքում ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշելով մարդկանց…

Ն.թ.ա. 9-8-րդ դարերում ապրած հույն էպոսագիր Հոմերոսի «Ոդիսական»-ում նկարագրվում է ծովագնացների կողմից համաստեղությունների միջոցով կողմնորոշվելու եղանակը (նավարկության ուղեցույց էր և Հյուսիսային բևեռը)…

«Ոդիսականի մէջ կը կարդանք, որ Ոդիսեւս Հերոսը ընկերներով ծովու վրայ նաւարկած ժամանակ՝ ամբողջ գիշերը ղեկին քով նստած, Բազմաստեղք կը զննէր, որ կը նշանակէ թէ անոնք գիշերները ուղեցոյցի դեր կը կատարէին:

Այս սովորութիւնը մինչեւ այսօր ալ կայ Հայաստանի մէջ:
Խոտորջրոյ հասարակ ժողովրդեան գիշերուան ժամացոյցը Կշիռքն ու Բազմաստեղք են, որուն արեւմուտքի հեռաւորութենէն սովորաբար ժամերն կ’որոշեն» ( Դոկտ. Հ.Ա. Մատիկեան, «Կրօնի ծագումը եւ Դիցաբանութիւն», Վիեննա, Մխիթարյան տպարան, 1920թ., էջ 308-309):

«Բազումք աստեղատունը բավական բարձրացել է և ցույց է տալիս, որ մոտ է կես գիշերը»։ (Ղազարոս Աղայան):
Ժամացույցի բացակայության պայմաններում գիշերվա ժամերը երկնքում՝ Կշեռքի ու Բազումքի դիրքերի միջոցով որոշում էին նաև Սևանի ավազանում (մոտ չորս տասնամյակ առաջ հաճելի անակնկալ էր ինձ համար այս բացահայտումը՝ երբ երկնքին նայելով ժամն էր գուշակվում)…

«Բազումքը»՝ «Բազմաստեղքը»՝ «Բույլքը» Ցուլի համաստեղության մեջ գտնվող, անզեն աչքով տեսանելի աստեղակույտն է՝ «Պլեադները» (ըստ ավանդության՝ Ատլանտի 7 աղջիկներն են, որոնք Օրիոնի հետապնդումից փախնելով՝ փոխադրվել են երկինք ու աստղեր դարձել):

Հայոց մեջ Ցուլ կենդանակերպի հիշյալ «Բույլք աստեղացը» կիրառվում է նաև «Բազմույթ», «Ալավունք», «Ալաւսունք» անուններով…

«Բազմաստեղք որ Բոյլք կոչին, այսինքն են Համագունդ եօթն աստեղք երևայլք ի գլուխ կամ ի թիկունս Ցուլ աստեղատանն, որոյ վեցք առաւել պայծառափայլք:

Մինչև ի դեկտեմբերի Ի օր՝ որ Բազմաստեղն ընկնի:

Վասն հնձոցն՝ որ ի յելն Բազմաստեղացն առնեն»…

Մեջբերումները՝ Ոսկեդարյան Հայերենի՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի բառարանից»:
Մի ակնհայտ ապացույց, որ «Համբարձման» տոնին մեր Նախնիք Աստղի՛ վեր ելնելն էին փառաբանում, նաև՝ Բազմաստեղքի դիրքով ու պայծառության աստիճանով մթնոլորտային ու տարվա եղանակների փոփոխություններն էին կանխորոշում՝ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար…

«Բազումքը» ոմանք նշում են որպես Ցուլի պարանոցի վրայի 7 տեսանելի աստղերը:

Որոշ ժողովուրդների մոտ, հատկապես գյուղական միջավայրում, «Բույլքը»՝ «Բազմաստեղքը» նաև Ճտերով շրջապատված Հավի հետ է համադրվում:
Օրերս Արևմտյան Հայաստանի տարածքում կատարված մի լուսանկար ստացա, ուր նշմարվում է հինավուրց մի քարաբեկորի վրա քանդակված Հավն՝ իր ճտերով…😊

Ի դեպ, աստղերի կույտի՝ բույլի համար ևս «դեզ» բառն է գործածվել Հայ տոմարագիտական, աստղաբաշխական գրականության մեջ…

«Տիեզերքի Աչքը»՝ «Ակն Տիեզերաց» Արեգակը, ամփոփում էր Արարչագործության խորհուրդն ու փառաբանվում մեր Նախնյաց կողմից (մինչ օրս եկեղեցիներում խորանի (կամ ավագ խորանի) դիրքը դեպի արևելք է ուղղվում):

Արեգակնածագ կոչվող բլուր կար Տարոնում՝ Հայկական Տավրոսի հյուսիսային ստորոտին, ուր հետագայում Մուշի Առաքելոց կամ Ղազարու վանքն էր), Արեգ անունով գյուղեր կային Հայկական Լեռնաշխարհի զանազան վայրերում՝ Վանի նահանգում, Խոտորջրի գավառում…
Սյունիքում՝ մի ողջ գավառ էր կոչվում Արևիք, նրա 12 գավառներից մեկը՝ ծայր հարավում (տարածքը համընկնում էր Մեղրի գետի ավազանին):
Նաև՝ Սևանա լճի հյուսիս-արևելյան երկարությամբ ձգվող՝ արևահայաց Արեգունի լեռնաշղթան…

«Տրընդեզն եկավ՝
Մենծ գոլն ընկավ»…

Որպես գարնան բարեբեր շունչն ավետող այս տողերով էր փառաբանվում օդի բարեփոխման սկիզբը՝ Բնության հերթական Վերածնունդն ազդարարող՝ արևմուտքից փչող մեղմ Զեփյուռի գալն ու Արևի ջերմության ուժեղացումը…

Ուստի և՝ վերստին հնչում էին հունձքի առատության, արտերի բերրիության, կենդանիների և, իհարկե, նորապսակների բեղունության մաղթանքները՝ հատուկ ծիսական արարողություններով՝ կրակով մաքրագործում ամեն ինչ ու ամենքին…

Եվ մոտակա Ծաղկունքին, Բնության Զարթոնքին սպասելով, իհարկե, «բարկ»՝ թեժ կրակով վանում չարը…

«Ցա­ւի գունդն ի չար փու­շը,
Չար փուշն ի բարկ կրակն,
Բարկ կրակն ի քարն,
Քարն ի Յանհատակ ծովն»…

Ամեն տարի Հրոտից ամսվա Հրանդ օրը (այս տարի՝ փետրվարի 14-ին) նշվող Տրնդեզի Սրբազան տոնին ընդառաջ՝ լիության, առատ պտղաբերության ու բեղունության մաղթանքով…🔥

Տրընդեզի խորհուրդի շուրջ՝ հիշյալ գրառման մեջ՝

Հ.գ. Մի քանի ակնթարթ՝ Աստղերին ավելի մոտ՝ Ցուլի համաստեղության և Բազմաստեղքի շողերով…