«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ»…

«Պատմությունը լավագույն միջոց է ժողովրդի ինքնագիտակցությունը արթնացնելու համար, այն դաստիարակում է սերունդներին հայրերի սխրանքով, ներշնչում անհրաժեշտ ոգի:

Հենց այդ դիտումով էլ շարադրվեցին մեր պատմիչների երկերը»,- գրում է Հայ հին մատենագրության քաջ գիտակ, բանասիրական գիտությունների դոկտոր՝ Արտաշես Մարտիրոսյանն իր՝ «Գրերի գյուտի հարցի շարժառիթների շուրջ» ուսումնասիրության մեջ ու շարունակում.

«Խորենացին հրճվանքով է ընդունում Սահակ Բագրատունու պատվերը:
Նա խոսք չի գտնում մեծարելու մի մարդու, որը քաղաքական բարձր գիտակցություն է ունեցել առաջարկելու հայոց պատմությունը շարադրել, որ անմահ հիշատակ է թողնելու նրան և նրանից հետո եկող սերունդներին:
Իսկ «Պատմության» մեջ երևում է Խորենացու ամբողջ միտումն ու ուղղվածությունը՝
Նա շարադրում է իր պատմությունը, որպեսզի մարդիկ «ստեպ-ստեպ և անյագ առնիցեն զընթերցումն պատմութեանց մերոց հայրենեաց», որտեղ արձանագրված են «բազում գործք արութեան»:
Եվ ահա, արության բազում գործոց այս հանճարեղ մատյանը սկսվում է Հայկի ժողովրդական, ազգային ավանդությամբ: Այդ երկի մեջ փառաբանվում են հայ պետական և ազգային մեծ գործիչները:
Այդտեղ հանդես են գալիս դիցական կերպար ստացած պատմական դեմքեր, կամ պատմականացած դիցական կերպարներ:
Նա իր ժողովրդի պատմությունը քաղել, հանել է ազգային ավանդույթներից, նա տուրք է տվել, հաճախ՝ ակամա, աշխարհիկ իշխանի աշխարհամիտ ցանկություններին»…

Իրենց ապրած ժամանակաշրջանի թելադրանքով գրված հնագույն պատմությունների քննությունը շարունակելով, իր՝ «Մաշտոց» կոթողային աշխատության մեջ Ա. Մարտիրոսյանը համակողմանիորեն քննարկում է Հայոց գրերի կիրառման անհրաժեշտությունն ու Մաշտոցի առաքելությունը…

«Թերթենք» հիշյալ ուսումնասիրության որոշ էջեր՝ հատվածաբար…

«Քրիստոնեության հաստատման մեջ դեր խաղաց հելլենիզմը, բայց հելլենիզմը Հայաստանում ոչ թե ծնեց քրիստոնեություն, այլ՝ ճանապարհ բացեց նրան:
Այդ հանգամանքը կարևոր է:
Ինչ էլ որ լինի, քրիստոնեությունը եկամուտ էր (դրսից բերված, ներմուծված էր, Կ.Ա.) և դեռ խորթ:
Փոքր Ասիայից և Միջագետքից քարոզիչներ էին շրջում Հայաստանում:

Նրանցից մեկն էլ Գրիգորն էր (Գրիգոր Լուսավորիչը, Կ.Ա.), որ կարողացավ մոտենալ գահին:

…Նա իր հետ (այլազգի, Կ.Ա.) կրոնավորներ բերեց՝ եղբայրներ:

Նա բերում է նաև Հովհաննես Մկրտչի և սուրբ Աթանագինեսի նշխարները և թաղում Իննակնյան կոչվող վայրում, որ հեթանոսական պաշտամունքի կենտրոն էր, և նրանց վրա կառուցում առաջին եկեղեցին՝ «նախ անտի սկիզբն արար շինելոյ զեկեղեցիս»:

Այդպես, հայ եկեղեցին բարձրացավ ազգային սյուների վրա (դրանք Տրդատը իր ուսերով բերեց Մասիսից), որոնց տակ օտար աճյուններ կային, և օտար ձեռքով նրա դուռը բացվեց վաղորդյան աղոթքի համար:

Նորաստեղծ եկեղեցու կազմը միատարր չէր. «Ուստեք ուստեք եկեալ են ժողովեալ»,- գրում է պատմիչը («Պատմութիւն Տարօնոյ զօր թարգմանեաց Զենոբ Ասորի», Վենետիկ, 1832, էջ 13) (այսինքն՝ տարբեր տեղերից, տարբեր ազգություններից էին քարոզի տարածողները, Կ.Ա.):

Նրանց բոլորին միացնում էր դավանանքը:
Առաջին քրիստոնյաների համար դա էր որոշող և ոչ՝ սոցիալական կամ ազգային պատկանելությունը:
Քրիստոնեության համար ոչինչ չարժեին արիք և անարիք, հույն և բարբարոս, հրեա և բաբելացի, կային միայն հավատացյալ և հեթանոս, ուղղափառ և հերձվածող:
Հայաստանում քրիստոնեությունը բարձրանում էր հեթանոսությա՛ն դեմ պայքարով և ոչ՝ հերձվածների:
Դա քրիստոնեության երթ էր ընդհանրապես և կապ չուներ ազգային պետական խնդիրների հետ:
Դա նրան չէր հետաքրքրում:

Գրիգորը արքունիք մտավ իբրև Արևմուտքի, ավելի ճիշտ՝ Փոքր Ասիայի քրիստոնեական պատվիրակ…

Ագաթանգեղոսի՝ մեզ հասած հայերեն խմբագրության մեջ Գրիգոր Լուսավորիչը պարթև Անակի որդին է:
Անակը դավադրաբար սպանեց Տրդատի հորը՝ Խոսրովին, որի պատճառով նրա գերդաստանը կոտորվեց, իսկ որդուն փախցրին Կեսարիա:
Հետագայում Գրիգորը վերադարձավ Հայաստան՝ իր հոր մեղքը քավելու:
Այդպես է ընդունում հայ պատմական ավանդույթը»…

Անդրադառնալով տարբեր սկզբնաղբյուրներում Գրիգորի ազգության մասին տեղեկություններին, հեղինակը շարունակում է՝ մեջբերելով Տրդատին Գրիգորի մասին տեղեկացնելու դրվագի նկարագրությունը.

«Ագաթանգեղոսի արաբական խմբագրության մեջ կարդում ենք.

«Թագավորը (Տրդատը, Կ.Ա.) ասաց նրան (Գրիգորին, Կ.Ա).
«Դու մի օտարական ես և այս երկրում ժառանգություն չունես, եկար մեզ մոտ և հարգեցինք ու հյուրասիրեցինք քեզ ոչ թե քիչ, այլ՝ շատ:
Ինչպե՞ս համարձակվեցիր պաշտել մի աստծո, որին ես չեմ պաշտում»:

Գևորգ Ասորու մոտ՝
«Թագավորը կանչեց նրանց և ասաց.

«Որպես օտարական և անաշխարհիկ եկար մեզ մոտ և մեզնից շատ պատիվների ու փառքի արժանացար, այժմ ինչպե՞ս ես համարձակվում պաշտել մի աստծո, որին ես չեմ պաշտում» (էջ 102):

Գրիգորը քրիստոնյա գործիչ էր և ոչ՝ ազգային, ինչպիսի ծագում էլ որ նա ունենար» (էջ103)…

Հայոց համար բախտորոշ ժամանակաշրջանում, երբ 387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) միջև, Ղ. Փարպեցու հաղորդմամբ, Հայաստանում քրիստոնեական պաշտամունքի և Սբ.Գրքի մեկնաբանություններն ասորերեն լեզվով էին կատարվում:

«Եկեղեցու լեզուն դարձավ կենդանի ասորերենն ու հունարենը, իսկ պետության և արքունի լեզուն մնում էր հունարենը:

Այն ժառանգվել էր հելլենիզմի ավանդույթով»,- կարդում ենք Ա. Մարտիրոսյանի «Մաշտոց» գրքում (էջ 120):

«…Բայց օտար լեզվով նույնքան օտար վարդապետությունը չէր կարող համակել:
Պետք էր ազգային լեզվով ազգային քրիստոնեական գրականություն, որ կարող էր հարազատորեն խոսել ժողովրդի հետ, և հասկանալի դառնար աստծո պատգամը:

Այդպիսով, ոչ թե ազգային լեզվով քրիստոնեական գրականություն ունենալու պահանջը ծնեց այբուբենի գյուտ, այլ ազգային ինքնագիտակցության արթնացման և դիմադրություն կազմակերպելու քաղաքական միտումները ծնեցին ազգային գիր և ազգային-քրիստոնեական գրականություն»,- եզրակացնում է Արտաշես Մարտիրոսյանը (նույն տեղում, էջ 127):

Հայերեն նշանագրերի ստեղծումից անմիջապես հետո, առաջին երկը, որը գրվեց անձամբ Մաշտոցի ու նրա երկու աշակերտների կողմից, Սողոմոնին վերագրվող առակների թարգմանությունն էր (Հին Կտակարանից):
Այս մասին հաղորդում է Կորյունը:
Եվ առաջին նախադասությունը, որն ավանդվեց սերունդներին, հնչում է ցայսօր՝

«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»…

Իսկ թե ինչու՞ է Մաշտոցն սկսել հատկապես ա՛յս նախադասությամբ, հետագայում հետաքրքրել է բազմաթիվ ուսումնասիրողների՝ հարուցելով նրանց զարմանքը (քանզի առավել տրամաբանական էր թարգմանվող երկն սկսել սկզբից)…

Հնագույն շրջանից ի վեր մանկուց դաստիարակության գործում մեծ տեղ ունեին խրատներն ու առակները:
Եվ պատանիներին ու երիտասարդներին հասցեագրված այս ուղերձն առավել խորիմաստ է մեզ համար, քան թվում է առաջին հայացքից…

Իմաստնություն ուսանելու, ծնողների ու զավակների փոխհարաբերության, օտարամոլությունից հեռու մնալու, հայրենասիրությունը փառաբանելու, ջանասիրությունն ու արդարությունը սերմանելու նպատակով էին մեր Նախնիք խրատում, ուսանում ու դաստիարակում մատաղ սերնդին…

Սերնդեսերունդ ամբարված ու փոխանցված իմաստությունը՝ առածների ձևով իմաստալից խոսքը՝ խրատաբանությունը՝ խրատներով՝ խորհուրդներով ու հորդորներով կրթության հիանալի միջոց էին…

Եվ Հայկազունների Սրբազան Ուսմունքը՝ ամբարված «Յաւիտեան Խրատ» կոչվող մատյանում, հավերժ սերունդներին է պատգամում նաև Մաշտոցը՝ ակնարկելով «Խրատն ու Իմաստությունը» ճանաչելու անհրաժեշտությունը…

Ուստի՝ առանձնահատուկ կարևորվող այս խրատը, որն այնքա՜ն խորագիտությամբ ընտրել էր հանճարեղ Հայորդին, մեր Նախնիների՛ Հանճարի իմացությանն էր կոչում՝ գալիքին ավանդելով մեր ազգային Իմաստնությունը՝ «ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՐԱՏԸ, ԻՄԱՆԱԼ ՀԱՆՃԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ»…🔥

Հ.գ. Որոշ Խրատներ՝ վերցված «Յաւիտեան Խրատ. Հայկեան Սրբազան Իմաստութիւն» էջից (խորին շնորհակալություն՝ Քուրմ Յարութ Առաքելեանին)…🔥