Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

«Ի՜մ քաղցրանուն,
Իմ բարձրանո՛ւն,
Ի՜մ տառապած,
Իմ փառապա՛նծ»…

Մեր բազմահազարամյա պատմության ընթացքում Աննկուն Հայորդիք պայքարի ու ոգորումի՝ քաջաբար դիմադրության ու մաքառման բազմաթիվ էջեր են կերտել…

Վաղնջական ժամանակներից ի վեր Հայկական Լեռնաշխարհում ձևավորված իր Լուսավոր աշխարհայացքով Հայն իր էությամբ կապված է իր Բնօրրանին՝ մոլորակի ո՛ր անկյունում էլ որ բնակվի…
Աշխարհագրական Հայրենիքից հեռու՝ Հոգևո՛ր Հայրենիքն է իր արժեքներով ապրեցնում Հային:

Ուստի՝ երիցս կարևորվում են ինքնաճանաչումը, սեփական պատմության ու մշակույթի իմացությունն ու յուրաքանչյուրիս հանապազօրյա մասնակցությունը Հայոց պատմության մերօրյա էջերի կերտման գործին:
Հակառակ դեպքում՝ օտարամոլությունն ու թերարժեքության բարդույթն են բույն դնում…

Ինչպես ռազմի դաշտում՝ թշնամո՛ւ դեմ են համախմբվում Հայկազուններն անհողդողդ կամքով ու ոգու խիզախումով, այնպես էլ այսօր՝ «հավաքական սիրտ» դարձած, միասնական պայքար ունենք մղելու՝ հատկապես վերջին երեք տասնամյակներին մեր Երկիրը բզկտած՝ արտաքին ու ներքին թշնամու դեմ:

Ո՞վ է Հայի թշնամին…

Այս հարցին անդրադառնալով՝ դեռևս 1889 թվականին հակիրճ ձևակերպել է Ռաֆայել Պատկանյանը («Վարդապետարան Հայաստանի ազատության»).

«Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից և սուտ արհավիրքներով վհատեցնում է նրան` իր ազգաշեն գործում:
Իսկ Հայի բարեկամը նա է, որ դյուրացնում է այդ գործը կամ իրենց աշխարհը վերադառնալը, կամ հորդորում է իր աշխարհի մեջ հաստատուն մնալու:
Հայը երջանիկ կարող է լինել միայն Հայաստանի՛ մեջ»…

Հիշենք վերջին երեք տասնամյակներում Հայաստանի թալանված տնտեսությունից, կողոպտված ընդերքից ու բնական հարստություններից կորզված միջոցներով ահռելի հարստության կուտակումը ոմանց կողմից ու բնակչության զգալի մասի՝ չապահովված կենսապայմանները, զանազան դրդապատճառների հետևանքով Հայաստանից հեռանալու մղված Հայորդիների թիվը…

Մեր ազգի անցյալի փորձություններին, «պատմության դասերին» անդրադառնալով, ապագայում ճիշտ գործելու նպատակով, բազմաթիվ Հայորդիների նման, իրավիճակը բարելավելու համար ուղիներ է առաջադրել և Ռ. Պատկանյանը, համարելով, որ՝
«Իսկական հայը նա է, որ անկեղծ ցանկանում ու նպաստում է Հայաստանի անկախությանը»:

Վերջին տասնամյակներում Հայաստանի ու Հայության դեմ, մեր բազմահազարամյա պատմության ու մշակույթի դեմ նաև տեղեկատվական ակնհայտ պատերազմ է մղվում՝ զանգվածային հնարավոր տարբեր լրատվամիջոցներով՝ համացանցում, հեռուստատեսությամբ, հատուկ «գրականությամբ» ու բանավոր խոսքով կեղծելով պատմությունը՝ սպառնալով մեր ազգային անվտանգության պահպանմանը:

Պետականորեն հավուր պատշաճի չգործելու (եթե չասենք՝ նպատակաուղղված գործունեության բացակայության) արդյունքում օրըստօրէ ավելի խեղաթյուրված իրականության առաջ ենք կանգնում…

Մեր նախնիների՝ Հայկյան Սրբազան Իմաստության «ՅԱՒԻՏԵԱՆ ԽՐԱՏ» կոչվող Մատյանից մի փոքրիկ հիշեցում՝

«Խոտորի գիտությունը լեզվի՛ վրա է, ուղիղինը (շիտակինը՝ Հայկազուններինը)՝ նրա գործերո՛ւմ»…

(Հիշյալ Մատյանի իմաստնությունը մեզ փոխանցելու համար՝ շնորհակալություն Քուրմ Հարութ Առաքելյանին):

Միանալով մեր ազգի համար օրհասական այս օրերին Հայաստանի Հզոր ու Ճաճանչափայլ ապագայի կերտման պայքարին, կրկնենք Հայ գրող, հրապարակախոս ու քաղաքական գործիչ՝ Սևրի պայմանագիրը ստորագրած Հայորդու՝ Ավետիս Ահարոնյանի Պայծառ լավատեսությամբ լի տողերը.

«Ես հավատո՛ւմ եմ, Հա՛յ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատո՛ւմ եմ, որ ամեն առավոտ Արշալու՛յսը կբացվի»…

Սևակյան հանճարեղ բնորոշմամբ՝

«Արդարութեան ահե՛ղ ատեան,
Սրի՛ պատեան,
Սիրո՛ մատեան՝
Միշտ հին ու նոր՝ ի՛մ Հայաստան»…

Մենք հավատում ենք մեր Հաղթանակի՛ն ու Հայոց Արևաշո՛ղ Ապագային…🇦🇲🇦🇲🇦🇲

Հ.գ. Հայ անվանի արձակագիր և հասարակական գործիչ Ռ. Պատկանյանի (1830-1892)՝ «Վարդապետարան Հայաստանի ազատության» հորդորներն ամբողջությամբ՝ ստորև նշված կայքում՝

https://yerkir.am/news/view/58634.html

Facebook Comments