«ԵՐԿԱԹԱԳԻՐ ԳՐԵՐԸ ՄԵՐ»
ԿԱՄ՝
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ «ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ»՝ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ…

Դարերի խորքից մեզ հասած ձեռագիր մատյաններն իրենց «մեծ ու փոքր պատմություններով», տվյալ ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունների նկարագրություններով, սերունդներին են փոխանցում ազգային հիշողությունը:

Նախնիների պատմություններով՝ «Յիշատակարաններով», նրանց քաջագործությունների հիշատակմամբ կրթում-քաջալերում-ոգեշնչում էին նույնքան անվեհեր ու քաջակորով երիտասարդ Հայորդիներին՝ որպես բարձրագույն արժեք դիտելով պետականությանը ծառայելն ու այն հզորացնելը (հիշենք Խորենացու՝ Արամի փառահեղ գործունեությունը փառաբանող տողերում կիրառվող որակումները՝ «աշխատասէր եւ հայրենասէր»)…

«Եւ ըստ պատերազմական կարգին՝ զքաջ արանց զյիշատակարանս հանապազ երկրորդէր առաջի նոցա» («պատերազմի ժամանակ քաջ այրերի (տղամարդկանց) պատմությունները շարունակ կրկնում էր նրանց (զինվորների, Կ.Ա.) առաջ»), կամ՝ «…ընթերցան զգիր պաղատանաց Հայոց աշխարհին զյիշատակարանս նախնեաց»,- գրել է 5-րդ դարի պատմիչ Եղիշեն:

Եվ այդ «Հիշատակարանները»՝ «Յիշատակաց մատեանները», ինչպես կոչում էին իրենց գրքերը պատմիչները, այնքան էին կարևորվում, որ նույնիսկ իրենց՝ տվյալ ձեռագրի՛ «հիշատակարանն» էր գրվում, շարադրելով այդ մատյանի «ծնունդը»՝ գրչության պատմությունը՝ նպատակը, պատվիրատուն, փառաբանելով վերջինիս, նաև՝ գրողին, փրկողին, պահպանողին (հետագայում ձեռագիրն արտագրողն էլ՝ ընդօրինակողը, իր իսկ հիշատակարանն էր հավելում)…

Բազմաթիվ դարեր թևակոխած, թշնամիների ավերից ու ոչնչացումից փրկված, որոշ փոփոխություններ կրած, նորոգված ու վերանորոգված Հայոց մատյանները տարբեր գրատեսակներով են գրվել՝ Երկաթագիր, Բոլոր գիր, Շղագիր, Նօտր գիր…

Հայոց ներկայիս Այբուբենի տառերի՝ ցարդ հայտնի ամենավաղ կիրառման օրինակներում՝ 5-րդ դարի մագաղաթներում, «Երկաթագիր» տառատեսակներն են:
Հայերեն տառերի այս հին ձևն այժմ կիրառվող տպագրական գլխագրերին են նման:
Անունը երկաթի գրիչով գրելու հետ է կապված՝ «յերակաթագիր մատեանս»՝ «Գրեալ գրչաւ երկաթեաւ»…

Ըստ գրելաձևի՝ տարբերակում են խոշոր, տողի վրա միահավասար, առանց փոքրատառերի «Բոլորձև երկաթագիրը», երբ ուղղահայաց և հորիզոնական մասնիկները միմյանց միանում են կորավուն, կամարաձև գծիկներով («բոլոր»՝ նաև «կլոր» է նշանակում), և՝ «Ուղղանկյուն երկաթագիրը»՝ անկյունավոր միացումներով…

Բոլորձև երկաթագրում բացակայում են «և, օ, ֆ» տառերը, նրանց փոխարեն կիրառվում են՝ համապատասխանաբար՝ «եւ, աւ, փ»:

12-րդ դարից, աստիճանաբար, Ուղղանկյուն երկաթագրին փոխարինում է Բոլորգիրը՝ «Բոլոր՝ որպէս Բոլոր գիր, հնարեալ յէտ Երկաթագրի՝ նախ քան զՆօտրն», որի կատարելության նմուշներից են Կիլիկիայի հոյակապ մատյանները…

17-րդ դարից Հայ գրչության ասպարեզում լայնորեն կիրառվում է «Նօտրը»՝ «Նօտրգիրը»՝ արդեն նախորդ դարերից հայտնի, ավելի մանր տառերով գիրը՝ գրավոր նյութի առավել մեծ պահանջարկով պայմանավորված. այն հարմար էր ավելի արագ գրելու համար…

«Նօտարը» «նշանագիր, գրիչ, դպիր արքունի կամ եկեղեցական, գրագիր» իմաստն ունի:

«Նօտր»՝ «մանր՝ իբր նօսր կամ՝ սեպհական նօտարաց, և երագագիր դպրաց («երագագիր»՝ արագագիր, արագ գրող, Կ.Ա.). որ ի յետին դարս հնարեցաւ»…
«Նօտրել»՝ «Նօտր գրով գրել»…

«Ես՝ Ղազար աբեղայս, բոլո՛ր գրեցի մինչև ի հոս. նօտր (այնուհետև) ուսայ, նօտր գրեցի» (Յիշատ. պատ. Վրդն., Վարդանի պատմության «Հիշատակարանից»՝ «Ես՝ Ղազար աբեղաս, մինչև այստեղ բոլոր (բոլորգրով) գրեցի, այնուհետև նօտր սովորեցի, նօտր գրեցի», «Նօտրել, Նօտարել»՝ Նօտր գրով գրել, արագ գրչությամբ օրինակել»… Մեջբերումները՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):

«Շղագիրը» շեղ գիրն է՝ տառերը գրելու ձևի իմաստով (ինչպես ներկայումս ենք գրում)…

Աշխարհի տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում այսօր պահվում են Հայկական հնագույն՝ տարբեր բնույթի ու բովանդակության բազմաթիվ մատյաններ:

Նշանակալից է Ֆրանսիայի Ազգային Գրադարանի՝ մոտ 350 ձեռագրերի հավաքածուն:
Դեռևս 1679 թվականին, արևելագետ Անտուան Գալանը (Antoine Galland) դեպի Արևելք իր 3-րդ ճամփորդության ընթացքում նպատակ ուներ գտնել — ձեռք բերել Հայկական հնագույն գրքերը, «հատկապես՝ այդ լեզվով գրված՝ Մովսես անունով մի ոմն հեղինակի գիրքը և Աստվածաշնչի Հայերեն թարգմանությունը» (Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» հետքերով է գնացել, ինչպես վկայում են ժամանակի սկզբնաղբյուրները):

Փարիզում, Ֆրանսիայի Ազգային Գրադարանում է պահվում ցարդ հայտնի՝ Հայկական գրերով միակ պապիրուսը, որը վերագրվում է 5-6-րդ դարերին:

Հիշյալ գտածոյի տեքստը հունարեն է՝ կարճ խոսակցական նախադասություններով, փիլիսոփա Դիոգենեսին վերագրվող պատմություններով ու ասույթներով (հունարեն սովորելու նպատակով, թերևս)…

Այն հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին՝ Եգիպտոսում (հավանաբար՝ Ֆայումում), հետազոտվել 1897-ից՝ Փարիզի Արևելյան Լեզուների Դպրոցի (հեղինակավոր Ինստիտուտի անունն է) հայտնի ներկայացուցիչ Օգյուստ Կարիերի կողմից (Auguste Carrière):

Տասնամյակներ շարունակ կորած էր համարվում, քանզի դասվել էր Ֆրանսիայի Ազգային Գրադարանի՝ հունարեն և ղպտիերեն ձեռագրերի շարքում:
Այն վերագտնվեց 1993 թվականին՝ ամերիկահայ գիտնական Տիգրան Կույմջյանի ջանքերի շնորհիվ՝ նշված «փաթեթում»:

Խնդրո առարկա տեքստում հանդիպում են Հայոց հին տարբեր տառատեսակները՝ միաժամանակ:
Դա հիմք է հանդիսանում ենթադրելու, որ նրանք գոյություն են ունեցել միաժամանակ:
Մանրամասները՝ ստորև կայքում՝

https://hy.m.wikipedia.org/wiki/Հունա-հայկական_պապիրուս

Հավելենք, որ Հայ միջնադարյան շրջանից պահպանվել են նաև խազագրություններով մոտ 2.000 ձեռագիր (որոնցից ավելի քան 1.000-ը Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում են):

Հնագույն արմատներով ու դեռևս 5-րդ դարից երգվող բազմաթիվ շարականների, տաղերի երաժշտության գրության (նոտագրման) այդ ձևում կիրառվել են նաև մեր՝ ցարդ գործածվող, խոսքի ելևէջն արտահայտող՝ առոգանության ու տրոհման նշանները:

Խազերի ուսումնասիրությամբ զբաղվել են եվրոպացի բազմաթիվ մասնագետներ:
«Խազաբանության տարրերը» հանճարեղորեն ամփոփել է Կոմիտասը…

Ահավասիկ Հայոց հնագույն որոշ հավատալիքների խտացումն արտահայտող՝ Նարեկացու կողմից քրիստոնեության շղարշով վերաձևած՝ «Վարդավառի Տաղի» խազագրված որոշ տողերի երկու նմուշ՝ Մատենադարանի տարբեր ձեռագրերից (վերցված՝ Արուսյակ Թամրազյանի՝ «Խորհրդապատկերի կերտման որոշ առանձնահատկություններ…» ուսումնասիրությունից):

https://hy.m.wikipedia.org/wiki/Հայկական_հնագրություն

Facebook Comments