ԱՐՑԱԽ, ՓԱՅՏԱԿԱՐԱՆ

Ավանդույթների, հավատալիքների, կիրառած խորհրդանիշների, սնունդի հիշատակման ու զանազան այլ առիթներով մեր նախնյաց կյանքում ծառերի դերն ու իմաստն արծարծել ենք նախորդ որոշ գրառումներում:

Կրկին՝ ծառերի մասին, բայց երբեմնի լայնածիր տարածքներում սփռված մեր Հայրենիքի տարբեր անկյուններում նրանց հետ կապված որոշ տեղանունների առնչությամբ:

Ողջ տարվա ընթացքում իրենց կենարար հատկություններով մարդկանց պիտանի ծառերի մասին գրավոր հիշատակություններ են պահպանվել հնագույն շրջանից ի վեր:
Առաջին իսկ սեպագիր տեքստերում, դիցաբանական պատումներում արդեն առկա է Ծառն իր խորհրդով…

Վաղնջական ժամանակներից եկող սովորույթի համաձայն՝ ծառերի ճյուղերը՝ արմավենու, ուռենու, ձիթենու ոստերն այսօր էլ հատուկ արարողությամբ օրհնվում են ու որպես չարխափան և առատություն պարգևող՝ պահվում տներում, եկեղեցիներում…

Պատմիչները հիշատակել են Արմավիրի «Սոսեաց Անտառը», Բագարանի «Անտառ Ծննդոցը», Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում, Աշտիշատի վանքի մոտ, Վահեվահեան մեհյանի գրաված բարձունքի ստորոտին սփռված «Հացեաց Դրախտը», որի հացենիներն ամենաառատ գազպեն էին տալիս:

Փ. Բուզանդի նկարագրությամբ՝ «Վահագնի բարձրադիր մեհենատեղի ներքևում, Ցուլ կոչված մեծ լեռան դեմուդեմ, բագինի տեղից մոտ մի քարընկեց հեռավորությամբ դեպի ներքև, փոքր ձորակում»՝ աղբյուրն էր՝
«Ի Հացուտ Պուրակին, որում անուն տեղւոյն իսկ Հացեաց Դրախտ կոչեն» (Բուզանդ, «Հայոց պատմություն», Գ, 14 (ԺԴ):

«Հացուտ՝ ուր են Հացի ծառք բազում»,- կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում:
Հացենի ծառատեսակի անվան հետ է կապված Մ. Մաշտոցի (360-440թթ.) ծննդավայրի՝ Հացեկաց գյուղի անունը, որը հիշվում է նաև Հացեկք, Հացեաց գյուղ ձևով:

Հացի (Հացիկ) գյուղ կա և Արցախում՝ պատմական Վարանդայում (Մարտունու շրջանում):
«Հացեաց Աղբյուր» գյուղ կար Սյունիքում (Աղահեջք գավառում):

Մեծ Հայքի Այրարատ Աշխարհի Գաբեղեանք (ըստ ոմանց՝ Արշարունիք) գավառում էր Մայրոձորը, ուր Մայրաձոր կամ Ձորմայրի կոչվող անապատն էր («Ան-ապատ» նշանակում է «անշեն, անմարդաբնակ», ի հակադրություն «ապատ»-ի՝ «շեն», «բնակելի վայր» իմաստով):

Այս տեղանունը (Մայրաձորը) ևս ծառերի հետ է առնչվում, ստուգաբանվում է որպես «Անտառի (Մայրոյ) ձոր» («Մայրին» (ծառը), ինչպես նշել էինք նախորդ գրառումներից մեկում, ընդհանրապես «Անտառ» նշանակությամբ էլ էր կիրառվում):

«Մայրափայտ», «Մարխի ծառ» անունով է հայտնի նաև «Կուենին»՝ «Ազգ Մայր փայտի»՝ մանրատերև սրագույն որպէս անպտուղ փստղենի, յորմէ ելանէ մարխ և խիժ, վասն որոյ կոչի և Մայրափայտ, Մարխի ծառ»:

Հիշյալ ծառը հանդիպում է այլ անունով ևս.
«Ծորենի ասի և Կուենին, յորմէ ծորի մազտաքէ»…
«Կուե» (Քվե) անունով տարածաշրջան կա Կիլիկիայում…

Համաձայն «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի՝ ծառ, տունկ իմաստն ունի նաև «Փայտը»:
«Փայտ պտղաբեր: Փայտս ամենաբերս:
Փայտ փշաբեր: Փայտ իւղոյ:
Փայտ կենաց: Ի փայտէն կենաց:
Յամենայն փայտէ՝ որէ ի դրախտից, ուտելով կերիջիր, բայց ‘ի փայտէդ գիտելոյ զբարի և զչար» (Բացի Բարու և Չարի իմացության ծառից՝ դրախտի մյուս բոլոր ծառերից կարելի էր ուտել)…

Հացի ծառը հայերենում նաև «Ցախ» է կոչվում (խաղողի կամ գիհի ծառի տերևները, որոնցով կերակրում են անասուններին, նույնպես «ցախ» են):
«Ցախ է և անուն գեղեցիկ ծառոյ (Acer, aceris, Թխկի ծառի լատիներեն անվանումը նույնպես «Acer» է)»:
«Եւ զարմանալի ծառք որպես կիպարն, ցախն …»:
«Ցախը» և «մացառ», «անտառ, խիտ անտառ» իմաստով է կիրառվում…

Մեծ Հայքի նահանգներից մեկը՝ հնուց իր ամրությամբ հռչակված անմատչելի Արցախը, հայտնի իր սաղարթախիտ անտառներով ու փարթամ արոտավայրերով, ինչպես և այնտեղ բուծվող դիմացկուն ու արագավազ ձիերով, 10-րդ դարի պատմագիր Մ.Կաղանկատվացու գրչով՝ «Արցախամար Աշխարհն» էր (Կաղանկատվացին արժեքավոր տեղեկություններ է թողել հատկապես Հայոց «Արևելից կողմանց»՝ Արցախի և Ուտիքի վաղ միջնադարյան շրջանին վերաբերող):

Հիշենք, որ Արցախի տարածքի մոտ 35 տոկոսն անտառածածկ է, հատկապես՝ Մարտակերտի և Հադրութի շրջանները, բազմատեսակ ծառերի թվում՝ հացին (հացենին), թխկին, կաղնին, կեչին, մեղրատու բոխին՝ ծաղկափոշու և ակնամոմի հումքի մատակարարը, հաճարենին, որի պտուղներից նշի ձեթի նման համեղ ձեթ է ստացվում…

«Արցախամայրի» անունով գյուղ կա նաև Սյունիք Աշխարհի Կովսական գավառում…

Հայագիտության մեջ, «Փայտակարան» քաղաքի անվան ստուգաբանությանն առաջինն անդրադարձած՝ գերմանացի հայագետ Հ. Հյուբշմանի կարծիքով՝ «Փայտակարան անունը հայկական կհնչե, բայց հայերենով չի մեկնվիր, վասնզի հայ. Փայտ և կարան իմաստ չեն տար»:

«Այս տեսակետը, — ինչպես գրում է Բաբկեն Հարությունյանն իր՝ «Փայտակարան քաղաքը և նրա տեղադրությունը» ուսումնասիրության մեջ, — հետագայում պաշտպանել են Ն. Ադոնցը, Հ.Մանանդյանը, Ե. Պախոմովը, Ս. Երեմյանը, Ս.Պետրոսյանը և ուրիշներ»…

Իսկ եթե ստուգաբանենք որպես «Փայտք» և «Արան»՝ «Ծառերի Աշխարհ» իմաստո՞վ, այսինքն, նույն նշանակությամբ, ինչպես «Արցախամար Աշխարհն» է՝ Ար Ցախը…

«Արան» վերջածանցին՝ որպես Երկրի, բնակության վայրի ցուցիչ, հանդիպում ենք «Հայկարան» բառում («Հայկի Երկիր» իմաստով):

«Հայկարան՝ Երկիր տերութեան Հայկայ:
Արմատացեալ ‘ի Հայկարան Տունս Թորգոմայ»… (մեջբերումը՝ Վարդան Պատմիչից՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանից):

Արցախ, Արցախամար Աշխարհ, Փայտակարան՝ «Ծառերի՝ Հացենու, Մայրիի… Երկիր»՝ Հայոց Հավերժական Երկրի մի անկյունում…😊💥🌿

Հ.գ. Ծառերի խորհրդի մասին նախորդ գրառումներից՝ ի հիշեցում…😊

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով