«ՄԵԾ ՀՈԳԻՆԵՐԸ ԿԱ՛ՄՔ ՈՒՆԵՆ, ԹՈՒՅԼԵՐԸ՝ ՄԻԱՅՆ՝ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ»…

Հայաստանում ու նրա շուրջ ծավալվող իրադարձություններն ստիպում են «ի միտ առնել»՝ հիշել «զճառս իմաստնոց և զառակս», քանզի Նախնիների «խրատին» չհետևելը խոտոր ճամփեքի է բերում…
Հազարամյակներ ի վեր Ազատության համար մարտնչող մեր Նախնիք շարունակում են ոգեշնչել մեզ՝ սերնդեսերունդ, նույն խանդավառությամբ:

Եվ բազմաթիվ ազնիվ Հայորդիներ պայքարում են՝ ներկայիս բախտորոշ ժամանակաշրջանում Ազատության ուղիներ փնտրելով:
Ու հնչեցնում են Նժդեհի իմաստուն հորդորները.
«Ժողովուրդը հարմարվող է անփառունակ վիճակին, Ցեղը՝ չի հանդուրժում ստրկական շղթաները»:

Ազատության ձգտումը բնական տենչանք է, քանզի Մարդը ծնվում է ազատ, նաև՝ իր ազատությունը պաշտպանելու կամքով, ինչպես հիշեցնում է 16-րդ դարում ապրած՝ ֆրանսիացի հումանիստ գրող և իրավաբան Ստեփանոս Բոետացին (1530-1563թթ.):

Մոտ 550 տարի առաջ, դեռևս երիտասարդ հասակում՝ 18 տարեկանում, իր՝ «Խոսք (Ճառ) հոժարակամ ենթարկվողության» ուսումնասիրության մեջ նա անդրադառնում է զանազան ճանապարհներով՝ ընտրություններով, բռնությամբ կամ ժառանգաբար փոխանցմամբ իշխանության հասածներին հնազանդորեն ու ինքնակամ ծառայող, նրանցից կախման մեջ հայտնված ժողովրդի վարքագծին:
Ս. Բոետացին հիշեցնում է, որ դեռևս Հին Աշխարհում զանազան զվարճալի միջոցառումներով՝ կրկեսային կամ տոնական ներկայացումներով, շքանշաններով ու պարգևատրումներով զբաղեցնում էին ժողովրդին՝ իրենց ստրկական վիճակը մոռացնել տալու նպատակով:
Ու, շլացած այդ սին ժամանցներով, ժողովուրդը հոժարակամ վարժվում էր իր ստրկական վիճակին:

Նա վերլուծում է այն տրամաբանական գործընթացը, որը նպաստում է «Կամավոր ստրկամտության» ձևավորմանը, նշելով, որ Ազատությունը մոռացած ժողովրդի մոտ «կամավոր ենթարկվածություն» է առաջանում:
Եվ Ազատության մեջ չծնված ու Ազատության սկզբունքներով չդաստիարակված անհատները կամավոր ենթարկվողներ են դառնում՝ հնարավորություն ընձեռելով իշխողի, բռնակալի գոյությանը: Այսինքն, երբեք Ազատություն չճաշակածն առանց ափսոսանքի ու հեշտությամբ է ենթարկվում կառավարողին:
Այդ գերիշխանությունից դուրս գալու, ստորադասվածությունը թոթափելու համար անհրաժեշտ է սովորույթնե՛րը փոխել:
Այն ժամանակ, երբ ժողովուրդը հրաժարվում է կամովին, հոժարակամ ենթարկվել, այդ պահից ի վեր նաև իշխողի՛ գերշխանությունն է դադարում:
«Ուստի՝ վճռականությամբ մերժե՛ք և վերջնականապես կձերբազատվեք»՝ «Վճռե՛ք այլևս չծառայել (չենթարկվել, չստորադասվել) և Ազատ կլինեք»:

Հետագայում տարածված՝ «Քաղաքացիական անհնազանդության» սկզբունքով՝ հրաժարվե՛լ
ենթարկվել ու դիմակայել՝ թոթափելով անցանկալի գերիշխանությունը:

Համաձայն արևելյան իմաստունների՝ «Մեծ հոգիները Կա՛մք ունեն, թույլերը՝ միայն՝ ցանկություններ»:

Ազատորեն ու հաստատակամ մեր Կա՛մքը դրսևորելով՝ Հայրենանվեր գործունեությամբ մեր Հայրենիքն ազատագրե՛նք օտարին ծառայող ու Հայաստանը ներսից քայքայող տարրերից, որոնք վերջին երեք տասնամյակներին ծրագրված բզկտեցին Հայոց պետականությունը:

Ի պատասխան ոմանց՝ դեռևս հնչող որոշ հարցերի՝
«Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա՛ համար, որ ձե՛զ՝ հոգով թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ և Հայ՝ արժանի Անկախության,- պատասխանում է Մայիսի Քսանութի շենքն իր ուսերին կրող ժողովուրդ — Հսկան» (Գ. Նժդեհ):

Facebook Comments