«ԳՈՏԻՆ Ի ՄԵՋՔԻՆ»՝ ԳՈՏԵՊՆԴՎԱԾ

Վանի պաշտպանները

«Եւ ունի (Երկիրն Եկեղեաց) քաղաք մեծ՝ զԵզնկայ, որ լի է ամենայն բարութեամբ, բամբակօք, այգեստանօք եւ մրգաբեր ծառօք»,- գրել է 17-րդ դարի կեսի նշանավոր տեղեկագիր Հակոբ Կարնեցին՝ Երզնկայի մասին («Տեղագիր Վերին Հայոց», 1903, էջ 11-12)։

Իր ճարտարարվեստ ոսկերիչների, արծաթագործների ու շինարարների համբավով հայտնի Երզնկա քաղաքի շրջակայքում խաղողից, մրգածառերից ու հացահատիկից բացի մշակում էին նաև բամբակ:

12-14-րդ դարերում Երզնկայում ճամփորդածների աչքերով՝ «հայաբնակ», «ընտիր», «մեծ ու շեն» քաղաք էր այն, ուր գովեստի արժանի ճարտար մանածագործները հյուսում էին «աշխարհի լավագույն բեհեզները» (Մարկո Պոլո), և «իր անունով կոչվող գեղեցիկ կերպասները» վկայում էին տեղի «լավ կարգավորված շուկաների» մասին:
Քաղաքում արտադրվող պղնձե ամաններն ու, հատկապես, զարդարուն աշտանակները մեծ հռչակ էին վայելում նույնիսկ հեռավոր շուկաներում ու զարմացնում էին իրենց արվեստով (Իբն-Բատուտա)։

Երզնկա

Արաբ աշխարհագիր Յակուտիի «Աշխարհագրական բառարանում» Արզանջանը (Երզնկան) ներկայացվում է որպես «Գեղեցիկ ու համբավավոր քաղաք, շատ հաճոյալի ու բարիքներով լի»։

Հետագայում՝ 15-րդ դարում Երզնկա այցելած ճանապարհորդներից իսպանացի Կլավիխոն (ճանապարհորդել է 1403-06 թթ.) նշում է, որ «շրջապատի բոլոր կողմերից կարելի է տեսնել գյուղեր՝ որթատունկերով և բուսականությամբ. ամբողջ դաշտում մշակվում էր որթատունկ և հացահատիկ… Քաղաքը շատ բազմամարդ է, և այնտեղ կարելի է տեսնել շատ գեղեցիկ փողոցներ ու հրապարակներ։ Այնտեղ բնակվում են պաշտոնական մեծաթիվ անձինք, որոնց մեծագույն մասը հարուստ մարդիկ են, կան նաև մեծափարթամ վաճառականներ»։

Երզնկա քաղաքի հիւսիսային հատուածի լուսանկարը, 1907թ.. առաջին կարգի վրայ կ՚երեւի Հայոց թաղը (լուսանկարը՝ «Յուշամատեան»-ից)

12-14-րդ դարերում օտարազգիների ասպատակությունների, պարբերաբար կրկնվող ավերիչ երկրաշարժերի ենթարկված Երզնկայում բնակչությունն իր տոկունությամբ վերստին արարել է ու շենացրել իր երկիրը՝ ամոքելով ստացած վերքերը…

Հազարամյակներ շարունակ հաղթանակներով ու, նաև՝ դառը պարտություններով լի պատմության ընթացքում Հայ ժողովուրդն ինքնապաշտպանության, ինքնազորացման զանազան ձևեր է կիրառել՝ այլազգի հրոսակախմբերին դիմագրավելու, նույնիսկ դժվար ժամանակներում բարգավաճելու նպատակով:
«Բռնավորների ու չար մարդկանց» դեմ պայքարի, ընկերներին զորավիգ լինելու, փոխօգնության ու հեռվից եկողի հանդեպ հյուրընկալության հիմունքներով գործող միաբանություններ էին ձևավորվել միջնադարյան Հայաստանի բազմաթիվ քաղաքներում (և, հատկապես, մոնղոլական արշավանքների դժվարին ժամանակներում), հիմնավորելով վտանգները դիմակայելուն նախապատրաստվածության անհրաժեշտությունը (Աշխարհում, ինչպես ալեկոծ ծովում, նեղության մեջ գտնվողին իրենց ուժի ու կարողությունների սահմաններում օգնելու պատրաստակամությամբ)…

Առևտրական ճանապարհների խաչուղիներում գտնվող Երզնկայում, 1280 թվականին հիմնվում է միջնադարյան Հայկական քաղաքներում շատ տարածված՝ քաջ ու առաքինի երիտասարդների՝ «Կտրիճվորաց Միություններից» մեկը, որի նպատակներն ու կանոնները՝ նախաբանով ու երեք գլխով, ամփոփված են մի ձեռագիր մատյանում՝ «Սահման եւ կանոնք միաբանութեան յեղբայրութիւն միմեանց ի մայրաքաղաքս, որ կոչի Երզնկայ, ի թիվս ՉԻԹ (1280)», որն այսօր պահվում է Երևանի Հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:

«Վասն զի աշխարհս այս ծով է, եւ մարդիկ ալեկոծին ի սմա պէս-պէս պատահմամբ գործոց։ Եթէ ոք յեղբարութենէս ի փորձութիւն մարդկան անգանիցի եւ բռնաւորաց նեղիցի, ամենայն եղբայրքն ջան եդեալ հանցեն զնա ի հասանել վշտացն… եւ եթէ ոք յաղքատութիւն անգցի եւ ի չքաւորութիւն մարմնոյ, այլ եղբարքն ըստ կարողութեան եւ ըստ ուժոյ օգնեսցին…»։

Մարտական յուրօրինակ այդ կառույցի «ավագ» ու «կրտսեր» անդամները՝ առանձին օղակների բաժանված, ղեկավարվում էին իրենց «հրամանատարի» կողմից: Սկզբնական օղակում՝ տասը երիտասարդների համար՝ «Տասնապետն» էր, հաջորդ՝ չորս նման խմբերի համար՝ «Քառասունին Մեծը»:
Օտար ներխուժումներից պաշտպանվելու, ընդհանուր անվտանգությունը պահպանելու, առևտրական քարավաններն ուղեկցելով այլ քաղաքներ անվնաս հասցնելու և այլ նպատակներով միավորված կտրիճներն իրենց Նախնիների հերոսական ոգով էին դաստիարակվում՝ հայրենասիրական ու գուսանական երգերով ուղեկցելով իրենց խնջույքները:

Ջրափիի իջևանատան փլատակները

«Արհեստի մարդկանց եղբայրությունների ավագները՝ մանկտավագները, գիշերով և գողունի, տնից տուն էին գնում՝ տեսնելու իրենց արհեստի օգնականներին, աշակերտներին, բոլորի հետ խոսելու շշուկով: Նրանց զենք էին տալիս, զենք թաքցնում, որ օրհաս պայթելու ժամին, եթե իրենց գլխին պայթեր, ելնեին դիմադարձության և պաշտպանության» (Վիգեն Խեչումյան, մեջբերումը՝ Վարդան Եղիազարյանի՝ «Միջնադարյան «Կտրիճվորաց եղբայրությունները» որպես ինքնապաշտպանական միություններ» ուսումնասիրությունից):
Իրենց երկրի ու ազգի համար օրհասական պահերին զինված խմբերով պաշտպանություն կազմակերպող միությունների՝ համայնական կյանքով ապրող ամուրիների «Եղբայրությունների» մասին հիշատակություններ կան ժամանակի գրավոր աղբյուրներում, մասնավորապես՝ 14-րդ դարի արաբ ճանապարհորդ Իբն-ի Բատուտայի գրառումներում:

Հյուրընկալվելով «Ախիների» կողմից, նա ուշագրավ տեղեկություններ է հաղորդել վերջիններիս կենցաղից, գաղափարներից: Շփվելով Երզնկայի «Ախիների» հետ, նրանց ներկայացնում է որպես «Արդարության պաշտպան, անիրավության հակառակորդ և չափազանց հյուրասեր»:

«Իրենց հասարակաց ճաշից հետո երգում ու պարում են: Ունեն առանձին տարազ և կրում են մի տեսակ բարձր գլխարկ…» («Օտար աղբյուրները Հայերի մասին. Արաբական աղբյուրներ, 2, Իբն-ի Բատուտա», Քաղեց և թարգմանեց Հր. Աճառյանը, Երևան, 1940, էջ 40-41):

Փոքր Ասիայում տարածված՝ «Եղբայրների՝ ընկերների հորդորներով ու նրանց օգնությամբ»՝ միասնաբար դժվարությունները հաղթահարելու սկզբունքի վրա հիմնված միություններում նոր անդամի ընդունելության ժամանակ «Գոտեվորելու»՝ մեջքին գոտի կապելու հատուկ արարողություն էր կատարվում («Գոտի կապողի» իմաստով հայերենում կա «Գոտիածու» բառը):

Վաղնջական ժամանակներից ի վեր՝ գործնական նշանակությունից զատ՝ այլաբանական մեծ իմաստ ուներ քաջության ու արիության խորհրդանիշ գոտին և ծիսական հանդերձանքի կարևոր բաղկացուցիչ մասերից էր:
Զորություն ու իշխանություն պարգևող Գոտին ընկալվում էր նաև որպես մոգական ուժով օժտված հմայիլ, որը պաշտպանում էր չարից ու վտանգից՝ ապահովելով հաջողություն, բարեկեցություն ու բարեբախտություն:

«Երբ Սասնեցիք Մհեր արին կառավարող՝
Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն տվեց էնոր
Քուռկիկ Ջալալին,
Թուր Կեծակին,
Գուտն զրեհին,
Գոտին ի մեջքին,
Կապան ղադիֆեն»…

Բիայնական թագավորության շրջանի (ուրարտական) ու հետագայում Վանում, Վասպուրականում, Կարինում, Կարսում ու Հայկական Լեռնաշխարհի այլ քաղաքներում ստեղծված բրոնզե, արծաթե գոտիների վրա փորագրված հարուստ զարդամոտիվներն ու մակագրություններն ասվածի հավաստիքն են:

Բրոնզե գոտու դրվագներ (Բրիտանական թանգարանի հավաքածուից)

Ռազմիկները մարտից առաջ «գոտեվորվում» էին՝ սպառազինվում, զորանում:
«Գոտեպինդ լինել»՝ արի ու պատրաստակամ գործելու պատրաստ լինել:
«Պնդակազմ ըզմէջսն գոտևորեն»…
«Գոտի» էր կոչվում նաև ծիածանի կամարը՝ «Աղեղն երկնից»՝ «Արամազդայ գօտին»:

Գոտու խորհրդանշական կիրառումներից են մինչ օր զանազան երկրներում տարբեր ոլորտներում՝ պաշտոնյաների (դատավորների), զինվորականների, մարտարվեստների մարզիկների համազգեստներում նրա գործածումը:

Հայկական ազգային տարազի անբաժանելի մաս կազմող՝ կաշվից, բրդյա կամ մետաքսաթել հյուսված գոտիների վրա նշվում էին նաև նրանց պատրաստման ժամանակը, պատվիրատուի անունը, բարեմաղթանքը, ինչպես, օրինակ, 19-րդ դարից մեզ հասած նմուշներից՝ Ախալցխայի մի գոտու մակագրությունը՝ «Ի վայելումն Իսկուհի Սարգսյանի. 1877»:

Իսահակյանի ոգեշունչ քաջալերանքով՝

«…Գոտեպնդվեցե՛ք ատելությամբ վառ,
Գոտեպնդվեցե՛ք անձնազոհ կամքով, Գոտեպնդվեցե՛ք ահեղ վրեժով…

Վանեցե՛ք հեռու թշնամուն վայրագ,
Մեր խրճիթներից, մեր հնձաններից,
Մեր արտ ու կալից վանեցե՛ք հեռու:
Հավերժ պիտ մնա հայրենիքը մեր,
Հզոր և ազատ և հավերժ կանգուն
Մեր իդեալների սուրբ արևի տակ»:

Հ.գ. Փարիզում՝ Լուվրի թանգարանի ցուցանմուշները ներկայացնող գրություններում Հայկական Լեռնաշխարհում ու նրա հարակից տարածքներում ծավալված հնագույն թագավորություններից մեկի՝ Բիայնիի ու Նաիրիի Երկրից մնացած հնագիտական նյութերը «Հայաստան=Ուրարտու» (Arménie =Urartu) ձևով են նշվում…