«ԵՒ ՅԱՅՆԺԱՄ ՁԱՅՆ ՏՈՒԵԱԼ ՄԱՆԿՏԱՒԱԳՔՆ ՆՈՑԱ»…
Հայկական Լեռնաշխարհն իր աշխարհագրական դիրքով հնագույն ժամանակներից ի վեր կարևոր հանգուցակետ է տարբեր մայրցամաքների միջև ձգվող՝ մինչև հեռավոր Չինաստան ու Հնդկաստան հասնող ճանապարհների խաչուղիներում…
Հայաստանից արտահանվում էին հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ ու գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր, արհեստագործական ապրանքներ՝ պղնձե ամանեղեն, մետաղե իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ: Ներմուծում էին հնդկական համեմունքներ ու թանկարժեք քարեր, չինական մետքսե գործվածքներ ու ճենապակի…
Միջնադարյան Հայաստանի կյանքի տարբեր ոլորտների՝ առևտրի, տնտեսական կապերի մասին կցկտուր տեղեկություններ կան ժամանակի մատենագրության մեջ: Երևանում՝ Մատենադարանում պահվող որոշ ձեռագրերում ևս հիշյալ հարցին վերաբերող ուշագրավ ակնարկներ են պահպանվել:
Երկար ու արկածներով լի ուղիներով ընթացող ապրանքների անվտանգ առաքումը, շահավետ իրացումը զանազան միությունների, ընկերությունների («եղբայրությունների») կազմավորման առիթ է եղել դեռևս վաղ միջնադարից:
Իրենց ոլորտի գործունեությունը որոշակի տարածքում հսկող արհեստավորների ու վաճառականների միությունները, համքարությունները (գիլդաները) տարածված էին նաև միջնադարյան Եվրոպայում:
Հարևան պետություններ ու հեռավոր, բազմամարդ վայրեր ուղևորվող Հայ վաճառականները միաժամանակ զինված, վարժ կռվողներ էին՝ պատրաստ պաշտպանելու իրենց անձն ու շահը, ապրանքը:
12-րդ դարի սկզբներին, Բարեկենդանի օրերին «Տառեխ ձուկը» Անտիոք հասցրած 80 հոգանոց Հայ երիտասարդների խմբի հետ կատարված մի միջադեպի հիշատակությունը կա 12-րդ դարի Հայ ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» էջերում, ուր նկարագրվում է, որ իրենց քարավանով Անտիոքի շուկայում գտնվող առևտրականների կազմակերպած խնջույքի ու պարի ձայնի վրա ողջ քաղաքի տղամարդիկ են եկել՝ նրանց ծեծելով դուրս հանել, սակայն խմբի «Մանկտավագի» կոչով հավաքվել են ու բազմաթիվ տղամարդկանց «ոտնակոտոր» ու «կառափնաբեկ» արել («գլուխը ջարդել»), այնուհետև՝ «խաղաղություն հաստատել» ու իրենց տեղը վերադարձել (Անտիոքը Կիլիկյան Տլուք գավառում էր, Մուսալեռան մոտ, «Մետաքսի ճանապարհի» կարևոր հանգույցներից մեկը, Վանից մոտավորապես 872 կիլոմետր հեռավորության վրա, այսօր հայտնի Անթակիա անվամբ. համանուն այլ քաղաքներ էլ կային):
Հիշյալ դրվագին անդրադարձել է Լ. Խաչիկյանն իր՝ «1280 թ. Երզնկայում կազմակերպված «Եղբայրությունը» » ուսումնասիրության մեջ, որտեղից մեջբերում ենք.
«Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ պատմում է «յառաջ քան զքսան ամ», այսինքն՝ 1120-ական թվականներին տեղի ունեցած մի շատ կարևոր դեպք։ Լսենք նրան.
«… Նոյնպէս յաւուրն բարեկենդանին եւ նոյն ամին եկեալ կարաւան ի յարեւելից ի քաղաքն Անտիոք, եւ բարձեալ բերէին տարեխ ձուկն եւ կային ի մէջ շուկային ի գինարբութեան. եւ ի լսել քաղաքացեացն զձայն պարուց նոցա՝ ամենայն արք քաղաքին հասանէին ի վերայ նոցա եւ ծեծելով գանալից արարին զնոսա, սկսան հանել զնոսա ի քաղաքէն. էին արք իբրեւ ութսուն՝ բրէզածք եւ ընտրեալք քաջութեամբք։ Եւ յայնժամ ձայն տուեալ մանկտաւագն նոցա, եւ նոցա միաբան գինեմխեալք էին՝ յարձակեցան ի վերայ քաղաքացեացն եւ ի Սեւոտոյն դրանէն մինչեւ ի տէր-Պետրոս՝ զամենայն արք քաղաքին փախստական արարին եւ կառափնաբեկ եւ ոտնակոտոր արարին արս բազումս. եւ ապա խաչիւ եւ աւետարանով երդուեալ նոցա բնաւ այլ ոչ մեղանչել նոցա։ Եւ յայնժամ արարին խաղաղութեան եւ դարձան ի տեղիս իւրեանց»։
Անտիոք եկած վաճառականների բերած ապրանքը Վանա լճի ապխտած ձուկն է՝ տառեխը, ուստի առևտրականներն էլ Վասպուրականից են՝ ամենայն հավանականությամբ հենց Վան քաղաքից։ Կերուխում, երգ ու կին՝ ահա նրանց առօրյան օտար շուկաների եռուզեռի մեջ։
Նրանք կազմակերպված զինական ուժ են ներկայացնում, զինված են բրերով (այդ չի նշանակում, թե այլ զենք չեն ունեցել), ունեն իրենց հրամանատարը, որ Ուռհայեցու կողմից կոչվում է «Մանկտավագ», վերջինիս կոչով բոլորը, «որ էին արք իբրև ութսուն», մի մարդու նման ոտքի են կանգնում և հալածում
իրենց ծեծողներին։ Նրանք հարյուրավոր կիլոմետր դժվար ճանապարհ են անցել, ազատել իրենց ապրանքը գիշատիչ տասնյակ հայացքներից. շրջանցել են բազմաթիվ մաքսատներ ու խորամանկությամբ, ուժով, խելքով ու հմտությամբ հեռավոր Վասպուրականից Անտիոք հասցրել իրենց ապրանքը՝ տառեխ ձուկը»։
«Մանկտավագը»՝ «մանկտիների»՝ տղաների ավագն է, որի մասին հիշատակել էինք նախորդ գրառմամբ՝ Երզնկայում 1280 թվականին ստեղծված «Կտրիճների Միության» առիթով:
«Մանուկը»՝ «պատանի, երիտասարդ, զինվոր, քաջ զորական» իմաստներն ունի նաև («Զինուորեալ մանկունք թագաւորաց»):
Մանուկների՝ «մանկտիների»՝ երիտասարդների խումբը՝ «մակարներն» այսօր էլ հարսանեկան ծեսի ժամանակ ուղեկցում են իրենց ընկերոջը՝ ամուսնացող երիտասարդին (մանրամասները՝ հաջորդիվ)…