«ԱՆՑԻ՛Ր ՌՈՒԲԻԿՈՆԸ, ՀԱ՛Յ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ»…

Ազգերի, երկրների պատմության մեջ, ծայրահեղորեն բարդ խնդրի լուծման նպատակով՝ իրավիճակի փոփոխման համար վճռական քայլի դիմելու պահեր են լինում:
Եվ, ճակատագրական հետևանքների համար պատասխանատվություն ստանձնելով, իմաստուն որոշումներ են կայացվում Բացառիկների կողմից:

Ն.թ.ա. 49 թվականի հունվարի 10-ին Հուլիոս Կեսարն արտասանեց՝ «Վիճակը նետված է» (լատիներենով՝ «Alea jacta est) ու իր զորքով հատեց ներկայիս Իտալիայի տարածքում գտնվող Ռուբիկոն գետը, որն այն ժամանակ բաժանում էր Հռոմեական կայսրության հյուսիսային շրջանը՝ հարավայինից, և արգելված էր այն անցնել զորքով:
Պատմական դարձած այդ «գետանցումը» հրահրեց քաղաքացիական պատերազմ՝ փոխելով պատմության ընթացքը: Ու ծնունդ տվեց ցարդ բազմաթիվ լեզուներում կիրառվող՝ թևավոր խոսք դարձած արտահայտությունների՝ «Անցնել Ռուբիկոնը»՝ վճռական, բախտորոշ որոշում կայացնել, «Վիճակը նետված է»…
Տասնամյակներ առաջ, իր ազգի ճակատագրով մտահոգ Քաջ Հայորդին՝ Գարեգին Նժդեհն իր իմաստուն խոսքով հորդորում էր Հայ Երիտասարդությանը.

«Քո երջանկությունը պիտ լինի՝ ծառայել ժողովրդիդ երջանկության»:
…«Դու պիտ չնմանվես այն սերունդներին, որոնք կորչել են առանց ազգային օգտակարության՝ ինչպես խոռոչներում ընկած արևի ճառագայթը: Որոնք գոյություն են ունեցել, բայց չեն ապրել: Որոնք չեն թողել մի բան, որ ապրեր իրենցից հետո»:
«…Ո՛չ մի ժամանակ քո ժողովրդի գոյությունն այնքան լուրջ կերպով վտանգված չի եղել, որքան՝ այսօր: Ինչպես և երբե՛ք քո ժողովուրդը այնքան հրամայողաբար չի զգացել կարիքը մի ուխտված և հերոսական սերունդի»:

Սպարապետ Գարեգին Նժդեհն ու զորավար Սեպուհը (Արշակ Ներսիսյանը) ցեղակրոն երիտասարդների հետ, Փրովիդենս, Ռոդ Այլենդի նահանգ, ԱՄՆ, 1934 թ.: Լուսանկարը՝ Գևորգ Նազարյանի էջից

…«Կյանքդ նվիրի՛ր բաների, որ չեն մեռնում:
Եղել են սերունդներ, որոնք ավելի ժամանակ են վատնել իրենց արտաքինը հարդարելու, քան իրենց մտքի և սրտի մշակույթի համար: Դու պիտ ապրես ժողովրդի՛դ համար, այլապես պիտ երկարի նրա հոգեվարքը և շատ պիտ ուշանա նրա քաղաքական հարությունը»:

«Հազարամղոն ճամփորդությունն սկսվում է մի հատիկ քայլով: Չկա՛ անկարելին, երբ կա զորեղ ու վճռական Կամքը»:
«Անցի՛ր, Հա՛յ երիտասարդություն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ Հաղթության դափնին է սպասում»…

Դու կարո՛ղ ես փոխել վերջին ժամանակներում քեզ պարտադրված կյանքը, Հա՛յ երիտասարդ, Հա՛յ ազգ: Ոտքի՛ կանգնելով ու վճռականորեն մերժելո՛վ անընդունելին՝ Նո՛ր ու Հզո՛ր Հայաստան պիտի կերտենք ազգովի…
Անհապա՛ղ ու՝ Վստա՛հ…🇦🇲🇦🇲🇦🇲

Սյունիքում, Խուստուփի լանջերին, Նժդեհով ոգեշնչված…