«ԳԴԱԿԴ՝ ԲԱՐՁՐ, ԳՈՏԻԴ՝ ԼԱՅՆ ԿԱՊԱԾ», Ա՛ԶԳ ԻՄ ՓԱՌԱՊԱՆԾ…
Վաղնջական ժամանակներից ի վեր, հագուստը երկակի բնույթ ուներ: Պաշտպանական դերից բացի, խորհրդանշական հարուստ իմաստ էր այն կրում՝ իր տարբեր դրվագներով, գույնով, զարդամոտիվներով…
Մինչ օրս զանազան համազգեստների զուտ արտաքին տեսքից ու տարբերանշաններից զանազանվում են մասնագիտական աստիճանները (ինչպես, օրինակ, զինվորականների մոտ):
Աշխարհի տարբեր ժողովուրդների տարազները և, նրանցից շատ առաջ, մարմնի վրա դաջվածքներն ու զարդերը, իրենց մոտիվներով, զարդանախշերով, գեղագիտական նշանակությունից առավել, ծիսական, պաշտպանական իմաստ ու դեր ունեն:
Ցեղային պատկանելության, սոցիալական աստիճանի, տարիքային ցուցիչից բացի, նաև՝ պահպանակի (չարխափան) դեր ուներ և կտածումը՝ մարմնի վրա դաջվածքների սովորույթը, որը պահպանվել է մինչև մեր օրերը բազմաթիվ ազգերի մոտ:
Գարեգին Սրվանձտյանը հետաքրքիր դիտարկում է թողել Տիգրանակերտ քաղաքից, նշելով, որ այս քաղաքում «դաս-դաս կանայք, մեծաւ մասամբ, և արք ունեին նկարներ իրենց ճակատոց, երեսաց, բազկաց վրա», ու այդ սովորույթը շատ հին ժամանակներից է գալիս:
Վաղնջական շրջանից հայտնի քանդակների, բրոնզեդարյան զանազան գոտիների վրա զարդանախշերով հարուստ դրվագներ կան (Մեծամորից ու Հայկական Լեռնաշխարհի այլ տարածքներից հայտնաբերված արժեքավոր նմուշներ ունենք):
Աշխարհիկ ու հոգևոր դասի հագուստներն իրենց զարդանախշերով (թիկնոց, պատմուճան, պարեգոտ, խույր), ժողովրդական տարազն իր զարդամոտիվներով, հիմնականում մարդու իրավական, սոցիալական կարգավիճակին բնորոշ, սեռի, տարիքի որոշակի խմբի պատկանելությունն էր ցուցում՝ գլխի հարդարանքով, գոտիով, գոգնոցով…
Կարինցի կնոջ տարազ. Նկարիչ՝ Արշակ Ֆետվաճյան (1866-1947)
Տարազի առանձին մասերն իրենց ծիսական դերն ունեին, հետևաբար, զարդանախշերի իմաստով փոխկապակցված էին: Օրինակ, տղամարդկանց շապիկի օձիքի, կրծքի հատվածի, ձեռքերի, կողային բացվածքներն ու եզրերը, քղանցքը զարդանախշելու նպատակը մարմնի տվյալ հատվածը պահպանելը, անխոցելի դարձնելն էր (շապիկը, ինչպես և գոտին, գլխարկն, ընդհանրապես, նույնացվում էին այն կրողի մարմնի հետ. այդ դերն առկա է ծիսական որոշ՝ հարսանեկան, բժշկական արարողություններում…):
Կանանց հագուստում կիրառվող «դոշը» կամ «սրտանոցը» խորհրդանշական իմաստով՝ կերակրող մոր «կաթը» պահպանելն էր:
Կնոջ, հատկապես՝ նորահարսի շապկի քղանցքն ասեղնագործվում էր՝ որպես բեղմնավորումն ապահովելու յուրօրինակ պահպանակ:
Հայոց ազգային տարազի գլխավոր բաղկացուցիչներից էին գոտին՝ տղամարդկանց ու կանանց համար, և գոգնոցը՝ ի նշան աղջիկների տարիքային հասունացման, հարսնության նախապատրաստման, հետագայում՝ բեղմնավորման, ապագա պտուղի պահպանման իմաստով:
Ինչպես ծեսերում, ծիսական հանդերձանքում, այնպես էլ տարազում, գոտին, իբրև մոգական շրջանակ, պահպանակի նշանակություն ուներ, որը կրողին պաշտպանում էր ոչ միայն թշնամու զենքից, այլև «չար ուժերից»: Հայոց մոտ որոշ շրջաններում (Տուրուբերան, Վասպուրական, Փոքր Հայք), տղամարդկանց հագուստի անքակտելի մաս կազմող գոտին նաև գրպանի դեր ուներ. նրա ծալքերում պահվում էին ծխախոտի քսակը, ծխամորճը, հրահանը, զենքը…
Գոտիները լինում էին նաև մետաքսի կտորից կամ բրդի թելից հյուսած լայն ու շուրջ 3-4 մետր երկարությամբ, միագույն կամ նախշազարդ շալերի տեսքով, որոնք ըստ լայնքի՝ մի քանի տակ ծալված փաթաթում էին գոտկատեղին։
Գոտեկապը՝ խոնջանակապը, գույնզգույն թելերից հյուսված, ծայրերին ուլունքաշար ծոպավոր հանգույցներով, արական ուժի ու զորության կրողն էր:
Թագավորներն ու այլ բարձրաստիճան անձինք կրել են շքեղակերտ, ադամանդակուռ գոտիներ։
Ծեսերում գոտու կապելն ու արձակելը՝ տղամարդկանց ու կանանց մոտ՝ առանձնահատուկ իմաստ ու խորհուրդ ունի:
Գոտին այն կրող տղամարդու ուժն ու կենսունակությունն է խորհրդանշում:
Կնոջ համար՝ գոտին հարսնանալու խորհուրդն ուներ. հարսանեկան ծեսի կարևոր դրվագներից մեկն է հարսին գոտի կապելը, որը խորհրդանշում է ամուսնական կապի մեջ մտնելու առաջին քայլը, իսկ գոտին արձակելը՝ հարսանեկան ծիսակատարության ավարտն է նշանավորում (ինչպես նարոտը քանդելը՝ ամուսնական հարաբերության մեջ մտնելու իրավունքը):
Սոցիալական ու տարիքային փոփոխությունները պայմանավորում էին նաև կանանց գլխի հարդարանքը:
Աղջկա, ամուսնացած կնոջ, այրի կնոջ գլխի հարդարանքները տարբերվում էին իրենց կառուցվածքով, զարդանախշերով ու գույնով:
Կանանց գլխի հարդարանքին հատուկ կարևորություն էր տրվում Սյունիքում, ուր այն համարվում էր տան բարեկեցությունն ապահովող, տունն ու ընտանիքը հաստատուն պահող խորհրդանիշ:
«Աղջկա գլխի հարդարանքը կնոջ գլխի հարդարանքով փոխարինելու արարողությունը Սյունիք-Արցախում կոչվում է «գլöխը կապել», որտեղից էլ՝ «գլուխը կապած»՝ նշանել, նշանված» (մեջբերումը՝ Արմենուհի Ստեփանյան «Հայ ժողովրդական տարազի զարդանախշերը»՝ «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 22, էջ 22, Երևան, 2007թ.):
Հայոց լեզվում բազմաթիվ արտահայտություններ կան՝ հագուստի տարբեր տարրերի խորհրդանշական իմաստի շուրջ, ինչպես, օրինակ, «Գլխին գդակ դնել»՝ տղամարդու կոչմանն արժանանալ, կամ, բացասական առումով՝ «Գդակդ քեզ հարամ ըլի», «Գոտին լայն կապել»՝ շռայլ, բարեկեցիկ կյանք վարել…
«Գդակը բարձր դնել»՝ ազնիվ, համարձակ, ինքնավստահ, պարզերես լինել:
«Գոտին ձգել»՝ սակավապետ լինել, նվազ միջոցներով ապրել:
«Գոտկից կախ ընկնել»՝ աղաչել, թախանձել…
Գլխարկը՝ գդակը, ինչպես թագը կամ գոտին, տղամարդու իշխանությանն ու արժանապատվությանն էր զուգորդվում:
Գդակը գցելը կամ գոտուց զրկելը համազոր էր պատվազուրկ լինելուն: Միտումնավոր գլխարկը ցած գցելը կարող էր վրեժխնդրության ու արյունահեղության պատճառ դառնալ:
«Ռամկի մեջ առհասարակ,- գրում է Րաֆֆին,- գդակը գլխի, կամ անձնավորության նշանակություն ունի»:
Մարդու կենսագործունեության, արարման համար կարևորագույն նշանակություն ունեն ձեռքերը: Ուստի՝ առանձնահատուկ իմաստ ունեն նաև նրանց դերն ընդգծող «Թևք-թեզանիքներն»՝ իրենց զարդանախշմամբ (հնագույն շրջանից ի վեր, ծիսական հանդերձանքի կարևոր տարրերից էին բազպանները):
Հայոց ազգային տարազի զարդանախշերն՝ իրենց բազմազանությամբ, ընդհանրություն ունեն կիրառական արվեստի զանազան բնագավառներում հանդիպող նմուշների հետ, որոնք, սերնդեսերունդ փոխանցվելով, հարատևել են մինչև մեր օրերը:
Հ.գ. Վերջում՝ մի փոքրիկ այցելություն՝ Հայաստանի Պատմության թանգարան՝ հիանալու համար Հայոց ազգային տարազի հիասքանչ որոշ նմուշներով…